ԳԼՈՒԽ 5
Արարելու զորություն. «երկնքի ու երկրի» Ստեղծիչը
1, 2. Ինչպե՞ս է Արեգակը արտացոլում Եհովայի արարելու զորությունը։
ԵՐԲԵՎԷ պատահե՞լ է, որ ցուրտ գիշերը կանգնած լինես խարույկի կողքին։ Հավանաբար, ձեռքերդ կրակից ճիշտ հեռավորության վրա ես պահել, որպեսզի զգաս նրա հաճելի ջերմությունը։ Եթե չափազանց մոտ լինեիր, ջերմությունն անտանելի կլիներ։ Իսկ եթե չափից ավելի հեռանայիր, գիշերային օդի սառնության պատճառով կմրսեիր։
2 Գոյություն ունի մի «կրակ», որը ջերմացնում է մեզ ամեն օր։ Այդ «կրակը» վառվում է մոտ 150 միլիոն կիլոմետր (93 միլիոն մղոն) հեռավորության վրա։ a Ինչպիսի՜ զորություն պետք է ունենա Արեգակը, որ նման հեռավորության վրա դու կարողանաս զգալ նրա ջերմությունը։ Ահազդու այդ ջերմամիջուկային հնոցի շուրջ Երկիր մոլորակը պտտվում է ճիշտ հեռավորության վրա։ Եթե այն ավելի մոտ լիներ, ապա Երկրի վրայի ջրերը կգոլորշիանային, իսկ եթե լիներ ավելի հեռու, ապա դրանք ամբողջությամբ կսառչեին։ Այս երկու ծայրահեղությունների դեպքում էլ կյանքը Երկրի վրա հնարավոր չէր լինի։ Սակայն կյանքի պահպանման համար կենսական նշանակություն ունենալուց բացի, արևը էներգիայի կատարյալ աղբյուր է, այն աղտոտում չի առաջացնում և լուսավորում է մեր սրտերը (Ժողովող 11։7)։
3. Ի՞նչ կարևոր ճշմարտության մասին է վկայում Արեգակը։
3 Այնուամենայնիվ, շատ մարդիկ Արեգակը համարում են սովորական մի բան, չնայած որ դրանից է կախված իրենց կյանքը։ Այդպիսով նրանք չեն գիտակցում, թե այն ինչ կարող է սովորեցնել։ Ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը Եհովայի մասին. «Դու ես ստեղծել լուսատուն՝ արևը» (Սաղմոս 74։16)։ Այո՛, Արեգակը փառք է բերում Եհովային՝ «երկնքի ու երկրի» Ստեղծչին (Սաղմոս 19։1; 146։6)։ Բայց այն ընդամենը մեկն է անհամար երկնային մարմիններից, որոնք սովորեցնում են մեզ Եհովայի արարելու վիթխարի զորության մասին։ Այժմ ավելի մանրամասն քննենք դրանցից մի քանիսը, իսկ հետո ուշադրություն դարձնենք Երկիր մոլորակին, ինչպես նաև նրա վրա գոյություն ունեցող կյանքին։
Եհովան է «ստեղծել լուսատուն՝ արևը»
«Բարձրացրեք ձեր աչքերն ու նայեք»
4, 5. Որքա՞ն հզոր ու մեծ է Արեգակը և չնայած դրան՝ ինչպիսի՞ն է այն՝ մյուս աստղերի հետ համեմատած։
4 Ինչպես հավանաբար գիտես, մեր Արեգակը աստղ է։ Այն ավելի մեծ է թվում, քան գիշերային երկնքում փայլող աստղերը, որովհետև նրանց համեմատությամբ՝ բավականին մոտ է Երկրին։ Որքա՞ն հզոր է Արեգակը։ Նրա միջուկի ջերմաստիճանը հասնում է 15 000 000°C-ի (27 000 000°F)։ Եթե այդ միջուկից գնդասեղի գլխիկի մեծության մի կտոր վերցնես ու տեղավորես այստեղ՝ Երկրի վրա, ապա վտանգավոր կլինի կանգնել ջերմության այդ փոքրիկ աղբյուրից նույնիսկ 140 կիլոմետր (90 մղոն) հեռավորության վրա։ Այն ջերմությունը, որ յուրաքանչյուր վայրկյան արձակում է Արեգակը, կարելի է համեմատել հարյուր միլիոնավոր ատոմային ռումբերի պայթյունի հետ։
5 Արեգակն այնքան հսկայական է, որ նրա ներսում կարող են տեղավորվել մեր Երկիր մոլորակի նման ավելի քան 1 300 000 մոլորակներ։ Արդյո՞ք սա նշանակում է, թե այն արտասովոր մեծության աստղ է։ Ո՛չ։ Աստղագետները Արեգակն անվանում են «դեղին թզուկ»։ Պողոս առաքյալը գրել էր, որ «մի աստղը մյուս աստղից տարբերվում է իր փառքով» (1 Կորնթացիներ 15։41)։ Նա չէր էլ կարող իմանալ, թե որքան ճիշտ էին այդ ներշնչյալ խոսքերը։ Գոյություն ունի այնպիսի մեծության աստղ, որ եթե այն դրվեր Արեգակի տեղում, ապա մեր Երկիրը կհայտնվեր նրա ներսում։ Իսկ մեկ ուրիշ հսկայական աստղ, եթե դրվեր այդ տեղում, կփակեր մինչև Սատուրն ընկած ճանապարհը, այդ թվում նաև Սատուրնը, չնայած այդ մոլորակը Երկրից այնքան հեռու է, որ տիեզերանավը այնտեղ հասել է չորս տարում՝ ընթանալով 40 անգամ ավելի արագ, քան հզոր հրացանից արձակված գնդակը։
6. Ինչպե՞ս է Աստվածաշունչը ցույց տալիս, որ մարդու տեսանկյունից աստղերի թիվն անհամար է։
6 Սակայն աստղերի թիվը ավելի մեծ ահ է ներշնչում, քան նրանց չափերը։ Աստվածաշունչն ասում է, որ աստղերն իրականում անհամար են. դրանք նույնքան դժվար է հաշվել, որքան «ծովի ավազը» (Երեմիա 33։22)։ Այս խոսքերից երևում է, որ աստղերն անհամեմատ ավելի շատ են, քան հնարավոր է տեսնել անզեն աչքով։ Եթե Աստվածաշունչը գրի առնողներից մեկը, ինչպիսին որ Երեմիան էր, գիշերը նայեր երկնքին ու փորձեր հաշվել տեսանելի աստղերը, նա հավանաբար կհամրեր ընդամենը երեք հազար աստղ. պարզկա գիշերը մարդը անզեն աչքով միայն այդքան աստղ կարող է տեսնել։ Այդ թիվը կարելի է համեմատել մի բուռ ավազահատիկի հետ։ Աստղերի թիվը անհամար է, ինչպես ծովի ավազը։ b Այդքանը ո՞վ կարող է հաշվել։
7. Գիտնականներն ի՞նչ են ասում մեր գալակտիկայի աստղերի թվի և տիեզերքում եղող գալակտիկաների թվի մասին։
7 Այս հարցի պատասխանը տրվում է Եսայիա 40։26-ում. «Բարձրացրեք ձեր աչքերն ու նայեք։ Ո՞վ է ստեղծել այս ամենը։ Նա, ով աստղերի զորքը թվով է դուրս բերում և նույնիսկ անունով է կանչում նրանց բոլորին»։ Իսկ Սաղմոս 147։4-ում ասվում է. «Նա հաշվում է աստղերի թիվը»։ Իսկ որքա՞ն է «աստղերի թիվը»։ Այդ հարցին դժվար է պատասխանել։ Աստղագետները հաշվարկել են, որ միայն մեր Ծիր Կաթին գալակտիկայում կա ավելի քան 100 միլիարդ աստղ։ c Որոշ գիտնականներ նույնիսկ կարծում են, որ այդ թիվն ավելի մեծ է։ Բայց մեր գալակտիկան բազմաթիվ գալակտիկաներից ընդամենը մեկն է, և դրանց մեծ մասը ավելի շատ աստղեր ունի։ Իսկ որքա՞ն է գալակտիկաների թիվը։ Ըստ մի շարք աստղագետների՝ հարյուր միլիարդից մինչև մի քանի տրիլիոն։ Ինչպես տեսնում ենք, մարդը չի կարողանում որոշել նույնիսկ գալակտիկաների թիվը, էլ չենք խոսում դրանց կազմի մեջ մտնող միլիարդավոր աստղերի ճշգրիտ թվի մասին։ Եհովան, սակայն, գիտի այդ թիվը։ Ավելին՝ յուրաքանչյուր աստղին նա անուն է տալիս։
8. ա) Ինչպե՞ս կնկարագրեիր Ծիր Կաթին համաստեղության չափերը։ բ) Ինչի՞ շնորհիվ է Եհովան հաստատել երկնային մարմինների շարժման կարգը։
8 Երբ խորհրդածում ենք գալակտիկաների չափերի մասին, մեր ակնածանքը մեծանում է։ Ըստ հաշվարկների՝ Ծիր Կաթին գալակտիկայի տրամագիծը մոտ 100 000 լուսատարի է։ Միայն պատկերացրու. որպեսզի վիթխարի արագություն ունեցող լույսի ճառագայթը, որ յուրաքանչյուր վայրկյանում անցնում է 300 000 կիլոմետր (186 000 մղոն), կարողանա հատել մեր գալակտիկան, 100 000 տարի է հարկավոր։ Մինչդեռ որոշ գալակտիկաներ մի քանի անգամ ավելի մեծ են, քան մերը։ Աստվածաշունչն ասում է, որ այս վիթխարի երկինքը Եհովան «տարածում» է այնպես, ասես այն կտոր լինի (Սաղմոս 104։2)։ Աստված նաև հաստատել է հիշյալ ստեղծագործությունների շարժման կարգը։ Սկսած միջաստղային փոքրագույն փոշեհատիկից և վերջացրած ամենավիթխարի գալակտիկայով՝ ամեն բան շարժվում է՝ համաձայն այն ֆիզիկական օրենքների, որոնք սահմանել և գործի է դրել Եհովան (Հոբ 38։31-33)։ Գիտնականները երկնային մարմինների այդ ճշգրիտ շարժումները նմանեցնում են բարդ շարժումներով բալետի։ Այժմ խորհիր նրա մասին, ով ստեղծել է այդ ամենը։ Մի՞թե ակնածանքով չես լցվում Աստծու հանդեպ, որն արարելու այսպիսի վիթխարի զորություն ունի։
«Իր զորությամբ ստեղծել է երկիրը»
9, 10. Եհովայի զորությունը ինչպե՞ս է երևում այն բանից, թե ինչ դիրք ունեն մեր արեգակնային համակարգը, Յուպիտերը, Երկիրը և Լուսինը։
9 Եհովայի արարելու զորության վկայությունը կարելի է տեսնել նաև մեր «տան»՝ Երկիր մոլորակի օրինակով։ Այս հսկայական տիեզերքում Աստված մեծ ճշգրտությամբ է տեղավորել Երկիրը։ Որոշ գիտնականներ այն կարծիքի են, որ շատ գալակտիկաներ, ըստ ամենայնի, օթևան չէին տա կյանք պարունակող այնպիսի մոլորակի, ինչպիսին երկրագունդն է։ Ակնհայտ է, որ մեր Ծիր Կաթին գալակտիկայի մեծ մասը նույնպես նախատեսված չէ կյանքի գոյության համար։ Գալակտիկայի կենտրոնը «խցանված» է աստղերով։ Ճառագայթումը բարձր է, աստղերի բախման հավանականությունը՝ մեծ։ Իսկ գալակտիկայի ծայրերում պակասում են կյանքի համար կարևոր շատ էլեմենտներ։ Սակայն մեր արեգակնային համակարգը իդեալական կերպով տեղադրված է այս երկու ծայրահեղ կետերի միջև։
10 Երկիրը ունի հեռավոր, հսկայական մի «պաշտպան»՝ Յուպիտեր մոլորակը։ Իր չափերով ավելի քան հազար անգամ գերազանցելով Երկրին՝ Յուպիտերը հսկայական ձգողականություն ունի։ Արդյունքո՞ւմ։ Այն ձգում է տիեզերքով սլացող մարմինները կամ շեղում է դրանց ուղղությունը։ Գիտնականները հաշվարկել են, որ առանց Յուպիտերի՝ Երկրի վրա թափվող հսկայական մարմինների անձրևը 10 000 անգամ ավելի ուժգին կլիներ, քան ներկայումս է։ Մեր երկրային «տան» մոտ կա նաև յուրահատուկ մի արբանյակ՝ Լուսինը։ Գեղեցիկ լինելուց և գիշերային լամպի դեր կատարելուց բացի, Լուսինը Երկիր մոլորակը պահում է հաստատուն թեքության վրա։ Արդյունքում Երկրի վրա հնարավոր է դառնում եղանակների հերթափոխը, որը կանխատեսելի է և կայուն։ Դրա շնորհիվ կյանքը Երկիր մոլորակի վրա ավելի հաճելի է։
11. Ինչպե՞ս է մթնոլորտը ծառայում որպես վահան։
11 Եհովայի արարելու զորության վկայությունը կարելի է տեսնել երկրագնդի բոլոր ոլորտներում։ Խորհենք մթնոլորտի մասին, որը ծառայում է որպես վահան։ Արևից արձակվում են ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար ճառագայթներ։ Երկրի մթնոլորտի վերին շերտերը մխրճվելով՝ վնասակար ճառագայթները սովորական թթվածինը վերածում են օզոնի։ Արդյունքում առաջացած օզոնային շերտը իր հերթին կլանում է այդ ճառագայթների մեծ մասը։ Փաստորեն, մեր մոլորակը ստեղծված է իր պաշտպանիչ «անձրևանոցով»։
12. Ջրի շրջապտույտը մթնոլորտում ինչպե՞ս է վկայում Եհովայի արարելու զորության մասին։
12 Սա մեր մթնոլորտի առանձնահատկություններից ընդամենը մեկն է։ Լինելով գազային բարդ խառնուրդ՝ այն իդեալական պաշտպանություն է Երկրի մակերևույթի և նրա մերձակայքում բնակվող կենդանի օրգանիզմների համար։ Մթնոլորտի հրաշքներից է նաև ջրի շրջապտույտը։ Ամեն տարի օվկիանոսներից ու ծովերից արևը գոլորշիացնում է ավելի քան 400 000 խորանարդ կիլոմետր (100 000 խորանարդ մղոն) ջուր։ Ջրից գոյանում են ամպեր, որոնք մթնոլորտային քամիներով այս ու այն կողմ են տարվում։ Զտվելով ու մաքրվելով՝ այդ ջուրը վերադառնում է անձրևի, ձյան և սառույցի տեսքով՝ համալրելով ջրի պաշարները։ Սա հենց այն է, ինչ գրված է Ժողովող 1։7-ում. «Բոլոր գետերը դեպի ծով են գնում, բայց ծովը չի լցվում։ Որտեղից որ գետերը դուրս են գալիս, այնտեղ էլ վերադառնում են, որպեսզի դարձյալ հոսեն»։ Միայն Եհովան կարող էր շարժման մեջ դնել նման շրջապտույտը։
13. Արարչի զորության ինչպիսի՞ ապացույց ենք տեսնում բուսականության և հողի մեջ։
13 Բոլոր ստեղծագործությունները Արարչի զորության ապացույցն են։ Եհովայի արարելու զորության մասին վկայում են թե՛ հզոր սեքվոյաները, որ 30 հարկանի շենքերից բարձր են խոյանում, թե՛ միկրոսկոպիկ բույսերը, որոնցով լեփ-լեցուն են օվկիանոսները, և որոնք մատակարարում են մեզ համար անհրաժեշտ թթվածնի մեծ մասը։ Անգամ հողն է լեցուն կենդանի օրգանիզմներով՝ որդերով, սնկերով ու մանրէներով։ Դրանք բոլորը միասին շատ բարդ աշխատանք են կատարում, որը նպաստում է բույսերի աճին։ Այդ պատճառով Աստվածաշնչում հողի մասին ասվում է, որ այն ուժ ունի (Ծննդոց 4։12, ծնթ.)։
14. Թաքնված ինչպիսի՞ զորություն կա նույնիսկ փոքրագույն ատոմի մեջ։
14 Անկասկած, Եհովան «նա է, որ իր զորությամբ ստեղծել է երկիրը» (Երեմիա 10։12)։ Աստծու զորությունը երևում է նույնիսկ իր կողմից արարված փոքրագույն մասնիկների մեջ։ Օրինակ՝ եթե կողք կողքի դրվեն մեկ միլիոն ատոմներ, նրանց հաստությունը, միևնույն է, չի գերազանցի մարդու մազի հաստությունը։ Նույնիսկ եթե ատոմը 14 հարկանի շենքի չափ մեծացվի, նրա միջուկը, որը կհայտնվի 7-րդ հարկում, կլինի ընդամենը աղի հատիկի չափ։ Մինչդեռ այդ նույն՝ անչափ փոքր միջուկից ահռելի զորություն է անջատվում ատոմային պայթյունի դեպքում։
«Ամեն շնչավոր էակ»
15. Տարբեր վայրի կենդանիների մասին խոսելով՝ Եհովան ի՞նչ դաս սովորեցրեց Հոբին։
15 Եհովայի արարելու զորության մեկ այլ վառ ապացույց կարելի է գտնել կենդանական աշխարհում, որով հարուստ է կյանքը մեր մոլորակի վրա։ 148-րդ սաղմոսում թվարկվում են Եհովային փառաբանող շատ բաներ։ Ըստ 10-րդ համարի՝ դրանց մեջ են մտնում «գազաններն ու բոլոր անասունները»։ Մի անգամ Եհովան, որպեսզի ցույց տա, թե ինչու մարդ պետք է ակնածի Արարչից, Հոբի հետ խոսեց այնպիսի կենդանիների մասին, ինչպիսիք են առյուծը, զեբրը, վայրի ցուլը, բեհեմոթը (գետաձին) և լևիաթանը (ամենայն հավանականությամբ կոկորդիլոսը)։ Ի՞նչ էր նա ցանկանում ընդգծել։ Եթե մարդ երկյուղում է այդ հզոր, անսանձ և ահազդու կենդանիներից, մի՞թե չպետք է ակնածանքով լցվի դրանց Արարչի հանդեպ (Հոբ, գլ. 38-41)։
16. Ինչո՞վ են տպավորում քեզ Եհովայի կողմից ստեղծված որոշ թռչուններ։
16 Սաղմոս 148։10-ում հիշատակվում են նաև «թռչունները»։ Միայն խորհիր նրանց բազմազանության մասին։ Հոբի հետ խոսելիս Եհովան հիշատակեց ջայլամին, որը «ծիծաղում է ձիու և նրա հեծյալի վրա»։ Եվ իրոք, 2,5 մետրի (8 ֆուտ) հասնող այս թռչունը թեպետ չի կարողանում թռչել, սակայն վազում է 65 կիլոմետր/ժամ (40 մղոն/ժամ) արագությամբ. ընդամենը մեկ քայլ կատարելով՝ նա անցնում է 4,5 մետր (15 ֆուտ) (Հոբ 39։13, 18)։ Իսկ ալբատրոսը իր կյանքի մեծ մասն անցկացնում է օդում՝ ծովի վրա ճախրելով։ Այս թռչնի թևերի բացվածքը հասնում է մոտ 3 մետրի (11 ֆուտ)՝ դարձնելով նրան բնական ճախրասավառնակ։ Ալբատրոսը կարող է ժամերով ճախրել օդում՝ առանց թևերը թափահարելու։ Ի տարբերություն նրա՝ ընդամենը 5 սանտիմետրի (2 դյույմ) հասնող կոլիբրին, որը աշխարհի ամենափոքր թռչունն է, կարող է թափահարել իր թևերը վայրկյանում 80 անգամ։ Փոքրիկ թևավոր գոհարի պես փայլփլելով՝ նա կարող է տեղում թռչել ուղղաթիռի նման, նույնիսկ դեպի հետ։
17. Որքա՞ն մեծ է կապույտ կետը, և ի՞նչ եզրակացության ենք գալիս, երբ խորհում ենք Եհովայի ստեղծած կենդանական աշխարհի մասին։
17 Սաղմոս 148։7-ում ասվում է, որ անգամ «ծովային հրեշներն» են փառաբանում Եհովային։ Խորհենք այն արարածի մասին, որը հաճախ համարվում է այս մոլորակի վրա ապրող արարածներից ամենամեծը։ Դա կապույտ կետն է։ Օվկիանում ապրող այս «հրեշը» կարող է հասնել ավելի քան 30 մետրի (100 ֆուտ)։ Այն կարող է կշռել այնքան, որքան 30 մեծ փիղ միասին։ Միայն նրա լեզուն հավասար է մեկ փղի կշռի։ Իսկ սիրտը փոքր ավտոմեքենայի չափ է։ Այս հսկայական օրգանը մեկ րոպեում բաբախում է ընդամենը 9 անգամ, մինչդեռ կոլիբրիի սիրտը նույն ժամանակամիջոցում բաբախում է մոտ 1 200 անգամ։ Կապույտ կետի արյունատար անոթներից առնվազն մեկը այնքան մեծ է, որ երեխան կարող է սողոսկել նրա մեջ։ Անկասկած մղվում ենք ձայնակցելու բացականչական այն խոսքերին, որոնցով ավարտվում է «Սաղմոս» գիրքը. «Ամեն շնչավոր էակ թող գովաբանի՛ Յահին» (Սաղմոս 150։6)։
Սովորենք Եհովայի արարելու զորությունից
18, 19. Որքա՞ն բազմազան են Եհովայի ստեղծած կենդանի արարածները, և ստեղծագործությունը ի՞նչ է մեզ սովորեցնում Աստծու գերիշխանության մասին։
18 Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես է Եհովան գործադրում արարելու իր զորությունը։ Ստեղծագործությունների բազմազանությունը ակնածանք է ներշնչում։ Ահա թե ինչ է բացականչել մի սաղմոսերգու. «Որքա՜ն շատ են քո գործերը, ո՛վ Եհովա.... Երկիրը լի է քո ստեղծագործություններով» (Սաղմոս 104։24)։ Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։ Կենսաբանները եկել են այն եզրակացության, որ երկրի վրա գոյություն ունի կենդանի էակների ավելի քան մեկ միլիոն տեսակ։ Բայց կան տարբեր կարծիքներ. ենթադրվում է, որ դրանց թիվը կարող է լինել նույնիսկ մի քանի միլիոն։ Երբեմն նկարիչը կարող է նկատել, որ իր ստեղծագործական ունակությունները սպառվում են։ Ի տարբերություն նկարիչների՝ Եհովայի ստեղծելու կարողությունը՝ նորանոր բաներ հնարելու և արարելու զորությունը, անսահման է։
19 Այն, թե ինչպես է Եհովան գործադրում արարելու իր զորությունը, մեզ շատ բան է սովորեցնում նրա գերիշխանության մասին։ «Ստեղծիչ» բառը արդեն իսկ առանձնացնում է Եհովային տիեզերքում եղող մնացած բոլոր բաներից, որոնք սոսկ «ստեղծագործություններ» են։ Նույնիսկ Եհովայի միածին Որդին, որն արարման ժամանակ ծառայել է որպես «հմուտ վարպետ», Աստվածաշնչում երբեք չի կոչվում Արարիչ կամ Արարչակից (Առակներ 8։30; Մատթեոս 19։4)։ Նա «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկն» է (Կողոսացիներ 1։15)։ Լինելով Ստեղծիչ՝ Եհովան օրինական իրավունք ունի բացարձակ և գերագույն իշխանություն գործադրելու ողջ տիեզերքում (Հռոմեացիներ 1։20; Հայտնություն 4։11)։
20. Ի՞նչ իմաստով է Եհովան հանգստանում Երկրի հետ կապված իր արարչագործական գործերը վերջացնելուց ի վեր։
20 Արդյո՞ք Եհովան դադարել է արարելու իր զորությունը գործադրելուց։ Աստվածաշունչն ասում է, որ երբ արարչագործության վեցերորդ օրը Աստված ավարտին հասցրեց արարման իր աշխատանքները, «յոթերորդ օրը սկսեց հանգստանալ իր արած ողջ աշխատանքից» (Ծննդոց 2։2)։ Ինչպես ցույց տվեց Պողոս առաքյալը, այս յոթերորդ «օրը» տևում է հազարավոր տարիներ, քանի որ նրա օրերում այն դեռ շարունակվում էր (Եբրայեցիներ 4։3-6)։ Բայց արդյո՞ք այդ «հանգստանալը» նշանակում է, որ Եհովան ընդհանրապես դադարեցրել է ցանկացած գործունեություն։ Ո՛չ, Աստված երբեք չի դադարում գործելուց (Սաղմոս 92։4; Հովհաննես 5։17)։ Ուստի նա սկսեց հանգստանալ այն իմաստով, որ դադարեց Երկրի վրա ֆիզիկական բաներ արարելուց։ Սակայն Եհովան շարունակում է գործել, որպեսզի իրականացնի իր նպատակները։ Արդյունքում նա հոգ է տարել, որ գրի առնվի Սուրբ Գիրքը, և առաջ գա «նոր ստեղծագործությունը», որի մասին կխոսենք 19-րդ գլխում (2 Կորնթացիներ 5։17)։
21. Եհովայի արարելու զորությունը ինչպե՞ս կանդրադառնա հավատարիմ մարդկանց վրա հավիտենության ընթացքում։
21 Երբ Եհովայի հանգստյան օրն ի վերջո ավարտվի, նա կկարողանա Երկրի վրա կատարած իր բոլոր գործերն անվանել «շատ լավ», ինչպես որ արեց վեց ստեղծագործական օրերի վերջում (Ծննդոց 1։31)։ Թե դրանից հետո ինչպես նա կորոշի արտահայտել արարելու իր անսահման զորությունը, միայն ապագան ցույց կտա։ Ամեն դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ կշարունակենք հիանալ Եհովայի ստեղծագործություններով։ Ողջ հավիտենության ընթացքում մենք Եհովայի ստեղծագործությունների միջոցով ավելի ու ավելի շատ բան կսովորենք իր մասին (Ժողովող 3։11)։ Որքան շատ սովորենք նրա մասին, այնքան ավելի կխորանա մեր ակնածանքը, և այնքան ավելի կմոտենանք մեր Մեծ Ստեղծչին։
a Որպեսզի կարողանաս ըմբռնել այդ հսկայական թիվը, պատկերացրու հետևյալը. հիշյալ տարածությունը մեքենայով անցնելու համար, ընդ որում եթե մեքենան 24 ժամ վարես 160 կիլոմետր/ժամ (100 մղոն/ժամ) արագությամբ, քեզնից կպահանջվի ավելի քան 100 տարի։
b Ոմանք այն կարծիքին են, թե աստվածաշնչյան ժամանակներում ապրած մարդիկ պետք է որ հեռադիտակների պարզ տեսակներ օգտագործած լինեին։ Հակառակ դեպքում, ըստ իրենց տրամաբանության, այն ժամանակներում ապրող հասարակ մարդիկ ինչպե՞ս կարող էին իմանալ, որ աստղերի թիվն այդքան մեծ է։ Նման անհիմն ենթադրությունները, սակայն, ստվեր են գցում Եհովայի՝ Աստվածաշնչի Հեղինակի վրա (2 Տիմոթեոս 3։16)։
c Խորհիր, թե որքան ժամանակ կպահանջվի քեզանից, որպեսզի հաշվես 100 միլիարդ աստղ։ Եթե ամեն օր 24 ժամ շարունակ յուրաքանչյուր վայրկյանում մեկ աստղ հաշվես, ապա դա կտևի 3 171 տարի։