ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ
«Իմ հետևորդը դարձիր». ի՞նչ նկատի ուներ Հիսուսը
1, 2. Ո՞րն է մարդկության ստացած ամենալավ հրավերը, և ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ։
Ո՞ՐՆ Է ամենալավ հրավերը, որ երբևէ ստացել ես։ Գուցե քո մտերիմ ընկերների հարսանեկան արարողության հրավերն է։ Կամ էլ գուցե լավ աշխատանքի անցնելու հրավերն է։ Որ հրավերն էլ քեզ համար հիշարժան լինի, հավանաբար այդ ժամանակ ոգևորվել և ուրախացել ես, անգամ մտածել, որ քեզ մեծ պատվի են արժանացրել։ Սակայն թերևս զարմանաս, երբ իմանաս, որ քեզ ավելի լավ հրավեր է տրվել։ Յուրաքանչյուրս ստացել է այն։ Բայց մեզնից է կախված, թե ինչպես կարձագանքենք այդ հրավերին, ինչն էլ կանդրադառնա մեր ողջ կյանքի վրա։ Դա կլինի մեր կյանքում կատարած ամենակարևոր ընտրությունը։
2 Իսկ ի՞նչ հրավեր է դա։ Այն տալիս է Հիսուս Քրիստոսը՝ Ամենակարող Աստծու միածին Որդին։ Այդ հրավերն արձանագրված է Աստվածաշնչում։ Մարկոս 10։21 համարում կարդում ենք Հիսուսի խոսքերը. «Եկ ու իմ հետևորդը դարձիր»։ Ըստ էության, Հիսուսը հրավեր է տալիս մեզնից յուրաքանչյուրին։ Հետևաբար լավ կլինի, որ հարցնենք ինքներս մեզ. «Ինչպե՞ս կարձագանքեմ դրան»։ Թերևս պատասխանը քեզ ակնհայտ թվա. մի՞թե որևէ մեկը կմերժի այդ հրաշալի հրավերը։ Զարմանալի է, բայց բազմաթիվ մարդիկ մերժում են։ Ինչո՞ւ։
3, 4. ա) Թերևս ի՞նչ ցանկալի, նույնիսկ նախանձելի բաներ ուներ այն երիտասարդը, որը Հիսուսին հարցրեց հավիտենական կյանք ստանալու մասին։ բ) Հիսուսը ի՞նչ լավ հատկություններ տեսավ երիտասարդ հարուստ առաջնորդի մեջ։
3 Եկեք քննենք մի մարդու օրինակ, որը մոտ 2000 տարի առաջ անձամբ Հիսուսից ստացավ այդ հրավերը։ Նա շատ հարգված մարդ էր։ Ուներ առնվազն երեք ցանկալի և նույնիսկ նախանձելի բան՝ երիտասարդություն, հարստություն ու իշխանություն։ Աստվածաշունչը հայտնում է, որ նա «երիտասարդ» էր, «շատ հարուստ» էր և «առաջնորդներից մեկն» էր (Մատթեոս 19։20; Ղուկաս 18։18, 23)։ Սակայն այդ երիտասարդը շատ ավելի արժեքավոր մի բան ուներ։ Նա լսել էր Մեծ Ուսուցչի՝ Հիսուսի մասին, և իրեն դուր էր եկել իր լսածը։
4 Հիսուսի օրերում ապրող առաջնորդներից շատերը նրան չէին տալիս այն հարգանքը, որին արժանի էր (Հովհաննես 7։48; 12։42)։ Բայց այս երիտասարդը այլ կերպ վարվեց։ Աստվածաշունչը պատմում է. «Երբ Հիսուսը գնաց այդտեղից, ճանապարհին մի մարդ վազելով մոտ եկավ, նրա առաջ ծնկի իջավ ու հարցրեց. «Բարի՛ Ուսուցիչ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանք ստանամ»» (Մարկոս 10։17)։ Ուշադրություն դարձրու, թե այդ մարդը որքան շատ էր ուզում խոսել Հիսուսի հետ. նա բոլորի աչքի առաջ ընդառաջ վազեց նրան, ինչպես կաներ աղքատ կամ հասարակ մարդը։ Հետո հարգալից կերպով ծնկի եկավ նրա առաջ։ Այս արարքը ցույց է տալիս, որ նա խոնարհ էր և գիտակցում էր իր հոգևոր կարիքները։ Քրիստոսի համար թանկ էին այսպիսի հատկությունները (Մատթեոս 5։3; 18։4)։ Ուստի զարմանալի չէ, որ «Հիսուսը նայեց նրան ու նրա հանդեպ ջերմ սիրով համակվեց» (Մարկոս 10։21)։ Աստծու Որդին ի՞նչ պատասխան տվեց այդ երիտասարդին։
Առանձնահատուկ հրավեր
5. Ի՞նչ պատասխան տվեց Հիսուսը հարուստ երիտասարդին, և որտեղի՞ց գիտենք, որ չքավորությունը չէր այն «մի բանը», որը խնդիր էր նրա համար (տես նաև ծանոթագրությունը)։
5 Հիսուսը նշեց, որ իր Հայրը արդեն տեղեկություններ հայտնել է այն կարևոր հարցի մասին, թե ինչպես հավիտենական կյանք ստանալ։ Նա անդրադարձավ Սուրբ Գրքերին, և երիտասարդը ասաց, որ հավատարմորեն պահում է Մովսիսական օրենքը։ Սակայն Հիսուսը, լինելով շատ խորաթափանց, տեսավ, թե ինչ կա նրա սրտում (Հովհաննես 2։25)։ Նա նկատեց, որ այդ մարդը հոգևոր լուրջ խնդիր ունի, ու ասաց. «Քեզ մի բան է պակասում»։ Ո՞րն էր այդ «մի բանը»։ Հիսուսը շարունակեց. «Գնա վաճառիր, ինչ որ ունես, և աղքատներին տուր» (Մարկոս 10։21)։ Մի՞թե Հիսուսը նկատի ուներ, որ մարդը պետք է չքավոր լինի Աստծուն ծառայելու համար։ Ո՛չ։ a Իրականում, նրա խոսքերը ավելի խոր իմաստ ունեին։
6. Ի՞նչ հրավեր տվեց Հիսուսը, և ի՞նչ բացահայտեց հարուստ երիտասարդ առաջնորդի պատասխանը իր սրտի մասին։
6 Հիսուսը մի հրաշալի հրավեր տվեց երիտասարդին, որ բացատրի, թե նա ինչ պետք է անի։ Հիսուսն ասաց. «Եկ ու իմ հետևորդը դարձիր»։ Միայն պատկերացրու. Բարձրյալի Որդին անձամբ հրավիրեց այդ մարդուն հետևել իրեն։ Հիսուսը նաև այնպիսի վարձատրություն խոստացավ, որ այդ մարդու մտքով անգամ չէր անցնի։ Նա ասաց. «Գանձ կունենաս երկնքում»։ Արդյոք հարուստ երիտասարդ առաջնորդը օգտագործե՞ց այս առանձնահատուկ հնարավորությունը, ընդունե՞ց նրա հրաշալի հրավերը։ Կարդում ենք. «Հիսուսի պատասխանը վշտացրեց նրան, և նա տխուր-տրտում հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ» (Մարկոս 10։21, 22)։ Հիսուսի անսպասելի խոսքերը բացահայտեցին խնդիրը։ Երիտասարդը չափազանց կապված էր իր հարստությանը, անկասկած, նրա համար շատ թանկ էին նաև իր պատվավոր դիրքն ու հեղինակությունը։ Ցավոք, հարուստ առաջնորդի սերը նման բաների հանդեպ գերազանցեց Քրիստոսի հանդեպ ունեցած սերը։ Փաստորեն, «մի բանը», որ նա պետք է աներ, Հիսուսին ու Եհովային ամբողջ սրտով, անձնազոհ կերպով սիրելն էր։ Երիտասարդ առաջնորդը բավարար սեր չուներ Եհովայի և Հիսուսի հանդեպ, այդ պատճառով էլ չընդունեց յուրօրինակ հրավերը։ Իսկ ի՞նչ առնչություն ունի այս օրինակը քեզ հետ։
7. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Հիսուսի հրավերը ուղղված է նաև մեզ։
7 Հիսուսը միայն այդ մարդուն չտվեց հրավերը, ոչ էլ այն ուղղված էր սահմանափակ թվով մարդկանց։ Նա ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևորդը լինել, թող.... շարունակ ինձ հետևի» (Ղուկաս 9։23)։ Ուշադրություն դարձրու, որ Քրիստոսի հետևորդ կարող է դառնալ «որևէ մեկը», ով իսկապես «ուզում է»։ Աստված այսպիսի ազնվասիրտ մարդկանց ձգում է դեպի իր Որդին (Հովհաննես 6։44)։ Հիսուսի հրավերն ընդունելու հնարավորությունը տրվել է բոլորին, ոչ թե հարուստ, աղքատ, որոշակի ռասայի կամ ազգության մարդկանց կամ էլ միայն նրանց, ովքեր ապրել են այդ ժամանակահատվածում։ Ուստի Հիսուսի խոսքերը՝ «եկ ու իմ հետևորդը դարձիր», ուղղված են նաև քեզ։ Ինչո՞ւ պետք է ցանկանաս հետևել Քրիստոսին, և ի՞նչ է նշանակում լինել նրա հետևորդը։
Ինչո՞ւ լինել Քրիստոսի հետևորդ
8. Ինչի՞ կարիք ունի մարդկությունը և ինչո՞ւ։
8 Հարկավոր է ընդունել մի փաստ. մարդիկ լավ առաջնորդության կարիք ունեն։ Ոչ բոլորն են ընդունում այս ճշմարտությունը, բայց փաստը մնում է փաստ։ Երեմիա մարգարեն, Եհովայից ներշնչված լինելով, գրեց. «Ես լավ գիտեմ, ո՛վ Եհովա, որ մարդը չի կարող որոշել, թե որ ուղով գնա։ Նա անգամ չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23)։ Իրականում, մարդիկ ո՛չ կարող են, ո՛չ էլ իրավունք ունեն ղեկավարելու մարդկանց։ Եվ մարդկության պատմությունը դրա վառ ապացույցն է (Ժողովող 8։9)։ Հիսուսի օրերում իշխանություն ունեցողները կեղեքում էին, ճնշում և խաբում էին մարդկանց։ Հիսուսը ճիշտ նկատեց, որ հասարակ մարդիկ «ասես հովիվ չունեցող ոչխարներ լինեին» (Մարկոս 6։34)։ Նույնը կարելի է ասել մեր օրերում ապրող մարդկանց մասին։ Մարդիկ՝ անհատապես, թե որպես խումբ, վստահելի ու հմուտ ղեկավարի կարիք ունեն։ Արդյոք Հիսուսը կարո՞ղ է լինել այդպիսի ղեկավար։ Անշո՛ւշտ։ Տեսնենք, թե ինչ հիմքեր ունենք։
9. Ի՞նչ առումով է Հիսուսը տարբերվում մյուս բոլոր ղեկավարներից։
9 Առաջին՝ Հիսուսին ընտրել է Եհովա Աստված։ Առհասարակ անկատար ղեկավարներն ընտրվում են իրենց նման անկատար մարդկանց կողմից. մարդիկ, որոնք հակված են սխալվելու և որոնց կարելի է հեշտությամբ խաբել։ Բայց Հիսուսը այդպիսի ղեկավար չէ։ Դա երևում է նրա տիտղոսից։ «Քրիստոս» և «Մեսիա» բառերը նշանակում են «Օծյալ»։ Այո՛, նա օծվել էր, այսինքն՝ առանձնահատուկ դիրքի էր արժանացել անձամբ տիեզերքի Գերիշխանի կողմից։ Եհովա Աստված իր Որդու մասին ասաց. «Ահա իմ ծառան, որին ես ընտրել եմ, և իմ սիրելին, որն ունի իմ հավանությունը։ Ես նրան կտամ իմ ոգին» (Մատթեոս 12։18)։ Մեր Արարչից բացի՝ ուրիշ ոչ ոք չգիտի, թե մենք ինչպիսի ղեկավարի կարիք ունենք։ Եհովայի իմաստությունն անսահման է, այդ պատճառով էլ կարող ենք լիովին վստահել նրա ընտրությանը (Առակներ 3։5, 6)։
10. Ինչո՞ւ է Հիսուսի օրինակը լավագույնը, որին կարող են հետևել մարդիկ։
10 Երկրորդ՝ Հիսուսը կատարյալ օրինակ է թողել մեզ։ Լավագույն ղեկավարը այնպիսի հատկություններ ունի, որոնցով իր հպատակները կարող են հիանալ ու ձգտել ընդօրինակել նրան։ Նա առաջնորդում է իր օրինակով՝ մղելով ուրիշներին դառնալու ավելի լավը։ Ո՞ր հատկություններն ես ավելի շատ գնահատում ղեկավարի մեջ։ Համարձակությո՞ւնը, իմաստությո՞ւնը, կարեկցա՞նքը, դժվարությունների բախվելիս նրա հաստատակամությո՞ւնը։ Ուսումնասիրելով Հիսուսի երկրային կյանքը՝ կտեսնես, որ նա օժտված էր այս և շատ ուրիշ հատկություններով։ Քանի որ նա իր երկնային Հոր կատարյալ պատկերն էր, լիովին ընդօրինակում էր նրա հատկությունները։ Հիսուսը կատարյալ էր բոլոր առումներով։ Ուստի նրա ամեն մի արարքի, ամեն մի խոսքի, ամեն մի զգացմունքի մեջ կարող ենք ընդօրինակման արժանի որևէ բան տեսնել։ Աստվածաշունչն ասում է, որ նա «օրինակ թողեց, որ ձգտեք անշեղորեն նրա հետքերով գնալ» (1 Պետրոս 2։21)։
11. Ինչպե՞ս Հիսուսն ապացուցեց, որ «լավ հովիվ» է։
11 Երրորդ՝ Հիսուսը ապրեց՝ հավատարիմ մնալով իր խոսքերին. «Ես եմ լավ հովիվը» (Հովհաննես 10։14)։ Հիսուսի օրերում ապրող մարդկանց համար հասկանալի էր այս համեմատությունը։ Հովիվները մեծ ջանքեր էին թափում, որ իրենց վստահված ոչխարներին հոգ տանեն։ «Լավ հովվի» համար իր ոչխարների անվտանգությունը ավելի կարևոր է, քան իր իսկ բարօրությունը։ Օրինակ՝ Դավիթը՝ Հիսուսի նախածնողը, պատանեկան տարիքում հովիվ է եղել և իր կյանքը բազմիցս վտանգել է, որպեսզի ոչխարներին պաշտպանի գիշատիչ կենդանիներից (1 Սամուել 17։34–36)։ Բայց Հիսուսը ավելի մեծ բան է արել իր հետևորդների համար։ Նա իր կյանքն է տվել նրանց համար (Հովհաննես 10։15)։ Քանի՞ ղեկավար է այսպիսի անձնազոհություն դրսևորել։
12, 13. ա) Ի՞նչ իմաստով է հովիվը ճանաչում իր ոչխարներին, և ինչպե՞ս են նրանք ճանաչում իրենց հովվին։ բ) Ինչո՞ւ ես ուզում, որ քեզ առաջնորդի Լավ Հովիվը։
12 Հիսուսը «լավ հովիվ» էր մեկ ուրիշ առումով ևս։ Նա ասաց. «Ես ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում» (Հովհաննես 10։14)։ Մտածիր, թե ինչ էր ուզում այս խոսքերով ասել նա։ Մարդկանց մեծամասնության համար ոչխարների հոտը պարզապես բրդոտ կենդանիների խումբ է։ Հովիվը, սակայն, ճանաչում է իր յուրաքանչյուր ոչխարին։ Նա գիտի, թե որ ոչխարն է շուտով ծննդաբերելու և օգնության կարիք ունենալու, որ գառնուկին պետք է ձեռքերի վրա կրի, քանի որ նա փոքր է, թույլ ու չի կարող հոտին հավասար գնալ, նաև գիտի, թե որ ոչխարն է հիվանդ կամ վնասված։ Ոչխարներն էլ իրենց հովվին են ճանաչում։ Նրանք ճանաչում են նրա ձայնը և երբեք չեն շփոթում մեկ ուրիշ հովվի ձայնի հետ։ Իսկ երբ հովիվը տագնապալից ձայնով կանչում է, անմիջապես արձագանքում են։ Նրանք գնում են այնտեղ, ուր առաջնորդում է հովիվը։ Իսկ նա գիտի, թե ուր պետք է առաջնորդի ոչխարներին, գիտի, թե որտեղ են փարթամ, կանաչ արոտավայրերը, որտեղ են հոսում մաքուր, ջինջ ու քչքչան վտակները, որ վայրն է խաղաղ ու ապահով։ Քանի դեռ հոտը հովվի հսկողության տակ է, ոչխարները իրենց ապահով են զգում (Սաղմոս 23)։
13 Մի՞թե չես ուզի այդպիսի առաջնորդ ունենալ։ Լավ Հովիվը հենց այդպես էլ հոգ է տանում իր հետևորդների մասին։ Նա խոստանում է, որ այսօր իսկ կարող ես ապրել երջանիկ ու իմաստալից կյանքով և վայելել այն ողջ հավիտենության ընթացքում (Հովհաննես 10։10, 11; Հայտնություն 7։16, 17)։ Ահա թե ինչու պետք է իմանանք, թե ինչ է նշանակում հետևել Քրիստոսին։
Ի՞նչ է նշանակում լինել Քրիստոսի հետևորդ
14, 15. Քրիստոսի հետևորդ լինելու համար ինչո՞ւ բավական չէ ասել, որ քրիստոնյա ենք կամ սիրում ենք Հիսուսին։
14 Այսօր միլիոնավոր մարդիկ հավանաբար մտածում են, թե արդեն ընդունել են Քրիստոսի հրավերը։ Չէ՞ որ իրենց քրիստոնյա են համարում։ Հնարավոր է՝ ինչ-որ եկեղեցու անդամ են, որտեղ ծնողները կնքել են իրենց։ Կամ էլ պնդում են, որ սիրում են Հիսուսին և ընդունում են նրան որպես իրենց Փրկչի։ Բայց միայն այդ հանգամանքը նրանց դարձնո՞ւմ է Քրիստոսի հետևորդ։ Արդյոք Հիսուսը հենց դա՞ նկատի ուներ, երբ հրավիրեց մեզ դառնալ իր հետևորդը։ Տեսնենք։
15 Նկատի առ քրիստոնեական աշխարհը՝ այն երկրները, որոնց քաղաքացիների մեծամասնությունն իրենց քրիստոնյա է համարում։ Արդյոք քրիստոնյա աշխարհը հետևո՞ւմ է Հիսուս Քրիստոսի ուսմունքներին, թե՞ այդ երկրներում, ինչպես և աշխարհի մյուս մասերում տիրում են բռնությունը, անհանդուրժողականությունը, հանցագործությունը, անարդարությունը։
16, 17. Իրենց քրիստոնյա համարող մարդիկ հաճախ ի՞նչ չունեն, և ինչո՞վ են տարբերվում Քրիստոսի ճշմարիտ հետևորդները։
16 Հիսուսն ասաց, որ իր ճշմարիտ հետևորդները կճանաչվեն ոչ թե խոսքերով կամ առանձնահատուկ անվանումով, այլ առաջին հերթին իրենց գործերով։ Նա ասաց. «Ինձ «Տե՛ր, Տե՛ր» ասող ամեն մարդ չէ, որ կմտնի երկնքի թագավորություն, այլ միայն նա, ով կատարում է իմ երկնային Հոր կամքը» (Մատթեոս 7։21)։ Ինչո՞ւ շատերը, ովքեր Հիսուսին իրենց Տերն են համարում, չեն կատարում նրա Հոր կամքը։ Հիշենք հարուստ երիտասարդ առաջնորդին։ Շատ հաճախ այն մարդիկ, ովքեր իրենց քրիստոնյա են համարում, չունեն «մի բան»՝ անձնվեր սեր Հիսուսի և նրան Ուղարկողի հանդեպ։
17 Ինչպե՞ս է դա հնարավոր։ Չէ՞ որ իրենց քրիստոնյա համարող միլիոնավոր մարդիկ պնդում են, որ սիրում են Քրիստոսին։ Այո՛, նրանք ասում են այդպես։ Բայց Հիսուսի ու Եհովայի հանդեպ սերը միայն խոսքերով չէ, որ պետք է դրսևորվի։ Հիսուսն ասաց. «Եթե որևէ մեկը սիրում է ինձ, կհնազանդվի իմ խոսքին» (Հովհաննես 14։23)։ Որպես հովիվ խոսելով՝ նա նշեց. «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, ու նրանք իմ հետևից են գալիս» (Հովհաննես 10։27)։ Իրականում, Քրիստոսի հանդեպ մեր սիրո ամենահամոզիչ փաստը միայն խոսքերն ու զգացմունքներն չեն, այլ հիմնականում գործերն են։
18, 19. ա) Ի՞նչ ազդեցություն պետք է ունենան մեզ վրա Հիսուսի մասին գիտելիքները։ բ) Ո՞րն է այս գրքի նպատակը, և ինչպե՞ս այն կօգնի նրանց, ովքեր արդեն երկար ժամանակ է, ինչ Քրիստոսի հետևորդ են։
18 Մեր գործերը ցույց են տալիս, թե ինչպիսին է մեր սիրտն իրականում։ Հենց այստեղից էլ պետք է սկսենք աշխատել։ Հիսուսն ասաց. «Հավիտենական կյանք ունենալու համար անհրաժեշտ է ճանաչել քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Հիսուսի մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելն ու մեր սովորածի շուրջ խորհրդածելը կանդրադառնան մեր սրտի վրա։ Մենք կսկսենք ավելի ու ավելի շատ սիրել Հիսուսին և միևնույն ժամանակ օրեցօր նրան հետևելու ավելի մեծ ցանկությամբ կլցվենք։
19 Այս գրքի նպատակն էլ հենց դա է։ Ձեռնարկի նպատակը պարզապես Հիսուսի կյանքի և ծառայության մասին մեզ տեղեկացնելը չէ։ Դրա նպատակն է՝ օգնել մեզ տեսնելու, թե ինչպես կարող ենք հետևել նրան։ b Այս գրքի օգնությամբ մենք կկարողանանք նայել Աստծու Խոսքի հայելու մեջ և հարցնել ինքներս մեզ. «Իրո՞ք հետևում եմ Հիսուսին» (Հակոբոս 1։23–25)։ Գուցե արդեն երկար ժամանակ է, ինչ Լավ Հովվի առաջնորդությանն ես հետևում։ Բայց ի՞նչ ես կարծում, բարելավումների կարիք չունե՞ս։ Աստվածաշունչը հորդորում է. «Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մեջ եք, և շարունակ պարզեք, թե ովքեր եք դուք» (2 Կորնթացիներ 13։5)։ Արժե ջանքեր թափել և համոզվել, որ իրոք հետևում ենք մեր սիրառատ Լավ Հովվին՝ Հիսուսին՝ նրան, ում Եհովան է նշանակել, որ առաջնորդի մեզ։
20. Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։
20 Թող որ այս գրքի ուսումնասիրությունը օգնի քեզ ամրացնելու սերդ Հիսուսի ու Եհովայի հանդեպ։ Այդ սերը կմղի քեզ ավելի սերտորեն հետևելու Հիսուսին։ Արդյունքում դու նույնիսկ այսօր ձեռք կբերես խաղաղություն ու գոհունակություն և հավիտյան շնորհակալ կլինես Եհովային մեզ Լավ Հովիվ տալու համար։ Ինչ խոսք, Քրիստոսի մասին գիտելիքները պետք է ճշգրիտ լինեն։ 2-րդ գլխում կտեսնենք, թե ինչ դեր ունի Հիսուսը Եհովայի նպատակներում։
a Հիսուսը բոլոր իրեն հետևողներին չէր ասում, որ թողնեն իրենց ունեցվածքը։ Թեև նա բացատրեց, թե որքան դժվար է հարուստ մարդու համար մտնել Աստծու թագավորություն, բայց ավելացրեց. «[Աստծու] համար անհնարին բան չկա» (Մարկոս 10։23, 27)։ Իրականում, որոշ հարուստ մարդիկ դարձան Հիսուսի հետևորդ։ Չնայած նրանք հարստությանը վերաբերող խորհուրդ ստացան քրիստոնեական ժողովում, սակայն նրանց չասվեց, որ իրենց ողջ հարստությունը աղքատներին նվիրաբերեն (1 Տիմոթեոս 6։17)։
b Հիսուսի կյանքի և ծառայության մասին ժամանակագրական հերթականությամբ մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել «Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» գրքում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։