Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 40

Ինչպե՞ս կարող ենք Աստծուն ուրախացնել

Ինչպե՞ս կարող ենք Աստծուն ուրախացնել

Աստծուն ուրախացնելու համար ի՞նչ կարող ենք անել։ Կարո՞ղ ենք նրան ինչ–​որ բան տալ։ ~ Եհովան ասում է. «Իմն են անտառի բոլոր գազանները»։ Նաև հայտնում է. «Իմն է արծաթը, և իմն է ոսկին» (Սաղմոս 24։1; 50։10; Անգէ 2։8)։ Բայց կա մի բան, որ մենք կարո՛ղ ենք տալ Աստծուն։ Ի՞նչն է դա։ ~

Եհովան թույլ է տալիս, որ մենք ինքներս որոշենք՝ ուզո՞ւմ ենք ծառայել իրեն, թե՝ ոչ։ Նա մեզ չի ստիպում անել այն, ինչ ինքն է ուզում, որ անենք։ Այժմ փորձենք տեսնել, թե Աստված ինչու է մեզ այնպես ստեղծել, որ կարողանանք ինքներս ընտրել՝ ծառայե՞լ նրան, թե՝ ոչ։

Երևի գիտես, թե ինչ է ռոբոտը։ Դա մի մեքենա է, որը պատրաստված է այնպես, որ կատարի այն, ինչ ծրագրել է իրեն պատրաստողը. ռոբոտը չի կարող ինքը որոշել իր անելիքը։ Եհովան կարող էր մեզ ստեղծել ռոբոտի նման, այսինքն այնպես, որ անեինք միայն այն, ինչ ինքը կուզենար։ Բայց Աստված այդպես չարեց։ Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ։ ~ Կան խաղալիքներ, որ նման են ռոբոտի։ Երբ սեղմում ենք կոճակը, նրանք իսկույն անում են այն, ինչ նախատեսել է խաղալիք պատրաստողը։ Տեսե՞լ ես այդպիսի խաղալիքներ։ ~ Հաճախ մարդիկ ձանձրանում են նման խաղալիքներից։ Աստված ուզում է, որ մենք իրեն հնազանդվենք ու ծառայենք ոչ թե ռոբոտի նման՝ զուտ այն պատճառով, որ այդպես պատրաստված ենք, այլ այն պատճառով, որ սիրում ենք իրեն ու ցանկանում ենք իրեն լսել։

Ինչո՞ւ Աստված չի ստեղծել մեզ այս ռոբոտի նման

Քո կարծիքով՝ ի՞նչ է զգում մեր երկնային Հայրը, երբ տեսնում է, որ մենք սրտանց ցանկանում ենք իրեն հնազանդվել։ ~ Ասա ինձ, ի՞նչ են զգում ծնողներդ՝ նայելով քո արարքներին։ ~ Աստվածաշնչում ասվում է, որ իմաստուն որդին «ուրախացնում է իր հորը», իսկ հիմար որդին «իր մոր տխրությունն է» (Առակաց 10։1)։ Նկատե՞լ ես, թե քո հայրիկն ու մայրիկը ինչքան են ուրախանում, երբ կատարում ես նրանց ասածները։ ~ Իսկ ի՞նչ են ծնողներդ զգում, երբ նրանց չես լսում։ ~

Ինչպե՞ս կարող ես ուրախացնել թե՛ Եհովային, թե՛ քո ծնողներին

Այժմ մտածենք մեր երկնային Հոր՝ Եհովայի մասին։ Նա հայտնում է մեզ, թե ինչպե՛ս կարող ենք ուրախացնել իրեն։ Փորձիր քո Աստվածաշնչում գտնել Առակաց 27։11–ը։ Այս համարի միջոցով Աստված դիմում է մեզ՝ ասելով. «Որդյակս [կարող ենք ասել նաև՝ դստրիկս], իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին»։ Գիտե՞ս, թե ինչ է նշանակում անարգել։ ~ Անարգողը կարող է ծիծաղել ու հայտարարել, թե չես կարող անել այն, ինչ ասել ես։ Կարո՞ղ ես ասել, թե ինչպես է Սատանան անարգում Եհովային։ ~ Տեսնենք։

Հիշո՞ւմ ես՝ այս գրքի 8–րդ գլխից իմացանք, որ Սատանան ցանկանում է առաջինը լինել և ուզում է, որ բոլորը իրեն հնազանդվեն։ Սատանան ասում է, թե մարդիկ պաշտում են Աստծուն զուտ այն պատճառով, որ ցանկանում են ստանալ նրա խոստացած հավիտենական կյանքը։ Ադամին ու Եվային Աստծո հանդեպ անհնազանդության դրդելուց որոշ ժամանակ անց Սատանան այսպիսի մի մեղադրանք ներկայացրեց Աստծուն. «Մարդիկ ծառայում են քեզ միայն քեզանից ինչ–​որ բան ստանալու նպատակով։ Միայն թույլ տուր, և ես կկարողանամ ցանկացած մարդու հեռացնել քեզանից»։

Ադամի ու Եվայի մեղք գործելուց հետո Սատանան ի՞նչ մեղադրանք ներկայացրեց Եհովային և ի՞նչ առաջարկեց նրան

Ճիշտ է, Աստվածաշնչում չենք գտնի նույն այս խոսքերը։ Բայց եթե կարդանք Հոբի մասին, պարզ կդառնա, որ Սատանան նման բան ասել է Աստծուն։ Հոբը հավատարիմ կմնար Եհովային, թե՝ ոչ, իսկապես մեծ նշանակություն ուներ և՛ Սատանայի համար, և՛ Աստծո։ Բացենք Աստվածաշնչում «Յոբ» գրքի առաջին և երկրորդ գլուխները և տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ։

Ուշադրություն դարձնենք, որ համաձայն առաջին գլխի, երբ հրեշտակները եկան Եհովայի մոտ՝ Սատանան նույնպես նրանց հետ էր՝ երկնքում։ Աստված հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան պատասխանեց. «Երկրի վրա շրջելուց»։ Ապա Եհովան հարցրեց. «Ուշադրություն դարձրի՞ր Հոբի վրա, որը ծառայում է ինձ և ոչ մի վատ բան չի անում» (Յոբ 1։6–8

Սատանան անմիջապես փորձեց հակաճառել՝ ասելով. «Հոբը ծառայում է քեզ այն պատճառով, որ ոչ մի դժվարություն չունի։ Եթե դու նրան չպաշտպանես ու նրա ունեցվածքը չօրհնես, նա քո երեսին քեզ կհայհոյի»։ Այդ ժամանակ Եհովան ասաց. «Լա՛վ, արա՛, ինչ կցանկանաս։ Բայց անձամբ Հոբին վնաս չտաս» (Յոբ 1։9–12

Ի՞նչ արեց Սատանան։ ~ Նա այնպես արեց, որ մարդիկ գողացան Հոբի ունեցած եզներն ու ավանակները, իսկ նախրապաններին սպանեցին։ Հետո կայծակը կործանեց Հոբի ոչխարներին հովիվների հետ միասին։ Դրանից շատ չանցած՝ գողացան Հոբի ուղտերը, իսկ ուխտապաններին սպանեցին։ Վերջում Սատանան փոթորիկ բարձրացրեց և ավերեց այն տունը, որտեղ գտնվում էին Հոբի տասը երեխաները։ Բոլորը մահացան։ Սակայն այս ամենից հետո էլ Հոբը շարունակեց ծառայել Աստծուն (Յոբ 1։13–22

Երբ Սատանան նորից եկավ ու կանգնեց Աստծո առաջ, Եհովան ասաց նրան, որ Հոբը շարունակում է իրեն հավատարիմ մնալ։ Սատանան կրկին փորձեց հակառակը պնդել՝ ասելով. «Եթե միայն թույլ տաս, որ նրա մարմնին դիպչեմ, նա քո երեսին քեզ կհայհոյի»։ Եհովան թույլ տվեց Սատանային դիպչել Հոբի մարմին, բայց զգուշացրեց, որ չսպանի նրան։

Ի՞նչ փորձությունների դիմացավ Հոբը, և ինչո՞ւ դա ուրախացրեց Աստծուն

Սատանան Հոբին հարվածեց այնպիսի մի հիվանդությամբ, որ նրա մարմինը ամբողջությամբ պատվեց ցավոտ վերքերով։ Հոբի վերքերից այնքան վատ հոտ էր գալիս, որ ոչ ոք չէր ցանկանում նրա կողքին լինել։ Նույնիսկ նրա կինն ասաց. «Հայհոյիր Աստծուն և մեռիր»։ Հոբին այցելության եկան իր կեղծ ընկերները, որոնք մխիթարելու փոխարեն, տխրեցրին նրան։ Նրանք ասացին, որ եթե Հոբը այսքան դժվարություններ ունի, ուրեմն շատ վատ բաներ է արել։ Սակայն, չնայած Սատանայի պատճառած բոլոր դժվարություններին ու ցավերին, Հոբը շարունակեց հավատարմորեն ծառայել Եհովային (Յոբ 2։1–13; 7։5; 19։13–20

Ի՞նչ ես կարծում, Եհովան ի՞նչ զգաց՝ տեսնելով Հոբի հավատարմությունը։ ~ Այո, նա ուրախացավ։ Այդ դեպքից հետո նա կարող էր ասել Սատանային. «Տե՛ս, Հոբը ծառայում է ինձ, որովհետև ուզում է դա անել»։ Կուզե՞ս դու էլ, Հոբի նման, լինել այնպիսի անձնավորություն, որին Եհովան օրինակ բերի՝ ապացուցելով, որ Սատանան ստախոս է։ ~ Եհովան մեծ պատվի է արժանացնում մեզ և հնարավորություն է տալիս, որ մեր արարքներով պատասխան տանք Սատանայի այն սուտ պնդմանը, թե նա ցանկացած մարդու կարող է հեռացնել Եհովայից։ Անկասկած, Հիսուսն այդպես էր վարվում։

Մեծ Ուսուցիչը երբեք թույլ չտվեց, որ Սատանան դրդեր իրեն որևէ սխալ քայլի։ Պատկերացնո՞ւմ ես, թե նա որքան ուրախացրեց իր Հորը։ Եհովա Աստված կարող էր պատասխան տալ Սատանային՝ ասելով. «Տե՛ս, իմ Որդին կատարյալ հավատարմություն պահպանեց, քանի որ սիրում է ինձ»։ Պատկերացրու նաև, թե ինչ ուրախություն էր ստանում Հիսուսը՝ իր Հոր սիրտն ուրախացնելով։ Այդ ուրախության համար նա նույնիսկ պատրաստ էր մեռնելու՝ տանջանքի ցցի վրա գամված (Եբրայեցիս 12։2

Մեծ Ուսուցչի նման, դու էլ կուզեի՞ր ուրախացնել Եհովային։ ~ Ուրեմն շարունակիր սովորել, թե ինչ է Եհովան կամենում, որ անես, և այդպես վարվելով՝ ուրախացրու նրա սիրտը։

Այն մասին, թե ինչպես է Հիսուսը ուրախացրել Աստծուն, և թե ինչպես մենք կարող ենք ուրախացնել նրան, կարդանք Առակաց 23։22–25; Յովհաննէս 5։30; 6։38; 8։28; Բ Յովհաննէս 4 համարներում։