ԳԼՈՒԽ 17
Ինչպե՞ս լինել երջանիկ
Մենք ուզում ենք երջանիկ լինել, այնպես չէ՞։ ~ Բայց բոլորը չէ, որ իրականում երջանիկ են։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ։ ~ Որովհետև նրանք չգիտեն երջանկության գաղտնիքը։ Մարդիկ կարծում են, թե հարստանալով երջանկության կհասնեն։ Բայց երբ հարստություն են ձեռք բերում, տեսնում են, որ նրանում երջանկություն չկա։
Մեծ Ուսուցիչը հայտնեց, թե որն է երջանկության գաղտնիքը՝ ասելով. «Ավելի երանելի է տալը, քան թե առնելը» (Գործք 20։35)։ Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք մեզ երջանիկ զգալ։ ~ Եթե մեր ունեցածից ուրիշներին էլ տանք ու նրանց համար բարի գործեր անենք։ Գիտեի՞ր դա։ ~
Մի փոքր մտածենք Հիսուսի խոսքերի շուրջ։ Արդյո՞ք նա ուզում էր ասել, թե նվեր ստացողը չի ուրախանում։ ~ Ոչ, նա այդպիսի բան չասաց։ Դու սիրում ես, չէ՞, նվերներ ստանալ։ ~ Բոլորն էլ սիրում են։
Ուրախալի է, երբ մեզ հաճելի բաներ են նվիրում։Բայց Հիսուսն ասաց, որ ավելի մեծ ուրախություն կարելի է ստանալ հատկապես տալու դեպքում։ Քո կարծիքով՝ ամենից շատ ո՞վ է մարդկանց նվերներ տալիս։ ~ Այո, Եհովա Աստված։
Աստվածաշունչն ասում է, որ Աստված է «ամենքին կյանք և շունչ և ամեն բան տվողը»։ Նա երկնքից մեզ անձրևներ է տալիս, ինչպես նաև արևային պայծառ օրեր, որպեսզի բույսերը աճեն, և մենք կերակուր ունենանք (Գործք 14։16; 17։25)։ Զարմանալի չէ, որ Աստվածաշունչը Եհովային անվանում է երջանիկ Աստված (Ա Տիմոթէոս 1։11)։ Տալը ուրախություն է պատճառում Աստծուն։ Մենք ևս տալով՝ կարող ենք ուրախություն ստանալ։
Ի՞նչ կարող ենք նվիրել ուրիշներին։ ~ Երբեմն նվերը հարկավոր է լինում գնել խանութից՝ դրա դիմաց գումար վճարելով։ Եթե ուզում ես նման բան նվիրել, պիտի համապատասխան չափով դրամ հավաքես։
Բայց նվերը միշտ չէ, որ հարկավոր է գնել։ Օրինակ՝ ամռան շոգին մի բաժակ սառը ջուրը կարող է մեծ նվեր լինել մարդու համար։ Եթե ծարավ մարդուն մի բաժակ ջուր տաս, կստանաս այն ուրախությունը, որ ի նկատի ուներ Հիսուսը։
Գուցե մի օր կարկանդակներ պատրաստես մայրիկի հետ։ Կարկանդակ պատրաստելը հաճելի է, ուտելը՝ նույնպես։ Սակայն դրանք մենակ–մենակ ուտելու փոխարեն ի՞նչ կանես, որպեսզի ավելի մեծ ուրախություն ստանաս։ ~ Այո, կարող ես ընկերներիդ հյուրասիրել։ Կուզեի՞ր նման բան անել։ ~
Մեծ Ուսուցիչն ու նրա առաքյալները լավ գիտեին, թե ինչ ուրախություն է պարգևում տալը։ Իսկ ի՞նչ էին նրանք տալիս մարդկանց։ ~ Նրանք տալիս էին աշխարհի ամենալավ բանը՝ Աստծո մասին ճշմարտությունը, որ նրանք գիտեին և ուրախությամբ պատմում էին ուրիշներին։ Նրանք դա անում էին առանց փոխարենը դրամ վերցնելու։
Պողոս առաքյալն ու իր ընկեր Ղուկասը մի օր գետի մոտ հանդիպեցին մի հյուրասեր կնոջ։ Նրանք լսել էին, որ մարդիկ այդ գետի մոտ աղոթքի են հավաքվում։ Երբ նրանք եկան, տեսան աղոթքի եկած մի քանի կանանց։
Պողոսն այդ կանանց հայտնեց Եհովա Աստծո ու նրա Թագավորության մասին։ Կանանցից մեկը, որի անունը Լիդիա էր, ուշադիր լսում էր նրան։ Լիդիան ցանկացավ ինչ–որ բան անելով ցույց տալ, որ սրտանց ընդունել է բարի լուրը։ Նա աղաչեց Պողոսին ու Ղուկասին. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, եկեք և իմ տանը մնացեք»։ Նա համոզեց, որ նրանք իր տուն գնային (Գործք 16։13–15)։
Լիդիային մեծ ուրախություն էր պատճառում այն, որ Աստծո ծառաները իր տանն էին հյուրընկալվել։ Նա սիրում էր Պողոսին ու Ղուկասին, քանի որ նրանք օգնել էին իրեն սովորելու Եհովայի ու Հիսուսի մասին, և այն մասին, թե ինչպես կարող են մարդիկ ապրել հավիտյան։ Նա ուրախ էր, որ կարող էր նրանց հանդեպ հյուրասիրություն ցույց տալ։ Լիդիային երջանկություն էր պարգևում տալը, քանի որ նա ցանկանո՛ւմ էր դա անել։ Սա կարևոր դաս է մեզ համար։ Նվերը հարկավոր է տալ սրտանց ցանկանալով, ոչ թե պարտականությունից մղված։ Հակառակ դեպքում՝ մենք ուրախություն չենք ստանա։
Ենթադրենք՝ կոնֆետ ունես և կուզեիր այն ինքդ ուտել։ Եթե ասեմ՝ տուր ուրիշի, դու ուրախությամբ կտա՞ս նրան։ ~ Իսկ այժմ պատկերացնենք՝ հանդիպել ես ընկերոջդ, ում շատ ես սիրում, ու սրտումդ ցանկություն է առաջացել կոնֆետը տալ նրան։ Մի՞թե տալուց ուրախություն չես ստանա։ ~
Պատահում է՝ ոմանց մենք այնքա՜ն շատ ենք սիրում, որ պատրաստ ենք մեր ունեցած ամեն ինչը նրանց տալ։ Երբ սկսում ենք Աստծուն շատ սիրել, նրան էլ ենք ուզում տալ ամեն ինչ։
Մեծ Ուսուցիչը ճանաչում էր մի աղքատ կնոջ, որը շատ էր սիրում Աստծուն։ Հիսուսը տեսել էր նրան Երուսաղեմի տաճարում։ Նրա ունեցածը ընդամենը երկու փոքր մետաղադրամ էր եղել, բայց նա երկուսն էլ որպես նվիրատվություն գցել էր տաճարում գտնվող արկղի մեջ։ Ոչ ոք նրան չէր ստիպել նման բան անել։ Տաճարում գտնվող մարդկանց մեծ մասը ոչ էլ իմացավ այդ մասին։ Նա այդպես վարվեց զուտ այն պատճառով, որ ցանկանո՛ւմ էր դա անել և որ սիրո՛ւմ էր Եհովային։ Նա ուրախ էր, որ տալու հնարավորություն ուներ (Ղուկաս 21։1–4)։
Տալու շատ հնարավորություններ կան։ Կարո՞ղ ես նշել մի քանիսը։ ~ Եթե մենք տալիս ենք մեր սրտի ցանկությունից մղված, ապա ուրախություն կստանանք։ Ահա թե ինչու Մեծ Ուսուցիչը սովորեցնում է մեզ. «Տվե՛ք» (Ղուկաս 6։38)։ Եթե տանք, մյուս մարդկանց էլ ուրախություն կպատճառենք և կլինենք շատ երջանիկ։
Միասին կարդանք ևս մի քանի աստվածաշնչյան համարներ այն մասին, թե ինչպես կարելի է ուրախություն ստանալ տալուց. Մատթէոս 6։1–4; Ղուկաս 14։12–14 և Բ Կորնթացիս 9։7։