Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ կարող եմ հագնել

Ի՞նչ կարող եմ հագնել

ԳԼՈՒԽ 11

Ի՞նչ կարող եմ հագնել

Ռիտան արդեն պատրաստվում է տնից դուրս գալու։ Ծնողները իրենց աչքերին չեն հավատում։

— Այսպե՞ս ես տանից դուրս գալու,— ապշահար հարցնում է հայրը։

— Իսկ ինչ կա՞ որ, աղջիկներով գնում ենք խանութ։

— Միայն թե ոչ այսպիսի տեսքով,— ասում է մայրը։

— Բայց մա՛մ,— նվնվում է Ռիտան,— հիմա բոլորը այսպես են հագնվում։ Բացի այդ, դա իմ ոճն է։

— Մեզ, աղջի՛կ ջան, դուր չի գալիս այդ ոճը,— ընդհատում է հայրը։— Գնա՛ ու փոխվի՛, թե չէ՝ ոչ մի տեղ էլ չես գնա։

ՀԱԳՈՒՍՏԻ մասին վեճերը նոր բան չեն։ Շատ հնարավոր է՝ քո ծնողներն էլ իրենց ծնողների հետ են վիճել այդ հարցի շուրջ, երբ քո տարիքին են եղել, և հավանաբար, այն նույն զգացումներն են ունեցել, ինչ դու ունես այսօր։ Իսկ հիմա նրանք են քեզ հետ վիճում, թե ինչ հագնես կամ չհագնես։

Դու ասում ես՝ սա հարմար է։

Նրանք ասում են՝ տեսքդ թափթփված է։

Դու ասում ես՝ ընտիր է։

Նրանք ասում են՝ շատ ցանկահարույց է։

Դու ասում ես՝ ընդամենը կես գնով եմ առել։

Նրանք ասում են՝ զարմանալի չէ... շորի կեսը չկա։

Իսկ հնարավո՞ր է այս իրավիճակում հաշտության եզրեր գտնել։ Այո՛։ Մեգանը (23 տարեկան) գիտի գաղտնիքը։ «Կարիք չկա կռվելու, պետք է պարզապես համաձայնության գալ»,— ասում է նա։ Համաձայնությա՞ն։ Ի՞նչ է, ուրեմն պետք է 40 տարեկան մարդու պե՞ս հագնվել։ Դե իհա՛րկե ոչ։ Համաձայնության գալ նշանակում է, որ դու և ծնողներդ պետք է քննարկեք տարաձայնությունները և մտածեք բոլոր հնարավոր տարբերակների մասին, որոնք ընդունելի են թե՛ իրենց, թե՛ քեզ համար։ Ի՞նչ օգուտներ կստանաս այդ դեպքում։

1. Հիանալի տեսք կունենաս։ Նույնիսկ հասակակիցներիդ դուր կգաս։

2. Դժվար թե ծնողներդ քննադատեն քեզ։

3. Տեսնելով, թե որքան հասուն ես այդ հարցում՝ ծնողներդ գուցե ավելի շատ ազատություն տան քեզ այլ հարցերում։

Հիմա պատկերացրու՝ խանութում կամ ինտերնետում տեսել ես հագուստ, որը հենց քեզ համար է։ Առաջին հերթին...

Հաշվի առ Աստվածաշնչի սկզբունքները

Իրականում Աստվածաշունչը շատ չի խոսում հագուկապի մասին։ Հագուստի վերաբերյալ բոլոր խորհուրդները կարելի է կարդալ ընդամենը մի քանի րոպեում։ Բայց կարևորն այն է, որ դու շատ արժեքավոր առաջնորդություն կստանաս։

Օրինակ՝ Աստվածաշունչը կանանց խորհուրդ է տալիս զարդարվել «համեստությամբ և ողջամտությամբ» a (1 Տիմոթեոս 2։9, 10

«Համեստություն» բառը թերևս անհանգստացնի քեզ։ Գուցե մտածես. «Ի՞նչ է, մեշո՞կ հագնեմ»։ Ո՛չ։ Այս համատեքստում «համեստություն» բառը նշանակում է ինքնահարգանք ունենալ և հաշվի առնել ուրիշների զգացմունքները (2 Կորնթացիներ 6։3)։ Անգամ համեստ հագուստը կարող է բազմաոճ լինել։ «Գուցե մի քիչ դժվարանաս պարկեշտ ու ճաշակով շոր ընտրել,— ասում է 23-ամյա Դանիելան,— բայց կարող ես ժամանակակից տեսք ունենալ՝ առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու»։

Աստվածաշունչն ասում է, որ պետք է կենտրոնանաս «սրտի ծածուկ մարդու» վրա կամ, ինչպես ասվում է մեկ ուրիշ թարգմանության մեջ, «քո իսկական, ներքին էության» վրա (1 Պետրոս 3։4; Today’s English Version)։

Անհամեստ հագուստը գրավում է մարդկանց ուշադրությունը, բայց կարճ ժամանակով։ Մինչդեռ ներքին գեղեցկությամբ արժանանում ես թե՛ մեծերի, թե՛ երիտասարդների երկարատև հարգանքին։ Երիտասարդների՞։ Այո՛, նույնիսկ նրանք են հասկանում, որ գերժամանակակից ոճերի հմայքը անցողիկ է։ «Զզվելի է, երբ տեսնում ես, որ աղջիկները իրենց հագուկապով ուզում են տղա կպցնել»,— ասում է 16-ամյա Բրիթանին։ Քեյը համաձայն է։ Խոսելով իր նախկին ընկերուհու մասին՝ նա ասում է. «Նրա հագուստը ասես ճչում էր՝ ինձ նայեք։ Միշտ ուզում էր տղաների ուշադրության կենտրոնում լինել, դրա համար էլ հագնում էր ճչացող հագուստ»։

Թանկ գնահատիր ծնողներիդ կարծիքը

Պայուսակի մեջ քո ուզած շորը թաքցնելով և հետո դպրոցում հագուստդ փոխելով՝ հարցը չես լուծի։ Ծնողներդ ավելի շատ կվստահեն քեզ, եթե ազնիվ ու անկեղծ լինես անգամ այն ժամանակ, երբ քո արածի մասին նրանք այդպես էլ չիմանան։ Լավ կլինի հագուստ գնելիս հարցնես նրանց կարծիքը (Առակներ 15։22; լրացրու «Իմ զգեստապահարանը» շրջանակը, էջ 82, 83)։

Իսկ արժե՞ հաշվի առնել նրանց կարծիքը, եթե մտածում ես, որ նրանց գործը միայն քո ճաշակը փչացնելն է։ Իրականում այդպես չէ։ Ճիշտ է, դու և ծնողներդ գուցե տարբեր կարծիքի լինեք, սակայն երբեմն նրանց կարծիքը քեզ համար կարող է շատ օգտակար լինել։ 17-ամյա Նատալեն ասում է. «Ինձ համար կարևոր են ծնողներիս խորհուրդները, որովհետև չեմ ուզում խայտառակ լինել տնից դուրս գալիս և չեմ ուզում, որ իմ հետևից մարդիկ քչփչան»։

Նաև հաշվի առ հետևյալը. քանի դեռ ծնողներիդ հետ ես ապրում, դու նրանց իշխանության տակ ես (Կողոսացիներ 3։20)։ Երբ փորձես հասկանալ ծնողներիդ տեսակետը, և նրանք էլ քոնը, կզարմանաս՝ տեսնելով, թե որքան հաճախ եք համաձայնության գալիս։ Ի վերջո, հագուկապի վերաբերյալ վեճերին վերջ կդրվի։

Խորհուրդ։ Հագուստ փորձելիս հայելու մեջ ձգտիր ավելին տեսնել, քան երևում է։ Առաջին հայացքից համեստ թվացող զգեստը կարող է դառնալ անհամեստ, օրինակ՝ երբ նստես կամ կռանաս։ Հնարավորության դեպքում կարծիք հարցրու ծնողից կամ հասուն ընկերոջից։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Դու քո թշնամի՞ն ես։ Ի՞նչ կարող ես անել, եթե ինքդ քեզ դուր չես գալիս։

[ծանոթագրություն]

a Թեև այս հորդորը ուղղված է կանանց, սակայն սկզբունքը վերաբերում է նաև տղամարդկանց։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Թող ձեր զարդարանքը չլինի արտաքուստ.... հանդերձներ հագնելը։ Այլ ձեր զարդարանքը թող լինի սրտի ծածուկ մարդը» (1 Պետրոս 3։3, 4

ԱՌԱՋԱՐԿ

Խուսափիր այնպիսի ոճի հագուստ կրելուց, որն ընդգծում է քո մարմինը։ Նման հագուստը ցույց է տալիս, որ դու անհույս վիճակում ես և կենտրոնացած ես քեզ վրա։

ԳԻՏԵԻ՞Ր

Առաջին տպավորությունը քո մասին մարդիկ կազմում են հագուկապիցդ։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Այն մասին, թե ինչպիսի հագուստ պետք է գնեմ, կխորհրդակցեմ ընտանիքիս այս անդամի կամ այս հասուն ընկերոջ հետ՝ ․․․․․

Հաջորդ անգամ շոր գնելիս հաշվի կառնեմ հետևյալը՝ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ են ծնողներն ու պատանիները հաճախ վիճում հագուկապի շուրջ։

● Ի՞նչ հմտություններ ձեռք կբերես, եթե հագուստ ընտրելիս խորհրդակցես ծնողներիդ հետ։

[մեջբերում 81-րդ էջի վրա]

«Երբ տեսնում եմ, որ աղջիկները անհամեստ շոր են հագել, աչքիցս միանգամից ընկնում են։ Իսկ երբ հագնված են համեստ, բայց գեղեցիկ, մտածում եմ. «Ես էլ կուզեի այսպիսի տեսք ունենալ»» (Նատալեն)։

[շրջանակ\նկարներ 82-րդ և 83–րդ էջերի վրա]

վարժություն

իմ զգեստապահարանը

Հրահանգներ։ Պատճենիր այս էջերը։ Խնդրիր ծնողներիդ լրացնել ցուցակի աջ մասը, իսկ դու լրացրու ձախ մասը։ Հետո փոխանակեք էջերը և քննարկեք պատասխանները։ Անակնկալներ կա՞ն։ Ի՞նչ իմացաք իրար մասին, որ առաջ չգիտեիք։

քեզ համար Մտածիր, թե կոնկրետ ինչ հագուստ ես ուզում կրել կամ գնել։

Ինչո՞ւ ես հատկապես այդ հագուստը հավանում։ Ներքևում համարակալիր տարբերակները ըստ առաջնահերթությունների։

․․․․․ Ֆիրմայի անունը

․․․․․ Գրավիչ է հակառակ սեռի համար

․․․․․ Դուր է գալիս հասակակիցներիս

․․․․․ Հարմար է

․․․․․ Գինը

․․․․․ Եվ այլն ․․․․․

Ծնողներիս առաջին արձագանքը հավանաբար կլինի՝

□ «Ոչ մի դեպքում»։

□ «Միգուցե»։

□ «Լավ է»։

Եթե համաձայն չեն, պատճառը գուցե հետևյալն է՝

□ «Ցանկահարույց է»։

□ «Շատ թափթփված տեսք ունի»։

□ «Շատ մոդայիկ է»։

□ «Մեր մասին վատ կարծիք կկազմեն»։

□ «Շատ թանկ է»։

□ Եվ այլն ․․․․․

կարո՞ղ ենք այս հարցի շուրջ համաձայնության գալ։

Ինչո՞ւ են ծնողներս այդպես մտածում։

․․․․․

Հնարավո՞ր է ձևափոխել հագուստը կամ մի ուրիշ բան մտածել։

․․․․․

ծնողներիդ համար Մտածիր, թե կոնկրետ ինչ հագուստ է ուզում երեխադ կրել կամ գնել։

Քո կարծիքով՝ ինչո՞ւ է երեխադ հենց այդ հագուստը հավանում։ Ներքևում համարակալիր տարբերակները ըստ նրա առաջնահերթությունների։

․․․․․ Ֆիրմայի անունը

․․․․․ Գրավիչ է հակառակ սեռի համար

․․․․․ Դուր է գալիս նրա հասակակիցներին

․․․․․ Հարմար է

․․․․․ Գինը

․․․․․ Եվ այլն ․․․․․

Իմ առաջին արձագանքը կլինի՝

□ «Ոչ մի դեպքում»։

□ «Միգուցե»։

□ «Լավ է»։

Ինչո՞ւ համաձայն չեմ

□ «Ցանկահարույց է»։

□ «Շատ թափթփված տեսք ունի»։

□ «Շատ մոդայիկ է»։

□ «Մեր մասին վատ կարծիք կկազմեն»։

□ «Շատ թանկ է»։

□ Եվ այլն ․․․․․

կարո՞ղ ենք այս հարցի շուրջ համաձայնության գալ։

Ճաշա՞կն է խնդիրը։

□ Այո □ Հնարավոր է □ Ոչ

Կարո՞ղ ենք ձևափոխել հագուստը կամ մի ուրիշ բան մտածել։

․․․․․

որոշում ․․․․․

[շրջանակ 84-րդ էջի վրա]

ի՞նչ հագուստ ընտրեն տղաները

Այս գլխում քննարկված սկզբունքները նաև վերաբերում են տղաներին։ Եղիր համեստ։ Թող մարդիկ տեսնեն քո սրտի ծածուկ մարդը՝ քո իսկական «ես»-ը։ Որևէ հագուստ ընտրելիս հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ կասի այն իմ մասին։ Դա կարտացոլի՞ իմ իսկական էությունը»։ Հիշի՛ր, հագուստը ինքնաարտահայտման ձև է։ Հավաստիացիր, որ հագուստդ ասում է, թե ինչ համոզմունքներ ունես։

[նկար 80-րդ էջի վրա]

Հագուստդ շատ բան է ասում քո մասին։ Իսկ ի՞նչ է գրված քո «պլակատի» վրա։