Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս լավ ընկերներ ընտրեմ

Ինչպե՞ս լավ ընկերներ ընտրեմ

ԳԼՈՒԽ 8

Ինչպե՞ս լավ ընկերներ ընտրեմ

«Երբ բարկացած եմ, ուզում եմ խոսել ինչ-որ մեկի հետ։ Երբ տխուր եմ, ուզում եմ որևէ մեկն ինձ մխիթարի։ Իսկ երբ ուրախ եմ, ուզում եմ պատմել մեկին այդ մասին։ Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց ընկերների» (Բրիթանի)։

ԱՍՈՒՄ են, թե փոքր երեխաները խաղընկերների կարիք ունեն, իսկ չափահասները՝ ընկերների։ Ո՞րն է տարբերությունը։

Խաղընկերը պարզապես ընկերակցում է քեզ։

Իսկ ընկերը նա է, ով ունի նույն արժեքները, որ ունես դու։

Աստվածաշունչն ասում է, որ «իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։ Այս առակում խոսվում է ընկերական ամուր հարաբերությունների մասին և ոչ թե այնպիսի հարաբերությունների, որ ունեն խաղընկերները։

Փաստ։ Մեծանալու ընթացքում զգում ես, որ ուզում ես այնպիսի ընկերներ ունենալ, ովքեր

1. լավ հատկություններ ունեն

2. ապրում են բարձր չափանիշներով

3. դրական ազդեցություն են թողնում քեզ վրա

Հարց։ Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե արդյոք քո ընկերները համապատասխանում են այս պահանջներին։ Քննենք վերոնշյալ կետերը մեկ առ մեկ։

Ընկերության մեջ կարևոր գործոն #1. լավ հատկություններ

Ինչ պետք է իմանաս։ Ամեն մեկը չի կարող լավ ընկեր լինել։ Աստվածաշնչում գրված է, որ «կան ընկերներ, որ պատրաստ են միմյանց պատառ-պատառ անելու» (Առակներ 18։24)։ Գուցե խիստ են հնչում այս խոսքերը։ Բայց փորձիր մտաբերել. երբևէ ունեցե՞լ ես այնպիսի «ընկեր», որը շահագործել է քեզ կամ քո թիկունքում չարախոսել է՝ կեղծ լուրեր տարածելով քո մասին։ Եթե այո, ապա հավանաբար արդեն կորցրել ես քո վստահությունը ընկերներիդ հանդեպ a։ Միշտ հիշի՛ր. ավելի լավ է ունենալ քիչ, բայց լավ ընկերներ, քան շատ, սակայն վատ ընկերներ։

Ինչ կարող ես անել։ Ընկերություն արա նրանց հետ, ովքեր այնպիսի հատկություններ ունեն, որոնք արժանի են ընդօրինակման։

«Բոլորը իմ ընկերուհի Ֆիոնայի մասին լավ կարծիք ունեն։ Ես ուզում եմ, որ իմ մասին էլ լավ բաներ ասեն։ Ձգտում եմ ընկերուհուս նման լավ անուն ունենալ։ Իմ կարծիքով՝ նա հիանալի անձնավորություն է» (Իվետ, 17)։

Կատարիր այս վարժությունը։

1. Կարդա Գաղատացիներ 5։22, 23-ը։

2. Հարցրու ինքդ քեզ. «Իմ ընկերները ունե՞ն «ոգու պտղի» հատկությունները»։

3. Նշիր քո ամենամտերիմ ընկերների անունները։ Յուրաքանչյուր անվան դիմաց գրիր, թե որ հատկությունն է բնորոշ ընկերոջդ։

Անունը Հատկությունը

․․․․․ ․․․․․

Խորհուրդ։ Եթե միայն բացասական հատկություններ են միտքդ գալիս, ժամանակն է, որ ավելի լավ ընկերներ գտնես։

Ընկերության մեջ կարևոր գործոն #2. բարձր չափանիշներին ներդաշնակ ապրելակերպ

Ինչ պետք է իմանաս։ Եթե ընկեր ընտրելու հարցում շտապես, հավանականությունը մեծ է, որ կընտրես մեկին, ում ապրելակերպը ներդաշնակ չէ Աստվածաշնչի չափանիշներին։ Աստծու Խոսքում գրված է. «Հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (Առակներ 13։20)։ Այս համարում «հիմարներ» բառը վերաբերում է ոչ թե անխելք մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն ընդունում խելամիտ խորհուրդը և չեն ապրում բարոյական բարձր չափանիշներով։ Անկասկած, այսպիսի ընկեր չէիր ցանկանա ունենալ։

Ինչ կարող ես անել։ Ճիշտ չի լինի ընկերություն անել ցանկացած մարդու հետ։ Դու պիտի ընտրես քո ընկերներին (Սաղմոս 26։4)։ Դա չի նշանակում, որ պետք է կանխակալ կարծիք ունենաս մարդկանց վերաբերյալ։ Ընկերներ ընտրել նշանակում է խորաթափանց լինել և «տեսնել արդարի ու ամբարշտի տարբերությունը, Աստծուն ծառայողի և չծառայողի տարբերությունը» (Մաղաքիա 3։18

«Ես շնորհակալ եմ ծնողներիս, որ օգնել են ինձ գտնելու այնպիսի ընկերներ, որոնք ապրում են Աստվածաշնչի սկզբունքներով» (Քրիստոֆեր, 13)։

Պատասխանիր հետևյալ հարցերին.

«Ընկերներիս ներկայությամբ լարվա՞ծ եմ, անհանգստանո՞ւմ եմ, որ կստիպեն ինձ սխալ բաներ անել»։

□ Այո

□ Ոչ

«Խուսափո՞ւմ եմ իմ ընկերներին ծնողներիս հետ ծանոթացնելուց՝ վախենալով, որ նրանց չեն հավանի»։

□ Այո

□ Ոչ

Խորհուրդ։ Եթե պատասխանեցիր այո, ուրեմն պետք է փնտրես ավելի լավ ընկերներ։ Գուցե սկսես ընկերակցել օրինակելի քրիստոնյաների հետ։

Ընկերության մեջ կարևոր գործոն #3. դրական ազդեցություն

Ինչ պետք է իմանաս։ Աստվածաշնչում գրված է. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33)։ Լորեն անունով մի աղջիկ ասում է. «Ես ինձ մենակ էի զգում, այդ պատճառով էլ որոշեցի անել դասընկերներիս ասածները ու նրանց պես վարվել։ Միայն այդ դեպքում նրանք ինձ հետ ընկերություն կանեին»։ Սակայն Լորենը հասկացավ, որ երբ փորձում է հարմարվել ընկերների չափանիշներին, դառնում է խաղաքար, որի հետ նրանք վարվում են այնպես, ինչպես ուզում են։ Մի՞թե դու դրան ես արժանի։

Ինչ կարող ես անել։ Խզիր կապերդ նրանց հետ, ովքեր ստիպում են քեզ հարմարվել իրենց չափանիշներին։ Եթե այդ քայլն անես, գուցե ավելի քիչ ընկերներ ունենաս, բայց կհարգես ինքդ քեզ և կգտնես այնպիսի ընկերներ, որոնք դրական ազդեցություն կթողնեն քեզ վրա (Հռոմեացիներ 12։2

«Իմ մտերիմ ընկեր Քլինթը հավասարակշռված է և միշտ հասկանում է ուրիշներին։ Նա միշտ քաջալերում է ինձ» (Ջեյսոն, 21)։

Հարցրու ինքդ քեզ.

«Ընկերներիս հաճելի լինելու համար խոսո՞ւմ եմ նրանց պես, հագնվո՞ւմ եմ նրանց նման, վարվո՞ւմ եմ այնպես, ինչպես նրանք»։

□ Այո

□ Ոչ

«Գնո՞ւմ եմ կասկածելի տեղեր, ուր չէի գնա, եթե ընկերներիս հետ չլինեի»։

□ Այո

□ Ոչ

Խորհուրդ։ Եթե պատասխանեցիր այո, ապա դիմիր ծնողներիդ կամ մեկ ուրիշ հասուն անհատի՝ խորհուրդ ստանալու համար։ Եթե Եհովայի վկա ես, կարող ես մոտենալ քրիստոնյա երեցի և ասել, որ լավ ընկերներ ընտրելու հարցում օգնության կարիք ունես։

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 2-ՐԴ ՀԱՏՈՐՈՒՄ, ԳԼՈՒԽ 9

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ընկերդ կամ էլ սիրտդ դրդո՞ւմ է քեզ վատ բաներ անելու։ Իսկ ինչպե՞ս կարող ես դիմադրել այդ ճնշմանը։

[ծանոթագրություն]

a Ինչ խոսք, սխալներ գործում են բոլորը (Հռոմեացիներ 3։23)։ Ուստի երբ ընկերդ վիրավորում է քեզ, բայց հետո անկեղծորեն զղջում է, ներիր, քանի որ «սերը ծածկում է մեղքերի շատությունը» (1 Պետրոս 4։8

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Կա ընկեր, որ եղբորից ավելի մտերիմ է» (Առակներ 18։24

ԱՌԱՋԱՐԿ

Ապրիր բարձր չափանիշներով, ու այդ դեպքում դու և այն մարդիկ, որոնք նույնպես ձգտում են այդպես ապրել, կգտնեք իրար։ Նրանք քեզ համար ամենալավ ընկերները կլինեն։

ԳԻՏԵԻ՞Ր

Ճիշտ է, Աստված կողմնակալ չէ, սակայն նա ընտրողաբար է մոտենում այն հարցին, թե ով կարող է «հյուր լինել իր վրանում» (Սաղմոս 15։1–5

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Լավ ընկերներ գտնելու համար ես ․․․․․

Ինձնից տարիքով մեծերը, որոնց կուզեի ավելի լավ ճանաչել, այս մարդիկ են՝ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ընկերոջդ ո՞ր հատկությունն է քեզ ամենից շատ դուր գալիս և ինչո՞ւ։

● Ինչպիսի՞ հատկություններ պետք է զարգացնես ավելի լավ ընկեր դառնալու համար։

[մեջբերում 60-րդ էջի վրա]

«Երբ ծնողներս խորհուրդ տվեցին ընկերություն չանել մի խումբ երիտասարդների հետ, սկզբում չհամաձայնվեցի, քանի որ կարծում էի, թե միայն նրանց հետ կարող եմ ընկերություն անել։ Սակայն ծնողներս ճիշտ էին։ Երբ սկսեցի մտածել նրանց խորհրդի մասին, հասկացա, որ շատ ավելի լավ ընկերներ կարող եմ ունենալ» (Քոլ)։

[շրջանակ 61-րդ էջի վրա]

փորձիր հետևյալ առաջարկները

Խոսիր ծնողներիդ հետ ընկերության մասին։ Հարցրու նրանց, թե քո տարիքում ինչ ընկերներ են ունեցել։ Ափսոսո՞ւմ են, որ այդպիսի ընկերներ են ընտրել։ Եթե այո, ապա ինչո՞ւ։ Հարցրու, թե ինչպես կարող ես խուսափել այն խնդիրներից, որ նրանք ժամանակին ունեցել են։

Ծանոթացրու ընկերներիդ ծնողներիդ հետ։ Եթե չես ուզում այդպես անել, հարցրու ինքդ քեզ. «Ո՞րն է պատճառը»։ Ընկերներդ անո՞ւմ են բաներ, որոնք ծնողներիդ դուր չեն գա։ Եթե այո, ապա պետք է լուրջ վերաբերվես ընկերներ ընտրելու հարցին։

Ուշադրությամբ լսիր։ Ցույց տուր, որ մտահոգված ես ընկերոջդ բարօրությամբ (Փիլիպպեցիներ 2։4

Ներողամիտ եղիր։ Կատարելություն մի՛ ակնկալիր։ «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակոբոս 3։2

Ազատություն տուր ընկերներիդ։ Մի՛ պահանջիր, որ ընկերներդ միշտ քեզ հետ ժամանակ անցկացնեն։ Անկեղծ ընկերները քո կողքին կլինեն, երբ նրանց կարիքն ունենաս (Ժողովող 4։9, 10

[նկար 63-րդ էջի վրա]

Երբ հարմարվում ես ընկերներիդ չափանիշներին, դառնում ես խաղաքար, որի հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են