ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անիմացիոն ֆիլմերը գերում են փոքրիկ սրտերը
Կարենին՝ jw.org կայքում «Դարձիր Եհովայի ընկերը» ֆիլմաշարի փոքրիկ տղային, ճանաչում են ամբողջ աշխարհում։ Այս լավ բալիկի մասին առաջին մուլտֆիլմը թարգմանվել է ավելի քան 130 լեզուներով։ Մենք հարյուրավոր նամակներ ենք ստացել այս մուլտֆիլմերի վերաբերյալ։
Այս նամակը գրել է 11 տարեկան մի աղջիկ իր 8 տարեկան քրոջ հետ. «Մենք ուզում ենք այս փողը նվիրել համաշխարհային քարոզչական գործին։ Մենք երկու կովիկներ ենք պահել, մեծացրել ու վաճառել։ Նրանց անուններն էին Բիգ Ռեդ և Էրլ։ Ուզում ենք այս փողը ձեզ տալ, որ կարողանաք մեզ համար «Դարձիր Եհովայի ընկերը» մուլտֆիլմեր
նկարահանել։ Մեզ համար հետաքրքիր կլինի, եթե Կարենը փոքր քույրիկ ունենա, և ծնողները ավելի շատ քույրիկին ուշադրություն դարձնեն։ Մենք շատ ենք սիրում Կարենի մուլտֆիլմը»։Շատ երեխաներ անգիր են արել մուլտֆիլմը, երգը և նույնիսկ հեղինակի խոսքերը։ Մի քույր գրում է, որ իրենց 100 քարոզիչ ունեցող ժողովում 40 երեխա կա, մեծ մասը՝ մինչև տասը տարեկան։ Մի օր հանդիպման վերջում պետք է երգեին 120 համարի երգը։ Նա նստած էր երրորդ շարքում, որտեղից պարզ լսվում էր, թե ինչպես են բոլորը երգում։ Երբ լսեց, թե ինչ ոգևորությամբ են երեխաները երգում «իրենց երգը», նրա աչքերից արցունքներ հոսեցին։
Մի տատիկ գրում է, որ իր թոռնիկը մուլտֆիլմը երկրորդ անգամ դիտելուց հետո ասաց. «Ես կհավաքեմ իմ սենյակը, որ խաղալիքներիս պատճառով ոչ ոք չընկնի»։ Երեխան այնքան հաստատակամ է, որ մինչև սենյակը չի հավաքում, չի գնում հաց ուտելու։
Հարավաֆրիկյան Հանրապետության գյուղերից մեկում մի Վկայի տուն ամեն օր շատ երեխաներ էին գնում-գալիս։ Ոմանք մտածում էին՝ պատճառն այն է, որ այդ ընտանիքը կոնֆետներ է վաճառում։ Բայց իրականում երեխաները, մեկը մյուսին ասելով, գալիս էին դիտելու «Լսիր, հնազանդվիր և օրհնվիր» մուլտֆիլմը իրենց մայրենի կոսա լեզվով։ Մի անգամ մուլտֆիլմը դիտելու եկավ 11 երեխա։ Բոլորն էլ անգիր արեցին երգի բառերը։
Էկվադորում ապրող 8 տարեկան Իսաակը և նրա 5 տարեկան եղբայր Սաուլը, որոնք Վկաներ չեն, հավաքում էին իրենց ծնողների տված չնչին գումարը և իրենց համար գնում էին խաղալիքներ՝ հրացաններ, թրեր և ռազմիկներ։
Մայրը սովորեցրել էր, որ իրենց սենյակը հավաքած պահեն. խաղալիքները լցնեն մի արկղի մեջ և դնեն մահճակալի տակ։ Մի օր նրանց նվիրեցին «Դարձիր Եհովայի ընկերը» մուլտֆիլմի DVD-ն իրենց մայրենի կեչուա լեզվով, և նրանք միասին դիտեցին այն։ Մի շաբաթ հետո, երբ մայրը մաքրում էր տունը, տեսավ, որ խաղալիքների արկղը դատարկ է, այնտեղ միայն մի խաղալիք մեքենա կար։ Նա հարցրեց տղաներին. «Ո՞ւր են խաղալիքները»։ Երեխաները պատասխանեցին. «Դրանք Եհովային դուր չեն գալիս։ Աղբարկղի մեջ ենք գցել»։ Այժմ, երբ Իսաակը տեսնում է, որ հարևանների երեխաները մարտական խաղալիքներով են խաղում, ասում է. «Մի՛ խաղացեք դրանցով։ Եհովային դա դուր չի գալիս»։