ՀԱՐՑ 3
Ինչպե՞ս խոսեմ ծնողներիս հետ
ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒ ԿՎԱՐՎԵՍ
Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Չորեքշաբթի երեկո է։ 17 տարեկան Ռոբերտը արել է տան հետ կապված գործերը և այժմ պատրաստվում է վայելել իր հանգիստը։ Նա միացնում է հեռուստացույցը և վերջապես մեկնվում իր սիրած բազմոցին։
Այդ պահին դռան արանքում հայտնվում է Ռոբերտի հայրը։ Նրա դեմքը դժգոհություն է արտահայտում։
— Ռոբե՛րտ, փոխանակ փոքր եղբորդ օգնես, որ դասերն անի, իզուր ժամանակ ես վատնում հեռուստացույցի դիմաց։ Ինչպես միշտ ականջի հետև ես գցում մեր ասածները։
— Նորից սկսվե՜ց,— քթի տակ մրթմրթում է Ռոբերտը։ Հայրը լսում է նրա ասածը։
— Ինչ ասացի՞ր, երիտասա՛րդ,— առաջ գալով՝ հարցնում է նա։
— Ոչ մի բան, պա՛պ,— հոգոց հանելով ու աչքերը պտտացնելով՝ ասում է Ռոբերտը։
Ռոբերտի հայրը սաստիկ բարկանում է։ «Ինձ հետ այդպիսի տոնով չխոսե՛ս»,— խստորեն ասում է նա։
Եթե դու լինեիր Ռոբերտի փոխարեն, ինչպե՞ս կկանխեիր այս վիճաբանությունը։
ԿԱՆԳ ԱՌ ԵՎ ՄՏԱԾԻՐ
Ծնողների հետ հաղորդակցվելը կարելի է նմանեցնել մեքենա վարելուն։ Եթե տեսնում ես, որ ճանապարհը փակ է, մի՛ հանձնվիր, փնտրիր այլ ուղի։
ՕՐԻՆԱԿ
— Ինձ համար դժվար է խոսել հորս հետ,— ասում է Լիան։— Երբեմն ես խոսում եմ, խոսում, ու հանկարծ նա ասում է. «Ինչ-որ բա՞ն էիր ասում»։
ԼԻԱՆ ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ ՈՒՆԻ
-
Բղավել հոր վրա։
Լիան գոռում է. «Դու ինձ երբեք չես լսում։ Ես կարևոր բան էի ասում»։
-
Չշարունակել խոսել հոր հետ։
Լիան այլևս չի խոսում հոր հետ իր խնդրի մասին։
-
Սպասել հարմար առիթի և կրկին խոսել այդ թեմայով։
Լիան որոշում է ավելի ուշ խոսել հոր հետ իր խնդրի մասին։
Քո կարծիքով՝ ո՞ր տարբերակը պետք է ընտրի Լիան։
ՆԿԱՏԻ ԱՌ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Լիայի հայրը մտքերով է ընկել և չի նկատում, թե ինչ վիճակում է աղջիկը։ Եթե Լիան ընտրի 1-ին տարբերակը, այսինքն՝ բղավի հոր վրա, հայրը չի հասկանա, թե ինչ է եղել։ Նա թերևս հակված չի լինի լսելու աղջկան։ Բացի դրանից, այդպիսով Լիան անհարգալից վերաբերմունք դրսևորած կլինի ծնողի հանդեպ և նրան պատիվ տված չի լինի (Եփեսացիներ 6։2)։ Պարզ է, ուրեմն, որ այս տարբերակն ընտրելով՝ Լիան լավ արդյունքի չի հասնի։
Գուցե 2-րդ տարբերակը ամենահեշտն է, բայց լավագույնը չէ։ Ինչո՞ւ։ Հայրը կկարողանա Լիային օգնել միայն այն դեպքում, երբ տեղյակ լինի նրա խնդիրներին և իմանա, թե ինչ է կատարվում նրա կյանքում։ Իսկ եթե Լիան որոշի չխոսել, ոչ մի արդյունքի չի հասնի։
Սակայն ընտրելով 3-րդ տարբերակը՝ Լիան թույլ չի տա, որ խնդիրներն իրեն փակուղու առաջ կանգնեցնեն։ Նա կփորձի խոսել մեկ ուրիշ անգամ։ Հնարավոր է՝ Լիան նույնիսկ որոշի նամակ գրել հորը։ Այդ դեպքում նա թերևս իրեն անմիջապես թեթևացած զգա։
Նամակ գրելը գուցե օգնի նրան ավելի հստակ ձևակերպելու մտքերը։ Երբ նրա հայրը կարդա նամակը, կիմանա, թե ինչ էր ուզում ասել աղջիկը, հետևաբար կկարողանա հասկանալ նրան։ Փաստորեն, 3-րդ տարբերակը թե՛ Լիայի, թե՛ նրա հոր համար լավագույնն է։ Այն ներդաշնակ է Աստվածաշնչի հետևյալ հորդորին. «Հետամուտ լինենք այն ամենին, ինչը խաղաղություն է բերում» (Հռոմեացիներ 14։19)։
Ուրիշ ի՞նչ տարբերակներ ունի Լիան։
Ստորև գրիր քո տարբերակը։ Այնուհետև նշիր, թե ինչ կլինի արդյունքը։
ՄՏՔԵՐԴ ՀՍՏԱԿ ԱՐՏԱՀԱՅՏԻՐ
Հիշի՛ր, երբեմն ծնողներդ գուցե սխալ հասկանան քո ասածները։
ՕՐԻՆԱԿ
Ծնողներդ հարցնում են, թե ինչու ես անտրամադիր։ Դու ասում ես. «Չեմ ուզում խոսել այդ մասին»։
Սակայն ծնողներդ քո խոսքերն այսպես են ընկալում. «Ես ձեզ այդքան էլ չեմ վստահում։ Խնդիրներիս մասին ընկերներիս կպատմեմ, բայց ոչ ձեզ»։
Պատկերացրու՝ ինչ-որ խնդիր ունես։ Ծնողներդ առաջարկում են իրենց օգնությունը։ Բայց դու ասում ես. «Մի՛ անհանգստացեք։ Իմ խնդիրները ես կլուծեմ»։
-
Ծնողներդ գուցե հասկանան...
-
Ավելի լավ կլիներ՝ ասեիր...