Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

1 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Աստծու օրենքները հիմնված են նրա սկզբունքների վրա։ Այդ սկզբունքները հիմնարար ճշմարտություններ են, որոնք գրված են Աստվածաշնչում։ Դրանց միջոցով հասկանում ենք, թե Աստված տարբեր հարցերի մասին ինչ է մտածում և ինչ է զգում։ Սկզբունքներն օգնում են կյանքում խելամիտ որոշումներ կայացնել և ճիշտն անել։ Դրանք մեզ հատկապես օգնում են այն իրավիճակներում, որոնց վերաբերյալ Աստված կոնկրետ օրենքներ չի տվել։

Գլուխ 1, պարբերություն 8

 2 ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Եհովային հնազանդվել նշանակում է պատրաստակամորեն անել այն, ինչ նա ասում է մեզ։ Եհովան ուզում է, որ իրեն հնազանդվենք սիրուց մղված (1 Հովհաննես 5։3)։ Եթե սիրենք ու վստահենք Աստծուն, կհետևենք նրա խորհուրդներին ամեն իրավիճակում։ Մենք կհնազանդվենք նրան, նույնիսկ երբ դա անելը դժվար լինի մեզ համար։ Եհովային հնազանդվելը մեր իսկ օգտին է, քանի որ նա մեզ սովորեցնում է, թե ինչպես երջանիկ կյանք ունենանք այսօր, և խոստանում է, որ ապագայում շատ օրհնություններ կստանանք (Եսայիա 48։17

Գլուխ 1, պարբերություն 10

 3 ԱԶԱՏ ԿԱՄՔ

Եհովան ամեն մարդու տվել է ազատ կամք՝ որոշում կայացնելու և ընտրություն կատարելու ունակություն։ Նա մեզ չի ստեղծել ռոբոտների նման (2 Օրենք 30։19; Հեսու 24։15)։ Մենք կարող ենք մեր ազատությունն օգտագործել ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Բայց եթե զգույշ չլինենք, հնարավոր է՝ անխոհեմ որոշումներ կայացնենք։ Ազատ կամք ունենալ նշանակում է, որ մենք ինքներս պետք է որոշենք, թե արդյոք ուզում ենք նվիրված լինել Եհովային և փաստել, որ իսկապես սիրում ենք նրան։

Գլուխ 1, պարբերություն 12

 4 ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Եհովան սահմանել է բարոյական չափանիշներ, այսինքն՝ վարքի նորմեր։ Աստվածաշնչից կարող ենք իմանալ, թե ինչ չափանիշներ են դրանք, և թե դրանց հետևելով՝ ինչպես կարող ենք բարելավել մեր կյանքը (Առակներ 6։16–19; 1 Կորնթացիներ 6։9–11)։ Այդ չափանիշները կարող են օգնել մեզ հասկանալու, թե Աստծու տեսանկյունից ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Դրանք նաև օգնում են լինել սիրող անձնավորություն, ճիշտ որոշումներ կայացնել և բարությամբ վարվել ուրիշների հետ։ Թեև աշխարհի բարոյական չափանիշները գնալով ընկնում են, Եհովայի չափանիշները մնում են անփոփոխ (2 Օրենք 32։4–6; Մաղաքիա 3։6)։ Դրանց հետևելով՝ մենք պաշտպանված կլինենք ֆիզիկական և էմոցիոնալ շատ վնասներից։

Գլուխ 1, պարբերություն 17

 5 ԽԻՂՃ

Խիղճը ճշտի ու սխալի ներքին զգացողությունն է։ Եհովան խիղճ է տվել յուրաքանչյուր մարդու (Հռոմեացիներ 2։14, 15)։ Որպեսզի մեր խիղճը ճիշտ գործի, պետք է այն մարզենք Եհովայի բարոյական չափանիշներին ներդաշնակ։ Այդ դեպքում մեր խիղճը կօգնի այնպիսի որոշումներ կայացնել, որոնք հաճելի կլինեն Եհովային (1 Պետրոս 3։16)։ Խիղճը կարող է ահազանգել նախքան սխալ որոշում կայացնելը կամ կարող է սխալ բան անելուց հետո ափսոսանքի ու ցավի զգացում առաջացնել։ Մեր խիղճը գուցե սկսի սխալ գործել, բայց Եհովայի օգնությամբ կարող ենք մարզել այն, որ կրկին ճիշտ գործի։ Երբ մեր խիղճը ճիշտ է գործում, մենք ունենում ենք ներքին խաղաղություն և ինքնահարգանք։

Գլուխ 2, պարբերություն 3

 6 ՎԱԽ ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ

Աստծուց վախենալ նշանակում է, որ այնքան շատ ենք սիրում ու հարգում նրան, որ չենք ցանկանում անել որևէ բան, որը կտհաճեցնի նրան։ Այդպիսի վախը օգնում է անել այն, ինչ ճիշտ է, և խուսափել սխալ բան անելուց (Սաղմոս 111։10)։ Այն մղում է լուրջ ուշադրություն դարձնել Եհովայի ասած ամեն խոսքին։ Նաև օգնում է խորապես հարգել Եհովային ու պահել նրան տված մեր խոստումները։ Աստծու հանդեպ վախը ազդում է մեր մտածելակերպի, ուրիշների նկատմամբ մեր վարվելակերպի և մեր ամենօրյա որոշումների վրա։

Գլուխ 2, պարբերություն 9

 7 ԶՂՋՈՒՄ

Երբ մարդը զղջում է, նա խոր ափսոսանք է զգում իր արած սխալի համար։ Աստծուն սիրող մարդիկ խոր ցավ են զգում, երբ գիտակցում են, որ արել են մի բան, ինչը դեմ է նրա չափանիշներին։ Եթե սխալ բան ենք անում, պետք է աղերսենք Եհովային ներել մեզ Հիսուսի քավիչ զոհի հիման վրա (Մատթեոս 26։28; 1 Հովհաննես 2։1, 2)։ Երբ անկեղծորեն զղջում ենք և այլևս սխալ բան չենք անում, կարող ենք վստահ լինել, որ Եհովան կների մեզ։ Ուստի մենք չպետք է մեզ մեղավոր զգանք անցյալում արած սխալների պատճառով (Սաղմոս 103։10–14; 1 Հովհաննես 1։9; 3։19–22)։ Պետք է ջանանք դասեր քաղել մեր սխալներից, փոխել ցանկացած սխալ մտածելակերպ և ապրել Եհովայի չափանիշներով։

Գլուխ 2, պարբերություն 18

 8 ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԿԱՐԳ

Երբ լուրջ մեղք գործած անհատը չի զղջում և չի ցանկանում ապրել Եհովայի չափանիշներով, նա այլևս չի կարող լինել ժողովի մի մաս։ Նա պետք է զրկվի ընկերակցությունից։ Այդպիսի մարդու հետ մենք այլևս առնչություն չենք ունենում և չենք խոսում (1 Կորնթացիներ 5։11; 2 Հովհաննես 9–11)։ Ընկերակցությունից զրկելու կարգը պաշտպանում է Եհովայի անունը և ժողովը (1 Կորնթացիներ 5։6)։ Այն նաև խրատի մի ձև է, որը կարող է մղել անհատին զղջալու, ինչի շնորհիվ էլ նա կկարողանա վերադառնալ Եհովայի մոտ (Ղուկաս 15։17

Գլուխ 3, պարբերություն 19

 9 ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴ

Եհովան սիրում է մեզ և ուզում է օգնել։ Այդ պատճառով էլ նա Աստվածաշնչի և իրեն սիրող մարդկանց միջոցով մեզ առաջնորդություն, ուղղություն ու խորհուրդ է տալիս։ Քանի որ անկատար ենք, առավել ևս շատ ունենք նրա օգնության կարիքը (Երեմիա 17։9)։ Երբ հարգալից կերպով լսում ենք այն մարդկանց, ում միջոցով Եհովան առաջնորդում է մեզ, ցույց ենք տալիս, որ հարգում ենք նրան և ուզում ենք հնազանդվել (Եբրայեցիներ 13։7

Գլուխ 4, պարբերություն 2

 10 ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

Քանի որ անկատար ենք, հակված ենք լինելու եսասեր ու հպարտ։ Բայց Եհովան ուզում է, որ խոնարհ լինենք։ Երբ ինքներս մեզ համեմատում ենք Եհովայի հետ ու հասկանում ենք, թե որքան չնչին էակներ ենք, դա օգնում է, որ խոնարհ լինենք (Հոբ 38։1–4)։ Խոնարհության կարևոր դրսևորումներից է այն, որ ավելի շատ մտածում ենք ոչ թե ինքներս մեր մասին, այլ ուրիշների, և նրանց բարօրությունը ավելի կարևոր ենք համարում։ Սովորաբար հպարտ մարդը մտածում է, թե ինքն ավելի լավն է, քան մյուսները։ Իսկ խոնարհ անհատը անկեղծ է ինքն իր հետ, տեսնում է իր և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերը։ Նա չի վախենում ընդունել իր սխալները, ներողություն խնդրել, ինչպես նաև առաջարկներ ու խորհուրդներ ընդունել։ Խոնարհ մարդը Եհովային է ապավինում և հետևում է նրա առաջնորդությանը (1 Պետրոս 5։5

Գլուխ 4, պարբերություն 4

 11 ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը հրահանգներ տալու և որոշումներ կայացնելու իրավունքն է։ Եհովան երկնքում և երկրի վրա ամենաբարձր իշխանություն ունեցողն է։ Նա է ստեղծել ամեն բան և ամենազորեղ անձնավորությունն է ողջ տիեզերքում։ Նա իր իշխանությունը միշտ օգտագործում է հօգուտ ուրիշների։ Եհովան որոշ մարդկանց պատասխանատվություն է տվել հոգ տանելու մեր մասին։ Օրինակ՝ որոշակի իշխանություն ունեն ծնողները, ժողովի երեցներն ու պետական իշխանությունները, և Եհովան ուզում է, որ մենք համագործակցենք նրանց հետ (Հռոմեացիներ 13։1–5; 1 Տիմոթեոս 5։17)։ Բայց երբ մարդկային օրենքները հակասում են Աստծու օրենքներին, մենք ավելի շատ Աստծուն ենք հնազանդվում, քան մարդկանց (Գործեր 5։29)։ Երբ ընդունում ենք նրանց իշխանությունը, ում Եհովան որոշ լիազորություններ է տվել, ցույց ենք տալիս Եհովային, որ հարգում ենք նրա որոշումները։

Գլուխ 4, պարբերություն 7

 12 ԵՐԵՑՆԵՐ

Եհովան հոգ է տանում ժողովի մասին երեցների միջոցով, որոնք փորձառու եղբայրներ են (2 Օրենք 1։13; Գործեր 20։28)։ Այս տղամարդիկ օգնում են, որ ամուր պահենք Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները և խաղաղ մթնոլորտում ու կազմակերպված ձևով երկրպագենք նրան (1 Կորնթացիներ 14։33, 40)։ Երեցները նշանակվում են սուրբ ոգով, քանի որ համապատասխանում են Աստվածաշնչում գրված որոշակի պահանջների, իսկ Աստվածաշունչը գրվել է սուրբ ոգու ներշնչմամբ (1 Տիմոթեոս 3։1–7; Տիտոս 1։5–9; 1 Պետրոս 5։2, 3)։ Մենք վստահում և աջակցում ենք Աստծու կազմակերպությանը, ուստի սրտանց համագործակցում ենք երեցների հետ (Սաղմոս 138։6; Եբրայեցիներ 13։17

Գլուխ 4, պարբերություն 8

  13 ԸՆՏԱՆԻՔԻ ԳԼՈՒԽ

Եհովան ծնողներին պատասխանատվություն է տվել հոգ տանելու իրենց երեխաներին ու տան մյուս անդամներին։ Սակայն ընտանիքի գլուխը ամուսինն է, ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը։ Եթե ընտանիքում հայր չկա, ապա մայրն է դառնում ընտանիքի գլուխը։ Ընտանիքի գլխի պարտականության մեջ է մտնում ընտանիքին ապահովել սննդով, հագուստով և կացարանով։ Շատ կարևոր է, որ նա առաջնորդություն վերցնի հոգևոր հարցերում՝ օգնելով իր ընտանիքին երկրպագել Եհովային։ Օրինակ՝ նա հոգ է տանում, որ իր ընտանիքի անդամները կանոնավորաբար մասնակցեն ժողովի հանդիպումներին, ծառայությանը և միասին ուսումնասիրեն Աստվածաշունչը։ Նա է կայացնում վերջնական որոշումը ընտանիքում։ Նա միշտ ջանում է ընդօրինակել Հիսուսին՝ լինել բարի ու ողջամիտ, և երբեք ընտանիքի անդամների հետ կոպտությամբ կամ դաժանությամբ չի վարվում։ Դրա շնորհիվ ընտանիքում ջերմ մթնոլորտ է տիրում, բոլորը իրենց ապահով են զգում ու Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ են զարգացնում։

Գլուխ 4, պարբերություն 12

14 ԿԱՌԱՎԱՐԻՉ ՄԱՐՄԻՆ

Կառավարիչ մարմինը կազմված է երկնային հույս ունեցող մի խումբ տղամարդկանցից, որոնց միջոցով Աստված առաջնորդում է իր ժողովրդի գործունեությունը։ Առաջին դարում Եհովան կառավարիչ մարմնի միջոցով առաջնորդում էր վաղ քրիստոնեական ժողովը երկրպագությանն առնչվող հարցերում և քարոզչական գործում (Գործեր 15։2)։ Այսօր էլ այն մի խումբ եղբայրները, ովքեր ծառայում են որպես Կառավարիչ մարմին, առաջնորդում են և հոգևոր առումով պաշտպանում Աստծու ժողովրդին։ Երբ այս եղբայրները որոշումներ են կայացնում, նրանք Աստծու Խոսքով և նրա սուրբ ոգով են առաջնորդվում։ Հիսուսը այս օծյալ տղամարդկանց խմբին կոչեց «հավատարիմ և իմաստուն ծառա» (Մատթեոս 24։45–47

Գլուխ 4, պարբերություն 15

 15 ԳԼՈՒԽԸ ԾԱԾԿԵԼ

Երբեմն գուցե լինեն իրավիճակներ, երբ քրոջը խնդրեն ժողովում անել որոշ բաներ, որ սովորաբար եղբայրներն են անում։ Այդպիսի գործեր անելիս քույրը հարգանք ցույց կտա Եհովայի սահմանած կարգի հանդեպ՝ ծածկելով իր գլուխը։ Բայց գլուխը ծածկել անհրաժեշտ է լինում միայն որոշ իրավիճակներում։ Օրինակ՝ քույրը կծածկի իր գլուխը, եթե Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում իր ամուսնու կամ մկրտված եղբոր ներկայությամբ (1 Կորնթացիներ 11։11–15

Գլուխ 4, պարբերություն 17

 16 ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ

Չեզոք լինել նշանակում է քաղաքական հարցերում ոչ մեկի կողմը չբռնել (Հովհաննես 17։16)։ Մենք՝ Եհովայի ծառաներս, Աստծու Թագավորությանն ենք թիկունք կանգնում։ Հետևաբար մենք, ընդօրինակելով Հիսուսին, չենք խառնվում այս աշխարհի գործերին ու չեզոք ենք մնում։

Եհովան մեզ պատվիրել է «հնազանդվել կառավարություններին ու իշխանություններին» (Տիտոս 3։1, 2; Հռոմեացիներ 13։1–7)։ Բայց նրա տված օրենքում նաև ասվում է, որ չպետք է մարդ սպանենք։ Հետևաբար քրիստոնյայի խիղճը թույլ չի տա գնալ պատերազմ։ Եթե քրիստոնյային հնարավորություն է ընձեռվում, զինվորական ծառայության փոխարեն, այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու, նա պետք է քննի ու տեսնի՝ արդյոք տվյալ ծառայությունը իր խղճին դեմ է, թե ոչ։

Մենք միայն Եհովային ենք երկրպագում, քանի որ նա է մեր Ստեղծիչը։ Ուստի թեև հարգանքով ենք վերաբերվում ազգային խորհրդանիշներին, բայց պատիվ չենք տալիս դրոշին ու չենք երգում ազգային հիմնը (Եսայիա 43։11; Դանիել 3։1–30; 1 Կորնթացիներ 10։14)։ Եհովայի ծառաներից յուրաքանչյուրը անձամբ որոշում է կայացրել չքվեարկել որևէ քաղաքական կուսակցության կամ թեկնածուի օգտին։ Պատճառն այն է, որ մենք արդեն իսկ Աստծու Թագավորության կողմն ենք բռնել (Մատթեոս 22։21; Հովհաննես 15։19; 18։36

Գլուխ 5, պարբերություն 2

 17 ԱՇԽԱՐՀԻ ՈԳԻ

Այս աշխարհը առաջ է տանում Սատանայի մտածելակերպը։ Նրա մտածելակերպն ունեցող մարդիկ չեն սիրում Եհովային, չեն ուզում նմանվել նրան և արհամարհում են նրա չափանիշները (1 Հովհաննես 5։19)։ Աշխարհի ոգին հենց այդ մտածելակերպն է ու դրա արդյունքում դրսևորվող վարվելակերպը (Եփեսացիներ 2։2)։ Եհովայի ժողովուրդը ամեն ինչ անում է, որ չընկնի այդ ոգու ազդեցության տակ (Եփեսացիներ 6։10–18)։ Մենք սիրում ենք Եհովայի չափանիշները ու ամեն ջանք թափում ենք, որ ընդօրինակենք նրա մտածելակերպը։

Գլուխ 5, պարբերություն 7

 18 ՀԱՎԱՏՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆ

Հավատուրացությունը Աստվածաշնչում գրված ճշմարտությունը մերժելն է։ Հավատուրացները ըմբոստանում են Եհովայի ու Հիսուսի՝ Աստծու Թագավորության Թագավորի դեմ և փորձում են ուրիշներին էլ դրդել ըմբոստության (Հռոմեացիներ 1։25)։ Նրանք ցանկանում են կասկածներ սերմանել Եհովային երկրպագող մարդկանց մտքում։ Վաղ քրիստոնեական ժողովի որոշ անդամներ դարձան հավատուրաց, և այդպես է լինում նաև մեր օրերում (2 Թեսաղոնիկեցիներ 2։3)։ Եհովային նվիրված մարդիկ ոչ մի առնչություն չեն ունենում հավատուրացների հետ։ Մենք երբեք հետաքրքրասիրությունից դրդված կամ էլ ուրիշների ճնշման տակ չենք կարդա ու չենք լսի հավատուրացական գաղափարներ։ Մենք նվիրված ենք Եհովային ու միայն նրան ենք երկրպագում։

Գլուխ 5, պարբերություն 9

 19 ՔԱՎՈՒԹՅՈՒՆ

Մովսիսական օրենքը իսրայելացիներին հնարավորություն էր տալիս մեղքերի ներում ստանալու Եհովայից։ Դրա համար նրանք տաճարում մատուցում էին քավության զոհեր՝ հացահատիկ, յուղ և կենդանիներ։ Քավության այս միջոցը իսրայելացիներին հավաստիացնում էր, որ Եհովան պատրաստ է մեղքերի ներում շնորհել նրանց թե՛ որպես ազգի, թե՛ անհատապես։ Հետագայում, երբ Հիսուսն իր կյանքը տվեց մեր մեղքերը քավելու համար, այդ քավության զոհերի կարիքն այլևս չկար։ Հիսուսը «մեկընդմիշտ մատուցեց» կատարյալ մի զոհ (Եբրայեցիներ 10։1, 4, 10

Գլուխ 7, պարբերություն 6

 20 ՃԻՇՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Մովսիսական օրենքը թույլ էր տալիս ուտել կենդանիների միսը։ Նաև Օրենքը պահանջում էր զոհաբերել կենդանիներ (Ղևտական 1։5, 6Բայց Եհովան երբեք թույլ չի տվել, որ իր ժողովուրդը դաժանորեն վերաբերվի նրանց (Առակներ 12։10)։ Օրենքի մեջ կային հստակ կանոններ, որոնք կենդանիներին պաշտպանում էին այդպիսի վերաբերմունքից։ Եհովան իսրայելացիներին պատվիրել էր բարեխղճորեն հոգ տանել իրենց կենդանիների մասին (2 Օրենք 22։6, 7

Գլուխ 7, պարբերություն 6

 21 ԱՐՅԱՆ ՄԱՆՐ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊՐՈՑԵԴՈՒՐԱՆԵՐ

Արյան մանր բաղադրամասեր։ Արյունը կազմված է չորս հիմնական բաղադրիչներից. դրանք են՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ և պլազմա։ Բայց դրանցից հնարավոր է ստանալ ավելի մանր տարրեր, որոնք կոչվում են արյան ֆրակցիաներ, կամ՝ մանր բաղադրամասեր։ a

Քրիստոնյաները հրաժարվում են արյան և դրա չորս հիմնական բաղադրիչների փոխներարկումից։ Բայց նրանք ինչպե՞ս պետք է վերաբերվեն արյան ավելի մանր բաղադրամասերի օգտագործմանը։ Աստվածաշնչում այս հարցի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ չկան։ Այդ պատճառով յուրաքանչյուր քրիստոնյա անձնական որոշում պետք է կայացնի՝ Աստվածաշնչով դաստիարակված իր խղճի հիման վրա։

Որոշ քրիստոնյաներ որոշում են հրաժարվել արյան բոլոր մանր բաղադրամասերից։ Նրանք թերևս հիմնավորում են դա նրանով, որ Իսրայելին տրված Աստծու Օրենքը պահանջում էր կենդանու մարմնից դուրս եկած արյունը «գետին թափել» (2 Օրենք 12։22–24

Ուրիշներն էլ այլ որոշում են կայացնում։ Նրանց խիղճը թույլ է տալիս ընդունել արյան մանր բաղադրամասեր։ Թերևս նրանք դա հիմնավորում են այն բանով, որ այդ փոքր ֆրակցիաները այլևս չեն ներկայացնում այն մարդու կամ կենդանու կյանքը, որից վերցվել է այդ արյունը։

Արյան մանր բաղադրամասերի վերաբերյալ որոշում կայացնելիս ինքդ քեզ տուր հետևյալ հարցերը։

  • Գիտակցո՞ւմ եմ, որ արյան բոլոր մանր բաղադրամասերից հրաժարվելը նշանակում է, որ չեմ կարող ընդունել որոշ դեղամիջոցներ, որոնք օգնում են պայքարել հիվանդությունների դեմ կամ դադարեցնում են արյունահոսությունը։

  • Ինչպե՞ս կբացատրեմ բժշկին, թե ինչու եմ հրաժարվում արյան այս կամ այն մանր բաղադրամասից։

Բժշկական պրոցեդուրաներ։ Լինելով քրիստոնյաներ՝ մենք արյուն չենք նվիրաբերում, նաև չենք պահեստավորում մեր արյունը վիրահատությունից օրեր կամ շաբաթներ առաջ, որ հետո կրկին մեզ ներարկվի։ Սակայն կան նաև այլ պրոցեդուրաներ, որոնց ժամանակ մարդու սեփական արյունն է օգտագործվում։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է իր համար որոշի, թե իր արյունն ինչպես օգտագործվի վիրահատության, բժշկական հետազոտության կամ այլ ախտորոշիչ և բուժական պրոցեդուրաների ընթացքում։ Այդ պրոցեդուրաների ընթացքում հնարավոր է, որ մարդու արյան մի մասը որոշ ժամանակով լիովին առանձնացվի նրա օրգանիզմից (ավելի շատ տեղեկությունների համար տես «Դիտարան», 2000 թ., հոկտեմբերի 15, էջ 30–31

Օրինակ՝ հեմոդիլյուցիա (արյունանոսրացում) կոչվող բժշկական պրոցեդուրայի ժամանակ անմիջապես վիրահատությունից առաջ հիվանդի արյան մի մասը դուրս է բերվում նրա օրգանիզմից և դրա փոխարեն ներարկվում է արյան ծավալը մեծացնող լուծույթ։ Ավելի ուշ՝ վիրահատության ընթացքում կամ դրանից կարճ ժամանակ հետո, առանձնացված արյունը վերադարձվում է հիվանդի օրգանիզմ։

Մեկ այլ պրոցեդուրա է ռեինֆուզիան (սել սելվիջը), որի դեպքում վիրահատության ընթացքում հիվանդի կորցրած արյունը հավաքվում է, մաքրվում և կրկին վերադարձվում նրա օրգանիզմ կա՛մ հենց վիրահատության ժամանակ, կա՛մ էլ դրանից կարճ ժամանակ հետո։

Հնարավոր է՝ բժիշկները փոքր-ինչ տարբեր ձևով կիրառեն այս պրոցեդուրաները։ Ուստի նախքան որևէ վիրաբուժական պրոցեդուրայի, ախտորոշման կամ բուժական մեթոդի համաձայնություն տալը քրիստոնյան պետք է մանրամասնորեն ճշտի, թե կոնկրետ ինչպես է օգտագործվելու իր սեփական արյունը։

Երբ պետք է որոշում կայացնես բժշկական պրոցեդուրաների վերաբերյալ, որոնց ժամանակ օգտագործվելու է քո սեփական արյունը, մտածիր հետևյալ հարցերի շուրջ։

  • Եթե իմ արյան մի մասը դուրս է բերվելու իմ օրգանիզմից, և արյան հոսքը, հնարավոր է, նույնիսկ դադարեցվելու է որոշ ժամանակով, արդյոք խիղճս թույլ կտա՞, որ այդ արյունը համարեմ իմ օրգանիզմի մի մասը, որը պետք չէ «գետին թափել» (2 Օրենք 12։23, 24

  • Աստվածաշնչով դաստիարակված իմ խիղճը չի՞ տանջի, եթե բժշկական պրոցեդուրայի ժամանակ իմ արյան որոշ մասը վերցվի, բուժական նպատակներով որոշակի փոփոխության ենթարկվի ու կրկին վերադարձվի իմ օրգանիզմ կամ օգտագործվի վիրահատական վերքի բուժման համար։

  • Գիտակցո՞ւմ եմ, որ հրաժարվելով բոլոր պրոցեդուրաներից, որոնց ժամանակ օգտագործվելու է իմ արյունը՝ ես հրաժարվում եմ նաև արյան ախտորոշումից, հեմոդիալիզից և արյան արհեստական շրջանառության սարքավորման օգտագործումից։

Երբ պետք է որոշում կայացնենք արյան մանր բաղադրամասերի և բժշկական պրոցեդուրաների վերաբերյալ, որոնց ժամանակ օգտագործվելու է մեր սեփական արյունը, անհրաժեշտ է Եհովայից աղոթքով առաջնորդություն խնդրել և փնտրտուք անել (Հակոբոս 1։5, 6)։ Այնուհետև պետք է Աստվածաշնչով մարզված մեր խղճի հիման վրա կայացնենք մեր սեփական որոշումը։ Մենք չպետք է ուրիշներին հարցնենք, թե նրանք ինչ կանեին, եթե մեր տեղը լինեին, իսկ ուրիշները, իրենց հերթին, չպետք է փորձեն ազդել մեր որոշման վրա (Հռոմեացիներ 14։12; Գաղատացիներ 6։5

Գլուխ 7, պարբերություն 11

 22 ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ

Բարոյապես մաքուր լինել նշանակում է Աստծու տեսանկյունից մաքուր վարք և ապրելակերպ ունենալ։ Բարոյապես մաքուր պետք է լինեն և՛ մեր մտքերը, և՛ խոսքերը, և՛ արարքները։ Եհովան պատվիրել է հեռու մնալ ամեն տեսակ սեռական անմաքրությունից և անբարոյությունից (Առակներ 1։10; 3։1)։ Նույնիսկ նախքան սխալ բան անելու գայթակղության առաջ կանգնելը պետք է հստակ որոշենք, որ կառչած կմնանք Եհովայի մաքուր չափանիշներից։ Պետք է միշտ Եհովային խնդրենք, որ օգնի մեզ մաքուր պահել մեր միտքը, ու վճռակամ լինենք մերժելու անբարո բնույթի ամեն գայթակղություն (1 Կորնթացիներ 6։9, 10, 18; Եփեսացիներ 5։5

Գլուխ 8, պարբերություն 11

 23 ԼԿՏԻ ՎԱՐՔ ԵՎ ԱՆՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ

Լկտի վարք է դրսևորում այն անհատը, ով իր խոսելաձևով կամ վարվելակերպով լրջորեն ոտնահարում է Աստծու չափանիշները և անամոթ ու հանդուգն վերաբերմունք է ցուցաբերում։ Այդպիսով նա ցույց է տալիս, որ չի հարգում Աստծու օրենքները։ Եթե փաստեր կան, որ անհատը լկտի վարք է դրսևորում, ապա այդ հարցը քննելու համար իրավական կոմիտե կկազմվի։

Անմաքրությունը ներառում է տարբեր սխալ արարքներ։ Կախված իրավիճակի լրջությունից՝ անմաքրությանն առնչվող որոշ հարցեր քննելու համար գուցե հարկ լինի, որ իրավական կոմիտե կազմվի (Գաղատացիներ 5։19–21; Եփեսացիներ 4։19; ավելի շատ տեղեկությունների համար տես «Դիտարան», 2006 թ., հուլիսի 15, «Ընթերցողների հարցերը» հոդվածը)։

Գլուխ 9, պարբերություն 7; գլուխ 12, պարբերություն 10

 24 ՁԵՌՆԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Եհովան նախատեսել է, որ սեռական հարաբերությունը լինի ամուսնու և կնոջ միջև սիրո մաքուր դրսևորում։ Երբ որևէ մեկը ձեռնաշարժություն (մաստուրբացիա) է անում, այսինքն՝ սեռական հաճույք ստանալու նպատակով գրգռում է իր վերարտադրողական (սեռական) օրգանները, ապա իր սեռական կարողությունը անմաքուր ձևով է օգտագործում։ Այս սովորությունը կարող է վնասել Եհովայի հետ փոխհարաբերությունները։ Այն կարող է մարդու մեջ այլասերված ցանկություններ առաջացնել և աղավաղել սեռական հարաբերությունների մասին նրա պատկերացումը (Կողոսացիներ 3։5)։ Եթե մարդն ունի այս անմաքուր սովորությունը և դժվարանում է ձերբազատվել դրանից, չպետք է թևաթափ լինի (Սաղմոս 86։5; 1 Հովհաննես 3։20)։ Եթե դու էլ ունես այդպիսի խնդիր, անկեղծորեն աղոթիր Եհովային ու խնդրիր, որ օգնի քեզ։ Հեռու մնա այնպիսի բաներից, որոնք անմաքուր մտքեր են առաջացնում, օրինակ՝ պոռնկագրությունից։ Խոսիր քո քրիստոնյա ծնողներից մեկի կամ Եհովայի օրենքները հարգող հասուն ընկերներիցդ մեկի հետ (Առակներ 1։8, 9; 1 Թեսաղոնիկեցիներ 5։14; Տիտոս 2։3–5)։ Կարող ես վստահ լինել, որ Եհովան տեսնում ու գնահատում է բարոյապես մաքուր մնալու քո ջանքերը (Սաղմոս 51։17; Եսայիա 1։18

Գլուխ 9, պարբերություն 9

 25 ԲԱԶՄԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Բազմամուսնությունը մեկից ավելի կողակից ունենալն է։ Եհովան ի սկզբանե ամուսնությունը հաստատել էր որպես մեկ կնոջ և մեկ տղամարդու միություն։ Հին Իսրայելում Աստված թույլ էր տվել, որ տղամարդիկ մեկից ավելի կին ունենային, բայց դա նրա սկզբնական նպատակը չէր։ Այսօր Եհովան չի հանդուրժում բազմամուսնությունը իր ժողովրդի մեջ։ Ամուսինը կարող է ունենալ միայն մեկ կին, իսկ կինը՝ միայն մեկ ամուսին (Մատթեոս 19։9; 1 Տիմոթեոս 3։2

Գլուխ 10, պարբերություն 12

 26 ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԵՎ ԱՆՋԱՏ ԱՊՐԵԼ

Եհովան նախատեսել է, որ ամուսինն ու կինը միասին լինեն իրենց ողջ կյանքի ընթացքում (Ծննդոց 2։24; Մաղաքիա 2։15, 16; Մատթեոս 19։3–6; 1 Կորնթացիներ 7։39)։ Նա ամուսնալուծությունը թույլ է տալիս միայն կողակիցներից մեկի դավաճանության դեպքում։ Այդ իրավիճակում Եհովան անմեղ կողակցին իրավունք է տալիս որոշելու՝ ամուսնալուծվել, թե ոչ (Մատթեոս 19։9

Երբեմն որոշ քրիստոնյաներ որոշում են իրենց կողակցից առանձին ապրել, թեև վերջինս անբարոյություն չի գործել (1 Կորնթացիներ 7։11)։ Քրիստոնյան գուցե որոշի անջատ ապրել հետևյալ դեպքերում։

  • Երբ կողակիցը միտումնավոր կերպով հոգ չի տանում ընտանիքին։ Ամուսինը հրաժարվում է հոգալ ընտանիքի նյութական կարիքները, ինչի պատճառով նրանք չեն ունենում անհրաժեշտ դրամական միջոցներ և ուտելիք (1 Տիմոթեոս 5։8

  • Երբ կողակիցը ծայրահեղ ֆիզիկական բռնություն է գործադրում։ Այդ բռնությունը այն աստիճանի է, որ կինը կամ ամուսինը զգում է, որ իր առողջությանը կամ կյանքին վտանգ է սպառնում (Գաղատացիներ 5։19–21

  • Երբ Եհովայի հետ փոխհարաբերությունները ծայրահեղ վտանգի տակ են հայտնվում։ Կինը կամ ամուսինը կողակցի համար անհնարին է դարձնում Եհովային ծառայելը (Գործեր 5։29

Գլուխ 11, պարբերություն 19

 27 ԳՈՎԵՍՏ ԵՎ ՔԱՋԱԼԵՐՈՒԹՅՈՒՆ

Բոլորս էլ գովեստի և քաջալերության կարիք ունենք (Առակներ 12։25; 16։24)։ Մենք կարող ենք սրտապնդել ու մխիթարել միմյանց ջերմ ու սիրաշատ խոսքերով։ Դա կարող է օգնել մեր եղբայրներին ու քույրերին տոկալ և շարունակել ծառայել Եհովային՝ չնայած ծանր դժվարություններին (Առակներ 12։18; Փիլիպպեցիներ 2։1–4)։ Եթե ինչ-որ մեկը շատ ընկճված է, պետք է հարգանքով լսենք նրան և փորձենք հասկանալ նրա զգացումները։ Դա կօգնի մեզ իմանալ՝ ինչ ասենք կամ ինչ անենք նրան օգնելու համար (Հակոբոս 1։19)։ Նպատակ դիր լավ ճանաչել քո եղբայրներին ու քույրերին, որ կարողանաս իսկապես հասկանալ՝ ինչի կարիք ունեն նրանք։ Այդ ժամանակ կիմանաս, թե Եհովայի տրամադրած որ միջոցներն առաջարկել նրանց, որպեսզի նրանք իսկապես թարմություն գտնեն ամենայն մխիթարության Աղբյուրից (2 Կորնթացիներ 1։3, 4; 1 Թեսաղոնիկեցիներ 5։11

Գլուխ 12, պարբերություն 16

 28 ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐ

Աստվածաշնչում չկան կոնկրետ կանոններ հարսանիքների վերաբերյալ։ Ամուսնության հետ կապված սովորույթներն ու օրենքի պահանջները երկրից երկիր տարբեր են (Ծննդոց 24։67; Մատթեոս 1։24; 25։10; Ղուկաս 14։8)։ Հարսանեկան արարողության ամենակարևոր պահն այն է, երբ զույգը երդում է տալիս Եհովայի առաջ։ Շատ զույգեր ցանկանում են, որ իրենց ընտանիքն ու մտերիմ ընկերները ներկա լինեն այդ երդման ժամանակ։ Նաև որոշում են խնդրել երեցներից մեկին, որ Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ ներկայացնի։ Զույգն ինքը պետք է որոշի, թե հարսանեկան արարողությունից հետո ինչպիսի խնջույք անի կամ առհասարակ անի՞, թե՞ ոչ (Ղուկաս 14։28; Հովհաննես 2։1–11)։ Ինչ էլ նրանք որոշեն հարսանիքը կազմակերպելու հետ կապված, պետք է հավաստիանան, որ ամեն բան կլինի այնպես, որ փառք բերի Եհովայի անվանը (Ծննդոց 2։18–24; Մատթեոս 19։5, 6)։ Աստվածաշնչի սկզբունքները կարող են օգնել նրանց ճիշտ որոշում կայացնելու (1 Հովհաննես 2։16, 17)։ Եթե զույգը որոշում է, որ խնջույքի ժամանակ ալկոհոլ լինի, ապա պետք է հոգ տանի, որ հավաքույթը, ինչպես հարկն է, վերահսկվի (Առակներ 20։1; Եփեսացիներ 5։18)։ Եթե նրանք որոշում են, որ երաժշտություն կամ այլ ժամանցային ծրագրեր լինեն, ապա պետք է համոզվեն, որ ամեն բան փառք կբերի Եհովային։ Քրիստոնյա զույգը չպետք է կենտրոնանա միայն հարսանիքի օրվա վրա, այլ պետք է մտածի, թե ինչպես լավ փոխհարաբերություն պահպանի Աստծու հետ և լավ հիմք դնի իրենց ամուսնական կյանքի համար (Առակներ 18։22; ավելի շատ խորհուրդների համար տես «Դիտարան», 2006 թ., հոկտեմբերի 15, էջ 18–31

Գլուխ 13, պարբերություն 18

 29 ԻՄԱՍՏՈՒՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ՝ ՏՈՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Մենք ցանկանում ենք կայացնել իմաստուն որոշումներ, որոնք հիմնված կլինեն Աստծու Խոսքի վրա։ Օրինակ՝ աստվածաշնչյան սկզբունքներին հակասող որևէ տոնի ժամանակ քրիստոնյայի ոչ Վկա կողակիցը գուցե նրան ասի, որ իր հետ միասին գնա ազգականների հետ ճաշկերույթի։ Եթե դու էլ հայտնվես նման իրավիճակում, ի՞նչ կանես։ Եթե քո խիղճը թույլ է տալիս, որ գնաս, այդ դեպքում կարող ես կողակցիդ բացատրել, որ եթե ճաշկերույթի ժամանակ աստվածաշնչյան սկզբունքներին հակասող սովորույթների հետ կապված բաներ լինեն, ապա դու չես մասնակցի դրանց։ Նաև պետք է հաշվի առնես, որ եթե գնաս, արդյոք դա ուրիշների համար գայթակղություն չի՞ լինի (1 Կորնթացիներ 8։9; 10։23, 24

Կամ գուցե գործատերդ քեզ պարգևավճար առաջարկի տոների ժամանակ։ Պետք է մերժե՞ս այն։ Պարտադիր չէ։ Քո որոշումը՝ ընդունել, թե ոչ, թերևս որոշ չափով կախված կլինի այն բանից, թե ինչպես է գործատերդ վերաբերվում պարգևավճարին։ Նա այն համարում է տոնակատարության մի մա՞ս, թե՞ պարզապես գնահատանք արտահայտելու միջոց։ Այս և այլ գործոնների շուրջ մտածելը կօգնի ճիշտ որոշում կայացնել։

Կամ մեկ այլ իրավիճակ. ինչ-որ մեկը քեզ տոների ժամանակ նվեր է տալիս և ասում. «Գիտեմ, որ չես նշում այս տոնը, բայց ուզում եմ սա սրտանց քեզ նվիրել»։ Գուցե այդ մարդը պարզապես ուզում է բարություն դրսևորել քո հանդեպ։ Սակայն մյուս կողմից խորհիր՝ հիմքեր կա՞ն մտածելու, որ նա այդպիսով ուզում է ստուգել, թե որքանով ես հավատարիմ քո սկզբունքներին, կամ փորձում է քեզ ներգրավել այդ տոնակատարության մեջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ ինքդ պետք է որոշես՝ ընդունել նվերը, թե ոչ։ Մենք ուզում ենք բոլոր հարցերում այնպիսի որոշումներ կայացնել, որ ունենանք մաքուր խիղճ և մնանք Եհովային հավատարիմ (Գործեր 23։1

Գլուխ 13, պարբերություն 22

 30 ԳՈՐԾԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Տարաձայնությունները հիմնականում չեն դառնում լուրջ խնդիրներ, երբ դրանք հարթվում են արագ և խաղաղ ճանապարհով (Մատթեոս 5։23–26)։ Բոլոր քրիստոնյաների համար Եհովայի անվանը փառք բերելն ու ժողովի միասնությունը պահպանելը պետք է առաջնային լինի (Հովհաննես 13։34, 35; 1 Կորնթացիներ 13։4, 5

Եթե քրիստոնյաները գործարքային որևէ հարցի հետ կապված տարաձայնություն են ունենում, պետք է փորձեն լուծել այն առանց դատարան դիմելու։ 1 Կորնթացիներ 6։1–8-ում կարդում ենք, թե Պողոսն ինչ խորհուրդ է տվել քրիստոնյաներին միմյանց դատի տալու հետ կապված։ Մեր եղբորը դատարանի առաջ կանգնեցնելը կարող է բացասաբար անդրադառնալ Եհովայի անվան ու ժողովի համբավի վրա։ Մատթեոս 18։15–17-ում նշված են երեք քայլեր, որ քրիստոնյաները պետք է անեն լուրջ մեղադրանքներին, օրինակ՝ զրպարտությանը կամ խարդախությանը առնչվող հարցեր լուծելու համար։ 1) Նրանք պետք է փորձեն իրար մեջ հարթել խնդիրը։ 2) Եթե չի հաջողվում, կարող են խնդրել, որ մեկ կամ երկու հասուն քրիստոնյա օգնեն իրենց։ 3) Դրանից հետո, եթե հարկ լինի, նրանք կարող են դիմել երեցների խորհրդին։ Երբ գործը հասնում է այս փուլին, երեցները Աստվածաշնչի սկզբունքների օգնությամբ կփորձեն ներգրավված բոլոր անձանց օգնել խաղաղ փոխհամաձայնության գալու։ Սակայն եթե որևէ մեկը չի ցանկանում հետևել Աստվածաշնչի չափանիշներին, թերևս հարկ լինի, որ ժողովի երեցները իրավական քայլեր ձեռնարկեն։

Լինում են իրավիճակներ, երբ ըստ օրենքի՝ գուցե դատական պրոցես պահանջվի, օրինակ՝ ամուսնալուծության, երեխայի խնամակալության, ալիմենտի վճարման, ապահովագրական հատուցման, անվճարունակ ճանաչվելու, կտակի և նման այլ հարցերի հետ կապված։ Երբ քրիստոնյան օգտվում է օրենքի տրամադրած այդ միջոցներից՝ միևնույն ժամանակ փորձելով հարցը հնարավորինս խաղաղ ձևով լուծել, դրանով չի ոտնահարում Պողոսի տված խորհուրդը։

Պողոսի տված խորհրդի ոտնահարում չէ նաև այն, երբ քրիստոնյան պետական մարմիններին հայտնում է այնպիսի լուրջ հանցագործությունների մասին, ինչպիսիք են, օրինակ՝ բռնաբարությունը, հարձակումը, խոշոր գողությունը կամ սպանությունը։

Գլուխ 14, պարբերություն 14

 31 ՍԱՏԱՆԱՅԻ ՄՈԼՈՐԵՑՆԵԼՈՒ ԿԵՐՊԵՐԸ

Դեռ մարդկության պատմության սկզբից Սատանան փորձում է մոլորեցնել մարդկանց (Ծննդոց 3։1–6; Հայտնություն 12։9)։ Նա գիտի, որ եթե իրեն հաջողվի աղավաղել մեր մտածելակերպը, ապա կկարողանա մեզ դրդել սխալ բաներ անելու (2 Կորնթացիներ 4։4; Հակոբոս 1։14, 15)։ Իր մտածելակերպը մարդկանց մեջ սերմանելու համար նա օգտագործում է քաղաքականությունը, կրոնը, առևտրի աշխարհը, զվարճությունները, կրթական համակարգը և շատ այլ բաներ (Հովհաննես 14։30; 1 Հովհաննես 5։19

Սատանան գիտի, որ մարդկանց խաբելու համար իրեն քիչ ժամանակ է մնացել։ Ուստի իր ձեռքից եկած ամեն բան անում է, որ մոլորեցնի հնարավորինս շատ մարդկանց։ Նա հատկապես ուզում է մոլորեցնել Եհովայի ծառաներին (Հայտնություն 12։12)։ Եթե զգույշ չլինենք, Սատանան կարող է աստիճանաբար աղավաղել մեր մտածելակերպը (1 Կորնթացիներ 10։12)։ Օրինակ՝ Եհովան ուզում է, որ ամուսնությունը հարատև լինի (Մատթեոս 19։5, 6, 9)։ Բայց այսօր շատ մարդիկ ամուսնությունը համարում են ժամանակավոր միություն, որը հեշտությամբ կարելի է քանդել։ Այս տեսակետը խրախուսվում է նաև շատ ֆիլմերում ու հեռուստահաղորդումներում։ Մենք պետք է զգույշ լինենք և թույլ չտանք, որ ամուսնության վերաբերյալ աշխարհի տեսակետը ազդի մեզ վրա։

Սատանան փորձում է մոլորեցնել մեզ՝ նաև անկախության ոգի տարածելով (2 Տիմոթեոս 3։4)։ Եթե զգույշ չլինենք, կկորցնենք հարգանքը այն մարդկանց իշխանության հանդեպ, ովքեր Եհովայի կողմից են նշանակվել։ Օրինակ՝ եղբայրը գուցե սկսի ընդդիմանալ երեցների տված առաջնորդությանը (Եբրայեցիներ 12։5)։ Կամ քույրը գուցե հարցականի տակ դնի Եհովայի սահմանած գլխավորության սկզբունքը ընտանիքում (1 Կորնթացիներ 11։3

Մենք պետք է վճռենք թույլ չտալ Սատանային, որ ազդի մեր մտածելակերպի վրա։ Ուզում ենք ընդօրինակել Եհովայի մտածելակերպը և մեր «մտքերը կենտրոնացած պահել երկնային բաների վրա» (Կողոսացիներ 3։2; 2 Կորնթացիներ 2։11

Գլուխ 16, պարբերություն 9

 32 ԲՈՒԺՄԵԹՈԴՆԵՐ

Բոլորս էլ ցանկանում ենք առողջ լինել և ստանալ լավագույն բուժումը (Եսայիա 38։21; Մարկոս 5։25, 26; Ղուկաս 10։34)։ Ներկայումս բժիշկները և այլ անհատներ առաջարկում են տարատեսակ բժշկական տեխնոլոգիաներ և բուժմեթոդներ։ Երբ կանգնում ենք որոշման առաջ, թե ինչ բուժում ընդունել, շատ կարևոր է կառչած մնալ Աստվածաշնչի սկզբունքներին։ Պետք է հիշենք, որ միայն Աստծու Թագավորության ներքո կկարողանանք բուժվել լիարժեքորեն և մեկընդմիշտ։ Մենք չենք ցանկանում այն աստիճան կենտրոնանալ մեր առողջության վրա, որ Եհովային երկրպագելը մղվի երկրորդ պլան (Եսայիա 33։24; 1 Տիմոթեոս 4։16

Պետք է զգույշ լինենք և խուսափենք բուժման ցանկացած ձևից, որը հնարավոր է կապ ունենա դիվային ուժերի հետ (2 Օրենք 18։10–12; Եսայիա 1։13)։ Ուստի նախքան որևէ դեղամիջոց կամ բուժմեթոդ ընդունելը պետք է հնարավոր ամեն բան պարզենք դրա մասին. ի՞նչ ծագում ունի, ինչպե՞ս է կատարվում բուժման պրոցեսը և կապ ո՞ւնի արդյոք ոգեհարցության հետ, թե՞ ոչ (Առակներ 14։15)։ Չպետք է մոռանանք, որ Սատանայի ուզածն է, որ խաբվենք ու ներքաշվենք ոգեհարցության մեջ։ Եթե անգամ որոշ չափով կասկած ունենք, որ բուժումը կապված է դիվային ուժերի հետ, ավելի լավ է խուսափել դրանից (1 Պետրոս 5։8

Գլուխ 16, պարբերություն 18

a Որոշ բժիշկներ արյան չորս հիմնական բաղադրիչներն էլ են համարում ֆրակցիաներ՝ մանր բաղադրամասեր։ Ուստի գուցե հարկ լինի ավելի հստակ բացատրել, որ որոշել ես չընդունել ամբողջական արյան և դրա չորս հիմնական բաղադրիչների՝ էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների և պլազմայի փոխներարկում։