Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 2

Մաքուր խիղճ Աստծու առաջ

Մաքուր խիղճ Աստծու առաջ

«Մաքուր խիղճ ունեցեք» (1 ՊԵՏՐՈՍ 3։16)

1, 2. Ինչո՞ւ առաջնորդության կարիք ունես, երբ անծանոթ տեղանքում ես։ Եհովան մեզ ի՞նչ է տվել որպես ուղեցույց։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ քայլում ես լայնարձակ անապատով։ Տեսարանը շարունակ փոփոխվում է, քանի որ ուժեղ քամին ավազը այս ու այն կողմ է քշում։ Շատ հեշտ է մոլորվել նման տեղանքում։ Ինչպե՞ս կողմնորոշվես, թե որ ուղղությամբ գնալ։ Անհրաժեշտ է, որ որևէ մեկը կամ որևէ բան առաջնորդի քեզ։ Դա կարող է լինել կողմնացույց, քարտեզ, գլոբալ տեղորոշման համակարգ (GPS), արևն ու աստղերը կամ որևէ մեկը, ով լավ գիտի անապատը։ Առաջնորդություն ունենալը կարևոր է, քանի որ ճիշտ ճանապարհը գտնելուց կախված է քո կյանքը։

2 Բոլորս էլ կյանքում դժվարություններ ենք կրում և երբեմն գուցե չիմանանք՝ ինչպես վարվել։ Բայց Եհովան մեզնից յուրաքանչյուրին տվել է խիղճ, որ այն ուղղություն ցույց տա մեզ (Հակոբոս 1։17)։ Տեսնենք՝ ինչ է խիղճը, և ինչպես է այն գործում։ Այնուհետև կիմանանք՝ ինչպես կարող ենք մարզել մեր խիղճը, ինչու պիտի հաշվի առնենք ուրիշներինը, և ինչպես է մաքուր խիղճ ունենալը նպաստում մեր բարօրությանը։

ԻՆՉ Է ԽԻՂՃԸ, ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ԳՈՐԾՈՒՄ

 3. Ի՞նչ է խիղճը։

3 Խիղճը հիանալի նվեր է Եհովայից։ Այն մեր ներքին ձայնն է, որ հուշում է, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ «Խիղճ» բառի համար Աստվածաշնչում օգտագործված հունարեն բառը ունի «ինքդ քեզ ճանաչելու» իմաստ։ Երբ մեր խիղճը ճիշտ է գործում, այն օգնում է հասկանալ, թե ով ենք մենք իրականում։ Այն կարող է օգնել, որ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ անգամ մեր ամենախոր մտքերի ու զգացումների հարցում։ Խիղճը կարող է մղել ճիշտն անելու և հետ պահել սխալներից։ Երբ իմաստուն որոշում ենք կայացնում, այն մեր մեջ առաջացնում է գոհունակության զգացում, իսկ երբ սխալվում ենք՝ մեղավորության զգացում (տես Ծանոթագրություն 5

4, 5. ա) Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Ադամն ու Եվան չլսեցին իրենց խղճի ձայնին։ բ) Աստվածաշնչյան ո՞ր օրինակներն են ցույց տալիս, թե ինչպես է գործում խիղճը։

4 Յուրաքանչյուրն ինքն է որոշում լսել իր խղճի ձայնին, թե ոչ։ Ադամն ու Եվան որոշեցին չլսել և մեղք գործեցին։ Դրանից հետո նրանք մեղավորության զգացում ունեցան, բայց շատ ուշ էր, քանի որ նրանք արդեն Աստծու հանդեպ անհնազանդություն էին դրսևորել (Ծննդոց 3։7, 8)։ Թեև երկուսն էլ կատարյալ խիղճ ունեին ու գիտեին, որ սխալ է Աստծուն չհնազանդվելը, այնուամենայնիվ որոշեցին չլսել իրենց խղճի ձայնին։

5 Մյուս կողմից, սակայն, բազմաթիվ անկատար մարդիկ լսել են իրենց խղճի ձայնին։ Հոբը լավ օրինակ է այս հարցում։ Լսելով իր խղճի ձայնին՝ նա ճիշտ որոշումներ էր կայացրել, ուստի կարող էր ասել. «Սիրտս ինձ չի նախատի իմ օրերից և ոչ մեկի համար» (Հոբ 27։6)։ Խոսելով «սրտի» մասին՝ Հոբը նկատի ուներ իր խիղճը՝ ճշտի ու սխալի իր ներքին զգացողությունը։ Իսկ Դավիթը, օրինակ, իր կյանքի որոշ իրավիճակներում չլսեց իր խղճի ձայնին և չհնազանդվեց Եհովային։ Դրանցից հետո նա մեղավորության ուժգին զգացում ունեցավ, նրա սիրտը «հանդիմանում էր» իրեն (1 Սամուել 24։5)։ Դավթի խիղճը հուշում էր նրան, որ այն, ինչ նա արել էր, սխալ էր։ Իր խղճի ձայնին լսելով՝ հետագայում նա կխուսափեր այդ նույն սխալը կրկնելուց։

 6. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ խիղճը մի նվեր է, որ Աստված տվել է բոլոր մարդկանց։

6 Նույնիսկ Եհովային չճանաչող մարդիկ սովորաբար գիտակցում են, որ որոշ բաներ ճիշտ են, իսկ որոշ բաներ՝ սխալ։ Աստվածաշնչում գրված է. «Իրենց իսկ մտքերում նրանք կա՛մ մեղադրվում են, կա՛մ արդարանում» (Հռոմեացիներ 2։14, 15)։ Օրինակ՝ մարդկանց մեծամասնությունը գիտի, որ սխալ է սպանել կամ գողանալ։ Թեև նրանք գուցե չգիտակցեն, բայց իրականում իրենց խղճի ձայնն է հուշում դա՝ ճշտի ու սխալի ներքին զգացողությունը, որ Եհովան դրել է իրենց մեջ։ Լսելով իրենց խղճի ձայնին՝ նրանք, ըստ էության, հետևում են Աստծու սկզբունքներին, կամ՝ հիմնարար ճշմարտություններին, որ նա տվել է մարդկանց, որ կարողանան կյանքում ճիշտ որոշումներ կայացնել։

 7. Ինչո՞ւ մեր խիղճը երբեմն կարող է սխալվել։

7 Այնուամենայնիվ, մեր խիղճը երբեմն կարող է սխալ բան հուշել։ Մեր անկատար մտքերն ու զգացումները կարող են վնասել մեր խիղճը, և այն գուցե սկսի սխալ ուղղություն ցույց տալ։ Խիղճը ճիշտ կգործի, թե ոչ, կախված է մեզանից (Ծննդոց 39։1, 2, 7–12)։ Մենք պետք է մարզենք այն։ Մեզ օգնելու նպատակով Եհովան տալիս է իր սուրբ ոգին և աստվածաշնչյան սկզբունքներ (Հռոմեացիներ 9։1)։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք մարզել մեր խիղճը։

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԱՐԶԵԼ ՄԵՐ ԽԻՂՃԸ

 8. ա) Մեր զգացումները ինչպե՞ս կարող են ազդել մեր խղճի վրա։ բ) Որոշում կայացնելուց առաջ ի՞նչ պետք է հարցնենք ինքներս մեզ։

8 Ոմանք կարծում են՝ լսել խղճի ձայնին նշանակում է անել այն, ինչ զգում են, որ ճիշտ է։ Նրանք կարծում են, որ կարող են անել, ինչ ուզում են, քանի դեռ ոչ մի վատ բան չեն տեսնում դրա մեջ։ Քանի որ մենք անկատար ենք, մեր զգացումները կարող են սխալ բան հուշել մեզ։ Մեր զգացումները գուցե այնքան ուժգին լինեն, որ ազդեն մեր խղճի վրա։ Աստվածաշնչում գրված է. «Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի։ Ո՞վ կարող է հասկանալ նրան» (Երեմիա 17։9)։ Ուստի հնարավոր է՝ մտածենք, թե մի բան ճիշտ է, այնինչ իրականում դա սխալ է։ Օրինակ՝ Պողոսը նախքան քրիստոնյա դառնալը դաժանորեն հալածում էր Աստծու ժողովրդին և կարծում էր, որ ճիշտ է անում։ Իր տեսանկյունից նա մաքուր խիղճ ուներ։ Բայց ավելի ուշ նա ասաց. «Եհովան է ինձ դատողը» (1 Կորնթացիներ 4։4; Գործեր 23։1; 2 Տիմոթեոս 1։3)։ Երբ Պողոսն իմացավ, թե ինչ է Եհովան մտածում իր արարքների մասին, հասկացավ, որ պետք է փոփոխություններ անի։ Հստակ է, որ ինչ-որ բան անելուց առաջ պետք է ինքներս մեզ հարցնենք. «Եհովան ցանկանում է, որ ինչպե՞ս վարվեմ»։

 9. Ի՞նչ է նշանակում վախենալ Աստծուց։

9 Երբ սիրում ես որևէ մեկին, չես ցանկանում նրան տհաճեցնել։ Մենք սիրում ենք Եհովային, ուստի չենք ցանկանում անել մի բան, ինչը կտխրեցնի նրան։ Աստծուն տհաճեցնելու վախը պետք է շատ ուժգին լինի։ Նեեմիան լավ օրինակ է այս հարցում։ Նա չօգտագործեց կառավարչի իր դիրքը հարստանալու նպատակով։ Ինչո՞ւ։ Նա բացատրում է, որ այդպես վարվեց, «քանի որ վախ ուներ Աստծու հանդեպ» (Նեեմիա 5։15)։ Նեեմիան չէր ուզում անել մի բան, ինչը կտխրեցներ Եհովային։ Նեեմիայի պես՝ մենք էլ ենք վախենում, որ հանկարծ չանենք Եհովային տհաճ որևէ բան։ Աստվածաշունչը կարդալով՝ կիմանանք, թե ինչն է ուրախացնում Եհովային, և ինչն է տխրեցնում (տես Ծանոթագրություն 6

10, 11. Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կարող են օգնել մեզ ճիշտ որոշումներ կայացնել ալկոհոլի հետ կապված։

10 Օրինակ՝ գուցե հարկ լինի, որ քրիստոնյան որոշի՝ օգտագործե՞լ ալկոհոլ, թե՞ ոչ։ Ո՞ր սկզբունքները կօգնեն նրան ճիշտ որոշում կայացնել։ Ահա մի քանիսը։ Աստվածաշունչը չի դատապարտում ալկոհոլ օգտագործելը։ Ավելին, այնտեղ գրված է, որ գինին պարգև է Աստծուց (Սաղմոս 104։14, 15)։ Այնուամենայնիվ, Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց, որ զգուշանան հարբեցողությունից (Ղուկաս 21։34)։ Պողոսը նույնպես հորդորեց քրիստոնյաներին խուսափել «խրախճանքներից և հարբեցողություններից» (Հռոմեացիներ 13։13)։ Նա ասաց, որ հարբեցողները «Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6։9, 10

11 Քրիստոնյան կարող է ինքն իրեն հարցնել. «Որքանո՞վ է ալկոհոլը կարևոր ինձ համար։ Արդյոք դրա կարիքն ունե՞մ լիցքաթափվելու համար։ Այն օգտագործո՞ւմ եմ, որ ավելի համարձակ զգամ։ Կարողանո՞ւմ եմ վերահսկել, թե ինչ քանակությամբ և որքան հաճախ եմ խմում։ a Կարողանո՞ւմ եմ ընկերներիս հետ լավ ժամանակ անցկացնել առանց ալկոհոլի»։ Կարող ենք Եհովային խնդրել, որ օգնի իմաստուն որոշումներ կայացնել (կարդա Սաղմոս 139։23, 24 Խորհրդածելով աստվածաշնչյան սկզբունքների շուրջ և անկեղծ ինքնաքննություն անելով՝ կմարզենք մեր խիղճը։ Այդ դեպքում այն կառաջնորդվի աստվածաշնչյան սկզբունքներով։ Բայց ինչպես դեռ կտեսնենք, ավելին է հարկավոր հաշվի առնել։

ԻՆՉՈՒ ԵՆՔ ՀԱՇՎԻ ԱՌՆՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԽԻՂՃԸ

12, 13. Ինչո՞ւ մեր խիղճը կարող է տարբերվել ուրիշների խղճից։ Ինչպե՞ս կարող ենք վարվել նման դեպքերում։

12 Ամեն մարդ ունի իր խիղճը, որը տարբերվում է մյուսների խղճից։ Քո խիղճը կարող է թույլ տալ անելու մի բան, ինչը մեկ ուրիշի խիղճը թույլ չի տալիս։ Օրինակ՝ դու գուցե որոշում ես խմել ալկոհոլ, բայց մեկ ուրիշը կարծում է, որ չպետք է խմի։ Այս հարցի վերաբերյալ մարդիկ ինչո՞ւ գուցե տարբեր տեսակետներ ունենան։

Մարզված խիղճը կարող է օգնել քեզ կողմնորոշվելու՝ ալկոհոլ օգտագործե՞լ, թե՞ ոչ

13 Որևէ հարցի հետ կապված անհատի տեսակետի վրա ազդում են որոշ գործոններ. նրա կյանքի փորձը, որտեղ է նա մեծացել, ինչպես է այդ հարցին վերաբերվել նրա ընտանիքը և այլն։ Ինչ վերաբերում է ալկոհոլին, նա, ով անցյալում դժվարացել է վերահսկել, թե ինչքան խմիչք է օգտագործում, հնարավոր է՝ որոշի ընդհանրապես հրաժարվել դրանից (1 Թագավորներ 8։38, 39)։ Ուստի ինչպե՞ս կարձագանքես, եթե ինչ-որ մեկին ալկոհոլ առաջարկես, ու նա հրաժարվի։ Քեզ վիրավորված կզգա՞ս։ Համառորեն կպնդե՞ս, որ նա խմի։ Կպահանջե՞ս, որ բացատրի, թե ինչու է հրաժարվում։ Ո՛չ, որովհետև հարգում ես նրա խիղճը։

14, 15. Ի՞նչ իրավիճակ էր ստեղծվել Պողոսի օրերում։ Ի՞նչ լավ խորհուրդ տվեց Պողոսը։

14 Պողոս առաքյալի օրերում մի իրավիճակ էր ստեղծվել, որը ցույց է տալիս, որ մարդկանց խիղճը կարող է տարբեր կերպերով արձագանքել։ Շուկաներում միս էր վաճառվում, որի մի մասը օգտագործվել էր կեղծ երկրպագության մեջ և զոհաբերվել էր կուռքերին (1 Կորնթացիներ 10։25)։ Պողոսը այդ միսը գնելը և ուտելը սխալ չէր համարում։ Նա տրամաբանում էր, որ ամեն տեսակ սնունդ Եհովան է տվել։ Բայց որոշ եղբայրներ, ովքեր նախկինում կուռքերի էին երկրպագել, այլ տեսակետ ունեին։ Նրանք կարծում էին, որ սխալ է ուտել այդ միսը։ Արդյոք Պողոսը մտածո՞ւմ էր. «Իմ խիղճը չի տանջում։ Ես իրավունք ունեմ ուտելու այն, ինչ ուզում եմ»։

15 Ո՛չ, նա այդպես չէր մտածում։ Եղբայրների ու քույրերի զգացումները այնքան կարևոր էին նրա համար, որ նա պատրաստ էր զիջումների գնալ իր իրավունքների հարցում։ Պողոսն ասաց, որ «չպետք է հաճեցնենք ինքներս մեզ»։ Նա նաև ավելացրեց. «Նույնիսկ Քրիստոսը ինքն իրեն չհաճեցրեց» (Հռոմեացիներ 15։1, 3)։ Հիսուսի նման՝ Պողոսը ավելի շատ ուրիշների մասին էր մտածում (կարդա 1 Կորնթացիներ 8։13; 10։23, 24, 31–33

16. Ինչո՞ւ չպետք է դատենք մեր եղբայրներին այն արարքների համար, որ իրենց խիղճը թույլ է տալիս անել։

16 Իսկ ինչպե՞ս վարվենք այն դեպքերում, երբ ուրիշի խիղճը թույլ է տալիս անելու մի բան, ինչը մեր տեսանկյունից սխալ է։ Պետք է զգույշ լինենք, որ չքննադատենք նրան և չպնդենք, որ մենք ճիշտ ենք, իսկ նա՝ սխալ (կարդա Հռոմեացիներ 14։10 Եհովան մեզ խիղճ է տվել, որ այն մեզ դատի, ոչ թե ուրիշներին (Մատթեոս 7։1)։ Երբեք չենք ցանկանա, որ մեր նախասիրությունների պատճառով ժողովում բաժանումներ առաջանան։ Ընդհակառակը՝ մենք ամեն բան կանենք, որ սեր ու միասնություն տիրի (Հռոմեացիներ 14։19

ՄԱՔՈՒՐ ԽԻՂՃ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ

17. Ի՞նչ կարող է պատահել որոշ մարդկանց խղճին։

17 Պետրոս առաքյալը գրել է. «Մաքուր խիղճ ունեցեք» (1 Պետրոս 3։16)։ Ցավոք, երբ մարդիկ շարունակ անտեսում են Եհովայի սահմանած սկզբունքները, վերջիվերջո նրանց խիղճը այլևս «ձայն չի հանում»։ Պողոսը նշել է, որ այդպիսի խիղճը «դաղված է, ինչպես շիկացած երկաթով» (1 Տիմոթեոս 4։2)։ Երբ մարդը խոր այրվածք է ստանում, մաշկը սպիանալով այնքան է կոշտանում, որ այդ հատվածը անզգայանում է։ Նմանապես, երբ մարդը շարունակ վատ բաներ է անում, նրա խիղճը կարծես «դաղվում» է և ժամանակի ընթացքում այլևս չի գործում։

Մաքուր խիղճը կարող է առաջնորդել մեզ կյանքում, պարգևել ուրախություն և ներքին խաղաղություն

18, 19. ա) Մեղավորության կամ ամոթի զգացումը ինչո՞վ է օգտակար։ բ) Ի՞նչ կարող ենք անել, եթե մեր մեղքերի համար զղջալուց հետո էլ դեռ մեղավոր ենք զգում։

18 Երբ մեղավորության զգացում ենք ունենում, թերևս դա մեր խիղճն է հուշում, որ ինչ-որ բան սխալ ենք արել։ Դրա շնորհիվ կարողանում ենք հասկանալ, թե ինչն ենք սխալ արել, ու այլևս այդպես չվարվել։ Մենք ցանկանում ենք դասեր քաղել մեր սխալներից և այլևս չկրկնել դրանք։ Օրինակ, երբ Դավիթ թագավորը մեղք գործեց, նրա խիղճը մղեց նրան զղջալու։ Նա սկսեց ատել այն սխալ բաները, որ արել էր, ու որոշեց այդուհետ հնազանդվել Եհովային։ Դավիթն իր փորձից կարող էր ասել, որ Եհովան «բարի է ու ներելու պատրաստ» (Սաղմոս 51։1–19; 86։5; տես Ծանոթագրություն 7

19 Բայց նույնիսկ զղջալուց երկար ժամանակ հետո էլ անհատը գուցե դեռ մեղավորության զգացում ունենա։ Մեղավորության զգացումը կարող է շատ ցավ պատճառել և անարժեքության զգացում առաջացնել։ Եթե ժամանակ առ ժամանակ այդպիսի զգացումներ ես ունենում, հիշիր, որ չես կարող փոխել անցյալը։ Անկախ նրանից՝ այն ժամանակ գիտակցել ես, որ արածդ սխալ է, թե ոչ, Եհովան լիովին ներել է քեզ և ջնջել է այդ մեղքերը։ Դու մաքուր ես Եհովայի առաջ, և կարևորն այն է, որ հիմա ճիշտն ես անում։ Քո սիրտը գուցե դեռ դատապարտում է քեզ, բայց Աստվածաշունչն ասում է. «Աստված մեր սրտերից ավելի մեծ է» (կարդա 1 Հովհաննես 3։19, 20 Սա նշանակում է, որ նրա սերն ու ներողամտությունը կարող են օգնել մեզ հաղթահարել մեղավորության կամ ամոթի զգացումը, որքան էլ ուժգին լինի այն։ Կարող ես համոզված լինել, որ Եհովան ներել է քեզ։ Եթե անհատը հասկանա և սրտանց ընդունի, որ Եհովան ներել է իրեն, նրա խիղճը կխաղաղվի, ու նա կկարողանա ուրախությամբ ծառայել Աստծուն (1 Կորնթացիներ 6։11; Եբրայեցիներ 10։22

20, 21. ա) Ո՞րն է այս հրատարակության նպատակը։ բ) Եհովան մեզ ի՞նչ ազատություն է տվել։ Ինչպե՞ս պետք է այն օգտագործենք։

20 Այս հրատարակության նպատակն է օգնել քեզ մարզելու խիղճդ, որ այն նախազգուշացնի ու պաշտպանի քեզ այս վերջին օրերի դժվար ժամանակներում։ Այն նաև կօգնի քեզ, որ հասկանաս, թե ինչպես կիրառել աստվածաշնչյան սկզբունքները կյանքի տարբեր իրավիճակներում։ Իհարկե այս հրատարակության մեջ չեն թվարկվում օրենքներ յուրաքանչյուր իրավիճակի համար։ Մենք «Քրիստոսի օրենքով» ենք ապրում, որը հիմնված է Աստծու սահմանած սկզբունքների վրա և մեզ ընտրության մեծ ազատություն է տալիս (Գաղատացիներ 6։2)։ Երբ որևէ իրավիճակի հետ կապված կոնկրետ օրենք չկա, մենք դա չենք օգտագործի որպես պատրվակ, որ սխալ բան անենք (2 Կորնթացիներ 4։1, 2; Եբրայեցիներ 4։13; 1 Պետրոս 2։16)։ Ընդհակառակը՝ մեր ազատությունը կօգտագործենք Եհովայի նկատմամբ մեր սերը ցույց տալու համար։

21 Երբ խորհրդածում ենք աստվածաշնչյան սկզբունքների շուրջ ու կիրառում ենք դրանք, սովորում ենք գործի դնել մեր ըմբռնողականությունը և մտածել Եհովայի պես (Եբրայեցիներ 5։14)։ Արդյունքում ունենում ենք մարզված խիղճ, որը կառաջնորդի մեզ կյանքում և կօգնի մնալու Աստծու սիրո մեջ։

a Բժիշկներն ասում են, որ հատկապես հարբեցողների համար շատ դժվար է վերահսկել, թե որքան են խմում։ Բժիշկները նրանց խորհուրդ են տալիս առհասարակ հրաժարվել ալկոհոլից։