ԳԼՈՒԽ 115
Մոտենում է Հիսուսի վերջին Պասեքը
ՄԱՏԹԵՈՍ 26։1–5, 14–19 ՄԱՐԿՈՍ 14։1, 2, 10–16 ՂՈՒԿԱՍ 22։1–13
-
ՀՈՒԴԱ ԻՍԿԱՐԻՈՎՏԱՑՈՒՆ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ՀԻՍՈՒՍԻՆ ՄԱՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
-
ԵՐԿՈՒ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ ՊԱՍԵՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ
Ձիթենյաց լեռան վրա Հիսուսը պատասխանել է առաքյալների այն հարցին, թե որն է լինելու իր ներկայության և աշխարհի վախճանի նշանը։
Նիսանի 11-ը շատ զբաղված օր է եղել։ Այժմ, հավանաբար, նրանք գնում են Բեթանիա՝ գիշերելու։ Ճանապարհին Հիսուսն ասում է իր առաքյալներին. «Դուք գիտեք, որ երկու օր հետո Պասեքն է լինելու, և մարդու Որդուն մատնելու են, որ ցցին գամվի» (Մատթեոս 26։2)։
Հաջորդ օրը, որը չորեքշաբթի է, Հիսուսը, ակներևաբար, անցկացնում է իր առաքյալների հետ։ Նախորդ օրը նա հանդիմանել է կրոնական առաջնորդներին և բոլորի առաջ քողազերծել նրանց։ Եվ այդ կրոնական առաջնորդները քայլեր են ձեռնարկում, որ սպանեն Հիսուսին։ Ուստի նիսանի 12-ին Հիսուսը բացահայտորեն դուրս չի գալիս մարդկանց մեջ, որ ոչինչ չխանգարի իրեն առաքյալների հետ նշելու Պասեքը, որը տոնելու են հաջորդ օրը՝ արևամուտից հետո՝ նիսանի 14-ին։
Սակայն Պասեքից առաջ ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները ձեռքերը ծալած չեն նստում։ Նրանք հավաքվում են քահանայապետի՝ Կայիափայի բակում։ Նրանք խիստ վրդովված են Հիսուսի դատապարտական խոսքերից։ Այժմ նրանք դավ են նյութում, որ «խորամանկությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն»։ Իսկ ինչպե՞ս և ե՞րբ են նրանք իրականացնելու իրենց ծրագիրը։ Նրանք ասում են. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, որ ժողովրդի մեջ խռովություն չբարձրանա» (Մատթեոս 26։4, 5)։ Նրանք վախենում են ժողովրդից, քանի որ Հիսուսը վայելում է շատերի հավանությունը։
Այդ ընթացքում նրանց մոտ է գալիս մի մարդ։ Նրանք անչափ զարմանում են՝ տեսնելով, որ դա Հիսուսի առաքյալներից մեկն է՝ Հուդա Իսկարիովտացին։ Սատանան նրան միտք է տվել, որ նա դավաճանի իր տիրոջը։ Հուդան հարցնում է կրոնական առաջնորդներին. «Ինձ ի՞նչ կտաք, եթե Հիսուսին ձեզ մատնեմ» (Մատթեոս 26։15)։ Դա լսելով՝ նրանք անչափ ուրախանում են ու «պայմանավորվում են նրան արծաթե դրամ տալ» (Ղուկաս 22։5)։ Որքա՞ն դրամ են տալու Հուդա Իսկարիովտացուն։ Նրանք համաձայնվում են տալ նրան 30 կտոր արծաթ։ Հետաքրքրական է, որ 30 սիկղը ծառայի համար վճարվող գին է (Ելք 21։32)։ Նման ցածր գին առաջարկելով՝ կրոնական առաջնորդները դրսևորում են իրենց արհամարհանքը Հիսուսի հանդեպ։ Այժմ Հուդան սկսում է «հարմար առիթ փնտրել, որ նրանց ձեռքը մատնի նրան, երբ մոտակայքում ժողովուրդ չլինի» (Ղուկաս 22։6)։
Չորեքշաբթի օրը՝ մայրամուտին, սկսվում է նիսանի 13-ը։ Սա վեցերորդ և վերջին գիշերն է, որ Հիսուսն անցկացնում է Բեթանիայում։ Հինգշաբթի օրը անհրաժեշտ է պատրաստություններ տեսնել Պասեքը տոնելու համար։ Հարկավոր է գառ գնել, որ երբ սկսի նիսանի 14-ը, այն մորթեն ու առանց մասերի բաժանելու ամբողջությամբ խորովեն։ Իսկ որտե՞ղ են Հիսուսն ու իր աշակերտները ուտելու Պասեքի ընթրիքը, և ո՞վ է պատրաստելու այն։ Հիսուսը դրա հետ կապված մանրամասներ չի ասել։ Ուստի Հուդան չի կարող այդ մասին տեղեկություններ հայտնել ավագ քահանաներին։
Հինգշաբթի օրը՝ հավանաբար կեսօրից հետո, Հիսուսը Պետրոսին և Հովհաննեսին Բեթանիայից ուղարկում է Երուսաղեմ՝ ասելով. «Գնացե՛ք և մեզ համար Պասեքի ընթրիքը պատրաստեք»։ Նրանք հարցնում են. «Որտե՞ղ ես ուզում, որ այն պատրաստենք»։ Հիսուսը պատասխանում է. «Երբ քաղաք մտնեք, ձեզ մի մարդ կհանդիպի ջրի սափոր տանելիս։ Նրա հետևից գնացեք ու մտեք այն տունը, ուր որ նա կմտնի։ Եվ տանտիրոջն ասացեք. «Ուսուցիչը հարցնում է. «Որտե՞ղ է այն հյուրասենյակը, որտեղ աշակերտներիս հետ Պասեքի ընթրիքը պիտի ուտեմ»»։ Եվ այդ մարդը կահավորված մի մեծ վերնասենյակ ցույց կտա ձեզ. այնտե՛ղ պատրաստեք» (Ղուկաս 22։8–12)։
Անկասկած, տանտերը Հիսուսի աշակերտներից է։ Նա հավանաբար սպասում է, որ Հիսուսը իր տանն է տոնելու Պասեքը։ Ուստի երբ երկու առաքյալները հասնում են Երուսաղեմ, ամեն բան այնպես է լինում, ինչպես ասել էր Հիսուսը։ Նրանք հոգ են տանում, որ գառը պատրաստ լինի, և անում են մյուս անհրաժեշտ գործերը Պասեքի համար։ Այնպես որ ամեն բան պատրաստ է, որ 13 հոգի՝ Հիսուսը և իր 12 առաքյալները տոնեն Պասեքը։