ԴԱՍ 12
Ժեստեր և դեմքի արտահայտություն
ՀԱՄԵՄԱՏԱԾ այլ երկրների հետ՝ որոշ երկրներում մարդիկ խոսելիս ավելի հաճախ են դիմում ժեստերի օգնությանը։ Այսպես թե այնպես, բոլորն էլ խոսելիս ինչ–որ ձևով փոփոխում են իրենց դեմքի արտահայտությունը և կիրառում ժեստեր։ Սա վերաբերում է ինչպես հանրության առջև ելույթ ունենալուն, այնպես էլ ամենօրյա խոսակցություններին։
Հիսուսն ու իր աշակերտներն էլ էին խոսելիս ժեստեր կիրառում։ Մի անգամ, երբ ինչ–որ մեկը Հիսուսին ասաց, թե իր մայրն ու եղբայրները ցանկանում են խոսել իր հետ, Հիսուսը պատասխանեց. «Ո՞վ է իմ մայրը, եւ ո՞վ են իմ եղբայրները»։ Ապա կարդում ենք. «Եւ իր ձեռքը դէպի իր աշակերտները մեկնելով ասեց. Ահա իմ մայրը եւ իմ եղբայրները» (Մատթ. 12։48, 49)։ Աստվածաշնչի այլ հատվածներում, օրինակ՝ Գործք 12։17 և 13։16 համարներում, կարելի է նկատել, որ Պետրոս և Պողոս առաքյալներն էլ էին առօրյայում օգտվում ժեստերից։
Մտքեր և զգացմունքներ կարելի է փոխանցել ոչ միայն ձայնի, այլ նաև ժեստերի և դեմքի արտահայտության միջոցով։ Երբ բացակայում են ժեստերը, կամ դեմքի արտահայտության մեջ չի նկատվում ոչ մի փոփոխություն, ապա ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե խոսողը անտարբերություն է ցուցաբերում։ Մինչդեռ հաղորդակցման այս միջոցները համ ու հոտով կիրառելու դեպքում խոսքը լինում է շատ ավելի ազդեցիկ։ Նույնիսկ հեռախոսային խոսակցության ժամանակ ժեստերի և դեմքի արտահայտության շնորհիվ ձայնը այնպիսի երանգ է ստանում, որ լսողն անմիջապես ընկալում է խոսքի կարևորությունը և խոսողի վերաբերմունքը իր ասածների հանդեպ։ Ուստի ժեստերն ու դեմքի արտահայտությունը կարևոր դեր են խաղում՝ անկախ այն բանից՝ ազատ ոճով ես ելույթդ ներկայացնում, թե ընթերցում ես, ունկնդիրների հայացքն ուղղված է դեպի քեզ, թե իրենց Աստվածաշնչին։
Կարիք չկա ձեռնարկներում փնտրել, թե ինչպես կարելի է յուրացնել որոշ ժեստեր կամ ինչպես փոփոխել դեմքի արտահայտությունը, քանի որ երբևէ հատուկ դասընթաց չենք անցնում, որպեսզի սովորենք ծիծաղել կամ վրդովմունք արտահայտել։ Ժեստերը պետք է արտացոլեն անհատի ներքին զգացմունքները և որքան ինքնաբուխ ու անմիջական կերպով՝ այնքան ավելի լավ։
Ժեստերը բաժանվում են երկու հիմնական տեսակների՝ նկարագրական և ընդգծող։ Նկարագրական ժեստերը արտահայտում են գործողություն, կամ ցույց են տալիս որևէ բանի չափսերը, տեղը և դիրքը։ Եթե Դպրոցում քեզ հանձնարարել են աշխատել այս դասի վրա, մի սահմանափակվիր միայն մեկ կամ երկու ժեստերով։ Աշխատիր ամբողջ ելույթի ընթացքում բնական կերպով կիրառել դրանք։ Եթե դժվարանում ես այս հարցում, ապա օգտակար կլինի նախօրոք ուշադրություն դարձնել այն բառերի վրա, որոնք ցույց են տալիս ուղղություն, հեռավորություն, չափ, տեղ, կամ հարաբերակցություն։ Սակայն շատ ավելի հաճախ բավական է պարզապես կլանվել ելույթով, չանհանգստանալ այն բանի մասին, թե ինչ տպավորություն կթողնես լսողների վրա և խոսել այնպես, ինչպես կխոսեիր առօրյայում։ Երբ անհատը լարված չէ, նրա ժեստերը բնական են ստացվում։
Ընդգծող ժեստերը զգացմունք և համոզվածություն են արտահայտում։ Դրանց օգնությամբ կարելի է ընդգծել առանձին մտքեր, կենդանություն հաղորդել նրանց և ավելի տպավորիչ դարձնել։ Հետևաբար, ընդգծող ժեստերը կարևոր են։ Սակայն զգուշացիր, որ դրանք չվերածվեն սովորության, քանի որ եթե միևնույն ժեստը հաճախակի է կրկնվում, լսողների ուշադրությունը կենտրոնանում է դրա վրա, և ելույթը կորցնում է իր արժեքը։ Եթե Դպրոցի վերակացուն նշի, որ նման խնդիր ունես, աշխատիր որոշ ժամանակ սահմանափակվել միայն նկարագրական ժեստերով։ Ապա, հետագայում նորից սկսիր կիրառել ընդգծող ժեստեր։
Որոշելու համար, թե ինչ հաճախականությամբ պետք է կիրառել ընդգծող ժեստերը, կամ թե ինչպիսի ժեստերն են ընդհանրապես տեղին՝ պետք է հաշվի առնել լսողների զգացմունքները։ Ունկնդիրներին մատնացույց անելը, օրինակ, կարող է անհարմար դրության մեջ գցել նրանց։ Որոշ մշակույթներում, եթե տղամարդն իր զարմանքն արտահայտի ձեռքի ափը բերանին մոտեցնելով, մարդկանց կողմից դա կդիտվի որպես կանացիություն։ Որոշ երկրներ էլ կան, որտեղ անհամեստություն է համարվում, երբ կինը խոսելու ընթացքում հաճախակի ձեռքի շարժումներ է անում։ Ուստի նման վայրերում շատ ավելի լավ կլինի, եթե քույրերը խոսելիս հիմնականում փոփոխեն իրենց դեմքի արտահայտությունը։ Եվ իհարկե, գրեթե բոլոր երկրներում էլ ելույթ ունեցողի չափազանց ընդարձակ ժեստերը կարող են ծիծաղ հարուցել։
Փորձ ձեռք բերելուն զուգընթաց, երբ քեզ հաջողվի ելույթ ունենալիս ավելի անկաշկանդ զգալ, ընդգծող ժեստերով կկարողանաս ավելի ու ավելի բնականորեն արտահայտել ներքին զգացմունքներդ՝ դրսևորելով քո համոզվածությունը և անկեղծությունը։ Քո ելույթը կդառնա ավելի բովանդակալից։
Դեմքի արտահայտությունը։ Հաճախ դեմքի արտահայտությունը ավելի ակնհայտ կերպով է երևան հանում մարդու իրական զգացմունքները, քան որևէ այլ շարժում։ Այդ հարցում մեծ դեր են խաղում աչքերը, բերանը, ինչպես
նաև գլխի թեքությունը։ Առանց որևէ բան ասելու՝ դեմքի միջոցով հնարավոր է արտահայտել անտարբերություն, զզվանք, շփոթվածություն, զարմանք կամ հիացմունք։ Երբ խոսելուն զուգահեռ փոփոխում ենք մեր դեմքի արտահայտությունը, խոսքը դառնում է ավելի պատկերավոր և հուզականությամբ լի։ Մարդու դեմքի վրա Ստեղծիչը համախմբել է ավելի քան 30 մկաններ, և միայն ժպտալիս գործի ենք դնում գրեթե դրանց կեսը։Բեմից ելույթ ունենալիս թե քարոզչության ժամանակ քո նպատակն է մարդկանց հաղորդել հաճելի, սիրտ ջերմացնող տեղեկություններ։ Քո ջերմ ժպիտը վկայելու է դրա մասին։ Այնինչ դեմքի սառը արտահայտությամբ կասկածի տակ կդնես քո անկեղծությունը։
Ավելին՝ ժպիտդ տեսնելով մարդիկ կնկատեն, որ ջերմ զգացումներ ես տածում իրենց հանդեպ։ Մեր օրերում սա հատկապես կարևոր է, քանի որ մարդիկ սովորաբար վախենում են անծանոթներից։ Քո ժպիտը դուրս կվանի նրանց անհանգստությունը, ուստիև ավելի շատ տրամադրված կլինեն լսելու քեզ։