Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 22

«Աստծո՛ւն երկրպագիր»

«Աստծո՛ւն երկրպագիր»

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 22։9

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. «Եզեկիել» գրքի հիմնական թեմաների ամփոփումը ու դրանց կիրառումն այսօր և ապագայում

1, 2. ա) Ի՞նչ ընտրության առաջ ենք բոլորս կանգնած։ բ) Ինչպե՞ս մի հավատարիմ հրեշտակ արձագանքեց, երբ Հովհաննեսը ցանկացավ երկրպագել նրան։

 ՄԵԶՆԻՑ յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն մի կարևոր հարց տա. ո՞ւմ եմ ուզում երկրպագել։ Շատերը գուցե ասեն, որ սա բարդ հարց է, և որ տարբերակները բազմաթիվ են։ Իրականում, սակայն, այն բարդ չէ, կա միայն երկու տարբերակ. կա՛մ երկրպագել Եհովա Աստծուն, կա՛մ Բանսարկու Սատանային։

2 Սատանան երկրպագություն է տենչում։ Դա ակնհայտ դարձավ հատկապես այն ժամանակ, երբ նա փորձության ենթարկեց Հիսուսին։ Ինչպես խոսվեց այս գրքի 1-ին գլխում, Սատանան Հիսուսին մի հրապուրիչ առաջարկ արեց՝ իշխանություն երկրի բոլոր թագավորությունների վրա։ Իսկ ի՞նչ էր նա ուզում դրա փոխարեն։ Նա Հիսուսին ասաց իր պայմանը. «Եթե գեթ մեկ անգամ.... երկրպագես ինձ» (Մատթ. 4։9)։ Ի տարբերություն Սատանայի՝ այն հրեշտակը, որը Հովհաննեսին հայտնություն տվեց, հրաժարվեց երկրպագություն ընդունելուց (կարդա Հայտնություն 22։8, 9)։ Երբ Հովհաննեսը ցանկացավ երկրպագել հրեշտակին, Աստծու այդ խոնարհ ոգեղեն որդին ոչ թե ասաց՝ «Երկրպագիր ինձ», այլ ասաց՝ «Մի՛ արա այդ բանը», և ավելացրեց. «Աստծո՛ւն երկրպագիր»։

3. ա) Ո՞րն է այս հրատարակության նպատակը։ բ) Ի՞նչ ենք այժմ քննելու։

3 Այս հրատարակության նպատակն է ամրացնել մեր վճռականությունը վարվելու այդ հրեշտակի պատվերի համաձայն՝ երկրպագելու միմիայն Եհովա Աստծուն (2 Օրենք 10։20; Մատթ. 4։10)։ Եկեք հակիրճ ամփոփենք, թե մաքուր երկրպագության վերաբերյալ ինչ սովորեցինք՝ ուսումնասիրելով Եզեկիելի մարգարեություններն ու տեսիլքները։ Ապա Սուրբ Գրքի օգնությամբ մենք մտովի կտեղափոխվենք ապագա՝ այն ժամանակները, երբ երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդ կանցնի վերջին փորձությունը, փորձություն, որի արդյունքում կորոշվի, թե ով կապրի ու կտեսնի Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը առհավետ վերականգնված։

«Եզեկիել» գրքի երեք հիմնական թեմաները

4. Ի՞նչ երեք թեմաներ են ամփոփված «Եզեկիել» գրքում։

4 «Եզեկիել» գիրքը սովորեցնում է մեզ, որ մաքուր երկրպագություն մատուցել չի նշանակում ընդամենը ձևական ծիսակատարություն անել։ Մեզնից ակնկալվում է 1) բացարձակ նվիրվածություն դրսևորել Եհովայի նկատմամբ, 2) միասնականորեն մաքուր երկրպագություն մատուցել և 3) ուրիշների հանդեպ սեր ցուցաբերել։ Մտածիր, թե այս գրքում ուսումնասիրվող մարգարեություններն ու տեսիլքները ինչպես են ընդգծում այս երեք թեմաները։

Առաջին թեմա. բացարձակ նվիրվածություն դրսևորել Եհովայի նկատմամբ

5-9. Ի՞նչ սովորեցինք Եհովայի հանդեպ բացարձակ նվիրվածություն դրսևորելու մասին։

5 Գլուխ 3։ a Տպավորիչ տեսիլքը, որում Եհովան նստած է հզոր ոգեղեն էակների վերևում՝ իր գահին, որի շուրջբոլորը շողշողացող ծիածան է, հիմնավոր կերպով փաստում է այն, որ միայն Ամենակարողն է արժանի մեր երկրպագությանը (Եզեկ. 1։4, 15-28

6 Գլուխ 5։ Որքա՜ն ցավալի էր տեսիլքում տեսնել, որ Եհովայի տաճարը պղծվում է։ Այս տեսիլքը ցույց է տալիս, որ ոչինչ հնարավոր չէ թաքցնել Եհովայից։ Նրա աչքից չի վրիպում անհավատարմության ոչ մի դրսևորում, օրինակ՝ երբ իր ծառաները սկսում են կուռքեր պաշտել։ Այո՛, նա տեսնում է ցանկացած բան, անգամ եթե մարդիկ դա չեն տեսնում։ Դավաճանությունը նրան ցավ է պատճառում, և նա պատժում է իրեն անհավատարիմ մարդկանց (Եզեկ. 8։1-18

7 Գլուխ 7։ Իսրայելին «անզուսպ ծաղրող» շրջակա ազգերի նկատմամբ կայացրած դատավճիռները փաստում են, որ Եհովան պատասխանատվության է կանչում նրանց, ովքեր իր ժողովրդի հետ վատ են վարվում (Եզեկ. 25։6)։ Սակայն այդ ազգերի հետ Իսրայելի ունեցած հարաբերություններից նաև սովորում ենք, որ Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը պետք է ամեն բանից վեր լինի։ Մենք երբեք չենք ցածրացնի մեր չափանիշները, որպեսզի հաճեցնենք մեր այն հարազատներին, ովքեր չեն պաշտում Եհովային։ Նաև հույս չենք դնի հարստության վրա, ոչ էլ փոխզիջումների կգնանք չեզոքության հարցում՝ մարդկային կառավարությունների հանդեպ հավատարմություն դրսևորելով, ինչին արժանի է միայն Եհովան։

8 Գլուխներ 13 և 14։ Բարձր լեռան վրա գտնվող տաճարի վերաբերյալ տեսիլքն ուսումնասիրելով՝ սովորեցինք, որ պետք է ապրենք Եհովայի վեհ չափանիշների համաձայն՝ գիտակցելով, որ նա մյուս բոլոր աստվածներից բարձր է (Եզեկ. 40։1-48։35

9 Գլուխ 15։ Իսրայելի և Հուդայի մասին մարգարեական արձանագրությունը, որում նրանք նկարագրվում են որպես մարմնավաճառներ, մեզ հիշեցնում է, թե Եհովայի համար որքան զզվելի է հոգևոր դավաճանությունը (Եզեկ. գլ. 16 և 23

Երկրորդ թեմա. միասնականորեն մաքուր երկրպագություն մատուցել

10-14. Ո՞ր արձանագրություններն են ընդգծում Աստծուն միասնականորեն մաքուր երկրպագություն մատուցելու կարևորությունը։

10 Գլուխ 8։ Այն մարգարեությունները, որոնցում խոստում է տրվում, որ Եհովան «մեկ հովիվ» է նշանակելու իր ժողովրդին հոգ տանելու համար, ընդգծում են այն միտքը, որ Հիսուսի առաջնորդության ներքո մենք պետք է միասնականորեն և խաղաղությամբ գործենք (Եզեկ. 34։23, 24; 37։24-28

11 Գլուխ 9։ Բաբելոնյան գերությունից Աստծու ժողովրդի ազատ արձակվելու և հայրենիք վերադառնալու մասին Եզեկիելի մարգարեությունները վերաբերում են նաև նրանց, ովքեր այսօր ցանկանում են հաճեցնել Եհովային։ Եհովային մաքուր երկրպագություն մատուցողները պետք է ազատվեն և հեռու մնան կեղծ կրոնի ապականիչ ազդեցությունից։ Թեև մենք անցյալում տարբեր կրոնների ենք հարել, ունենք սոցիալական տարբեր կարգավիճակ և տարբեր էթնիկական պատկանելիություն, պետք է միասնական լինենք, ինչը բնորոշում է մեզ՝ որպես Աստծու ժողովրդի (Եզեկ. 11։17, 18; 12։24; Հովհ. 17։20-23

12 Գլուխ 10։ Միասնականության թեման ընդգծվում է կյանքի կոչված չորացած ոսկորների մասին տեսիլքում։ Ի՜նչ մեծ պատիվ է մեզ համար լինել Աստծուն մաքուր երկրպագություն մատուցողների թվում, որոնք ուս-ուսի ծառայող մեծ բանակ են (Եզեկ. 37։1-14

13 Գլուխ 12։ Միասնականության միտքը հատկապես ընդգծվում է երկու փայտերի՝ մեկ դառնալու մասին մարգարեությունում։ Որքա՜ն է մեր հավատը զորանում, երբ տեսնում ենք, թե ինչպես են օծյալները և «ուրիշ ոչխարները» մասնակցում այս մարգարեության կատարմանը։ Ապրելով կրոնական և քաղաքական ատելության պատճառով պառակտված այս աշխարհում՝ մենք միասնական ենք մնում՝ կապված լինելով սիրո և նվիրվածության անխզելի կապերով (Եզեկ. 37։15-23

14 Գլուխ 16։ Թանաքամանով մարդու և կործանարար զենքեր ունեցող մարդկանց մասին տեսիլքը սթափեցնող նախազգուշացում է պարունակում. փրկության նշանը ստանալու համար հարկավոր է մաքուր երկրպագության կողմը բռնել մինչև «մեծ նեղության» սկսվելը (Մատթ. 24։21; Եզեկ. 9։1-11

Երրորդ թեմա. ուրիշների հանդեպ սեր ցուցաբերել

15-18. Ինչո՞ւ պետք է շարունակենք սեր դրսևորել և ինչպե՞ս կարող ենք դա անել։

15 Գլուխ 4։ Չորս կենդանի էակների մասին տեսիլքից իմացանք Եհովայի հատկությունների մասին, որոնցից գլխավորը սերն է։ Երբ մեր խոսքով ու գործով արտացոլում ենք այդ հատկությունը, փաստում ենք, որ Եհովան մեր Աստվածն է (Եզեկ. 1։5-14; 1 Հովհ. 4։8

16 Գլուխներ 6 և 11։ Աստծու սերը մղել է նրան նշանակելու ժամապահներ, որոնցից էր Եզեկիելը։ Աստված սեր է, ուստի չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, երբ ինքը վերջ դնի այս աշխարհի իշխանի՝ Սատանայի կառավարմանը (2 Պետ. 3։9)։ Մենք պատիվ ունենք արտացոլելու Եհովայի սերը՝ աջակցելով մերօրյա ժամապահին (Եզեկ. 33։1-9

17 Գլուխներ 17 և 18։ Եհովան գիտի, որ շատերը չեն գնահատի իր գթասրտությունը և կփորձեն ոչնչացնել իր հավատարիմ ծառաներին։ Սերը Եհովային կմղի պաշտպանելու իր ժողովրդին, երբ «Գոգը, որը Մագոգ երկրից է», հարձակվի Նրան նվիրված մարդկանց վրա։ Իսկ մեզ այսօր սերը մղում է հնարավորինս շատ մարդկանց նախազգուշացնելու, որ Եհովան կործանելու է նրանց, ովքեր ճնշում են իր ժողովրդին (Եզեկ. 38։1-39։20; 2 Թեսաղ. 1։6, 7

18 Գլուխներ 19, 20, և 21։ Կենարար գետի և երկրի բաշխման մասին տեսիլքները իր ժողովրդի հանդեպ Եհովայի սիրո վառ ապացույցն են։ Տեսիլքներում նկարագրվում են այն օրհնությունները, որոնք հնարավոր են դառնում Հիսուսի քավիչ զոհի շնորհիվ, որն էլ Եհովայի սիրո մեծագույն դրսևորումն է։ Այդ զոհի շնորհիվ մենք մեղքերի ներման հնարավորություն ունենք, իսկ ապագայում լինելով նրա ընտանիքի անդամը՝ կվայելենք կյանքը հավիտյան։ Ուրիշների հանդեպ մենք սեր կցուցաբերենք, եթե նրանց պատմենք այն սքանչելի ապագայի մասին, որը Եհովան պատրաստել է իր Որդուն հավատացող մարդկանց համար (Եզեկ. 45։1-7; 47։1-48։35; Հայտն. 21։1-4; 22։17

Խոնարհությունը փաստող քայլ՝ Հազարամյակից հետո

19. Ի՞նչ է Հիսուսն անելու Հազարամյա իշխանության ընթացքում (տես «Վերջին փորձությունը» շրջանակը)։

19 Հազարամյա իշխանության ընթացքում Հիսուսը միլիարդավոր մարդկանց կկենդանացնի և կբուժի թշնամու՝ մահվան պատճառած վերքերը (1 Կորնթ. 15։26; Մարկ. 5։38-42; Գործ. 24։15)։ Մարդկության պատմությունը տառապանքներով ու կորուստներով լի մի ողբերգություն է։ Բայց Հիսուսը, մարդկային սերունդներին մեկը մյուսի հետևից կյանքի կոչելով, կջնջի այդ տխուր պատմությունները և հարություն առածներին հնարավորություն կտա նոր էջից սկսելու իրենց պատմությունը։ Քավիչ զոհի հիման վրա նա կամոքի հիվանդության ու տկարության, պատերազմի և սովի բերած ցավը։ Ավելին՝ նա մեզ կօգնի արմատախիլ անելու և ոչնչացնելու մեր տառապանքի պատճառը՝ Ադամից ժառանգած մեղքը (Հռոմ. 5։18, 19)։ Հիսուսը վերջնականապես «կքանդի Բանսարկուի գործերը» (1 Հովհ. 3։8)։ Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո։

Հարություն առածները հնարավորություն կունենան նոր էջից սկսելու իրենց պատմությունը

20. Ինչպե՞ս են Հիսուսն ու իր 144 000 իշխանակիցները առանձնահատուկ խոնարհություն դրսևորելու։ Բացատրիր (տես առաջին նկարը)։

20 Կարդա 1 Կորնթացիներ 15։24-28։ Երբ ողջ մարդկությունը հասնի կատարելության, և երբ երկիրը ի վերջո վերածվի դրախտի, ինչը Եհովան ի սկզբանե նպատակադրել էր, Հիսուսն ու իր 144 000 իշխանակիցները իրենց խոնարհությունը փաստող մի քայլ կանեն՝ Թագավորությունը կհանձնեն Եհովային։ Նրանք հոժարակամորեն կհանձնեն այն իշխանությունը, որը հազար տարի գործի են դրել։ Իսկ Թագավորության բերած օրհնությունները հարատև կլինեն։

Վերջին փորձություն

21, 22. ա) Ինչպիսի՞ն է լինելու աշխարհը Հազարամյակի վերջում։ բ) Ինչո՞ւ է Եհովան ազատ արձակելու Սատանային ու դևերին։

21 Եհովայի հետագա արտասովոր քայլը ցույց կտա, թե որքան է նա վստահում երկրի վրա ապրող իր ծառաներին։ Նա կկարգադրի ազատել Սատանային ու դևերին անդունդից, որտեղ նրանք հազար տարի բանտարկված կլինեն (կարդա Հայտնություն 20։1-3)։ Բայց նրանց ուրիշ աշխարհ է «դիմավորելու»։ Արմագեդոնից առաջ Սատանան մոլորեցրել էր մարդկանց մեծ մասին, և ատելությունն ու նախապաշարումը պառակտել էին ողջ հասարակությունը (Հայտն. 12։9)։ Սակայն երբ հազար տարին լրանա, ողջ մարդկությունը կերկրպագի Եհովային՝ որպես համերաշխ ու սիրառատ ընտանիք։ Երկիրը չքնաղ դրախտ կդառնա, որտեղ կատարյալ ներդաշնակություն կտիրի։

22 Ինչո՞ւ է Եհովան այդ հանցագործներին՝ Սատանային ու դևերին, թույլ տալու ոտք դնել դրախտի մաքրամաքուր միջավայր։ Բանն այն է, որ Հազարամյակի վերջում մարդկանց մեծամասնությունը դեռևս փաստած չի լինելու Եհովայի հանդեպ իր նվիրվածությունը։ Շատերը, ովքեր մահացած կլինեն առանց Եհովային ճանաչելու, Հազարամյակի ընթացքում հարություն կառնեն դրախտում։ Եհովան նրանց ոչ միայն կյանքի կբերի, այլ նաև կբավարարի նրանց ֆիզիկական և հոգևոր կարիքները։ Այդ ժամանակ ոչ ոք նրանց վրա բացասական ազդեցություն չի գործի։ Նրանք շրջապատված կլինեն Եհովային սիրող ու նրան ծառայող մարդկանցով, որոնք միմիայն դրական ազդեցություն կթողնեն նրանց վրա։ Սատանան հարություն առածների նկատմամբ կարող է առաջ քաշել նույն մեղադրանքը, որով Հոբին էր մեղադրել՝ ասելով, թե նրանք Աստծուն ծառայում են զուտ այն պատճառով, որ նա նրանց պաշտպանում է և օրհնում (Հոբ 1։9, 10)։ Ուստի նախքան մեր բոլորի անունները կյանքի գրքում մշտնջենապես գրելը Եհովան մեզ հնարավորություն կտա մեկընդմիշտ փաստելու, որ նվիրված ենք իրեն՝ մեր Հորն ու Գերիշխանին (Հայտն. 20։12, 15

23. Ի՞նչ ընտրության առաջ է կանգնելու յուրաքանչյուր ոք։

23 Երբ մի կարճ ժամանակով Սատանան ազատ արձակվի, նրան թույլ կտրվի մարդկանց հեռացնել Աստծուց։ Ի՞նչ փորձություն է սպասելու մարդկանց։ Յուրաքանչյուրն անկասկած կանգնելու է այն նույն ընտրության առաջ, որի առաջ Ադամն ու Եվան էին կանգնել. կա՛մ ապրել Աստծու սահմանած չափանիշների համաձայն, նրա իշխանության կողմը բռնել և երկրպագել նրան, կա՛մ ըմբոստանալ Աստծու դեմ և Սատանայի կողմը բռնել։

24. Ինչո՞ւ են «Հայտնություն» գրքում ըմբոստները կոչվում «Գոգ և Մագոգ»։

24 Կարդա Հայտնություն 20։7-10։ Ուշագրավ է, որ Հազարամյակի վերջում Աստծու դեմ ըմբոստացողները կոչվում են «Գոգ և Մագոգ»։ Նրանք ունենալու են այնպիսի տրամադրվածություն, ինչպիսին որ ունի Մագոգ երկրից Գոգը, այսինքն՝ այն ազգերը, որոնք, Եզեկիելի մարգարեության համաձայն, մեծ նեղության ժամանակ հարձակվելու են Աստծու ժողովրդի վրա և նրա իշխանության դեմ են դուրս գալու (Եզեկ. 38։2)։ Նրանք, ովքեր Քրիստոսի հազարամյա իշխանության վերջում կըմբոստանան Աստծու դեմ, նույնպես կոչվում են «ազգեր»։ Սա մեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է։ Նշենք, որ Հազարամյա իշխանության ընթացքում մարդկությունը ազգերի բաժանված չի լինի. բոլորը մեկ կառավարության՝ Աստծու թագավորության հպատակները կլինեն։ Մենք բոլորս մեկ հոգևոր ազգի մաս կկազմենք։ Բայց այն, որ «Հայտնություն» գրքում ըմբոստները կոչվում են «Գոգ և Մագոգ» ու «ազգեր», ցույց է տալիս, որ Սատանային կհաջողվի Աստծու ծառաներից ոմանց մեջ բաժանումներ մտցնել։ Այնուամենայնիվ, ոչ ոք հարկադրված չի լինի Սատանայի կողմը բռնել. յուրաքանչյուրն ինքը կորոշի՝ Աստծուն երկրպագել, թե Սատանային։

Աստծու դեմ ըմբոստացողները կոչվում են «Գոգ և Մագոգ» (տես պարբերություն 24)

25, 26. Որքա՞ն մարդ է միանալու Սատանային, և ի՞նչ է լինելու նրանց հետ։

25 Որքա՞ն մարդ է միանալու Սատանային։ Ըմբոստների թիվը «ծովի ավազահատիկների չափ» է լինելու։ Այս արտահայտությունը պարտադիր չէ հասկանալ այն իմաստով, որ մարդկանց զգալի մասը ըմբոստանալու է։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Անդրադառնանք Աբրահամին տրված Աստծու խոստմանը։ Եհովան ասաց, որ Աբրահամի սերունդը «ծովափի ավազահատիկների» չափ կշատացնի (Ծննդ. 22։17, 18)։ Մինչդեռ համաձայն Աստվածաշնչի՝ նրա սերունդն ի վերջո 144 001 հոգուց է բաղկացած լինելու (Գաղ. 3։16, 29)։ Չնայած որ սա զգալիորեն մեծ թիվ է, այն շատ փոքր է՝ ողջ մարդկության թվի հետ համեմատած։ Նույն ձևով էլ Սատանայի կողմը բռնած մարդկանց թիվը թեև քիչ չի լինելու, սակայն նրանք ճնշող մեծամասնություն չեն կազմելու։ Այդ ըմբոստները Աստծու հավատարիմ ծառաների համար լուրջ սպառնալիք չեն լինելու։

26 Այդ ըմբոստությանը միացողներին Եհովան ակնթարթորեն կվերացնի։ Նրանք կդադարեն գոյություն ունենալուց, ինչպես որ Սատանան ու դևերը, և կյանքի կոչվելու հնարավորություն նրանց այլևս չի տրվի։ Բոլոր ժամանակներում կհիշվեն միայն նրանց չար որոշումներն ու դրանց հետևանքները (Հայտն. 20։10

27-29. Ի՞նչ է սպասում նրանց, ովքեր կանցնեն վերջին փորձությունը։

27 Իսկ այն մարդկանց անունները, ովքեր կանցնեն վերջին փորձությունը, մեկընդմիշտ կգրվեն «կյանքի գրքում» (Հայտն. 20։15)։ Այդ ժամանակ Եհովայի բոլոր հավատարիմ որդիներն ու դուստրերը որպես միասնական ընտանիք կերկրպագեն նրան, ինչին նա իսկապես արժանի է։

28 Փորձիր պատկերացնել այդ չքնաղ ապագան։ Դու կունենաս բավականություն պատճառող աշխատանք և բազմաթիվ լավ ընկերներ։ Ո՛չ դու, ո՛չ էլ հարազատներդ այլևս չեք տառապի։ Դու կատարյալ կդառնաս՝ մեղքից զերծ, և այն այլևս խոչընդոտ չի լինի քո ու Աստծու հարաբերություններում։ Եվ, որ ամենակարևորն է, բոլորը՝ թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա, կերկրպագեն Եհովային՝ կատարելապես վարվելով նրա կամքի համաձայն։ Այո՛, մաքուր երկրպագությունը վերջնականապես կվերականգնվի։

Երբ կատարյալ դառնաս, մեղքից զերծ կլինես (տես պարբերություն 28)

29 Կտեսնե՞ս այդ հիանալի ժամանակները։ Կտեսնե՛ս, եթե շարունակես կիրառել «Եզեկիել» գրքից սովորած երեք կարևոր բաները. բացարձակ նվիրվածություն դրսևորել Եհովայի նկատմամբ, միասնականորեն մաքուր երկրպագություն մատուցել և ուրիշների հանդեպ սեր ցուցաբերել։ Բայց սա դեռ ամենը չէ. Եզեկիելի տեսիլքում մի շատ կարևոր միտք էլ է պարփակված։

Պատկերացրու, թե ինչ ուրախություն ենք բոլորս ապրելու, երբ Աստծու ողջ ստեղծագործությունը՝ երկնքում, թե երկրի վրա, ի վերջո միասնականորեն մաքուր երկրպագություն մատուցի նրան (տես պարբերություններ 27-29)

«Նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»

30, 31. Ի՞նչ է նշանակելու «նրանք կիմանան, որ ես Եհովան եմ» արտահայտությունը ա) Աստծու թշնամիների համար, բ) Աստծու ժողովրդի համար։

30 Ողջ «Եզեկիել» գրքում «նրանք կիմանան, որ ես Եհովան եմ» արտահայտությունը անընդմեջ կրկնվում է (Եզեկ. 6։10; 39։28)։ Աստծու թշնամիների համար սա պատերազմ և մահ է նշանակում։ Նրանք ոչ միայն ստիպված կլինեն ընդունելու Աստծու գոյությունը, այլև իրենց դառը փորձով կհամոզվեն, որ Եհովայի վեհ անունը իսկապես նշանակում է «նա դարձնում է»։ «Զորքերի տեր Եհովան» կդառնա «հզոր պատերազմող» և կկռվի նրանց դեմ (1 Սամ. 17։45; Ելք 15։3)։ Նրանք Եհովայի մասին կհասկանան այն կարևոր ճշմարտությունը, որ ոչինչ չի կարող խանգարել նրան իրականացնել իր նպատակը, բայց արդեն շատ ուշ կլինի։

31 Աստծու ժողովրդի համար, սակայն, «նրանք կիմանան, որ ես Եհովան եմ» արտահայտությունը խաղաղություն և կյանք է նշանակելու։ Եհովան մեզ կդարձնի այն, ինչ ի սկզբանե նպատակադրել էր՝ որդիներ ու դուստրեր, ովքեր կատարելապես կարտացոլեն իր հատկությունները (Ծննդ. 1։26)։ Եհովան արդեն մեր հոգատար Հայրն ու Հովիվն է։ Շուտով նա կդառնա մեր հաղթանակած Թագավորը։ Սակայն մինչ կգան այդ ժամանակները, եկեք մեր սրտում պահենք այն ամենը, ինչ սովորեցինք՝ «Եզեկիել» գիրքն ուսումնասիրելով։ Թող որ ամեն օր մեր խոսքերով ու գործերով փաստենք, որ գիտենք, թե ով է Եհովան, և ինչպիսի Աստված է նա։ Եվ երբ մեծ նեղության փոթորկահույզ քամիները սկսեն փչել, մենք չենք վախենա։ Փոխարենը վեր կբարձրացնենք մեր գլուխները, քանի որ վստահ կլինենք, որ մեր ազատագրումը մոտենում է (Ղուկ. 21։28)։ Բայց մինչ այդ եկեք բոլոր մարդկանց օգնենք ճանաչել ու սիրել երկրպագության արժանի միակ Աստծուն՝ նրան, ով կրում է ամենավեհ անունը՝ «Եհովա» (Եզեկ. 28։26

a Բոլոր գլուխները վերաբերում են այս գրքի գլուխներին։