ԳԼՈՒԽ 62
Խոնարհության դաս
ՄԱՏԹԵՈՍ 17։22–18։5 ՄԱՐԿՈՍ 9։30–37 ՂՈՒԿԱՍ 9։43–48
-
ՀԻՍՈՒՍԸ ԿՐԿԻՆ ԽՈՍՈՒՄ Է ԻՐ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
-
ՁԿԱՆ ԲԵՐԱՆԻՑ ՀԱՆԱԾ ԴՐԱՄՈՎ ՎՃԱՐՈՒՄ Է ՏՈՒՐՔԸ
-
Ո՞Վ Է ՄԵԾ ԼԻՆԵԼՈՒ ԵՐԿՆՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Իր այլակերպությունից և դիվահար տղային բուժելուց հետո Հիսուսը Փիլիպոսի Կեսարիայից ուղևորվում է դեպի Կափառնայում։ Նա չի ցանկանում, որ մարդիկ իմանան, թե ուր է ինքը գնում։ Նրա հետ են միայն իր աշակերտները (Մարկոս 9։30)։ Հիսուսը այս առիթն օգտագործում է, որպեսզի աշակերտների հետ կրկին խոսի իր մահվան մասին և այն գործի մասին, որ նրանք պետք է անեն իր մահից հետո։ Հիսուսն ասում է. «Մարդու Որդին պետք է մարդկանց ձեռքը մատնվի։ Նրանք կսպանեն նրան, բայց երրորդ օրը նա հարություն կառնի» (Մատթեոս 17։22, 23)։
Աշակերտների համար սա նոր տեղեկություն չէ։ Հիսուսն արդեն խոսել էր այն մասին, որ ինքը պետք է մահանա, թեև Պետրոսը չէր ցանկանում հավատալ, որ նման բան կարող է պատահել (Մատթեոս 16։21, 22)։ Բացի այդ, երեք առաքյալները տեսել էին Հիսուսի այլակերպությունը և լսել էին նրա «հեռանալու մասին» զրույցը (Ղուկաս 9։31)։ Այժմ, լսելով Հիսուսի խոսքերը, աշակերտները «շատ են տխրում», չնայած ամբողջությամբ չեն հասկանում դրանց իմաստը (Մատթեոս 17։23)։ Այդուհանդերձ, չեն համարձակվում հարցեր տալ նրա մահվան մասին։
Ի վերջո նրանք հասնում են Կափառնայում՝ Հիսուսի գործունեության հիմնական վայրը և աշակերտներից մի քանիսի հայրենի քաղաքը։ Այստեղ տաճարի տուրք գանձողները մոտենում են Պետրոսին։ Հավանաբար, նրանք ուզում են մեղադրել Հիսուսին հարկերը չվճարելու մեջ և ասում են. «Ձեր ուսուցիչը չի՞ վճարում տաճարի տուրքը» (Մատթեոս 17։24)։
«Վճարում է»,— պատասխանում է Պետրոսը։ Դրանից հետո աշակերտները տուն են գնում։ Հիսուսը արդեն տեղյակ է պատահածի մասին, ուստի չի սպասում, որ Պետրոսը պատմի այդ մասին, այլ հարցնում է. «Սիմո՛ն, ի՞նչ ես կարծում, երկրի թագավորները ումի՞ց են տուրք և գլխահարկ վերցնում։ Իրենց որդիների՞ց, թե՞ օտարներից»։ Պետրոսը պատասխանում է՝ «օտարներից»։ Հիսուսն էլ ասում է նրան. «Ուրեմն որդիներն ազատված են հարկերից» (Մատթեոս 17։25, 26)։
Հիսուսի հայրը տիեզերքի Թագավորն է՝ այն անձնավորությունը, որին երկրպագում են տաճարում։ Փաստորեն, Աստծու Որդին իրավական տեսանկյունից պարտավոր չէ վճարել տաճարի հարկը։ Սակայն Հիսուսն ասում է. «Բայց որպեսզի նրանց համար գայթակղության պատճառ չլինենք, գնա ծովը, կարթը գցիր, վերցրու դուրս եկած առաջին ձուկը ու երբ բացես նրա բերանը, այնտեղ մի սատեր [արծաթե դրամ կամ տետրադրախմա] կգտնես։ Վերցրու այն և տուր նրանց իմ ու քո տեղը» (Մատթեոս 17։27)։
Շատ չանցած, երբ աշակերտները հավաքվում են, որոշում են հարցնել Հիսուսին, թե ով է մեծ լինելու երկնքի Թագավորության մեջ։ Քիչ առաջ նրանք վարանում էին Հիսուսին հարցեր տալ նրա մոտալուտ մահվան մասին, բայց այժմ առանց վարանելու ուզում են հարցնել իրենց ապագայի մասին։ Հիսուսը հասկանում է, թե ինչի մասին են նրանք մտածում, քանի որ Կափառնայումի ճանապարհին իր հետևից քայլելիս նրանք վիճում էին այդ նույն հարցի շուրջ։ Ուստի նա հարցնում է. «Ինչի՞ մասին էիք վիճում ճանապարհին» (Մարկոս 9։33)։ Առաքյալները շփոթվում են և ոչինչ չեն պատասխանում, քանի որ վիճում էին այն մասին, թե ով է իրենցից մեծը։ Վերջապես նրանք Հիսուսին տալիս են իրենց հուզող հարցը. «Ո՞վ է մեծ երկնքի թագավորության մեջ» (Մատթեոս 18։1)։
Զարմանալի է, որ աշակերտները վիճում են այսպիսի հարցի շուրջ, թեև արդեն երեք տարի է, ինչ Հիսուսի հետ են ու լսում են նրա սովորեցրածները։ Սակայն, ինչ խոսք, նրանք անկատար են, նաև մեծացել են այնպիսի կրոնական մթնոլորտում, որտեղ մեծ կարևորություն է տրվում դիրքին ու պաշտոնին։ Բացի այդ, վերջերս Հիսուսը խոստացել է Պետրոսին տալ Թագավորության բանալիները, գուցե դրա պատճառով Պետրոսը սկսել է իրեն ավել բարձր համարել մյուսներից։ Հավանաբար,
Հակոբոսն ու Հովհաննեսը նույնպես սկսել են իրենց բարձր համարել, քանի որ ականատես են եղել Հիսուսի այլակերպությանը։Անկախ նրանից, թե որն է նրանց սխալ մտածելակերպի պատճառը, Հիսուսը ցանկանում է շտկել այն։ Նա կանչում է մի երեխայի, նրան կանգնեցնում է աշակերտների մեջտեղը և ասում. «Եթե չփոխվեք ու չդառնաք երեխաների նման, դուք բնավ չեք մտնի երկնքի թագավորություն։ Ուստի ով իր անձը խոնարհեցնի այս երեխայի նման, նա մեծ կլինի երկնքի թագավորության մեջ, և ով մի այսպիսի երեխայի ընդունի իմ անունով, ինձ ընդունած կլինի» (Մատթեոս 18։3–5)։
Ուսուցման ինչպիսի՜ հրաշալի մեթոդ։ Հիսուսը չի բարկանում իր աշակերտների վրա և նրանց չի անվանում ագահ կամ փառատենչ, այլ մի ակնառու օրինակ է բերում։ Փոքր երեխաները չեն ձգտում բարձր դիրքի կամ փառքի։ Ուստի այս օրինակով Հիսուսը ցույց է տալիս, որ իր աշակերտները պետք է լինեն խոնարհ ու համեստ։ Նա եզրափակում է իր խոսքը՝ ասելով. «Ով փոքրի պես է վարվում ձեր մեջ, նա է մեծ» (Ղուկաս 9։48)։