ԴԱՍ 40
Հավաստի տեղեկություն
ԻՆՉՊԵ՞Ս կարող է պատահել, որ քրիստոնյան ասի մի բան, որը չի համապատասխանում իրականությանը։ Հնարավոր է՝ պատճառը լինի այն, որ նա պարզապես կրկնի մի բան, որը լսել է՝ առանց ստուգելու դրա հավաստի լինելը։ Կամ էլ պատճառը կարող է լինել այն, որ նա սխալ է հասկացել կարդացած տեղեկությունը ու չափազանցնում է փաստերը։ Եթե մենք թեկուզ ամենամանր հարցերում հետևենք մեր խոսքի ճշգրտությանը, մեր ունկնդիրները կեզրակացնեն, որ ավելի կարևոր հարցերի դեպքում միանգամայն հիմնավոր կերպով կարող են հավատալ մեր խոսքերի ճշմարտացիությանը։
Քարոզչական ծառայության ժամանակ։ Շատերը, գիտակցելով, որ դեռ շատ բան ունեն սովորելու, չեն համարձակվում քարոզչական գործունեություն սկսել։ Սակայն շուտով նրանք հասկանում են, որ նույնիսկ միայն Աստվածաշնչի հիմնական ուսուցումներն իմանալով՝ կարող են արդյունավետ վկայություն տալ։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում։ Այստեղ կարևոր դեր է խաղում նախապատրաստությունը։
Նախքան քարոզչական ծառայության դուրս գալը մանրամասն քննիր այն թեման, որը մտադիր ես շոշափել մարդկանց հետ զրուցելիս։ Խորհիր, թե մարդիկ ինչ հարցեր կարող են տալ։ Գտիր այդ հարցերի գոհացուցիչ, Աստվածաշնչով հիմնավորված պատասխանները։ Վարվելով այսպես՝ դու կկարողանաս առանց անակնկալի գալու ճշգրիտ պատասխաններ տալ ծառայության ժամանակ տրված հարցերին։ Իսկ Աստվածաշնչի ուսումնասիրության գնալուց առաջ քննարկվելիք նյութը հանգամանորեն կրկնիր։ Հավաստիացիր, որ լիովին հասկանում ես, թե ինչպես են նշված սուրբգրային համարները հիմք հանդիսանում պատասխանելու տվյալ հարցին։
Իսկ ի՞նչ կարող ես անել, երբ աշխատավայրում կամ քարոզչական տարածքում քեզ այնպիսի հարց են տալիս, որին դու նախապես չէիր պատրաստվել։ Գուցեև շատ ցանկանաս իսկույն պատասխանել, բայց եթե վստահ չես պատասխանի ճշմարտացիության մեջ, ապա ավելի լավ է ենթադրություններ չանել։ «Արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ» (Առակ. 15։28)։ Կարող ես տվյալ հարցի պատասխանը գտնել «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գրքում (անգլ.) կամ էլ «Քննարկման նյութեր՝ աստվածաշնչյան թեմաներով» գրքույկում։ Եթե այս հրատարակություններից ոչ մեկը հետդ չէ, զրուցակցիդ ասա, որ այդ հարցի վերաբերյալ հետազոտություն կկատարես և հաջորդ հանդիպմանը կպատասխանես։ Եթե դիմացինդ անկեղծ անձնավորություն է, ապա նա դեմ չի լինի, որ այդ հարցի ստույգ պատասխանը տաս հաջորդ անգամ։ Դեռ ավելին՝ գուցե նրա վրա հաճելի տպավորություն թողնի այն, որ դու խոնարհություն ես ցուցաբերում։
Ծառայելով փորձառու քարոզիչների հետ՝ դու կկարողանաս զարգացնել հմտություններ, որոնք կօգնեն քեզ Աստծո Խոսքը անսխալ մատուցել։ Ուշադրություն դարձրու, թե ինչ համարներ են նրանք գործածում և ինչպես են տրամաբանում դրանց հիման վրա։ Խոնարհաբար ընդունիր նրանց կողմից արված ցանկացած առաջարկություն կամ ուղղում։ Ապողոսը, որ մի եռանդուն աշակերտ էր, մեծ օգուտներ ստացավ ուրիշների կողմից ցուցաբերված աջակցությունից։ Ղուկասը նրան նկարագրում է որպես մի մարդու, որը «ճարտարախօս» էր, «քաջածանոթ Սուրբ գրքերին» (ԱՆԹ), և «հոգով վառուած՝ Տիրոջ համար խօսում էր՝ եւ ստոյգ սովորեցնում»։ Չնայած այս ամենին՝ նա դեռ սովորելու բան ուներ։ Երբ Պրիսկիղան և Ակյուղասը նկատեցին դա, «նորան իրանց մօտ առան, եւ էլ աւելի ստոյգ Աստուծոյ ճանապարհը բացատրեցին նորան» (Գործք 18։24–28)։
«Հաստատ բռնելով վարդապետութեան հաւատարիմ խօսքը»։ Հանդիպումների ժամանակ մեր ելույթներում պետք է զգացվի, որ խորապես գնահատում ենք ժողովի ունեցած դերը՝ որպես «սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան» (Ա Տիմոթ. 3։15)։ Որպեսզի կարողանաս ճշմարտությունը ճիշտ մատուցել, պետք է լավ հասկանաս այն համարների իմաստը, որոնք մտադիր ես օգտագործել ելույթում։ Հաշվի առ այդ համարների համատեքստը, ինչպես նաև այն, թե ինչու են դրանք գրված։
Հնարավոր է՝ եղբայրներն ու քույրերը կրկնեն այն խոսքերը, որ դու ասել ես ժողովի հանդիպմանը։ Իհարկե, «շատ բաներով մեղանչում ենք ամենս» (Յակ. 3։2)։ Ուստի օգտակար կլինի մշակել այնպիսի սովորություններ, որոնք կօգնեն քեզ խոսքդ ավելի արժանահավատ դարձնելու։ Շատ եղբայրներ, որոնք ցուցակագրվել են Աստվածապետական ծառայության դպրոցին, ժամանակի ընթացքում երեցներ կդառնան։ Ում այսպիսի պատասխանատվություն է վստահվում, նրանից ‘ավելին’ է սպասվում (Ղուկ. 12։48)։ Եթե երեցը անզգուշաբար սխալ խորհուրդ տա, որը լուրջ խնդիրներ է ստեղծում ժողովի անդամների համար, ապա նա գուցեև Եհովայի տհաճությանը արժանանա (Մատթ. 12։36, 37)։ Ուստի այն եղբայրը, որ համապատասխանում է երեց լինելու չափանիշներին, պետք է հայտնի լինի նրանով, որ «հաստատ [բռնում է] վարդապետութեան հաւատարիմ խօսքը» (Տիտոս 1։9)։
Հետևիր, որ եզրակացություններդ ներդաշնակ լինեն ‘ողջամիտ խոսքերի օրինակի’, այսինքն՝ աստվածաշնչյան ճշմարտությունների ամբողջության հետ (Բ Տիմոթ. 1։13)։ Այս պահանջը չպետք է քեզ վախեցնի։ Եթե Աստվածաշունչը դեռևս չես կարդացել մինչև վերջ, շարունակիր կարդալ։ Սրա հետ մեկտեղ փորձիր կիրառել այն խորհուրդները, որ տրվում են հաջորդ պարբերության մեջ։ Ուշադրություն դարձրու, թե դրանք ինչպես կարող են օգնել քեզ, որպեսզի վերլուծես այն նյութը, որ մտադիր ես օգտագործել ուսուցման գործում։
Նախ ինքդ քեզ հարցրու. «Համապատասխանո՞ւմ է այս նյութն իմ իմացած սուրբգրային գիտելիքներին։ Կմղի՞ ունկնդիրներին դեպի Եհովան։ Թե՞ գովաբանում է այս աշխարհի իմաստությունը և մարդկանց խրախուսում է դրանով առաջնորդվել»։ Հիսուսն ասաց. «Քո խօսքը ճշմարտութիւն է» (Յովհ. 17։17; Բ Օրին. 13։1–5; Ա Կորնթ. 1։19–21)։ Նաև առավելագույնս օգտվիր ուսումնասիրության այն գործիքներից, որ մատուցում է հավատարիմ և իմաստուն ծառան։ Վարվելով այսպես՝ դու ոչ միայն ճիշտ կհասկանաս սուրբգրային համարները, այլև կկարողանաս դրանք կիրառել հավասարակշռվածությամբ ու ողջամտորեն։ Եթե ելույթներդ կառուցես ‘ողջամիտ խոսքերի օրինակի’ հիման վրա և Գրությունների համարները բացատրելիս ու դրանց կիրառությունը ցույց տալիս օգտվես Եհովայի տված միջոցներից, ապա քո խոսքերը հավաստի կլինեն։
Ստուգիր, թե որքանով է տեղեկությունը հավաստի։ Ընթացիկ իրադարձությունները, մեջբերումները և կյանքից վերցված դեպքերը կարող են օգնել քեզ որոշակի միտք լուսաբանելու և դրա գործնական արժեքը ցույց տալու մեջ։ Ինչպե՞ս կարող ես հավաստիանալ, որ դրանք ճիշտ են։ Միջոցներից մեկը հետևյալն է. օգտվիր ինֆորմացիայի հուսալի աղբյուրներից։ Չմոռանաս ստուգել այդ տեղեկությունների թարմությունը։ Վիճակագրական տվյալները ժամանակի ընթացքում հնանում են, գիտական հայտնագործությունները արագորեն փոխարինում են մեկը մյուսին, իսկ պատմության և հնագույն լեզուների իմացության մեջ մարդու հասկացողության ավելանալուն զուգընթաց կարիք է լինում վերստուգել այն եզրակացությունները, որ արվել են նախկին գիտելիքների հիման վրա։ Առանձնապես զգույշ պետք է լինել այն ժամանակ, երբ մտադիր ես ինֆորմացիա քաղել լրագրերից, հեռուստատեսությունից, ռադիոյից, էլեկտրոնային փոստից կամ էլ ինտերնետից։ Առակաց 14։15–ում խորհուրդ է տրվում. «Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը»։ Ինքդ քեզ հարցրու. «Այս աղբյուրը հայտնի՞ է իր արժանահավատությամբ։ Հնարավո՞ր է ինչ–որ ձևով ստուգել այս տեղեկությունը»։ Եթե կասկածում ես տեղեկության հավաստիության մեջ, մի օգտվիր դրանից։
Բացի ինֆորմացիայի աղբյուրի արժանահավատությունը ստուգելուց, հանգամանորեն քննիր նաև այն հարցը, թե ինչպես ես մտադիր օգտագործել այդ տեղեկությունը։ Ստուգիր, թե արդյոք այդ մեջբերումը կամ վիճակագրական տվյալը համահունչ է այն համատեքստին, որտեղից որ քաղված է։ Զգույշ եղիր, որ խոսքիդ ազդեցիկություն հաղորդելու ցանկությունը չստիպի քեզ «ոմանք»–ը դարձնել «մեծամասնություն», «շատեր»–ը՝ «յուրաքանչյուր ոք», «երբեմն»–ը՝ «միշտ»։ Եթե չափազանցնես դեպքերն ու թվային տվյալները, իրադարձությունների լրջությունն ու մասշտաբները, ապա կասկածի տակ կդնես քո խոսքերի հավաստիությունն առհասարակ։
Եթե քո խոսքերի մեջ ամեն ժամանակ ճշգրտություն պահպանես, ապա մարդիկ քեզ կճանաչեն որպես մի անհատի, որը հարգում է ճշմարտությունը։ Դրանով դու պատիվ կբերես Եհովայի վկաների կազմակերպությանը, բայց որ շատ ավելի կարևոր է՝ ‘Եհովային՝ ճշմարիտ Աստծուն’ (Սաղ. 31։5)։