ԳԼՈՒԽ 23
Ինչո՞ւ են մարդիկ հիվանդանում
Ճանաչո՞ւմ ես մեկին, որ հիվանդ է։ ~ Երբեմն դու էլ ես հիվանդանում՝ մրսած ես լինում, կամ փորդ է ցավում։ Կան մարդիկ, որ ծանր հիվանդ են։ Առանց օգնության նրանք նույնիսկ կանգնել չեն կարողանում։ Սովորաբար այդպես հիվանդանում են ծերերը։
Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ հիվանդանում են։ Կուզե՞ս իմանալ, թե որն է պատճառը, որ մարդիկ հիվանդանում են, ծերանում ու մահանում։ ~ Մի անգամ Հիսուսի մոտ մի մարդ բերեցին, որը չէր կարողանում քայլել։ Այդ ժամանակ Հիսուսը ցույց տվեց, թե որն է մարդկանց հիվանդության պատճառը։ Եկ ծանոթանանք այդ դեպքի հետ։
Հիսուսը մնում էր Գալիլեայի ծովի ափին գտնվող մի քաղաքում։ Ժողովրդի մի մեծ բազմություն եկել էր նրա մոտ։ Հավաքվածներն այնքան շատ էին, որ այլևս հնարավոր չէր տուն մտնել. մարդիկ նույնիսկ չէին կարողանում դռանը մոտենալ։ Նրանց թիվը, սակայն, գնալով ավելանում էր։ Չորս տղամարդիկ մահճի վրա բերեցին մի անդամալույծի, որը նույնիսկ քայլել չէր կարողանում։
Գիտե՞ս, թե ինչու էին այդ մարդիկ ուզում իրենց հիվանդին տանել Հիսուսի մոտ։ ~ Նրանք հավատում էին, որ Հիսուսը կարող էր բուժել նրան։ Բայց ինչպե՞ս նրանք կկարողանային այդքան մարդկանց միջով անդամալույծին հասցնել Հիսուսի մոտ։ ~
Այս նկարում տեսնում ենք, թե ինչպես դա նրանց հաջողվեց։ Անդամալույծին բարձրացրին տան կտուրը, ապա կտուրի ծածկի որոշ մասը մի կողմ տարան և այնտեղից նրան մահիճով ցած
իջեցրին սենյակ։ Այդ արարքը վկայում էր նրանց մեծ հավատի մասին։Տանը գտնվող մարդիկ զարմացան՝ տեսնելով կատարվածը. անդամալույծն իր մահիճով հայտնվեց անմիջապես նրանց մեջտեղում։ Ի՞նչ ես կարծում, Հիսուսը բարկացա՞վ, երբ տեսավ այդ մարդկանց արածը։ ~ Բոլորովին։ Հիսուսն ուրախացավ, որ նրանք այդքան մեծ հավատ ունեին։ Նա ասաց անդամալույծին. «Ներված են քո մեղքերը»։
Մարդկանցից ոմանք մտածում էին, թե Հիսուսն իրավունք չուներ այդպես ասելու։ Նրանք չէին կարծում, թե նա կարող էր մեղքեր ներել։ Ուստի՝ որպեսզի ցույց տար, որ իրականում կարող է մարդկանց մեղքերը ներել, Հիսուսն ասաց անդամալույծին. «Վե՛ր կաց, մահիճդ առ և գնա քո տունը»։
Հիսուսի այդ խոսքերից անմիջապես հետո անդամալույծը բուժվեց։ Նա այլևս հիվանդ չէր։ Այժմ նա կարող էր առանց որևէ մեկի օգնության կանգնել ու քայլել։ Տեսնելով այդ հրաշքը՝ մարդիկ շատ զարմացան, քանի որ երբեք նման բան չէին տեսել։ Նրանք սկսեցին փառաբանել Եհովային, որ իրենց մոտ էր ուղարկել Մեծ Ուսուցչին, որը կարողանում էր բուժել մարդկանց հիվանդությունները (Ի՞նչ ենք իմանում այս դեպքից։ ~ Իմանում ենք, որ Հիսուսը մարդկանց մեղքերը ներելու իշխանություն ունի և կարող է բուժել նրանց։ Մի շատ կարևոր բան էլ ենք իմանում. մարդիկ հիվանդանում են մեղքի պատճառով։
Քանի որ ամենքս էլ ժամանակ առ ժամանակ հիվանդանում ենք, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մենք մեղավորներ ենք։ ~ Այո։ Աստվածաշունչն ասում է, որ մենք բոլորս մեղքով ենք ծնվել։ Իսկ դա ի՞նչ է նշանակում։ ~ Նշանակում է, որ մենք անկատար ենք։ Նույն այդ պատճառով երբեմն մենք, չուզենալով հանդերձ, սխալ բաներ ենք անում։ Կուզե՞ս իմանալ, թե ինչու ենք մեղքով ծնվել։ ~
Առաջին մարդը՝ Ադամը, չհնազանդվեց Աստծուն։ Աստծո օրենքը խախտելով՝ նա մեղք գործեց։ Իսկ մենք բոլորս Ադամից ժառանգել ենք մեղքը։ Ինչպե՞ս։ Փորձենք պատկերացնել օրինակի միջոցով։
Տեսած կլինես՝ ինչպես են կաղապարի մեջ հաց թխում։ Ինչպիսի՞ն կստացվի հացը, եթե կաղապարը փոս ընկած լինի։ ~
Այդ փոս ընկած տեղը կերևա նաև բոլոր հացերի վրա, որոնք կթխվեն կաղապարի մեջ, այնպես չէ՞։ ~Ադամին կարելի է նմանեցնել այդ կաղապարին, իսկ մեզ՝ հացին։ Ադամը դարձավ անկատար, երբ խախտեց Աստծո օրենքը։ Այդպիսով՝ նրա վրա ասես հայտնվեց փոսի տեսքով մի արատ։ Ուրեմն՝ ինչպիսի՞ն կլինեին նրա երեխաները։ ~ Ադամի բոլոր երեխաներին կփոխանցվեր նրա այդ նույն արատը՝ անկատարությունը։
Ինչպես տեսնում ենք, երեխաները հիմնականում տեսանելի արատով չեն ծնվում, օրինակ՝ առանց ձեռքի կամ ոտքի։ Բայց իրենց ժառանգած անկատարության հետևանքով նրանք կարող են հիվանդանալ, մահանալ։
Իհարկե, որոշ մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում, քան մյուսները։ Ինչո՞ւ է այդպես։ Արդյո՞ք նրանք ավելի մեծ մեղքով են ծնվել։ ~ Ոչ, բոլորն էլ միևնույն չափի մեղք են ժառանգել՝ ծնվել են անկատար։ Ուստի վաղ թե ուշ բոլորն էլ կարող են հիվանդանալ։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ձգտում են հնազանդվել Աստծո օրենքներին և ոչ մի վատ բան չանել, դարձյալ հիվանդանում են։
Ուրեմն ինչո՞ւ են ոմանք ավելի շատ հիվանդանում, քան մյուսները։ ~ Տարբեր պատճառներով։ Ոմանք չունեն բավարար չափով ուտելիք։ Ոմանք էլ ճիշտ ձևով չեն սնվում. գուցե տորթ ու կոնֆետ չափից շատ են ուտում։ Պատճառը կարող է լինել նաև գիշերները ուշ քնելը կամ ցուրտ եղանակին թեթև հագնվելը։ Որոշ մարդկանց օրգանիզմը այնքան թույլ է, որ չի կարողանում դիմադրել հիվանդությանը, նույնիսկ եթե նրանք ձգտում են հետևել իրենց առողջությանը։
Կգա՞ այնպիսի ժամանակ, երբ մարդիկ այլևս չեն հիվանդանա։ Երբևէ կազատվե՞նք մեղքից։ ~ Հիշո՞ւմ ես, թե Հիսուսն ինչ արեց այն անդամալույծ մարդուն։ ~ Հիսուսը ներեց նրա մեղքերն ու բուժեց նրան։ Դրանով նա ցույց տվեց, թե ինչ է անելու մի գեղեցիկ օր բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ճիշտ ապրել։
Եթե ձգտենք մեղք չգործել և ատենք չարությունը, Հիսուսը՝ Աստծո Թագավորության Թագավորը, ապագայում կբուժի մեր հիվանդությունները ու կազատի մեզ անկատարությունից։ Դա տեղի կունենա աստիճանաբար՝ որոշակի ժամանակի ընթացքում։ Երբ լիովին ազատվենք մեղքից, այլևս երբեք չենք հիվանդանա։ Մենք բոլորս կատարյալ առողջություն կունենանք։ Պատկերացնո՞ւմ ես, թե դա ինչ ուրախալի կլինի։
Այն մասին, թե ինչպիսի ազդեցություն ունի մեղքը մարդկանց վրա, կարող ենք կարդալ Յոբ 14։4; Սաղմոս 51։5; Հռովմայեցիս 3։23; 5։12 և 6։23 համարներում։