Ինչպե՞ս կարող եմ հասնել նպատակներիս
ԳԼՈՒԽ 39
Ինչպե՞ս կարող եմ հասնել նպատակներիս
Այս նպատակներից ո՞ր մեկը կցանկանայիր ունենալ։
□ Ավելի ինքնավստահ լինել
□ Ավելի շատ ընկերներ ունենալ
□ Ավելի շատ ուրախություն ստանալ
ԻՐԱԿԱՆՈՒՄ, երեքն էլ կարող ես ունենալ։ Ինչպե՞ս. նպատակներ դնելով և դրանց հասնելով։ Նկատի առ հետևյալը։
Ավելի ինքնավստահ լինել։ Եթե դնես նպատակներ, որոնց կհասնես կարճ ժամանակում, ավելի ինքնավստահ կզգաս ու կդնես նպատակներ, որոնց կհասնես երկար ժամանակում։ Նաև քեզ ավելի վստահ կզգաս, երբ ամեն օր բախվես տարբեր խնդիրների, օրինակ՝ հասակակիցների ճնշմանը։
Ավելի շատ ընկերներ ունենալ։ Մարդիկ սիրում են շփվել նպատակասլաց անհատների հետ, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում, և ջանքեր են ներդնում դրանց հասնելու համար։
Ավելի շատ ուրախություն ստանալ։ Կհամաձայնես, որ ձանձրալի է նստել ու սպասել, թե երբ մեր կյանքում հետաքրքիր մի բան կլինի։ Իսկ երբ նպատակներ ես դնում ու հասնում դրանց, քեզ բավարարված ես զգում։ Պատրա՞ստ ես սկսելու։ Հաջորդ էջերում լավ խորհուրդներ կգտնես a։
✔ 1 ՆՇԻՐ
1. Մտածիր, թե ինչ նպատակներ կարող ես դնել։ Գործի դիր երևակայությունդ։ Երկար-բարակ մի՛ վերլուծիր։ Պարզապես գրի առ հնարավորինս շատ նպատակներ, առնվազն 10։
2. Ծանրութեթև արա նպատակներդ։ Քո կարծիքով՝ ո՞ր մեկն է ավելի հետաքրքիր։ Ո՞ր մեկն է ավելի դժվար։ Հատկապես ո՞ր նպատակին հասնելով հպարտ կլինես։ Հիշի՛ր, լավագույն նպատակները քեզ համար կարևոր նպատակներն են։
3. Առաջնահերթություններ դիր։ Համարակալիր նպատակներդ՝ ելնելով այն բանից, թե ինչ հաջորդականությամբ կուզեիր հասնել դրանց։
✔ 2 ՊԼԱՆ
Քո ընտրած յուրաքանչյուր նպատակի համար արա հետևյալը։
Գրի առ նպատակդ։
Սովորեմ իսպաներեն, որ գնամ Իսպանիա
Վերջնաժամկետ սահմանիր։ Ի վերջո, նպատակը, առանց վերջնաժամկետի, պարզապես երազանք է։
Հուլիսի 1
Պլանավորիր քայլերդ։
Քայլեր
1. Ձեռք բերեմ զրուցարան։
2. Ամեն շաբաթ տասը նոր բառ սովորեմ։
3. Լսեմ իսպանախոս մարդկանց։
4. Խնդրեմ ինչ-որ մեկին, որ ստուգի քերականությունը և արտասանությունս։
Ակնկալիր խոչընդոտներ։ Այնուհետև մտածիր, թե ինչպես ես հաղթահարելու դրանք։
Հնարավոր խոչընդոտներ
Մոտակայքում ոչ ոք չի խոսում իսպաներեն
Պարտավորվածություն վերցրու։ Խոսք տուր ինքդ քեզ, որ քո լավագույնը կանես այդ նպատակին հասնելու համար։ Այժմ ստորագրիր և գրիր ամսաթիվը։
Ինչպես կարող եմ հաղթահարել դրանք
Բեռնեմ իսպաներեն լեզվով ձայնագրություններ www.dan124.com կայքից։
․․․․․ ․․․․․
Ստորագրություն Ստորագրություն
✔ 3 ԳՈՐԾԻ ԱՆՑԻՐ
Անմիջապես սկսիր։ Հարցրու ինքդ քեզ. «Այսօր ի՞նչ կարող եմ անել, որ հասնեմ նպատակիս»։ Անշուշտ, գուցե դու ամեն ինչ մանրամասն չես ծրագրել, սակայն թույլ մի՛ տուր, որ դա հետ պահի քեզ։ Ինչպես ասում է Աստվածաշունչը, «քամուն նայողը սերմ չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի» (Ժողովող 11։4)։ Գտիր մի բան, որ կարող ես անել այսօր, նույնիսկ եթե այն փոքր է, և գործի անցիր։
Ամեն օր աչքի անցկացրու նպատակներդ։ Հիշեցրու ինքդ քեզ, թե ինչու է յուրաքանչյուր նպատակը կարևոր քեզ համար։ Եթե առաջադիմություն կա, յուրաքանչյուր քայլի կողքին դիր ✔ նշանը կամ գրիր ամսաթիվը։
Գործի դիր երևակայությունդ։ «Ժապավենը առաջ տուր» և պատկերացրու, թե հասել ես նպատակիդ։ Զգա՛ դրա համը։ Ապա «ժապավենը հետ տուր»՝ պատկերացնելով յուրաքանչյուր քայլը, և մտածիր, թե ինչպես ես ավարտին հասցնում ամեն մի քայլը։ Ի վերջո պատկերացրու, թե ինչ հրաշալի զգացում կունենաս, երբ հասնես նպատակիդ։ Դե, առա՛ջ։
[ծանոթագրություն]
a Այս առաջարկները կօգնեն քեզ հասնելու այնպիսի նպատակների, որոնք կարող ես իրագործել կարճ ժամանակում, սակայն սկզբունքները կիրառելի են նաև երկար ժամանակ պահանջող նպատակների դեպքում։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5)։
ԱՌԱՋԱՐԿ
Անպայման չէ, որ կառչած լինես քո պլանից։ Ճկուն եղիր և ընթացքում փոփոխություններ արա։
ԳԻՏԵԻ՞Ր
Որքան մեծ նպատակ դնես, այնքան բավարարվածության զգացումդ մեծ կլինի, երբ հասնես դրան։
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Հնարավո՞ր է միանգամից շատ նպատակներ դնել (Փիլիպպեցիներ 1։10)։
● Արդյոք նպատակներ դնելը նշանակո՞ւմ է պլանավորել կյանքիդ ամեն րոպեն (Փիլիպպեցիներ 4։5)։
[մեջբերում 283-րդ էջի վրա]
«Հեշտ է վհատվել, եթե ոչնչի վրա չես կենտրոնանում կամ ծրագրեր չես կազմում։ Բայց երբ նպատակներ ես դնում ու հասնում դրանց, ինքնահարգանքդ մեծանում է» (Ռիդ)։
[շրջանակ/նկար 283-րդ էջի վրա]
Նպատակներ
Ընկերություն։ Սկսեմ ընկերություն անել նրա հետ, ով իմ տարիքին չէ։ Կապ հաստատեմ հին ընկերոջս հետ։
Առողջություն։ Ամեն շաբաթ առնվազն 90 րոպե վարժություններ անեմ։ Ամեն գիշեր քնեմ ութ ժամ։
Դպրոց։ Բարձրացնեմ մաթեմատիկայի գնահատականներս։ Վճռեմ անազնվորեն չվարվել, երբ ուրիշները ճնշում են բանեցնում ինձ վրա, որ վատ բաներ անեմ։
Հոգևոր գործեր։ Ամեն օր 15 րոպե կարդամ Աստվածաշունչը։ Դասարանցիներիցս մեկին այս շաբաթ պատմեմ իմ համոզմունքների մասին։
[նկար 284–րդ և 285-րդ էջերի վրա]
Նպատակները նման են նախագծերի. հարկավոր է աշխատել դրանք իրականություն դարձնելու համար