Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

«Առանց առակի չէր խոսում նրանց հետ»

«Առանց առակի չէր խոսում նրանց հետ»

1-3. ա) Հիսուսի հետ ճանապարհորդող աշակերտները ի՞նչ առանձնահատուկ հնարավորություն ունեին, և ի՞նչ էր նա անում, որ հեշտությամբ հիշեն իր սովորեցրածը։ բ) Ինչո՞ւ է հեշտ հիշել լավ օրինակը և առակը։

 ՀԻՍՈՒՍԻ հետ ճանապարհորդող աշակերտները առանձնահատուկ հնարավորություն ունեն։ Նրանք սովորում են անձամբ Մեծ Ուսուցչից։ Աշակերտները կարող են լսել, թե ինչպես է նա բացատրում Աստծու Խոսքը և սովորեցնում հրաշալի ճշմարտություններ։ Հիմա նրանք պետք է իրենց մտքում ու սրտում պահեն նրա թանկ խոսքերը, քանի որ դեռ չի եկել դրանք թղթին հանձնելու ժամանակը։ a Ուստի Հիսուսը այնպես է սովորեցնում, որ նրանց համար հեշտ լինի հիշել։ Նա հմտորեն ուսուցանում է հատկապես առակներով և օրինակներով։

2 Սովորաբար տպավորիչ օրինակը կամ առակը չի մոռացվում։ Մի հեղինակ նշում է, որ օրինակները «ականջը դարձնում են աչք» և ունկնդրի մտքում «ստեղծում են պատկերներ»։ Իսկ պատկերները հեշտացնում են նյութի ընկալումը։ Քանի որ պատկերների օգնությամբ մեզ ավելի հեշտ է մտածել, օրինակների միջոցով անգամ վերացական գաղափարներն ենք կարողանում հասկանալ։ Դրանք խոսքը դարձնում են կենդանի և սովորեցնում են դասեր, որոնք դաջվում են մեր հիշողության մեջ։

3 Երկրի վրա ապրած ոչ մի ուսուցիչ այնքան վարպետորեն չի օգտագործել օրինակներ, որքան Հիսուս Քրիստոսը։ Հիսուսի առակներից շատերը հեշտությամբ են հիշվում նույնիսկ այսօր։ Ինչո՞ւ էր նա հիմնականում ուսուցանելու հենց այս մեթոդը օգտագործում։ Ինչո՞ւ էին նրա օրինակներն ու առակները այդքան տպավորիչ։ Ինչպե՞ս կարող ենք օգտագործել ուսուցանելու այս մեթոդը։

Ինչու էր ուսուցանում առակներով և օրինակներով

4, 5. Ինչո՞ւ էր Հիսուսը առակներով ուսուցանում։

4 Աստվածաշունչը երկու կարևոր պատճառ է նշում։ Առաջին՝ այդպիսով մարգարեություն էր կատարվում։ Մատթեոս 13։34, 35-ում կարդում ենք. «Այս ամենի մասին Հիսուսը ժողովրդի հետ խոսում էր առակներով։ Առանց առակի չէր խոսում նրանց հետ։ Եվ այդպիսով կատարվեց մարգարեի միջոցով ասվածը. ««Ես առակներով կխոսեմ և սկզբից ի վեր գաղտնի պահված բաները կհռչակեմ»»։ Մատթեոսի կողմից հիշատակված մարգարեն Սաղմոս 78։2-ում գրված խոսքերը գրի առնողն էր։ Աստծու ներշնչմամբ գրված այդ խոսքերը սաղմոսերգուն ասել էր Հիսուսի ծնվելուց դարեր առաջ։ Մի՞թե ուշագրավ չէ, որ իր Որդու երկիր գալուց դեռ հարյուրավոր տարիներ առաջ Աստված որոշել էր, որ նա ուսուցանելու է առակների միջոցով։ Ուրեմն կարելի է ասել, որ Եհովան կարևորում է ուսուցանելու այս մեթոդը։

5 Երկրորդ՝ ինչպես Հիսուսն ինքն ասաց, առակները օգնում էին զատորոշելու նրանց, ում «սիրտն անզգայացել էր» ճշմարտության հանդեպ (Մատթեոս 13։10-15; Եսայիա 6։9, 10)։ Իսկ ինչպե՞ս էին նրա առակները բացահայտում մարդկանց մղումները։ Որոշ դեպքերում նա առակներով էր խոսում, որ մղի իր ունկնդիրներին հարցեր տալու դրանց լիարժեք նշանակությունը հասկանալու համար։ Խոնարհ մարդիկ այդպես էլ անում էին, իսկ հպարտ կամ անտարբեր մարդիկ՝ ոչ (Մատթեոս 13։36; Մարկոս 4։34)։ Փաստորեն առակների միջոցով ճշմարտությունը հայտնի էր դառնում նրանց, ում սիրտը ծարավ էր ճշմարտության, սակայն թաքնված էր մնում նրանցից, ում սիրտը հպարտ էր։

6. Ինչո՞վ էին օգտակար Հիսուսի առակներն ու օրինակները։

6 Հիսուսի առակներն ու օրինակները շատ առումներով էին օգտակար։ Դրանք հետաքրքրություն էին առաջացնում մարդկանց մեջ՝ մղելով նրանց լսելու։ Նաև պատկերներ էին ստեղծում մտքում, ինչի շնորհիվ հեշտ էր լինում հասկանալ։ Ինչպես նշվեց սկզբում, Հիսուսի առակներն ու օրինակները օգնում էին մարդկանց հիշելու իր բառերը։ Մատթեոս 5։3-7։27-ում արձանագրված Լեռան քարոզում Հիսուսը հաճախ է պատկերավոր խոսք օգտագործում։ Մի հաշվարկի համաձայն՝ այս քարոզում կա ավելի քան 50 պատկերավոր խոսք։ Նշենք նաև, որ այն կարելի է ընթերցել մոտ 20 րոպեում։ Դա նշանակում է, որ միջին հաշվով յուրաքանչյուր 20 վայրկյանը մեկ Հիսուսը պատկերավոր խոսք է ասել։ Պարզ է, որ նա հասկանում էր, թե որքան կարևոր է պատկերավոր խոսքի գործածությունը։

7. Ինչո՞ւ է հարկավոր ընդօրինակել Հիսուսին և ուսուցանելիս օրինակներ օգտագործել։

7 Որպես Քրիստոսի հետևորդներ՝ մենք ուզում ենք ընդօրինակել ուսուցանելու նրա մեթոդները, այդ թվում՝ օրինակներ օգտագործելը։ Ինչպես որ համեմունքներն են ավելի ախորժալի դարձնում կերակուրը, այնպես էլ արդյունավետ օրինակները գրավիչ են դարձնում մեր ասելիքը։ Լավ մտածված պատկերավոր խոսքը նաև կարևոր ճշմարտությունները դյուրըմբռնելի է դարձնում։ Այժմ տեսնենք, թե ինչն էր Հիսուսի օրինակները այդքան արդյունավետ դարձնում։ Իսկ հետո կտեսնենք, թե մենք ինչպես կարող ենք հմտորեն օգտագործել ուսուցանելու այս մեթոդը։

Պարզ համեմատություններ

Թռչունների ու ծաղիկների օրինակով Հիսուսն ինչպե՞ս բացատրեց, որ Աստված հոգ է տանում մեր մասին

8, 9. Ինչպե՞ս էր Հիսուսը պարզ համեմատություններ օգտագործում, և ինչո՞ւ էին այդ համեմատությունները արդյունավետ։

8 Ուսուցանելիս Հիսուսը հաճախ էր համեմատություններ բերում, որոնք բարդ չէին և ընդամենը մի քանի բառով էին արտահայտված։ Թեև հասարակ բառեր էր օգտագործում, սակայն դրանք վառ պատկերներ էին ստեղծում և ընդգծում էին հոգևոր կարևոր ճշմարտությունների բուն էությունը։ Օրինակ՝ հորդորելով աշակերտներին չմտահոգվել առօրյա բաներով՝ Հիսուսը «երկնքի թռչուններին» և «դաշտի շուշաններին» օրինակ բերեց։ Թռչունները ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, շուշաններն էլ ո՛չ մանում են, ո՛չ հյուսում։ Սակայն Աստված հոգ է տանում նրանց մասին։ Հեշտ է հասկանալ Հիսուսի խոսքերի իմաստը. եթե Աստված հոգ է տանում թռչունների և ծաղիկների մասին, ապա անպայման հոգ կտանի մարդկանց մասին, ովքեր իրենց «կյանքում միշտ առաջին տեղում են դնում Աստծու թագավորությունը» (Մատթեոս 6։26, 28-33

9 Հիսուսը հաճախ օգտագործում էր նաև փոխաբերություններ, որոնք ավելի զորեղ համեմատություններ են։ Փոխաբերության մեջ մի առարկան կամ երևույթը փոխարինվում է մեկ այլ առարկայով կամ երևույթով։ Այս դեպքում էլ Հիսուսի համեմատությունները պարզ էին։ Մի անգամ իր աշակերտներին ասաց. «Դուք աշխարհի լույսն եք»։ Աշակերտներին հասկանալի էր այս փոխաբերության իմաստը. խոսքով ու գործով նրանք պետք է հոգևոր ճշմարտությունների լույսը տանեին մարդկանց և հորդորեին փառաբանել Աստծուն (Մատթեոս 5։14-16)։ Կան նաև ուրիշ փոխաբերություններ, որ ասել է Հիսուսը. «Դուք երկրի աղն եք», «Ես խաղողենին եմ, իսկ դուք ճյուղերն եք» (Մատթեոս 5։13; Հովհաննես 15։5)։ Պատկերավոր խոսքը թեև պարզ է, սակայն ազդեցիկ է։

10. Պարբերության մեջ նշված ո՞ր համեմատություններն են ցույց տալիս, թե ինչպես կարող ես ուսուցանելիս օրինակներ բերել։

10 Ինչպե՞ս կարող ես ուսուցանելիս օրինակներ օգտագործել։ Կարիք չկա երկար-բարակ ու անհասկանալի պատմություններ պատմելու։ Մտածիր պարզ համեմատությունների մասին։ Ենթադրենք՝ քննարկում ես հարության թեման և ուզում ես բացատրել, որ մահացածներին հարություն տալը խնդիր չէ Եհովայի համար։ Ի՞նչ համեմատություն է անմիջապես միտքդ գալիս։ Աստվածաշունչը քունը որպես փոխաբերություն է օգտագործում՝ նմանեցնելով մահվան։ Կարող ես ասել. «Աստծու համար մահացածներին հարություն տալը այնքան հեշտ է, որքան մեզ համար քնած մարդուն արթնացնելը» (Հովհաննես 11։11-14)։ Կամ էլ պակերացրու, թե ուզում ես բացատրել, որ երեխաները սիրո և ուշադրության կարիք ունեն, որպեսզի լիարժեք մեծանան։ Ո՞ր օրինակը տեղին կլինի։ Աստվածաշունչը հետևյալ համեմատությունն է անում. երեխաները նման են «ձիթենու շիվերի» (Սաղմոս 128։3)։ Կարելի է ասել. «Սերը և ուշադրությունը երեխայի հանդեպ նույնն են, ինչ արևի շողերը և ջուրը՝ ծառի համար»։ Որքան պարզ լինի համեմատությունը, այնքան հեշտ կլինի հասկանալ ասածիդ իմաստը։

Առօրյա կյանքից վերցված

11. Բեր օրինակներ, թե ինչպես էին Հիսուսի առակները արտացոլում Գալիլեայի առօրյա կյանքը, որին նա ականատես էր եղել այնտեղ ապրելիս։

11 Հիսուսը վարպետորեն օրինակներ էր բերում առօրյա կյանքից։ Շատ առակներում նկարագրված են այնպիսի իրավիճակներ, որոնք նա տեսել էր Գալիլեայում ապրած տարիներին։ Մի պահ խորհիր նրա կյանքի այդ շրջանի մասին։ Քանի՜ անգամ է նա տեսել, թե ինչպես է իր մայրը երկանքով հացահատիկ աղացել, թթխմոր ավելացրել խմորի մեջ, ճրագ վառել կամ տուն ավլել (Մատթեոս 13։33; 24։41; Ղուկաս 15։8)։ Քանի՜ անգամ է դիտել ձկնորսներին, որոնք գցում էին իրենց ցանցը Գալիլեայի ծովը (Մատթեոս 13։47)։ Քանի՜ անգամ է տեսել հրապարակներում խաղացող երեխաների (Մատթեոս 11։16)։ Հիսուսը իրենց կողմերում ընդունված շատ ուրիշ բաների վրա էլ է ուշադրություն դարձրել, և դրանք հետագայում տեղ են գտել իր առակներում. օրինակ՝ ցանքը, ուրախ հարսանեկան խնջույքները, արևի տակ հասունացող հացահատիկի դաշտերը (Մատթեոս 13։3-8; 25։1-12; Մարկոս 4։26-29

12, 13. Ինչո՞վ է ուշագրավ, որ բարի սամարացու առակում Հիսուսը նշեց, որ ճանապարհը «Երուսաղեմից իջնում էր Երիքով»։

12 Հիսուսը իր առակներում նշում էր մանրամասներ, որոնք ծանոթ էին իր ունկնդիրներին։ Օրինակ՝ բարի սամարացու առակը։ Հիսուսն այն սկսեց հետևյալ կերպ. «Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով։ Ճանապարհին նա ավազակների ձեռքն ընկավ, որոնք հանեցին նրա շորերը, թալանեցին ունեցած-չունեցածը, ծեծեցին ու կիսամեռ թողնելով՝ հեռացան» (Ղուկաս 10։30)։ Ուշադրություն դարձրու, որ իր նպատակին հասնելու համար Հիսուսը հիշատակեց Երուսաղեմից Երիքով իջնող ճանապարհը։ Նա այս առակը պատմեց Հրեաստանում՝ Երուսաղեմից ոչ հեռու։ Ուստի Հիսուսին լսողները պետք է որ իմանային այդ ճանապարհի մասին։ Հայտնի էր, որ այն վտանգավոր էր, հատկապես նրանց համար, ովքեր մենակ էին ճամփորդում։ Այդ ոլորապտույտ ճանապարհն անցնում էր ամայի տեղանքով և լավ թաքստոց էր ավազակների համար։

13 Հիսուսը ծանոթ այլ մանրամասնություններ նշեց ճանապարհի մասին, որը «Երուսաղեմից իջնում էր Երիքով»։ Համաձայն առակի՝ նախ այդ ճանապարհով անցավ մի քահանա, հետո մի ղևտացի, սակայն նրանք կանգ չառան վնասված մարդուն օգնություն ցույց տալու համար (Ղուկաս 10։31, 32)։ Քահանաները ծառայում էին Երուսաղեմի տաճարում, իսկ ղևտացիները օգնում էին նրանց։ Շատ քահանաներ ու ղևտացիներ ապրում էին Երիքովում, երբ չէին ծառայում տաճարում. Երիքովը ընդամենը մոտ 23 կիլոմետր (14 մղոն) էր հեռու Երուսաղեմից։ Նրանք երբեմն անցնում էին այդ ճանապարհով։ Պետք է նշել նաև, որ Հիսուսը ասաց, որ ճամփորդողը «իջնում էր», ոչ թե բարձրանում Երուսաղեմից։ Այս մանրամասնությունը հասկանալի էր իր ունկնդիրներին։ Երուսաղեմը Երիքովից բարձր էր։ Հետևաբար «Երուսաղեմից» գալիս ճանապարհորդը պետք է «իջներ»։ b Իսկապես, Հիսուսը իր օրինակներում նկարագրում էր մարդկանց ծանոթ իրավիճակներ։

14. Օրինակներ օգտագործելիս ինչպե՞ս կարող ենք ի մտի ունենալ մեր ունկնդիրներին։

14 Երբ օրինակներ ենք բերում, մենք նույնպես պետք է ի մտի ունենանք մեր ունկնդիրներին։ Ի՞նչ պետք է հաշվի առնենք, երբ ուզում ենք տեղին օրինակ բերել։ Լավ կլինի հաշվի առնել անհատի տարիքը, մշակույթը, անցյալը, զբաղմունքը։ Օրինակ՝ հողագործությանը բնորոշ առանձնահատկությունները ավելի շատ հասկանալի կլինեն գյուղում, քան քաղաքում ապրողներին։ Տեղին օրինակներ կարող են լինել մեր ունկնդիրների առօրյա կյանքից վերցված բաները՝ տունը, հոբբին, կերակուրը, երեխաները։

Եհովայի ստեղծագործությունից վերցված

15. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ Հիսուսը քաջածանոթ էր Եհովայի ստեղծագործություններին։

15 Հիսուսի շատ օրինակներից և առակներից երևում է, որ նա գիտելիքներ ուներ բնության՝ բույսերի, կենդանիների և տեղի կլիմայական պայմանների մասին (Մատթեոս 16։2, 3; Ղուկաս 12։24, 27)։ Որտեղի՞ց էր նա ձեռք բերել այդ գիտելիքները։ Գալիլեայում ապրած տարիներին նա, անկասկած, հնարավորություն էր ունեցել դիտելու Եհովայի ստեղծագործությունները։ Ավելին՝ Հիսուսը «բոլոր ստեղծվածների մեջ առաջնեկն» էր, և երբ Եհովան ստեղծում էր բոլոր բաները, նա «հմուտ վարպետ» էր նրա մոտ (Կողոսացիներ 1։15, 16; Առակներ 8։30, 31)։ Մի՞թե զարմանալի է, որ Հիսուսը քաջածանոթ էր Եհովայի ստեղծագործություններին։ Տեսնենք, թե նա ուսուցանելիս ինչպես էր վարպետորեն օգտագործում այդ գիտելիքները։

16, 17. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսին ծանոթ էր ոչխարների վարքագիծը։ բ) Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ ոչխարները իսկապես ճանաչում են իրենց հովվի ձայնը։

16 Հիշենք, որ Հիսուսը իրեն նմանեցնում է «լավ հովվի», իսկ իր հետևորդներին՝ «ոչխարների»։ Հիսուսի խոսքերից երևում է, որ լավ ծանոթ էր ոչխարների վարքագծին։ Նա գիտեր, որ հովվի ու ոչխարների միջև յուրահատուկ կապվածություն կա։ Հիսուսը նշեց, որ ոչխարները հեշտ են հնազանդվում առաջնորդությանը և հավատարմորեն հետևում իրենց հովվին։ Ինչո՞ւ։ «Որովհետև ճանաչում են նրա ձայնը»,– ասաց Հիսուսը (Հովհաննես 10։2-4, 11)։ Ի՞նչ փաստեր ունենք։

17 Ահա թե ինչ է գրում Ջորջ Սմիթը իր գրքում. «Երբեմն մեր հետճաշյա հանգիստը անցկացնում էինք հրեական ջրհորներից մեկի կողքին. սովորաբար նման ջրհորների մոտ հավաքվում են երեքից չորս հովիվներ՝ իրենց հոտերով։ Հոտերը խառնվում էին իրար, ու մենք մտածում էինք, թե ինչպես հովիվները պիտի տարբերեն իրենց ոչխարներին և հավաքել իրենց հոտը։ Երբ ոչխարները վերջացնում էին ջուր խմելն ու խաղալը, հովիվները մեկը մյուսի հետևից տարբեր կողմեր էին գնում, և յուրաքանչյուրը իրեն հատուկ ձևով կանչում էր նրանց։ Ոչխարները սկսում էին առանձնանալ ընդհանուր խմբից, և ամեն մեկը գնում էր դեպի իր հովիվը։ Հոտերը կազմակերպված հեռանում էին, ինչպես որ եկել էին» (The Historical Geography of the Holy Land)։ Դժվար թե Հիսուսը ավելի լավ օրինակ գտներ իր ունկնդիրներին հետևյալը բացատրելու համար. եթե ընդունում ենք իր սովորեցրածները ու հետևում դրանց, նաև հնազանդվում ենք իր առաջնորդությանը, ապա անպայման կզգանք, թե ինչպես է «լավ հովիվը» քնքշորեն և սիրով հոգ տանում մեր մասին։

18. Որտեղի՞ց կարող ենք տեղեկություններ գտնել Եհովայի ստեղծագործությունների մասին։

18 Ինչպե՞ս կարող ենք ստեղծագործությունից վերցված օրինակներ օգտագործել։ Պարզ, բայց արդյունավետ համեմատությունների համար լավ միջոց են կենդանիներին բնորոշ առանձնահատկությունները։ Իսկ որտեղի՞ց գտնել այդպիսի տեղեկություններ։ Աստվածաշնչում հաճախ է ուշադրություն դարձվում կենդանիներին բնորոշ գծերին։ Օրինակ՝ այսպիսի համեմատություններ են բերվում. արագավազ ինչպես վիթերն ու ընձառյուծները, զգուշավոր ինչպես օձը, աննենգ ինչպես աղավնին (1 Տարեգրություն 12։8; Ամբակում 1։8; Մատթեոս 10։16 c Այլ տեղեկություններ կարելի է գտնել «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում, ինչպես նաև jw.org կայքի «Արդյոք պատահականությո՞ւն է» բաժնի հոդվածներում և տեսանյութերում։ Շատ բան կսովորես, եթե ուշադիր լինես, թե ինչպես են այդ նյութերում Եհովայի ստեղծագործությունները օգտագործվում որպես պարզ համեմատություններ։

Մարդկանց ծանոթ օրինակներ

19, 20. ա) Կեղծ ուսմունքները հերքելու համար ինչպե՞ս Հիսուսը արդյունավետորեն օգտագործեց իր օրերում տեղի ունեցած մի դեպք։ բ) Ուսուցանելիս ինչպե՞ս կարող ենք օգտագործել այն դեպքերը, որ տեղի են ունենում մարդկանց կյանքում։

19 Որպես ուսանելի օրինակ՝ կարելի է դեպքեր պատմել իրական կյանքից։ Մի անգամ Հիսուսն օգտագործեց այդ օրերին տեղի ունեցած մի միջադեպ՝ հերքելու համար այն սխալ պատկերացումը, թե դժբախտություն պատահում է նրանց, ովքեր արժանի են դրան։ Նա ասաց. «Այն 18 հոգին, որ մահացան, երբ Սիլովամի մոտի աշտարակը փուլ եկավ նրանց վրա, կարծում եք՝ նրանք Երուսաղեմի մյուս բոլոր բնակիչներից ավելի՞ մեղավոր էին» (Ղուկաս 13։4)։ Այդ 18 անհատները չէին զոհվել այն պատճառով, որ ինչ-որ մեղք էին գործել և դրանով զայրացրել Աստծուն։ Նրանց ողբերգական մահը «անսպասելի ժամանակ անկանխատեսելի դեպքերի» հետևանք էր (Ժողովող 9։11)։ Փաստորեն հայտնի միջադեպ հիշատակելով՝ Հիսուսը հերքեց մի կեղծ ուսմունք։

20 Ուսուցանելիս ինչպե՞ս կարող ենք օգտագործել այն իրադարձությունները, որ տեղի են ունենում մարդկանց կյանքում։ Ենթադրենք՝ քննարկում ես Հիսուսի ներկայության նշանի վերաբերյալ մարգարեության կատարումը (Մատթեոս 24։3-14)։ Կարող ես նշել վերջին նորությունները պատերազմների, սովերի կամ երկրաշարժերի մասին ու ցույց տալ, որ նշանի կոնկրետ առանձնահատկություններ արդեն կատարվում են։ Կամ էլ գուցե ուզում ես բացատրել, թե ինչ փոփոխություններ է հարկավոր անել նոր անձնավորություն հագնելու համար (Եփեսացիներ 4։20-24)։ Որտեղի՞ց հարմար օրինակներ գտնել։ Կարող ես պատմել, թե ինչպես է մեր հավատակիցներից ոմանց կյանքը փոխվել կամ օրինակներ բերել Եհովայի վկաների հրատարակություններից։ Կարող ես նաև օրինակներ գտնել jw.org կայքի «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» բաժնից։

21. Աստծու Խոսքի լավ ուսուցիչը ի՞նչ օրհնություններ է ստանում։

21 Իրոք, Հիսուսը Վարպետ Ուսուցիչ էր։ Այս բաժնում տեսանք, որ նրա կյանքի նպատակն էր «ուսուցանել.... քարոզել Թագավորության մասին բարի լուրը» (Մատթեոս 4։23)։ Այս գործը առաջին տեղում է նաև մեր կյանքում։ Լավ ուսուցիչը բազում օրհնություններ է ստանում։ Ուսուցանելիս տալիս ենք ուրիշներին, իսկ տալը երջանկություն է պարգևում (Գործեր 20։35)։ Երջանկությունը գալիս է այն բանի գիտակցումից, որ ուրիշներին հայտնում ենք իրական ու հարատև արժեք ունեցող մի բան՝ Եհովայի մասին ճշմարտությունը։ Մենք նաև մեծ բավականություն ենք ստանում՝ հետևելով Հիսուսին՝ երկրի վրա ապրած մեծագույն Ուսուցչին։

a Հիսուսի երկրային կյանքի մասին առաջին արձանագրությունը, ակներևաբար, Մատթեոսի Ավետարանն է, որը գրվել է նրա մահից մոտ ութ տարի անց։

b Հիսուսը նաև նշեց, որ քահանան ու ղևտացին գալիս էին «Երուսաղեմից», այսինքն՝ վերադառնում էին տաճարից։ Ուստի ոչ ոք չէր կարող իրավամբ արդարացնել այդ մարդկանց անտարբերությունը՝ ասելով, թե նրանք չմոտեցան վիրավոր անհատին, քանի որ մահացածի տպավորություն էր թողնում, իսկ նրանք չէին ուզում ժամանակավորապես անպիտան դառնալ ու չծառայել տաճարում (Ղևտական 21։1; Թվեր 19։16

c Այն մասին, թե ինչ են խորհրդանշում որոշ կենդանիների բնորոշ գծերը, կարող ես կարդալ «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանի 1-ին հատորում, էջ 268, 270-271, անգլ. (էջ 824, 826-827, ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։