ԳԼՈՒԽ 66
Տաղավարների տոնի ժամանակ
-
ՀԻՍՈՒՍԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՏԱՃԱՐՈՒՄ
Հիսուսի մկրտությունից հետո անցել են տարիներ, և արդեն շատերն են ճանաչում նրան։ Հազարավոր հրեաներ տեսել են նրա կատարած հրաշքները, և նրա գործերի մասին լուրերը տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Այժմ Երուսաղեմում Տաղավարների տոնին շատերն են փնտրում նրան։
Հիսուսի մասին տարբեր կարծիքներ են հնչում։ Ոմանք ասում են. «Լավ մարդ է»։ Մյուսներն էլ ասում են. «Լավը չէ, ժողովրդին մոլորեցնում է» (Հովհաննես 7։12)։ Տոնի առաջին օրերին նրա մասին տարբեր բաներ են խոսում։ Սակայն ոչ ոք չի համարձակվում բացահայտորեն խոսել հօգուտ նրա, քանի որ վախենում են հրեա առաջնորդներից։
Տոնի ընթացքում Հիսուսը գնում է տաճար։ Մարդկանցից շատերը հիանում են՝ լսելով, թե ինչպես է նա ուսուցանում։ Հիսուսը չի սովորել ռաբունական դպրոցներում, ուստի հրեաները զարմացած ասում են. «Այս մարդուն որտեղի՞ց այսպիսի գիտելիքներ, չէ՞ որ դպրոցներում չի սովորել» (Հովհաննես 7։15)։
Հիսուսն էլ պատասխանում է. «Ինչ որ սովորեցնում եմ, իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է։ Եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, այս ուսմունքի մասին կիմանա՝ արդյոք այն Աստծո՞ւց է, թե՞ ես ինձնից եմ խոսում» (Հովհաննես 7։16, 17)։ Այն, ինչ սովորեցնում է Հիսուսը, ներդաշնակ է Աստծու Օրենքին, ուստի բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ նա ոչ թե իր փառքն է փնտրում, այլ Աստծու։
Ապա Հիսուսն ասում է. «Մի՞թե Մովսեսը ձեզ չտվեց Օրենքը։ Բայց ձեզանից ոչ մեկը չի հնազանդվում Օրենքին։ Ինչո՞ւ եք ուզում սպանել ինձ»։ Մարդկանցից ոմանք, որոնք հավանաբար Երուսաղեմ են եկել այլ տեղերից, տեղյակ չեն, որ հրեաները այդպիսի մտադրություն ունեն։ Նրանց համար անհավանական է, որ որևէ մեկը ցանկանա սպանել այդպիսի ուսուցչի։ Ուստի Հիսուսի խոսքերը լսելով՝ նրանք մտածում են, որ նա թերևս ինչ-որ մտային խնդիր ունի և ասում են. «Դու դև՛ ունես։ Քեզ ո՞վ է ուզում սպանել» (Հովհաննես 7։19, 20)։
Իրականում, մոտ մեկուկես տարի առաջ՝ այն բանից հետո, երբ Հիսուսը շաբաթ օրով բուժել էր մի մարդու, հրեա առաջնորդները ուզում էին սպանել նրան։ Այժմ Հիսուսը բերում է մտածելու տեղիք տվող մի փաստարկ, որպեսզի ցույց տա, որ նրանք ողջամտորեն չեն դատում։ Նա մատնանշում է այն փաստը, որ ըստ Օրենքի՝ նորածին երեխային պետք է ութերորդ օրը թլփատեն, անգամ եթե այդ օրը շաբաթ է։ Ապա ասում է. «Եթե մարդը շաբաթ օրը թլփատվում է, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, ինձ վրա զայրանո՞ւմ եք, որ շաբաթ օրը մի մարդու լրիվ առողջացրի։ Արտաքինով մի՛ դատեք, այլ արդարությամբ դատեք» (Հովհաննես 7։23, 24)։
Երուսաղեմի բնակիչները տեղյակ են, որ հրեա առաջնորդները մտադիր են սպանել Հիսուսին, ուստի ասում են. «Սա այն մարդը չէ՞, որին [իշխանները] ուզում են սպանել։ Բայց ահա նա բացահայտ խոսում է, և ոչինչ չեն ասում նրան։ Չլինի՞ թե իշխաններն էլ համոզվեցին, թե նա է Քրիստոսը»։ Իսկ նրանց հաջորդ խոսքերը ցույց են տալիս, թե որն է պատճառը, որ չեն հավատում Հիսուսին։ Նրանք ասում են. «Մենք գիտենք, թե որտեղից է այս մարդը։ Իսկ երբ Քրիստոսը գա, ոչ ոք չի իմանալու, թե որտեղից է նա» (Հովհաննես 7։25–27)։
Ի պատասխան՝ Հիսուսն ասում է. «Դուք գիտեք ինձ և գիտեք, թե որտեղից եմ ես։ Ես չեկա իմ նախաձեռնությամբ։ Նա, ով ուղարկեց ինձ, իսկապես գոյություն ունի, բայց դուք չեք ճանաչում նրան։ Իսկ ես ճանաչում եմ նրան, որովհետև ես նրա կողմից եմ եկել, և նա է ինձ ուղարկել» (Հովհաննես 7։28, 29)։ Լսելով այդ խոսքերը՝ նրանք փորձում են բռնել Հիսուսին, որ բանտարկեն և սպանեն նրան։ Սակայն դա նրանց չի հաջողվում, քանի որ Հիսուսի մահանալու ժամանակը դեռ չի եկել։
Այդուհանդերձ, շատերը հավատում են Հիսուսին և դրա համար հիմնավոր պատճառներ ունեն. Հիսուսը քայլել է ջրի վրայով, հրաշքով կերակրել է հազարավոր մարդկանց, բուժել է տարբեր հիվանդների՝ կաղերի, կույրերի, բորոտների, և անգամ Հովհաննես 7։31)։
հարություն է տվել մահացածների։ Ուստի նրանք ասում են. «Երբ որ Քրիստոսը գա, մի՞թե ավելի շատ հրաշքներ կանի, քան այս մարդն արեց» (Փարիսեցիները լսում են, որ մարդիկ այսպիսի բաներ են ասում Հիսուսի մասին։ Այդ ժամանակ նրանք, ինչպես նաև ավագ քահանաները պահապաններ են ուղարկում, որ ձերբակալեն Հիսուսին։