ԴԱՍ 51
Զորագլուխը և փոքրիկ աղջիկը
Ասորիքում՝ իր տնից շատ հեռու, ապրում էր իսրայելացի մի փոքրիկ աղջիկ։ Ասորիների զորքը խլել էր նրան իր ընտանիքից, և նա դարձել էր Նեեման անունով մի զորագլխի կնոջ ծառան։ Փոքրիկ աղջիկը երկրպագում էր Եհովային, թեև նրա շուրջը ապրող մարդիկ չէին երկրպագում նրան։
Նեեմանը մաշկի սարսափելի հիվանդություն ուներ, և նրա մարմինը անընդհատ ցավում էր։ Փոքրիկ աղջիկը սրտանց ցանկանում էր օգնել նրան։ Մի օր նա Նեեմանի կնոջն ասաց. «Ես գիտեմ մի մարդու, ով կարող է օգնել քո ամուսնուն։ Իսրայելում Եղիսե անունով մի մարգարե կա։ Նա կարող է բուժել ամուսնուդ»։
Նեեմանի կինը պատմեց ամուսնուն փոքրիկ աղջկա ասածը։ Նեեմանը պատրաստ էր անելու ցանկացած բան, ուստի ճանապարհ ընկավ դեպի Իսրայել՝ Եղիսեի տուն։ Այդ զորագլուխը սպասում էր, որ Եղիսեն իրեն կընդունի, ինչպես մի կարևոր մարդու։ Բայց Նեեմանի հետ անձամբ խոսելու փոխարեն՝ Եղիսեն ուղարկեց իր ծառային, որ դիմավորի նրան և ասի. «Գնա, յոթ անգամ Հորդանան գետը մտիր և կբուժվես»։
Նեեմանը վրդովվեց։ Նա ասաց. «Ես կարծում էի, որ այդ մարգարեն կկանչի իր Աստծու անունը, ձեռքը կդնի ինձ վրա ու կբուժի։ Դրա փոխարեն՝ նա ասում է, որ գնամ Իսրայելի այդ գետը մտնեմ։ Ասորիքում ավելի լավ գետեր կան։ Ի՞նչ է, չէի՞ կարող դրանց մեջ մտնել»։ Նեեմանը բարկացավ և հեռացավ Եղիսեի տնից։
Նեեմանի ծառաները օգնեցին նրան, որ ճիշտ մտածի։ Նրանք ասացին. «Չէ՞ որ դու պատրաստ ես ամեն ինչ անելու, որ բուժվես։ Մարգարեի ասածը շատ հեշտ բան է։ Ինչո՞ւ չես ուզում անել»։ Նեեմանը լսեց նրանց։ Նա գնաց և յոթ անգամ մտավ Հորդանան գետը։ Յոթերորդ անգամ մտնելուց հետո նա ջրից դուրս եկավ՝ լրիվ առողջացած։ Նեեմանը շատ երախտապարտ էր դրա համար, ուստի հետ գնաց Եղիսեի մոտ, որ շնորհակալություն հայտնի։ Նա ասաց. «Հիմա ես գիտեմ, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը»։ Ի՞նչ ես կարծում՝ իսրայելացի փոքրիկ աղջիկը ի՞նչ զգաց, երբ Նեեմանը վերադարձավ առողջացած։
«Երեխաների և կաթնակեր մանուկների բերանով գովաբանություն պատրաստեցիր» (Մատթեոս 21։16)