ԳԼՈՒԽ 58
Նա կերակրում է մարդկանց և խոսում է «թթխմորից» զգուշանալու մասին
ՄԱՏԹԵՈՍ 15։32–16։12 ՄԱՐԿՈՍ 8։1–21
-
ՀԻՍՈՒՍԸ ԿԵՐԱԿՐՈՒՄ Է 4 000 ՏՂԱՄԱՐԴՈՒ
-
ՊԱՏՎԻՐՈՒՄ Է ԶԳՈՒՇԱՆԱԼ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻ ԹԹԽՄՈՐԻՑ
Գալիլեայի ծովի արևելյան կողմում՝ Դեկապոլիսի շրջանում, շատ մարդիկ են հավաքվել Հիսուսի մոտ։ Նրանք եկել են, որ լսեն Հիսուսին, և որ նա բուժի իրենց։ Այդ մարդիկ իրենց հետ մեծ զամբյուղներով ուտելիք են բերել։
Սակայն անցնում է որոշ ժամանակ, և Հիսուսն ասում է իր աշակերտներին. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ոչինչ չունեն ուտելու։ Եթե նրանց քաղցած ուղարկեմ իրենց տները, ճանապարհին ուժասպառ կլինեն, քանի որ նրանցից ոմանք հեռու տեղից են եկել»։ Բայց աշակերտներն ասում են. «Այս ամայի վայրում որտեղի՞ց կարող է ինչ-որ մեկը հաց գտնել ու կշտացնել այս ժողովրդին» (Մարկոս 8։2–4)։
Հիսուսն ասում է նրանց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք պատասխանում են. «Յոթ հաց և մի քանի փոքր ձուկ» (Մատթեոս 15։34)։ Այդ ժամանակ Հիսուսը մարդկանց պատվիրում է գետնին նստել։ Նա վերցնում է հացերն ու ձկները և Աստծուն աղոթելուց հետո դրանք տալիս է աշակերտներին, որպեսզի նրանք բաժանեն ժողովրդին։ Բոլորը ուտում են ու կշտանում։ Վերջում, երբ ավելացածը հավաքում են, յոթ կողով է լցվում։ Ուտողները մոտ 4000 տղամարդիկ էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։
Ժողովրդին արձակելուց հետո Հիսուսն իր աշակերտների հետ նավով ուղևորվում է դեպի Մագդաղե, որը գտնվում է Գալիլեայի ծովի արևմտյան ափին։ Այստեղ փարիսեցիները և սադուկեցիների աղանդի մի քանի անդամներ ցանկանում են փորձել Հիսուսին և խնդրում են նրան, որ երկնքից մի նշան ցույց տա իրենց։
Հասկանալով նրանց մղումները՝ Հիսուսն ասում է. «Երբ երեկոն իջնում է, սովորաբար ասում եք՝ «պարզ եղանակ է լինելու, քանի որ երկինքը հուր-կարմիր է», իսկ առավոտյան, թե՝ «այսօր ցուրտ, անձրևոտ եղանակ է լինելու, որովհետև թեպետ երկինքը հուր-կարմիր է, սակայն մռայլ է»։ Գիտեք՝ ինչպես մեկնել երկնքի երեսը, բայց ժամանակների նշանները չեք կարողանում մեկնել» (Մատթեոս 16։2, 3)։ Հիսուսը փարիսեցիներին ու սադուկեցիներին ասում է, որ նրանց ոչ մի նշան չի տրվի, բացի Հովնանի նշանից։
Դրանից հետո Հիսուսն ու իր աշակերտները նստում են նավակը և շարժվում դեպի Բեթսայիդա, որը գտնվում է Գալիլեայի ծովի հյուսիսարևելյան ափին։ Ճանապարհին աշակերտները նկատում են, որ մոռացել են իրենց հետ բավականաչափ հաց վերցնել, և բացի մեկ հացից, ոչինչ չունեն։ Հիսուսը, մտածելով փարիսեցիների ու Հերովդեսի կողմնակիցների՝ սադուկեցիների հետ իր վերջին զրույցի մասին, իր աշակերտներին նախազգուշացնում է. «Աչալո՛ւրջ եղեք և զգուշացե՛ք փարիսեցիների թթխմորից և Հերովդեսի թթխմորից»։ Աշակերտները սխալմամբ կարծում են, թե խոսելով թթխմորի մասին՝ Հիսուսն ակնարկում է, որ իրենք մոռացել են հաց վերցնել։ Տեսնելով, որ աշակերտները սխալ են հասկացել իր խոսքերը՝ Հիսուսն ասում է. «Ինչո՞ւ եք վիճում, թե հաց չունեք» (Մարկոս 8։15–17)։
Ընդամենը մի քան օր առաջ Հիսուսը հազարավոր մարդկանց էր կերակրել։ Ուստի աշակերտները պետք է հասկանային, որ նրա մտահոգությունը բառացի հացի պակասը չէ։ Հիսուսը հարցնում է. «Չե՞ք հիշում, երբ հինգ հազարի համար այն հինգ Մարկոս 8։18–20)։
հացերը կտրեցի, քանի՞ զամբյուղ լիքը կտորտանքներ վերցրիք»։ Նրանք պատասխանում են՝ «տասներկու»։ Ապա Հիսուսն ասում է. «Իսկ երբ չորս հազարի համար այն յոթ հացերը կտրեցի, քանի՞ կողով լիքը կտորտանքներ վերցրիք»։ Նրանք պատասխանում են՝ «յոթ» (Հիսուսը հարցնում է. «Մի՞թե չեք հասկանում, որ հացի մասին չեմ խոսում ձեզ հետ, այլ փարիսեցիների և սադուկեցիների թթխմորից զգուշանալու մասին» (Մատթեոս 16։11)։
Վերջապես աշակերտները հասկանում են, թե ինչ նկատի ունի Հիսուսը։ Թթխմորը թթվեցնում է խմորի ողջ զանգվածը և մեծացնում է դրա ծավալը։ Իր այս խոսքերում Հիսուսը թթխմորը ներկայացնում է որպես ապականության խորհրդանիշ։ Նա պատվիրում է աշակերտներին զգուշանալ «փարիսեցիների և սադուկեցիների ուսմունքներից», որոնք ապականիչ ազդեցություն են թողնում մարդկանց վրա (Մատթեոս 16։12)։