Ո՞ւմ հետ խորհրդակցեմ
ՆԱԽԱԲԱՆ
Ո՞ւմ հետ
խորհրդակցեմաղջիկներին
Ձեր դասարանում նոր տղա է հայտնվել։ Այդ համակրելի տղան քո գլխից դուրս չի գալիս։ «Միևնույնն է, ես նրա համար չկամ,— մտածում ես դու,— ի՞նչ վնաս նրա մասին երազելուց»։ Սակայն դու միակը չես։ Բոլոր աղջիկները նրա մասին են երազում։ Խոսակցությունները միայն նրա շուրջն են պտտվում։
Հանկարծ նա շրջվում է դեպի քեզ ու հմայիչ կերպով ժպտում։ Դու էլ ես ժպտում։ Նա մոտենում է քեզ ու անվստահությամբ ասում.
— Բարև։
— Բարև։
— Իմ անունը Կարեն է։
— Դու վերջե՞րս ես եկել։
— Այո՛, մի քանի շաբաթ առաջ ենք տեղափոխվել այստեղ։
(Դու դեռ չես հավատում, որ նրա հետ ես խոսում։)
— Լսիր,— շարունակում է Կարենը,— այսօր դասերից հետո մեր տանը հավաքույթ ենք անելու։ Կգա՞ս։
Հետո նա շշուկով ասում է.
— Բայց մի բան ասեմ. ծնողներս տանը չեն լինելու։ Խմելու բան ենք ունենալու։ Ի՞նչ կասես։
Կարենը սպասում է քո պատասխանին։ Ցանկացած աղջիկ անմիջապես կասեր այո։
Դո՞ւ ինչ կասես։
տղաներին
Երկու դասընկեր մոտենում են քեզ։ Սիրտդ ճմլվում է. այս շաբաթ արդեն երկու անգամ ստիպել են քեզ ծխել։ Սա երրորդ փորձն է։
Առաջինն ասում է. «Հը, էլի մենա՞կ ես։ Քեզ համար լավ բան ունեմ»։ «Լավ բան» բառերը նա հատուկ ձևով է շեշտում։ Ձեռքը գրպանն է տանում, ու դու գիտես, թե ինչ է հանելու այնտեղից։ Ծխախոտ։ Սիրտդ ավելի շատ է ճմլվում։
Դու ասում ես. «Ես ձեզ արդեն ասել եմ, չէ՞...»
Երկրորդը ընդհատում է. «Ի՞նչ է, կրոնդ չի՞ թողնում։ Չե՞ս կարող զվարճանալ»։
«Թե՞ թուլամորթ ես»,— ասում է առաջինը։
«Չէ, ես թուլամորթ չեմ»,— պատասխանում ես՝ քաջություն հավաքելով։
Հետո երկրորդը ձեռքը ուսիդ է դնում և ընկերական ասում. «Մի հատ փորձիր»։
Առաջինը ծխախոտը մոտեցնում է քեզ ու խորամանկորեն ժպտում. «Մենք ոչ ոքի չենք ասի։ Ոչ մեկը չի իմանա»։
Ի՞նչ կանես։
ՆՄԱՆ իրավիճակներ լինում են ամեն տեղ։ Որոշ պատանիներ ավելի լավ են նախապատրաստված նման իրավիճակների, քան մյուսները։ Երբ տղային ստիպում են ծխել, նա կարող է մտածել. «Ես չեմ ուզում կոտրվել, բայց այսպես արդեն անհնար է։ Ի՞նչ է, չե՞մ կարող նրանց ապացուցել, որ ես «նորմալ» տղա եմ»։ Իսկ երբ աղջկան մի տղա հրավիրում է ինչ-որ տեղ, նա գուցե մտածի. «Նա լավ տղա է։ Գուցե մեկ անգամ, ընդամենը մեկ անգամ համաձայնվեմ նրա հետ գնալ»։
Սակայն շատ երիտասարդներ սովորել են հաստատակամորեն պաշտպանել իրենց հավատը։ Եվ որքան էլ տարօրինակ է, նրանց վրա գործադրած ճնշումը թուլացել է։ Կուզեի՞ր այդպիսի երիտասարդ լինել։ Եթե այո, ապա հիշիր. դու կարող ես այդպիսին դառնալ։ Ինչպե՞ս։
Աստվածաշունչը օգնում է նման իրավիճակների բախվող երիտասարդներին։ Այն պարունակում է հրաշալի խորհուրդներ, քանի որ ներշնչված է Աստծու կողմից (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Ի՞նչ խնդիրների դեպքում է օգնում Աստվածաշունչը։ Ուշադրություն դարձրու ներքևում բերված հարցերին և հատկապես քեզ վերաբերող հարցերի կողքին դիր ✔ նշանը։
□ Ինչպե՞ս շփվել հակառակ սեռի հետ
□ Ինչպե՞ս հարմարվել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին
□ Ինչպե՞ս դիմադրել դպրոցի ճնշումներին
□ Ինչպե՞ս լեզու գտնել ծնողների հետ
□ Ինչպե՞ս վերահսկել զգացմունքները
Եթե աչքի անցկացնես 4-րդ և 5-րդ էջերը, կտեսնես, որ վերը նշված հարցերը քննարկվում են այս գրքի ինը բաժիններում։ Ո՞ր հարցերի կողքին նշան դրեցիր։ Կարող ես համապատասխան բաժնից էլ սկսել ընթերցել։ Յուրաքանչյուր բաժնում բերված են աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք օգտակար կլինեն քեզ համար *։
Այս գիրքը քեզ հնարավորություն է տալիս արտահայտելու քո մտքերը։ Օրինակ՝ յուրաքանչյուր գլխում կգտնես «գործողության պլան» շրջանակը։ Կարող ես գրի առնել, թե ինչպես կկիրառես նյութը։ Իսկ 132-րդ և 133-րդ էջերի «Ինչ կանեմ, երբ ինձ ճնշեն» աղյուսակը կօգնի քեզ գտնելու լուծումներ դժվար իրավիճակների համար։ Ավելին, յուրաքանչյուր բաժնի վերջում կա «իմ գրառումները» շրջանակը, որում կարող ես գրի առնել, թե այս կամ այն հարցը ինչպես է կիրառելի քո կյանքում։ Գրքում կա նաև «Լավ օրինակ» շրջանակը։ Դու կարող ես ծանոթանալ աստվածաշնչյան կերպարներին ու նրանցից շատ բան սովորել։
Աստվածաշունչը հորդորում է քեզ. «Ձեռք բեր իմաստություն, ձեռք բեր հասկացողություն» (Առակներ 4։5)։ «Իմաստություն» և «հասկացողություն» բառերը միայն չեն նշանակում իմանալ, թե ինչն է սխալ ու ինչը ճիշտ։ Հարկավոր է հասկանալ պատճառներն ու հետևանքները։ Օրինակ՝ եթե գիտես, թե ինչպիսին կլինեն սխալ, ինչպես նաև ճիշտ արարքի հետևանքները, ապա քեզ համար հեշտ կլինի հաստատակամորեն ու քաջությամբ դիմադրել հասակակիցների ճնշմանը։
Հիշիր. ինչքան էլ քո խնդիրները անհաղթահարելի թվան քեզ, դու միակը չես։ Ուրիշները նույնպես բախվում են նմանատիպ խնդիրների։ Շատերը սովորել են հաջողությամբ դիմագրավել այդ խնդիրները։ Դու էլ կարող ես այդպես վարվել։ Օգտվիր «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 2-րդ հատորից և կհամոզվես, որ ամենալավ խորհուրդները գտնվում են Աստվածաշնչում։
[ծանոթագրություն]
^ պարբ. 39 Այս գրքում կան խորհուրդներ, որոնք վերցվել են «Արթնացե՛ք» ամսագրի՝ «Երիտասարդները հարցնում են» խորագրի հոդվածներից։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։