Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 18

«Ցասումս կմոլեգնի»

«Ցասումս կմոլեգնի»

ԵԶԵԿԻԵԼ 38։18

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. Գոգի հարձակումը բորբոքում է Եհովայի բարկությունը։ Եհովան պաշտպանում է իր ժողովրդին Արմագեդոն պատերազմի ժամանակ

1-3. ա) Ի՞նչ է լինելու, երբ Եհովան գործի իր մեծ ցասումով (տես առաջին նկարը)։ բ) Ի՞նչ ենք քննելու։

 ՏՂԱՄԱՐԴԻԿ, կանայք ու երեխաները, միասին կանգնած, երգում են Թագավորության երգերից մեկը։ Հետո մի երեց ջերմեռանդ աղոթում է Եհովային՝ աղերսելով, որ պաշտպանի իրենց։ Ժողովում բոլորը վստահ են, որ Եհովան հոգ կտանի իրենց համար, բայց, ամեն դեպքում, նրանք կարիք ունեն հավաստիանալու դրանում և մխիթարվելու։ Դրսում կռվի ձայներ են լսվում։ Արմագեդոնը սկսվել է (Հայտն. 16։14, 16

2 Արմագեդոնի ժամանակ Եհովան մարդկանց նկատմամբ իր դատաստանն իրագործելու է մոլեգնած ցասումով (կարդա Եզեկիել 38։18)։ Նա իր բարկությունը կարտահայտի կործանարար զորությամբ՝ ուղղելով այն ոչ թե մեկ զորքի կամ ազգի դեմ, այլ ողջ երկրագնդի վրա ապրող անթիվ-անհամար մարդկանց դեմ։ «Այդ օրը ողջ երկիրը՝ մի ծայրից մինչև մյուսը, լցված կլինի Եհովայի կողմից սպանվածներով» (Երեմ. 25։29, 33

3 Ի՞նչն է մղելու սիրո Աստված Եհովային, ով «գթառատ ու կարեկից» է և «շուտ չի բարկանում», ցասումով լցվել և այդպես վարվել (Ելք 34։6; 1 Հովհ. 4։16)։ Այս հարցի պատասխանը կարող է մեզ շատ մխիթարել, քաջությամբ լցնել և մղել ավելի մեծ եռանդով մասնակցելու քարոզչական գործին։

Ի՞նչն է բորբոքում Եհովայի ցասումը

4, 5. Ինչո՞վ է Աստծու բարկությունը տարբերվում անկատար մարդկանց բարկությունից։

4 Նախ պետք է գիտակցենք, որ Եհովայի բարկությունը չի արտահայտվում անկատար մարդկանց բարկության պես։ Երբ մարդու բարկությունը վերածվում է ցասման և ապա՝ անկառավարելի գործերի, հետևանքները հաճախ ցավալի են լինում։ Օրինակ՝ Ադամի ավագ որդի Կայենը «խիստ բարկացավ», քանի որ Եհովան նրա բերած զոհը չընդունեց, մինչդեռ Աբելինը՝ ընդունեց։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Կայենը սպանեց իր արդար եղբորը (Ծննդ. 4։3-8; Եբր. 11։4)։ Հիշենք նաև Դավթին, որի մասին խոսվում է որպես մեկի, ով Եհովայի սրտին հաճելի մարդ էր (Գործ. 13։22)։ Նույնիսկ այս լավ մարդը քիչ էր մնում՝ սարսափելի հանցագործություն աներ, երբ իմացավ, որ Նաբաղը, ով հարուստ կալվածատեր էր, անպատվել է իրեն ու իր մարդկանց։ Բարկությամբ բորբոքվելով՝ Դավիթն ու իր ռազմիկները «սրերն իրենց մեջքին կապեցին», որպեսզի սպանեն ոչ միայն երախտամոռ Նաբաղին, բայց և նրա տան արական սեռի բոլոր ներկայացուցիչներին։ Սակայն որքան ուրախալի էր, որ Նաբաղի կինը՝ Աբիգեան, կարողացավ համոզել Դավթին ու նրա մարդկանց վրեժխնդիր չլինել (1 Սամ. 25։9-14, 32, 33)։ Որքան տեղին են Եհովայի ներշնչմամբ Հակոբոսի գրած հետևյալ խոսքերը. «Մարդը, զայրույթին տեղի տալով, Աստծու արդարության համաձայն չի գործում» (Հակ. 1։20

Եհովան միշտ վերահսկում է իր բարկությունը և առանց պատճառի չի զայրանում

5 Ի տարբերություն մարդկանց՝ Եհովան միշտ վերահսկում է իր բարկությունը և առանց պատճառի չի զայրանում։ Նույնիսկ խիստ բարկացած՝ նա արդարացի է վարվում։ Երբ նա պատերազմում է թշնամու դեմ, երբեք «արդարին չարագործի հետ» չի կործանում (Ծննդ. 18։22-25)։ Ավելին՝ Եհովան միայն հիմնավոր պատճառով է բարկանում։ Քննենք այդպիսի պատճառներից երկուսը և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։

6. Ինչպե՞ս է Եհովան արձագանքում, երբ իր անունը արատավորում են։

6 Պատճառ. Եհովայի անունը արատավորվում է։ Ովքեր պնդում են, թե Եհովային են ներկայացնում, սակայն չար բաներ են անում, արատավորում են նրա համբավը և բորբոքում են նրա արդար բարկությունը (Եզեկ. 36։23)։ Ինչպես իմացանք այս գրքի նախորդ գլուխներից, Իսրայելի ազգը մեծ նախատինք բերեց Եհովայի անվանը, ուստի իր վերաբերմունքով և գործերով բորբոքեց Եհովայի բարկությունը։ Բայց Աստծու զայրույթը երբեք վերահսկողությունից դուրս չեկավ. նա պատժեց իր ժողովրդին միայն հարկ եղած չափով և ոչ դրանից ավելին (Երեմ. 30։11)։ Եվ երբ այդ պատիժն իր նպատակին ծառայեց, նրա բարկությունը ամբողջովին հանդարտվեց (Սաղ. 103։9

7, 8. Ի՞նչ ենք սովորում՝ խորհելով Իսրայելի հետ Եհովայի ունեցած հարաբերությունների մասին։

7 Դասեր։ Այն, թե Եհովան ինչպես էր վարվում իսրայելացիների հետ, սթափեցնող նախազգուշացում է մեզ համար։ Հնում ապրած իսրայելացիների պես՝ մենք պատիվ ունենք կրելու Եհովայի անունը. մենք Եհովայի վկաներն ենք (Ես. 43։10)։ Մեր խոսքերն ու գործերը ուղղակիորեն անդրադառնում են Աստծու համբավի վրա, ում ներկայացնում ենք։ Մենք երբեք չենք ցանկանա հանդգնորեն սխալ արարքներ անել և այդպիսով արատավորել Եհովայի անունը։ Նման մեղսավոր ուղին վաղ թե ուշ կբորբոքի նրա բարկությունը, և նա կգործի՝ ի պաշտպանություն իր համբավի (Եբր. 3։13, 15; 2 Պետ. 2։1, 2

8 Պե՞տք է արդյոք մեզ վախեցնի այն, որ Եհովան կարող է ցասումով բորբոքվել։ Դա պե՞տք է խանգարի մեզ մտերմանալ նրա հետ։ Ո՛չ։ Մենք գիտենք, որ Եհովան համբերատար է ու ներող (Ես. 55։7; Հռոմ. 2։4)։ Բայց գիտենք նաև, որ նա սենտիմենտալ չէ։ Իրականում մեր սրտում ակնածանք է առաջանում, երբ գիտակցում ենք, որ Աստված բարկանում է նրանց վրա, ովքեր համառորեն շարունակում են քայլել մեղքի ճանապարհով, և որ նա թույլ չի տա՝ նման մարդիկ մնան իր ժողովրդի մեջ (1 Կորնթ. 5։11-13)։ Եհովան հստակ հայտնել է մեզ, թե ինչպիսի վերաբերմունքն ու գործերն են իրեն զայրացնում, և մեզանից է կախված՝ կխուսափենք դրանցից, թե ոչ (Հովհ. 3։36; Հռոմ. 1։26-32; Հակ. 4։8

9, 10. Ինչպե՞ս է Եհովան արձագանքում, երբ իր հավատարիմ ժողովրդին վտանգ է սպառնում։ Բեր օրինակ։

9 Պատճառ. Եհովայի հավատարիմ ժողովրդին վտանգ է սպառնում։ Եհովայի բարկությունը բորբոքվում է, երբ թշնամիները հարձակվում են նրանց վրա, ովքեր նվիրված են իրեն և պաշտպանություն են փնտրում իր թևերի տակ։ Երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից, փարավոնն իր հզոր զորքով մինչև Կարմիր ծովը հետապնդեց թվացյալ անօգնական ժողովրդին։ Բայց երբ այդ զորեղ բանակը նրանց հետևից մտավ ցամաքեցված ծովը, Եհովան մարտակառքերի անիվները հանեց և եգիպտական զորքը ծովում խորտակեց, այնպես որ «մեկն անգամ ողջ չմնաց» (Ելք 14։25-28)։ Եհովան, իր ժողովրդի հանդեպ «հավատարիմ սիրուց» մղված, իր ցասումը թափեց եգիպտացիների վրա (կարդա Ելք 15։9-13

Եզեկիայի օրերում Եհովան հրեշտակի միջոցով պաշտպանեց իր ժողովրդին ասորեստանցիների հարձակումից։ Նույն ձևով էլ Արմագեդոնի ժամանակ նա մեզ կպաշտպանի իր երկնային զորքի միջոցով (տես պարբերություններ 10, 23)

10 Եհովան իր ժողովրդի հանդեպ սիրուց մղված է գործել նաև Եզեկիա թագավորի օրոք։ Ասորեստանի բանակը՝ այդ ժամանակների ամենազորեղ ու դաժան ռազմական ուժերից մեկը, արշավեց դեպի Երուսաղեմ։ Եհովայի հավատարիմ ծառաներին շրջափակում և դանդաղ ու դաժան մահ էր սպառնում (2 Թագ. 18։27)։ Նրանց պաշտպանելու համար Եհովան ուղարկեց ընդամենը մեկ հրեշտակի, որը մի գիշերվա մեջ սպանեց 185 000 ասորեստանցի զինվորի (2 Թագ. 19։34, 35)։ Պատկերացրու, թե հաջորդ առավոտ ինչ էր կատարվում թշնամու բանակատեղիում։ Գետնին ընկած էին նիզակներ, վահաններ ու թրեր։ Շեփորի ձայն չէր հնչում։ Ոչ ոք հրամաններ չէր տալիս զինվորներին։ Ռազմական վրաններում սահմռկեցուցիչ լռություն էր տիրում։ Ամենուրեք դիակներ էին։

11. Ինչո՞ւ ենք մխիթարվում և զորանում՝ խորհելով այն մասին, թե Եհովան ինչպես է արձագանքել, երբ նրա ժողովրդին վտանգ է սպառնացել։

11 Դասեր։ Այն, թե Եհովան ինչպես է արձագանքում, երբ իր ժողովրդին սպառնում են, լուրջ նախազգուշացում է մեր թշնամիների համար. չէ՞ որ «սարսափելի բան է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը», երբ նրա բարկությունը բորբոքված է (Եբր. 10։31)։ Մեզ համար, սակայն, անցյալի այդ օրինակները մխիթարում են ու քաջությամբ լցնում։ Մենք քաջալերվում ենք՝ իմանալով, որ մեր մեծագույն թշնամին՝ Սատանան, անշուշտ պարտվելու է։ Նրա իշխանությանը «քիչ ժամանակ» է մնացել (Հայտն. 12։12)։ Իսկ մինչ այդ մենք կարող ենք խիզախորեն ծառայել Եհովային՝ վստահ լինելով, որ ոչ մի մարդ, կազմակերպություն կամ կառավարություն չի կարող հետ պահել մեզ Աստծու կամքը կատարելուց (կարդա Սաղմոս 118։6-9)։ Այդ համոզվածությունն արտահայտեց Պողոս առաքյալը՝ Աստծու ներշնչմամբ գրելով. «Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է դեմ կանգնել մեզ» (Հռոմ. 8։31

12. Մեծ նեղության ժամանակ ի՞նչը կբորբոքի Եհովայի ցասումը։

12 Արագահաս մեծ նեղության ժամանակ Եհովան կպաշտպանի մեզ, ինչպես որ դա արել է այն ժամանակ, երբ եգիպտացիները ընկել էին իսրայելացիների հետևից, և հետագայում, երբ ասորեստանցիները պաշարել էին Երուսաղեմը։ Երբ մեր թշնամիները փորձեն ոչնչացնել մեզ, Եհովան, մեր հանդեպ անհուն սիրուց մղված, իր ողջ բարկությամբ գործի կանցնի։ Ովքեր հիմարաբար կվարվեն ու կհարձակվեն մեզ վրա, ըստ էության՝ կդիպչեն Եհովայի աչքի բիբին։ Նրա արձագանքը արագ և վճռական կլինի (Զաք. 2։8, 9)։ Եհովան իսպառ կվերացնի իր թշնամիներին, և դա նմանը չունեցող կոտորած կլինի։ Սակայն երբ Եհովան իր բարկությունը թափի նրանց վրա, նրանք հիմք չեն ունենա ասելու, թե նախազգուշացված չեն եղել։ Ինչո՞ւ։

Ի՞նչ նախազգուշացումներ է տվել Եհովան

13. Ի՞նչ նախազգուշացումներ է Եհովան տվել։

13 Եհովան «շուտ չի բարկանում», և նա բազմաթիվ անգամ նախազգուշացրել է, որ կկործանի այն մարդկանց, ովքեր ընդդիմանում են իրեն և սպառնում իր ծառաներին (Ելք 34։6, 7)։ Եհովան Երեմիայի, Եզեկիելի, Դանիելի, Հիսուս Քրիստոսի և այլ մարգարեների, ինչպես նաև Պետրոս, Պողոս և Հովհաննես առաքյալների միջոցով նախազգուշացրել է այդ վճռորոշ պատերազմի՝ Արմագեդոնի մասին (տես «Եհովան նախազգուշացնում է գալիք մեծ պատերազմի մասին» շրջանակը)։

14, 15. Ի՞նչ է Եհովան արել և ինչո՞ւ։

14 Եհովան հոգ է տարել, որ այդ նախազգուշացումները գրի առնվեն իր Խոսքում։ Նա նաև այնպես է արել, որ Աստվածաշունչը պատմության մեջ ամենատարածված և ամենաշատ թարգմանված գիրքը լինի։ Աշխարհով մեկ Աստծու կամավորների բանակը ուրիշներին օգնում է նրա հետ լավ հարաբերություններ զարգացնել, ինչպես նաև նախազգուշացնել «Եհովայի մեծ օրվա» մասին, որը շատ մոտ է (Սոփ. 1։14; Սաղ. 2։10-12; 110։3)։ Նա մղում է իր ծառաներին Աստվածաշունչն ուսումնասիրելու համար նախատեսված հրատարակություններ թարգմանել հարյուրավոր լեզուներով և ամեն տարի հարյուր միլիոնավոր ժամեր տրամադրել իր Խոսքում արձանագրված խոստումների ու նախազգուշացումների մասին պատմելու համար։

15 Եհովան այս ամենն արել է և շարունակում է անել, «որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ ցանկանում է, որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։ Ի՜նչ մեծ պատիվ է ներկայացնել մեր սիրառատ, համբերատար Աստծուն և մեր լուման ներդնել նրա մասին լուրի տարածման գործում։ Բայց Աստծու նախազգուշացումներին ականջ դնելու ժամանակը խիստ սահմանափակ է։

Ե՞րբ է Եհովայի «ցասումը մոլեգնելու»

16, 17. Եհովան օր նշանակե՞լ է Արմագեդոն պատերազմի համար։ Բացատրիր։

16 Եհովան այդ վճռորոշ պատերազմի համար օր է նշանակել։ Նա վաղուց գիտի, թե երբ են թշնամիները հարձակվելու իր ժողովրդի վրա (Մատթ. 24։36)։ Որտեղի՞ց նա գիտի դա։

17 Ինչպես քննեցինք նախորդ գլխում, Եհովան ասաց Գոգին. «Ես.... կարթ կանցկացնեմ քո ծնոտից»։ Աստված իրադարձություններին այնպիսի ընթացք կտա, որ ազգերն իրենք սկսեն այս պատերազմը (Եզեկ. 38։4)։ Դա չի նշանակում, որ Եհովան է հրահրելու այդ բախումը, ոչ էլ այն, որ նա զրկելու է իր թշնամիներին ազատ կամքից։ Իրականում դա նշանակում է, որ Եհովան կարող է կարդալ մարդկանց սրտերը և գիտի, թե իր թշնամիներն ինչպես կգործեն այս կամ այն իրավիճակում (Սաղ. 94։11; Ես. 46։9, 10; Երեմ. 17։10

18. Ինչո՞ւ են մարդիկ անելու բաներ, որոնցով դուրս են գալու Ամենակարող Աստծու դեմ։

18 Այսպիսով՝ եթե Եհովան չի սկսելու այս պատերազմը, ոչ էլ ստիպելու է իր թշնամիներին դա անել, ուրեմն ինչո՞ւ են մահկանացու մարդիկ հանդգնելու անել այնպիսի բաներ, որոնցով դուրս են գալու Ամենակարողի դեմ։ Այդ ժամանակ մարդիկ գուցե իրենք իրենց համոզած լինեն, որ Աստված գոյություն չունի, կամ որ նա երբեք չի միջամտի մարդկանց գործերին։ Թերևս, նրանք այդպես կմտածեն, քանի որ կարճ ժամանակ առաջ բոլոր կեղծ կրոնական կազմակերպությունները վերացրած կլինեն։ Նրանք հնարավոր է՝ եզրակացնեն, որ եթե Աստված գոյություն ունենար, ապա, անշուշտ, կպաշտպաներ այն կառույցները, որոնք պնդում էին, թե իրեն են ներկայացնում։ Նրանք այդպես էլ չեն հասկանա, որ Աստված էր այդ միտքը դրել նրանց սրտերում, որպեսզի վերացներ կեղծ կրոնները, որոնք շարունակաբար անպատվում էին իր անունը (Հայտն. 17։16, 17

19. Ըստ ամենայնի, ի՞նչ կլինի կեղծ կրոնի ոչնչացումից հետո։

19 Կեղծ կրոնի ոչնչացումից հետո Եհովան, ակներևաբար, իր ժողովրդին կհանձնարարի սթափեցնող լուր հաղորդել, որը «Հայտնություն» գիրքը նմանեցնում է կարկտի, որի ամեն մի հատիկը մոտ 20 կգ (45 ֆունտ) է կշռում (Հայտն. 16։21, ծնթ.)։ Այս լուրը, հավանաբար, քաղաքական և առևտրային համակարգերի մոտալուտ վախճանի մասին է։ Քանի որ այն խիստ անտանելի է լինելու շատ մարդկանց համար, նրանք Աստծու հասցեին անարգական խոսքեր են ասելու։ Ըստ երևույթին, հենց այս լուրն է դրդելու ազգերին ողջ ուժով հարձակվելու Աստծու ծառաների վրա՝ նրանց մեկընդմիշտ լռեցնելու համար։ Նրանք մտածելու են, թե մենք անպաշտպան ենք՝ դյուրահաս մի թիրախ։ Ինչպիսի՜ ինքնախաբեություն։

Եհովան ինչպե՞ս է արտահայտելու իր ցասումը

20, 21. Ո՞վ է Գոգը, և ի՞նչ կպատահի նրան։

20 Ինչպես քննեցինք 17-րդ գլխում, Եզեկիելի օգտագործած մարգարեական անվանումը՝ «Գոգը, որը Մագոգ երկրից է», վերաբերում է ազգերի դաշինքին, որը հարձակվելու է մեզ վրա (Եզեկ. 38։2)։ Բայց այդ դաշինքի անդամները միմյանց կապված են լինելու ընդամենը մի բարակ թելով։ Թվացյալ համագործակցության քողի ներքո նրանք մրցելու են իրար հետ, լինելու են հպարտ ու ազգայնամոլ։ Ուստի Եհովան հեշտությամբ նրանցից ամեն մեկի սուրը «իր եղբոր դեմ» է ուղղելու (Եզեկ. 38։21)։ Սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, որ ազգերն են իրենք իրենց կործանելու։

21 Մեր թշնամիները նախքան կործանվելը կտեսնեն մարդու Որդու նշանը, որը, ակներևաբար, Եհովայի և Հիսուսի գերբնական զորության դրսևորումն է լինելու։ Մեր հակառակորդները այնպիսի բաներ են տեսնելու, որ խիստ տագնապելու են։ Ինչպես որ ասել է Հիսուսը, «մարդկանց սիրտը կթուլանա վախից ու երկրի վրա կատարվելիք բաների մռայլ սպասումից» (Ղուկ. 21։25-27)։ Ահ ու սարսափով համակված՝ նրանք հասկանալու են, որ Եհովայի ժողովրդի վրա հարձակվելը մեծ սխալ էր։ Նրանք ստիպված կլինեն ընդունելու, որ դուրս են եկել Ստեղծչի՝ Զորքերի տեր Եհովայի և Մեծն հրամանատարի դեմ (Սաղ. 46։6-11; Եզեկ. 38։23)։ Կասկած անգամ չկա, որ իր երկնային զորքի ողջ զորությունը և բնության ուժերը գործի դնելով՝ Եհովան կպաշտպանի իրեն նվիրված ծառաներին, իսկ թշնամիներին կոչնչացնի (կարդա 2 Պետրոս 2։9

Երբ իր ժողովրդին սպառնան, Եհովան իր երկնային զորքի միջոցով կպաշտպանի նրան՝ իր ցասումը թափելով թշնամիների վրա (տես պարբերություն 21)

22, 23. Ովքե՞ր կպաշտպանեն Աստծու ժողովրդին, և նրանք ի՞նչ զգացումով կանեն դա։

Եհովայի օրվա մասին մանրամասներ իմանալը ի՞նչ անելու է մեզ մղում

22 Պատկերացրու, թե Հիսուսը ինչ մեծ փափագով է սպասում այն ժամանակվան, երբ Աստծու զորքին առաջնորդելու է նրա թշնամիների դեմ պատերազմում և պաշտպանելու է նրանց, ովքեր սիրում են իր Հորը և ծառայում նրան։ Պատկերացրու նաև, թե ինչ են այդ ժամանակ զգալու օծյալները։ Արմագեդոնը սկսվելուց առաջ՝ ինչ-որ պահի, երկրի վրա մնացած օծյալները երկնային կյանք կստանան, և բոլորը՝ 144 000-ը, Հիսուսի հետ պատերազմ կմղեն (Հայտն. 17։12-14)։ Օծյալներից շատերը, անկասկած, այս վերջին օրերի ընթացքում սերտ համագործակցել են «ուրիշ ոչխարների» հետ և մտերմացել են նրանց հետ։ Արմագեդոնին օծյալները թե՛ իշխանություն և թե՛ զորություն կունենան պաշտպանելու այն մարդկանց, ովքեր հավատարմորեն իրենց աջակցել են փորձությունների ժամանակ (Մատթ. 25։31-40

23 Հրեշտակները նույնպես Հիսուսի երկնային զորքի մաս են կազմելու (2 Թեսաղ. 1։7; Հայտն. 19։14)։ Նրանք արդեն Հիսուսին օգնել են երկնքից վռնդել Սատանային ու դևերին (Հայտն. 12։7-9)։ Բացի այդ՝ նրանք ներգրավված են Եհովային երկրպագել ցանկացողներին դեպի ճշմարտություն բերելու գործում (Հայտն. 14։6, 7)։ Ուստի շատ տեղին է, որ Եհովան հրեշտակներին թույլ է տալու պաշտպանել այդ հավատարիմ մարդկանց։ Եվ, որ ամենակարևորն է, Եհովայի ողջ զորքը մեծ պատիվ է ունենալու սրբացնելու և արդարացնելու նրա անունը, կամ՝ համբավը՝ աջակցելով նրան իր թշնամիներին ոչնչացնելու գործում (Մատթ. 6։9, 10

24. Մեծ բազմությունն ինչպե՞ս է արձագանքելու, երբ սկսվի Արմագեդոն պատերազմը։

24 Եվ այսպես՝ մեծ բազմության անդամները վախենալու ոչ մի պատճառ չեն ունենալու, քանի որ նրանց թիկունքին կանգնած է լինելու հզոր մի զորք, որը վճռականորեն տրամադրված է պաշտպանելու նրանց։ Իրականում նրանք «ուղիղ կկանգնեն՝ գլուխը բարձր պահած, որովհետև [իրենց] ազատագրումը մոտենում է» (Ղուկ. 21։28)։ Ուստի որքա՜ն կարևոր է, որ նախքան Եհովայի օրվա գալը մենք հնարավորինս շատ մարդկանց օգնենք ճանաչելու և սիրելու մեր գթառատ Հորը՝ մեր հզոր Պաշտպանին (կարդա Սոփոնիա 2։2, 3

Արմագեդոնի ժամանակ Եհովայի ժողովուրդը չի կռվելու։ Երբ թշնամիները միմյանց դեմ կռվեն, հրեշտակները կպաշտպանեն Աստծու ծառաներին (Եզեկ. 38։21) (տես պարբերություններ 22-24)

25. Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։

25 Մարդկանց մղած պատերազմների հետևանքը քաոսն է, ցավն ու տառապանքը։ Մինչդեռ Արմագեդոնից հետո կարգուկանոն է տիրելու, և բոլորը երջանիկ են լինելու։ Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այն ժամանակ, երբ Եհովայի ցասումը հանդարտվի, նրա ռազմիկներն իրենց սրերը պատյանները դնեն, և մեծ պատերազմի վերջին աղաղակները լռեն։ Հաջորդ գլխում այդ սքանչելի ապագայի մասին ենք խոսելու։