Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դու կարող ես բարելավել հիշողությունդ

Դու կարող ես բարելավել հիշողությունդ

ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ մարդկային ուղեղը ստեղծել է հիշելու հրաշալի ունակությամբ։ Նա այնպես է ծրագրել ուղեղի աշխատանքը, որ այն անսպառ շտեմարանի նման հաղորդի իրենում կուտակված արժեքավոր տեղեկությունները և միևնույն ժամանակ պահպանի եղածը։ Ուղեղի կառուցվածքը ներդաշնակ է Աստծո նպատակին, համաձայն որի մարդը հավիտյան պետք է ապրի (Սաղ. 139։14; Յովհ. 17։3

Բայց գուցե քեզ թվա, որ ուղեղիդ ընդունած տեղեկության մեծ մասը մոռանում ես։ Եվ հաճախ այնպես է լինում, որ ցանկանում ես ինչ–​որ բան մտաբերել ու ոչ մի կերպ չես կարողանում։ Ուրեմն՝ ինչպե՞ս բարելավել հիշողությունը։

Հետաքրքրություն ցույց տուր

Հիշողությունը բարելավելու հարցում կարևոր գործոն է հետաքրքրվածությունը։ Եթե մենք սովորություն դարձնենք հետաքրքրվել մարդկանցով ու մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններով, մեր միտքը աստիճանաբար կսրվի։ Եվ այդ դեպքում մեզ համար ավելի հեշտ կլինի նույնպիսի հետաքրքրվածություն դրսևորել նաև տևական արժեք ունեցող բաների հանդեպ, երբ լսում ենք դրանք կամ կարդում։

Զարմանալի չէ, որ հաճախ մարդիկ դժվարանում են մտապահել անձնանունները։ Սակայն մենք՝ քրիստոնյաներս, գիտենք, որ մարդիկ կարևոր են. կարևոր են մեր քրիստոնյա հավատակիցները, այն անհատները, որոնց քարոզում ենք, ինչպես նաև նրանք, ում հետ առնչվում ենք ամենօրյա կյանքում։ Ինչպե՞ս մտապահել այն անունները, որոնք չպետք է մոռանալ։ Պողոս առաքյալը ժողովներից մեկին ուղղած իր նամակում թվարկեց այնտեղ ծառայող 26 հոգու անուններ։ Նրանց հանդեպ Պողոսի հետաքրքրվածությունը երևում է ոչ միայն այն բանից, որ նա հիշատակել է նրանց անունները, այլ նաև՝ որ նրանցից շատերի մասին որոշակի մանրամասնություններ է նշել (Հռովմ. 16։3–16)։ Մեր օրերի շրջագայող վերակացուներից ոմանք կարողանում են մտապահել ժողովների անդամների անունները՝ չնայած այն բանին, որ ամեն շաբաթ տարբեր ժողովներ են այցելում։ Ինչպե՞ս է դա հաջողվում նրանց։ Հնարավոր է, որ այդ եղբայրները իրենց համար սովորություն են դարձրել առաջին անգամ անհատի հետ զրուցելիս մի քանի անգամ կրկնել նրա անունը։ Կամ գուցե փորձում են անհատի անվան հետ միասին իրենց հիշողության մեջ տպավորել նրա դեմքը։ Բացի այդ, նրանք քարոզչական ծառայության մեջ համագործակցում են տարբեր քարոզիչների հետ, նաև միասին ճաշում։ Իսկ եթե դու հանդիպես քեզ ծանոթ որևէ մեկի, կհիշե՞ս նրա անունը։ Նախ՝ փորձիր պարզել, թե ինչու է հարկավոր հիշել նրա անունը, ապա՝ կիրառել վերոհիշյալ խորհուրդներից մի քանիսը։

Կարդացածը հիշելը նույնպես կարևոր է։ Ի՞նչը կարող է օգնել քեզ այս հարցում։ Այստեղ դեր են խաղում երկու կարևոր գործոն՝ նյութի հանդեպ հետաքրքրությունը և կարդացածը հասկանալը։ Որպեսզի կարողանաս ուշադրությունդ ամբողջությամբ կենտրոնացնել ընթերցանության նյութի վրա, պետք է բավականաչափ հետաքրքրված լինես տվյալ թեմայով։ Ինչ խոսք, քեզ չի հաջողվի մտապահել ստացածդ տեղեկությունը, եթե ընթերցանության ժամանակ մտքերդ այսուայնտեղ թափառեն։ Կարդացածդ ավելի լավ հասկանալու համար փորձիր այդ տեղեկությունը կապել անմիջականորեն քեզ առնչվող հարցերի հետ կամ քո ունեցած գիտելիքների։ Հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս և ե՞րբ կարող եմ այս տեղեկությունը կիրառել իմ կյանքում։ Ինչպե՞ս կարող եմ այն գործածել, որպեսզի օգնեմ որևէ մեկին»։ Ընթերցածն ընկալելու կարողությունը բարելավվում է նաև այն դեպքում, երբ ընթերցում ես ոչ թե առանձին բառեր, այլ ամբողջական բառակապակցություններ։ Այդպիսով ավելի հեշտ կլինի ըմբռնել նյութը և որոշել, թե որոնք են գլխավոր մտքերը, ուստիև ավելի հեշտ կլինի դրանք մտապահելը։

Ժամանակ հատկացրու կրկնությանը

Կրթության բնագավառի շատ մասնագետներ հատուկ շեշտ են դնում կրկնության վրա։ Մի քոլեջի պրոֆեսոր իր կատարած հետազոտություններից եկավ այն եզրակացության, որ ընթերցելուց անմիջապես հետո մեկ րոպեի ընթացքում կարդացածը հակիրճ կրկնելով՝ հնարավոր է կրկնակի անգամ ավելի շատ ինֆորմացիա մտապահել։ Ուստի որևէ նյութի (կամ որևէ հատվածի) ընթերցանությունը ավարտելուց անմիջապես հետո մտովի կրկնիր հիմնական մտքերը։ Մտածիր, թե ինչպես կարող ես սովորածդ բացատրել քո բառերով։ Ինչ–​որ միտք ավելի երկար կմնա հիշողությանդ մեջ, եթե կարդալուց հետո անմիջապես կրկնես այն։

Հաջորդ մի քանի օրերի ընթացքում առիթներ փնտրիր նյութը նորից կրկնելու՝ այս անգամ այն ինչ–​որ մեկին պատմելով։ Դա կարող է լինել քո ընտանիքի կամ ձեր ժողովի անդամներից մեկը, աշխատակիցդ, համադասարանցիդ, հարևանդ կամ քարոզչական ծառայության ժամանակ հանդիպած որևէ անձնավորություն։ Գլխավոր մտքերից բացի՝ աշխատիր կրկնել նաև որպես հիմք բերված սուրբգրային համարների մեկնաբանությունները։ Այսպիսով օգուտներ կքաղես և կկարողանաս մտապահել այդ նյութի գլխավոր մտքերը. օգուտներ կքաղեն նաև մյուսները։

Խորհրդածիր կարևոր մտքերի շուրջ

Ի հավելումն կարդացած նյութը կրկնելուն, ինչպես նաև այն ուրիշներին պատմելուն՝ դու կնկատես, թե որքան օգտակար է սովորած կարևոր մտքերի շուրջ խորհրդածելը։ Այդպես վարվել են Աստվածաշնչի գրողներ Ասափը և Դավիթը։ Ասափն ասել է. «Տէրոջը գործերը պիտի յիշեմ. յիրաւի քու հին օրերու հրաշքներդ պիտի յիշեմ։ Բոլոր գործերուդ վրայ պիտի խորհիմ ու քու ըրածներուդ վրայ պիտի մտածեմ» (Սաղ. 77։11, 12, Արևմտ. Աստ.)։ Նույնանման խոսքեր ասել է նաև Դավիթը. «Երբոր քեզ յիշում եմ անկողնումս գիշերուան պահերումը քեզ վերայ եմ մտածում»։ Նա նաև ասել է. «Ես յիշում եմ առաջի օրերը. մտածում եմ քո բոլոր գործերի վերայ. խորհում եմ քո ձեռքերի գործքի վերայ» (Սաղ. 63։6; 143։5)։ Իսկ դու խորհրդածո՞ւմ ես։

Նման խոր ու կենտրոնացած խորհրդածությունը՝ Եհովայի գործերի, նրա հատկությունների, նրա կամքի դրսևորումների վերաբերյալ, քեզ ավելին կտա, քան պարզապես փաստեր մտապահելը։ Եթե խորհրդածելը սովորություն դարձնես քո կյանքում, սրտիդ մեջ կդրոշմվեն բաներ, որոնք իսկապես կարևոր արժեք ունեն։ Խորհրդածության շնորհիվ կհասունանա քո ներքին անձնավորությունը։ Եվ այդպիսի խորհրդածությունից հետո քո մեջ կմնան այնպիսի հիշողություններ, որոնք կապված կլինեն քո ամենախոր զգացումների հետ (Սաղ. 119։16

Աստծո ոգու դերը

Եհովայի գործերին և Հիսուս Քրիստոսի ուսուցումներին առնչվող ճշմարտությունները հիշելու հարցում մենք օգնական ունենք։ Իր մահվան նախորդ գիշերը Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Այս խօսեցի ձեզ հետ՝ քանի որ ձեզ մօտ եմ։ Բայց Մխիթարիչը [«օգնականը», ՆԱ]՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ’ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի» (Յովհ. 14։25, 26)։ Այս խոսքերը լսողների թվում էին նաև Մատթեոսն ու Հովհաննեսը։ Իսկ սուրբ ոգին նրանց համար այդպիսի օգնական եղա՞վ։ Անշո՛ւշտ։ Դրանից մոտ ութ տարի անց Մատթեոսն ավարտեց Հիսուսի կյանքի վերաբերյալ առաջին գիրքը, որտեղ ամենայն մանրամասնությամբ արձանագրված են այնպիսի թանկ հիշողություններ, ինչպիսիք են՝ Հիսուսի Լեռան քարոզը, Քրիստոսի ներկայության նկարագրությունը իր բոլոր մանրամասնություններով, ինչպես նաև իրերի ներկա համակարգի վերջը։ Իսկ Հովհաննես առաքյալը Հիսուսի մահից վաթսունհինգ տարի հետո գրեց այն Ավետարանը, որը կոչվում է իր անունով։ Նա ևս մանրամասնորեն արձանագրեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել Տիրոջ հետ առաքյալների անցկացրած վերջին գիշերը՝ նախքան Հիսուսը կզոհեր իր կյանքը։ Կասկած չկա, որ և՛ Մատթեոսի, և՛ Հովհաննեսի հիշողության մեջ վառ տպավորվել էր այն ամենը, ինչ որ ասել և արել էր Հիսուսը նրանց կողքին եղած ժամանակ։ Բացի այդ, սուրբ ոգին էլ մեծ դեր է ունեցել այն հարցում, որ նրանք չեն մոռացել այն կարևոր մանրամասնությունները, որոնք Եհովան ցանկացել է, որ գրի առնվեն իր Խոսքում։

Իսկ այսօր սուրբ ոգին օգնո՞ւմ է Աստծո ծառաներին։ Անկասկած։ Իհարկե, դա չի նշանակում, որ սուրբ ոգին մեզ հաղորդում է մտքեր, որոնք մինչ այդ երբեք չենք իմացել։ Այն գործում է որպես օգնական այն առումով, որ մեր միտքն է բերում կարևոր բաներ, որոնք սովորել ենք նախկինում (Ղուկ. 11։13; Ա Յովհ. 5։14)։ Հետագայում, երբ անհրաժեշտություն է առաջանում, մեր մտային կարողությունների շնորհիվ «յիշ[ում ենք] սուրբ մարգարէներից առաջուց ասուած խօսքերը եւ մեր՝ Տիրոջ եւ Փրկչի.... պատուիրանքները» (Բ Պետ. 3։1, 2

‘Չմոռանաս’

Եհովան անընդհատ զգուշացնում էր Իսրայելին՝ չմոռանաս։ Իհարկե, դա չի նշանակում, որ նա ժողովրդից ակնկալում էր կատարյալ հիշողություն։ Այդուհանդերձ, իսրայելացիները չպետք է այն աստիճան տարվեին իրենց անձնական հոգսերով, որ մոռանային Եհովայի կատարած գործերի մասին։ Նրանք պետք է իրենց հիշողության մեջ վառ պահեին, թե ինչպես Եհովան նրանց անվնաս պահեց, երբ Աստծո հրեշտակը սպանեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին։ Պետք է հիշեին, թե ինչպես Եհովան իրենց փրկելու համար բաժանեց Կարմիր ծովի ջրերը, ապա դարձյալ միացրեց, որի հետևանքով փարավոնն իր զորքերի հետ միասին խեղդվեց ծովի ջրերում։ Պետք է հիշեին, որ Սինա լեռան մոտ Աստված նրանց տվեց իր Օրենքը և անապատից առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր։ Այս ամենը իսրայելացիները չպետք է մոռանային այն իմաստով, որ դրանց մասին հիշողությունները պետք է մեծ ազդեցություն գործեին նրանց ամենօրյա կյանքի վրա (Բ Օրին. 4։9, 10; 8։10–18; Ելից 12։24–27; Սաղ. 136։15

Մենք էլ պետք է ձգտենք մոռացկոտ չլինել։ Քանի որ առօրյա կյանքում շատ դժվարությունների ենք հանդիպում, պետք է միշտ հիշենք Եհովային. հիշենք, թե ինչպիսի Աստված է նա, հիշենք այն սիրո մասին, որ նա դրսևորել է մեր հանդեպ՝ պարգևելով իր Որդուն։ Իսկ Որդին իր կյանքը որպես փրկանք տվեց մեր մեղքերի համար, որպեսզի հավիտյան կատարյալ կյանքով ապրելու հնարավորություն ունենանք (Սաղ. 103։2, 8; 106։7,13; Յովհ. 3։16; Հռովմ. 6։23)։ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանության, ժողովի հանդիպումներին ու քարոզչական ծառայությանն ակտիվորեն մասնակցելու շնորհիվ մեր հիշողության մեջ կենդանի կմնան Աստծո Խոսքում արձանագրված արժեքավոր ճշմարտությունները։

Երբ որոշում կայացնելու առջև ես կանգնած՝ լինի դա մեծ թե փոքր, միտդ բեր այդ կարևոր ճշմարտությունները և թույլ տուր, որ դրանք ազդեցություն գործեն քո մտածելակերպի վրա։ Երբեք մի մոռացիր։ Փնտրի՛ր Եհովայի առաջնորդությունը։ Իրերը զուտ մարդկային տեսանկյունից դիտելու կամ անկատար սրտի մղումներին ապավինելու փոխարեն՝ հարց տուր ինքդ քեզ. «Աստծո Խոսքի ո՞ր խորհուրդը կամ սկզբունքը կարող եմ կիրառել այս որոշումն ընդունելիս» (Առակ. 3։5–7; 28։26)։ Դու չես կարող մտաբերել բաներ, որոնց մասին մինչ այդ ո՛չ կարդացել ես, ո՛չ էլ լսել։ Սակայն ճշգրիտ գիտության մեջ աճելուն և Եհովայի հանդեպ սերդ խորացնելուն զուգընթաց՝ ավելի ու ավելի կշատանա գիտելիքներիդ պաշարը, որ Աստծո սուրբ ոգին կօգնի քեզ հիշել։ Իսկ Եհովայի հանդեպ հետզհետե խորացող սերը կմղի քեզ գործելու քո ստացած գիտելիքներին ներդաշնակ։