Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 8

Աստված ամենքից զորեղ է

Աստված ամենքից զորեղ է

Վստահ եմ՝ կհամաձայնվես, որ կա մի անձնավորություն, որն ամենքից մեծն է և ուժեղը։ Կարո՞ղ ես ասել, թե ով է նա։ ~ Եհովա Աստված։ Իսկ ի՞նչ կասես նրա Որդու՝ Մեծ Ուսուցչի մասին։ Զորե՞ղ է նա մեզանից։ ~ Իհարկե այո։

Հիսուսը ապրում էր Աստծո հետ երկնքում։ Նա ոգեղեն անձնավորություն էր՝ հրեշտակ։ Իսկ ուրիշ հրեշտակներ կա՞ն։ ~ Այո, Աստված ստեղծել է միլիոնավոր հրեշտակներ։ Այդ հրեշտակները նույնպես ավելի զորեղ են, քան մենք (Սաղմոս 104։4, ԱԱ; Դանիէլ 7։10

Հիշո՞ւմ ես այն հրեշտակի անունը, որ խոսեց Մարիամի հետ։ ~ Նրա անունը Գաբրիել էր։ Նա ասաց Մարիամին, որ նա մի երեխա պիտի ունենար, որն Աստծո Որդի պիտի կոչվեր։ Աստված իր Որդու կյանքը տեղադրեց Մարիամի ներսում, որպեսզի Հիսուսը ծնվեր երկրի վրա որպես մարդ (Ղուկաս 1։26, 27

Հավանաբար ինչի՞ մասին էին պատմել Մարիամն ու Հովսեփը Հիսուսին

Հավատո՞ւմ ես այդ հրաշքին։ Հավատո՞ւմ ես, որ Հիսուսը ապրել է Աստծո հետ երկնքում։ ~ Հիսուսն ինքն ասաց, որ նախքան երկիր գալը ապրել է երկնքում։ Որտեղի՞ց Հիսուսը գիտեր այդ մասին։ Երբ նա դեռ փոքր տղա էր, հավանաբար Մարիամը պատմել էր նրան այն ամենը, ինչ ասել էր Գաբրիելը։ Իսկ Հովսեփը հնարավոր է ասած լիներ Հիսուսին, որ Աստվածն է նրա իսկական Հայրը։

Երբ Հիսուսը մկրտվեց, Աստված խոսեց երկնքից՝ ասելով. «Դա է իմ սիրելի որդին» (Մատթէոս 3։17)։ Իսկ մահանալուց առաջ Հիսուսն աղոթեց. «Փառավորիր ինձ, Հայր, քեզ մոտ այն փառքովը, որ աշխարհի լինելուց առաջ ունեի քեզ մոտ» (Յովհաննէս 17։5)։ Այս խոսքերով Հիսուսը խնդրում էր Աստծուն, որ նա վերադարձնի իրեն երկինք՝ ապրելու նրա հետ։ Ինչպե՞ս կարող էր Հիսուսը ապրել երկնքում։ ~ Դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե Եհովա Աստված նրան նորից դարձներ անտեսանելի ոգեղեն անձնավորություն՝ հրեշտակ։

Իսկ այժմ մի կարևոր հարց. ի՞նչ ես կարծում, բոլո՞ր հրեշտակներն են բարի։ ~ Մի ժամանակ բոլորն էին բարի, քանի որ Եհովան նրանց ստեղծել էր այդպիսին։ Եհովան միայն լավ բաներ է ստեղծում։ Բայց հետագայում հրեշտակներից մեկը վատը դարձավ։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։

Պատասխանը գտնելու համար վերադառնանք այն ժամանակները, երբ Աստված ստեղծեց Ադամին ու Եվային՝ առաջին տղամարդուն ու կնոջը։ Ոմանք ասում են, թե նրանց մասին պատմությունը հորինված առասպել է։ Սակայն Մեծ Ուսուցիչը գիտեր, որ դա իրական պատմություն է։

Երբ Աստված ստեղծեց Ադամին ու Եվային, նրանց տեղադրեց Եդեմ կոչվող մի գեղեցիկ պարտեզում՝ Դրախտում։ Նրանք կարող էին շատ երեխաներ ունենալ, մեծ ընտանիք կազմել ու հավիտյան ապրել այնտեղ։ Սակայն նրանք մի կարևոր դաս պիտի սովորեին, որի մասին մենք արդեն խոսել ենք։ Փորձենք տեսնել՝ հիշո՞ւմ ենք այդ դասը։

Ի՞նչ պետք է անեին Ադամն ու Եվան, որպեսզի Դրախտում ապրեին հավիտյան

Եհովան ասաց Ադամին ու Եվային, որ նրանք կարող էին իրենց սրտի ուզածի չափ միրգ քաղել պարտեզում աճող ծառերից և ուտել։ Բայց կար մի ծառ, որի պտուղը նրանք չպետք է ուտեին։ Աստված ասաց նրանց, թե ինչ տեղի կունենար, եթե ուտեին այդ ծառի պտղից։ Նա ասաց. «Մահով պիտի մեռնես» (Ծննդոց 2։17)։ Ուրեմն՝ ի՞նչ դաս պիտի սովորեին Ադամն ու Եվան։ ~

Դա հնազանդության դասն էր։ Այո, մարդու կյանքը կախված է Եհովա Աստծուն հնազանդվելուց։ Բավարար չէր, որ Ադամն ու Եվան միայն ասեին, թե կհնազանդվեն Աստծուն։ Նրանք գործերո՛վ պետք է ցույց տային իրենց հնազանդությունը։ Այդպես վարվելով՝ նրանք ցույց կտային, որ սիրում են Աստծուն և ցանկանում են, որ Նա ղեկավարի իրենց։ Եթե հնազանդվեին Աստծուն, Ադամն ու Եվան կապրեին Դրախտում հավիտյան։ Բայց եթե ուտեին այդ ծառի պտուղը, ի՞նչ ցույց կտային դրանով։ ~

Դրանով նրանք ցույց կտային, որ իրականում շնորհակալ չեն Աստծուն իրենց տրված ամեն բանի համար։ Եթե դու լինեիր այնտեղ, ինչպե՞ս կվարվեիր. կհնազանդվեի՞ր Եհովա Աստծուն։ ~ Սկզբում Ադամն ու Եվան հնազանդվում էին։ Բայց որոշ ժամանակ անց նրանցից ավելի զորեղ մի անձնավորություն խաբեց Եվային։ Նա դրդեց Եվային չհնազանդվել Եհովային։ Ո՞վ էր այդ անձնավորությունը։ ~

Ո՞վ խոսեց Եվայի հետ օձի միջոցով

Աստվածաշնչում գրված է, որ մի օձ խոսեց Եվայի հետ։ Դու գիտես, չէ՞, որ իրականում օձը չի կարող խոսել։ Այդ դեպքում՝ ինչպե՞ս նա խոսեց։ ~ Հրեշտակներից մեկը այնպես արեց, որ թվար, թե օձն է խոսում, այնինչ իրականում հենց այդ հրեշտակն էր խոսողը։ Հրեշտակը սկսել էր չար բաներ մտածել։ Նա ուզում էր, որ Ադամն ու Եվան երկրպագեին ոչ թե Աստծուն, այլ իրեն ու կատարեին իր բոլոր ասածները։ Նա ուզում էր Աստծո տեղը գրավել։

Այս չար հրեշտակը սխալ մտքեր հաղորդեց Եվային։ Օձի միջոցով նա ասաց. «Աստված ձեզ ճիշտ չի ասել։ Դուք չեք մահանա, եթե ուտեք այդ ծառի պտուղը, այլ Աստծո պես իմաստուն կդառնաք»։ Կհավատայի՞ր նրա ասածին։ ~

Եվան ցանկացավ անել մի բան, որն Աստված թույլ չէր տվել։ Նա կերավ արգելված ծառի պտղից, ապա Ադամին էլ տվեց, որ ուտի։ Ադամը չէր հավատում օձի ասածներին։ Բայց Եվայի հետ լինելու նրա ցանկությունը շատ ավելի մեծ էր, քան Աստծո նկատմամբ սերը։ Ուստի նա նույնպես կերավ այդ պտղից (Ծննդոց 3։1–6; Ա Տիմոթէոս 2։14)։

Ի՞նչ հետևանք ունեցավ նրանց արարքը։ ~ Ադամն ու Եվան դարձան անկատար և հետագայում ծերացան ու մահացան։ Արդյունքը եղավ այն, որ նրանց երեխաներն էլ ծնվեցին անկատար, ծերացան ու մահացան։ Աստված սուտ չէր ասել։ Նրանց կյանքը կախված էր Աստծուն հնազանդվելուց (Հռովմայեցիս 5։12 Աստվածաշնչից իմանում ենք, որ Եվային խաբող հրեշտակը կոչվում է Բանսարկու Սատանա, իսկ մյուս հրեշտակները, որոնք նույնպես չար դարձան, կոչվում են դևեր (Յակոբոս 2։19; Յայտնութիւն 12։9

Աստծուն չհնազանդվելու պատճառով ի՞նչ պատահեց Ադամին ու Եվային

Կարո՞ղ ես կռահել, թե ինչու Աստծո ստեղծած լավ հրեշտակը դարձավ չար։ ~ Որովհետև նա սկսեց վատ բաներ մտածել։ Այդ հրեշտակը ցանկացավ առաջինը լինել։ Նա գիտեր, որ Աստված Ադամին ու Եվային հանձնարարել էր երեխաներ ունենալ, ուստի ուզում էր այնպես անել, որ նրանք բոլորը իրեն երկրպագեին։ Բանսարկուն այժմ էլ ուզում է այնպես անել, որ ոչ մեկը չհնազանդվի Եհովային։ Իր նպատակին հասնելու համար նա փորձում է սխալ մտքեր հաղորդել մեզ (Յակոբոս 1։13–15

Բանսարկուն հայտարարում է, որ ոչ ոք չի սիրում Եհովային։ Նա ասում է, որ ո՛չ ես եմ սիրում Աստծուն, ո՛չ էլ դու, և իբրև թե մենք չենք ուզում անել այն, ինչ որ Աստված է պատվիրում։ Նա պնդում է, որ մենք հնազանդվում ենք Եհովային միայն այն ժամանակ, երբ այդպես վարվելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Ճի՞շտ է ասում Բանսարկուն։ Մենք այդպիսի՞ն ենք։ ~

Մեծ Ուսուցիչը՝ Հիսուսը, ցույց տվեց, որ Բանսարկուն ստախոս է։ Նա ապացուցեց Աստծո հանդեպ իր սերը՝ նրան հնազանդվելով։ Նա հնազանդվում էր Աստծուն ոչ միայն այն ժամանակ, երբ իր համար հեշտ էր դա անել, այլև ամեն ժամանակ, նույնիսկ երբ ուրիշ մարդիկ նրան խանգարում էին դա անել։ Հիսուսը մինչև մահ հավատարիմ մնաց Եհովային։ Ահա թե ինչու Աստված նրան նորից կյանք տվեց՝ ապրելու հավիտյան։

Ուրեմն ո՞վ է մեր ամենամեծ թշնամին։ ~ Այո, Բանսարկու Սատանան։ Մենք կարո՞ղ ենք տեսնել նրան։ ~ Իհա՛րկե ոչ։ Բայց գիտենք, որ նա գոյություն ունի և շատ ավելի ուժեղ է, քան մենք։ Սակայն կա՞ մեկը, որ Բանսարկուից զորեղ է։ ~ Այո, դա Եհովա Աստվածն է։ Եվ մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված մեզ կպաշտպանի։

Իմանալու համար, թե ում է հարկավոր երկրպագել, կարդանք նաև Աստվածաշնչի հետևյալ համարները. Բ Օրինաց 30։19, 20; Յեսու 24։14, 15; Առակաց 27։11 և Մատթէոս 4։10։