ԳԼՈՒԽ 15
Ուրախություն ստացիր քո աշխատանքից
«Ամեն մարդ պետք է.... [ուրախություն ստանա] իր ողջ աշխատանքից» (ԺՈՂՈՎՈՂ 3։13)
1–3. ա) Շատերը ինչպե՞ս են վերաբերվում իրենց աշխատանքին։ բ) Ի՞նչ հարցեր կքննարկենք այս գլխում։
ԱՄԲՈՂՋ աշխարհում մարդիկ ծանր աշխատում են, որ հոգան իրենց կամ իրենց ընտանիքի կարիքները։ Շատերը չեն սիրում իրենց գործը, իսկ ոմանց համար ամեն օր աշխատանքի գնալու միտքն անգամ անտանելի է։ Եթե դու էլ այդպիսի զգացումներ ունես, ի՞նչ կարող ես անել, որ ուրախություն ստանաս քո աշխատանքից։
2 Աստվածաշնչում գրված է. «Ամեն մարդ պետք է ուտի, խմի և բարիք տեսնի [«ուրախություն ստանա», «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.] իր ողջ աշխատանքից։ Դա Աստծու պարգևն է» (Ժողովող 3։13)։ Եհովան մեզ ստեղծել է աշխատելու ցանկությամբ և կարիքով։ Նա ուզում է, որ ուրախություն ստանանք մեր աշխատանքից (կարդա Ժողովող 2։24; 5։18)։
3 Ի՞նչը կօգնի, որ հաճույք ստանանք մեր գործից։ Ի՞նչ բնույթի աշխատանքները ընդունելի չեն քրիստոնյայի համար։ Ինչպե՞ս կարող ենք համատեղել աշխատանքը և Եհովային մատուցվող երկրպագությունը։ Եվ ո՞րն է ամենակարևոր գործը, որ կարող ենք անել։
ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ
4, 5. Եհովան ինչպե՞ս է վերաբերվում աշխատանքին։
4 Եհովան սիրում է աշխատել։ Ծննդոց 1։1-ում ասվում է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։ Երկիրն ու դրա վրայի մյուս բաները ստեղծելուց հետո նա ասաց, որ «այդ ամենը շատ լավ է» (Ծննդոց 1։31)։ Մեր Ստեղծիչը գոհունակության մեծ զգացումով լցվեց՝ նայելով իր ողջ ստեղծագործությանը (1 Տիմոթեոս 1։11)։
5 Եհովան երբեք չի դադարել աշխատելուց։ Հիսուսն ասել է. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է» (Հովհաննես 5։17)։ Թեև չգիտենք Եհովայի արած բոլոր հիանալի գործերի մասին, բայց որոշ բաներ մեզ հայտնի են։ Օրինակ՝ Եհովան դարեր շարունակ ընտրում է նրանց, ովքեր թագավորելու են երկնքում իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ (2 Կորնթացիներ 5։17)։ Նա նաև հոգ է տանում մարդկանց մասին և ակտիվորեն առաջնորդում է համաշխարհային քարոզչական գործը։ Արդյունքում միլիոնավոր մարդիկ սկսում են ճանաչել Եհովային և երկրի վրա հավիտյան ապրելու հույս են ձեռք բերում (Հովհաննես 6։44; Հռոմեացիներ 6։23)։
6, 7. Ինչպե՞ս է Հիսուսը վերաբերվում աշխատանքին։
6 Իր Հոր նման՝ Հիսուսը նույնպես սիրում է աշխատել։ Նախքան երկիր գալը նա Աստծու մոտ «հմուտ վարպետ» էր և մասնակցել է երկնքում ու երկրի վրա եղող ամեն ինչի ստեղծմանը (Առակներ 8։22–31; Կողոսացիներ 1։15–17)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը շարունակեց ջանասիրաբար աշխատել։ Պատանեկան տարիքից նա սովորել էր ատաղձագործություն ու վարպետացել այդ գործում։ Նա, ըստ ամենայնի, պատրաստել է տարատեսակ կահույք և մասնակցել տների շինարարության։ Նա այնքան հմուտ էր իր գործում, որ նրան ճանաչում էին որպես «ատաղձագործի» (Մարկոս 6։3)։
7 Սակայն երկրի վրա Հիսուսի ամենակարևոր գործը բարի լուրը քարոզելն ու մարդկանց Եհովայի մասին սովորեցնելն էր։ Իր ծառայությունը կատարելու համար նա ընդամենը երեքուկես տարի ուներ, ուստի ժրաջանորեն էր զբաղվում այդ գործով՝ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր (Ղուկաս 21։37, 38; Հովհաննես 3։2)։ Հիսուսը փոշոտ ճանապարհներով հարյուրավոր կիլոմետրեր էր անցնում, որ հնարավորինս շատ մարդկանց քարոզեր բարի լուրը (Ղուկաս 8։1)։
8, 9. Ինչո՞ւ էր Հիսուսը ուրախություն ստանում իր կատարած գործից։
8 Աստծու հանձնարարած գործը կատարելը Հիսուսի համար կերակուրի պես էր։ Այդ աշխատանքը իրեն ուժ ու կորով էր տալիս։ Օրեր էին լինում, որ ծանրաբեռնվածության պատճառով նա նույնիսկ ուտելու ժամանակ չէր ունենում (Հովհաննես 4։31–38)։ Հիսուսը ամեն առիթ օգտագործում էր, որ օգներ ուրիշներին սովորել իր Հոր մասին, ու այդպես փառք էր բերում նրան։ Ուստի կարող էր ասել. «Ես փառավորեցի քեզ երկրի վրա՝ ավարտելով այն գործը, որ տվել էիր ինձ անելու» (Հովհաննես 17։4)։
9 Հստակ է, որ թե՛ Եհովան, թե՛ Հիսուսը ջանասիրաբար են աշխատում և ուրախություն ու բավականություն են ստանում իրենց աշխատանքից։ Մենք ուզում ենք «ընդօրինակել Աստծուն» և «սերտորեն [Հիսուսի] հետքերին հետևել» (Եփեսացիներ 5։1; 1 Պետրոս 2։21)։ Դա է պատճառը, որ փորձում ենք ջանասեր լինել և ամեն գործում մեր հնարավորության սահմաններում լավագույնն անել։
ՃԻՇՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՆԴԵՊ
10, 11. Ի՞նչը կօգնի, որ դրական տրամադրվածություն ունենանք մեր աշխատանքի հանդեպ։
10 Որպես Եհովայի ծառաներ՝ մենք շատ ջանքեր ենք թափում, որ հոգ տանենք մեզ ու մեր ընտանիքին։ Մենք ցանկանում ենք ուրախություն ստանալ մեր աշխատանքից, բայց դա կարող է դժվար լինել։ Ուստի ի՞նչ անենք այդ դեպքում։
11 Դրական տրամադրվածություն պահպանիր։ Գուցե չկարողանանք փոխել այն, թե որտեղ և որքան ենք աշխատում, սակայն կարող ենք փոխել մեր տրամադրվածությունը։ Այդպես վարվելն ավելի հեշտ կլինի, եթե հասկանանք, թե Եհովան ինչ է ակնկալում մեզանից։ Օրինակ՝ Եհովան ընտանիքի գլխից ակնկալում է, որ իր կարողության սահմաններում լավագույնն անի ընտանիքի կարիքները բավարարելու համար։ Աստվածաշնչում գրված է, որ նա, ով հոգ չի տանում իր ընտանիքին, «անհավատից էլ վատն է» (1 Տիմոթեոս 5։8)։ Եթե ընտանիքի գլուխ ես, ապա թերևս տքնաջան աշխատում ես ընտանիքիդ կարիքները հոգալու համար։ Անկախ նրանից՝ սիրում ես աշխատանքդ, թե ոչ, դու գիտես, որ քո պարտականությունը կատարելով՝ ուրախացնում ես Եհովային։
12. Ի՞նչ օգուտներ է բերում ժրաջան և ազնիվ լինելը։
12 Եղիր ժրաջան և ազնիվ։ Դա կնպաստի, որ բավականություն ստանաս քո գործից (Առակներ 12։24; 22։29)։ Նախ՝ գործատերդ կկարողանա վստահել քեզ։ Ազնիվ աշխատողները բարձր են գնահատվում, քանի որ չեն գողանում գործատիրոջ փողը, ապրանքը կամ ժամանակը (Եփեսացիներ 4։28)։ Բայց որ ավելի կարևոր է, մեր աշխատասիրությունն ու ազնվությունը չի վրիպում Եհովայի աչքից։ Դու կարող ես «մաքուր խիղճ» ունենալ, քանի որ հաճեցնում ես Աստծուն, ում սիրում ես (Եբրայեցիներ 13։18; Կողոսացիներ 3։22–24)։
13. Ուրիշ ի՞նչ արդյունքներ կարող է բերել մեր լավ վարքը։
13 Հիշիր, որ քո վարքով կարող ես փառք բերել Եհովային։ Սա աշխատանքից ուրախություն ստանալու մեկ այլ պատճառ է (Տիտոս 2։9, 10)։ Նույնիսկ հնարավոր է՝ լավ օրինակիդ շնորհիվ քո աշխատակիցներից որևէ մեկը ցանկանա ուսումնասիրել Աստվածաշունչը (կարդա Առակներ 27։11; 1 Պետրոս 2։12)։
ԻՆՉ ԱՇԽԱՏԱՆՔ ԸՆՏՐԵԼ
14–16. Ինչե՞ր պետք է հաշվի առնենք աշխատանք ընտրելիս։
14 Աստվածաշունչը քրիստոնյայի համար ընդունելի կամ անընդունելի աշխատանքների ցուցակ չի տալիս։ Բայց այն պարունակում է սկզբունքներ, որոնք կարող են օգնել մեզ աշխատանքի հարցում ճիշտ ընտրություն անել (Առակներ 2։6)։ Կարող ենք խորհրդածել աստվածաշնչյան սկզբունքների շուրջ՝ ինքներս մեզ տալով այսպիսի հարցեր։
15 Այս աշխատանքը կատարելիս ինձանից չի՞ պահանջվի անել մի բան, ինչը սխալ է Եհովայի տեսանկյունից։ Մենք արդեն գիտենք, թե Եհովան որ արարքներն է ատում, ինչպես, օրինակ, գողությունը, ստախոսությունը (Ելք 20։4; Գործեր 15։29; Եփեսացիներ 4։28; Հայտնություն 21։8)։ Ուստի պետք է խուսափենք ցանկացած գործից, ինչն անելով՝ կխախտենք Եհովայի չափանիշները (կարդա 1 Հովհաննես 5։3)։
16 Այս աշխատանքը կատարելով՝ չե՞մ աջակցի կամ նպաստի մի գործունեության, որը Եհովան դատապարտում է։ Օրինակ՝ ի՞նչ կանես, եթե առաջարկ ստանաս աշխատելու որպես վաճառող կամ խորհրդատու ծխախոտի տաղավարում։ Վաճառող լինելու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց դու գիտես, թե Եհովան ինչ տեսակետ ունի ծխելու վերաբերյալ։ Ուստի թեև անձամբ չես ծխում, համաձայն չե՞ս, որ կատարելով այդ աշխատանքը՝ ուրիշներին կքաջալերես «պղծել» իրենց մարմինը (2 Կորնթացիներ 7։1)։
17. Ի՞նչը կարող է օգնել, որ Եհովային հաճելի որոշումներ կայացնենք։
17 Եթե կիրառենք աստվածաշնչյան սկզբունքները, ապա կլինենք այնպիսի մարդիկ, «ովքեր իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։ Ինքդ քեզ հարցրու. «Եթե ընդունեմ աշխատանքի այս առաջարկը, ուրիշները չե՞ն գայթակղվի։ Այս աշխատանքի պատճառով ստիպված չե՞մ լինի մեկնել արտերկիր և հեռու լինել իմ կողակցից ու երեխաներից։ Ինչպե՞ս դա կանդրադառնա նրանց վրա»։
ՀԱՎԱՍՏԻԱՑԻՐ, «ԹԵ ԻՆՉՆ Է ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ»
18. Երկրպագությունը կյանքում առաջին տեղում դնելն ինչո՞ւ գուցե դժվար լինի։
18 Այս «չափազանց դժվար ժամանակներում» Եհովային մատուցվող մեր երկրպագությունը առաջին տեղում դնելը գուցե դժվար լինի (2 Տիմոթեոս 3։1)։ Աշխատանք գտնելն ու չկորցնելը կարող է իսկական փորձություն լինել։ Ճիշտ է, մենք պարտավոր ենք հոգ տանել մեր ընտանիքի մասին, բայց նաև գիտենք, որ մեր երկրպագությունը առաջնային է։ Մենք չպետք է թույլ տանք, որ նյութական բաները չափազանց կարևոր դառնան մեր կյանքում (1 Տիմոթեոս 6։9, 10)։ Ուստի ինչպե՞ս կարող ենք «հավաստիանալ, թե ինչն է ավելի կարևոր», և միևնույն ժամանակ հոգ տանել մեր ընտանիքի մասին (Փիլիպպեցիներ 1։10)։
19. Եհովային ապավինելը ինչպե՞ս է օգնում հավասարակշռված լինել աշխատանքի հարցում։
19 Լիովին ապավինիր Եհովային (կարդա Առակներ 3։5, 6)։ Եհովան գիտի, թե կոնկրետ ինչի կարիք ունենք և խորապես հետաքրքրված է մեր բարօրությամբ (Սաղմոս 37։25; 1 Պետրոս 5։7)։ Նրա Խոսքում մեզ հորդոր է տրվում. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով, քանի որ [Աստված] ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»» (Եբրայեցիներ 13։5)։ Եհովան չի ուզում, որ շարունակ անհանգստանանք, թե ինչպես ենք հոգալու մեր ընտանիքի կարիքները։ Նա բազմիցս ցույց է տվել, որ կարող է հոգ տանել իր ժողովրդի մասին (Մատթեոս 6։25–32)։ Անկախ նրանից՝ ինչպիսին են մեր աշխատանքը ու մեր հանգամանքները, մենք կանոնավոր ուսումնասիրում ենք Աստծու Խոսքը, քարոզում ենք բարի լուրը և մասնակցում ենք մեր քրիստոնեական հանդիպումներին (Մատթեոս 24։14; Եբրայեցիներ 10։24, 25)։
20. Ինչպե՞ս կարող ենք պարզ ապրելակերպ ունենալ։
20 Աչքդ պարզ պահիր (կարդա Մատթեոս 6։22, 23)։ Սա նշանակում է պարզ ապրելակերպ ունենալ, որ կարողանանք կենտրոնանալ Եհովային ծառայելու վրա։ Մենք գիտենք, որ անմտություն կլինի թույլ տալ, որ փողը, հարմարավետ կյանքը կամ տեխնիկայի վերջին միջոցները ավելի կարևոր դառնան մեզ համար, քան Աստծու հետ ընկերությունը։ Ուստի ի՞նչը կօգնի ճիշտ առաջնահերթություններ դնել։ Պետք է ամեն ինչ անենք, որ պարտքեր չվերցնենք։ Իսկ եթե արդեն պարտք ունենք, ապա պետք է իրատեսական պլան մշակենք, որ նվազեցնենք կամ ամբողջովին մարենք այն։ Եթե ուշադիր չլինենք, նյութական բաները կարող են մեզանից շատ ժամանակ և ուժ խլել, և գուցե ժամանակ չմնա աղոթելու, ուսումնասիրություն անելու կամ քարոզելու համար։ Փոխանակ թույլ տալու, որ նյութական բաները բարդացնեն մեր կյանքը, մենք ուզում ենք սովորել բավարարվել անհրաժեշտ բաներով, ինչպիսիք են «հագուստը և ծածկը» (1 Տիմոթեոս 6։8)։ Եվ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում ենք, լավ կլինի ժամանակ առ ժամանակ քննենք, թե ինչպես կարող ենք մեր հնարավորության սահմաններում լիարժեքորեն ծառայել Եհովային։
21. Ինչո՞ւ պետք է ճիշտ առաջնահերթություններ դնենք։
21 Ճիշտ առաջնահերթություններ ունեցիր։ Պետք է իմաստնորեն օգտագործենք մեր ժամանակը, ուժերը և նյութական միջոցները։ Եթե զգույշ չլինենք, ապա պակաս կարևոր բաները, ինչպիսիք են կրթությունը կամ փողը, կխլեն մեր թանկարժեք ժամանակը։ Հիսուսն ասել է. «Շարունակեք նախ թագավորությունը.... փնտրել» (Մատթեոս 6։33)։ Մեր կատարած ընտրությունները, սովորությունները, առօրյան և նպատակները հստակ ցույց են տալիս, թե ինչն է առաջնային տեղ զբաղեցնում մեր սրտում։
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸ
22, 23. ա) Ո՞րն է քրիստոնյաների ամենակարևոր գործը։ բ) Ի՞նչը կօգնի, որ ուրախություն ստանանք մեր աշխատանքից։
22 Ամենակարևոր գործը, որ կարող ենք անել, Եհովային ծառայելն է և բարի լուրը քարոզելը (Մատթեոս 24։14; 28։19, 20)։ Հիսուսի նման մենք ուզում ենք լավագույնն անել այս գործում։ Ոմանք տեղափոխվել են ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Ուրիշները օտար լեզու են սովորում, որ կարողանան քարոզել այդ լեզվով խոսող մարդկանց։ Խոսիր այն մարդկանց հետ, ովքեր այդպիսի որոշումներ են կայացրել, և հարցեր տուր նրանց ծառայության մասին։ Նրանք կպատմեն քեզ, թե իրենց կյանքը որքան ավելի երջանիկ ու իմաստալից է դարձել (կարդա Առակներ 10։22)։
23 Այսօր մեզանից շատերը ստիպված են երկար աշխատել կամ նույնիսկ մի քանի աշխատանք անել, որ կարողանան բավարարել իրենց ընտանիքի ամենաանհրաժեշտ կարիքները։ Եհովան գիտի այդ մասին և գնահատում է մեր թափած բոլոր ջանքերը։ Ուստի անկախ նրանից, թե ինչ աշխատանք ենք անում, եկեք շարունակենք ջանասիրաբար աշխատել՝ ընդօրինակելով Եհովային և Հիսուսին։ Եվ միշտ հիշենք, որ մեր ամենակարևոր գործը Եհովային ծառայելն ու Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելն է։ Այդպես վարվելով՝ իսկապես ուրախ կլինենք։