Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

JW.ORG Վկայություն բոլոր ազգերին

JW.ORG Վկայություն բոլոր ազգերին

Հիսուսն ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթ. 24։14)։ jw.org վեբ կայքը շատ արդյունավետ միջոց է վերջին՝ մնացած կարճ ժամանակում բարի լուրը «բոլոր ազգերին» հասցնելու համար։

Սողոմոնի կղզիներում ծառայող մի միսիոներ զույգ ծովափնյա մի գյուղում հանդիպեց չորս տարեց տղամարդկանց։ Նկատելով, որ նրանք բջջային հեռախոսներ ունեն՝ միսիոներները հարցրին, թե կարողանում են արդյոք օգտվել ինտերնետից։ Իմանալով, որ կարողանում են, նրանց ասացին մեր կայքի մասին, ցույց տվեցին ինչպես բացել, գտնել իրենց լեզուն, բեռնել ամսագրեր ու Աստվածաշունչ և ինչպես օգտվել ընտանիքների ու երեխաների համար նախատեսված բաժիններից։ Միսիոներները ծառայության ժամանակ երեխաներին նույնպես հաճույքով ցույց են տալիս կայքը՝ հատկապես «Աղոթիր ամեն ժամանակ» երգի տեսանյութը։ Մի անգամ տեսանյութը դիտելուց հետո փոքրիկների խումբը ուրախ վազեց խաղալու տրոպիկական ջունգլիներում՝ երգելով. «Ուր լինեմ, երբ էլ որ աղոթեմ...»։

Ուլան Բատոր, Մոնղոլիա

Ահա կայքի վերաբերյալ երախտագիտական նամակներից մի քանիսը, որ ստացել է գլխավոր վարչությունը։

«Ես ու ամուսինս տեղափոխվել ենք Մեքսիկա և փորձում ենք սովորել իսպաներեն, որ կարողանանք քարոզել բոլորին։ Ամեն անգամ, երբ մտնում եմ jw.org կայք, շնորհակալություն եմ հայտնում Եհովային, քանի որ դրա միջոցով լսում և սովորում եմ այս լեզուն։ Այնքան շատ բան կա մատչելի՝ ամսագրեր, գրքեր, երգեր, ներկայացումներ բազմաթիվ լեզուներով։ Ես շնորհակալ եմ ձեզ այս մեծ գործի համար, որ անում եք։ Ձեզ շատ եմ սիրում» (Դ. Հ., Մեքսիկա)։

«Ես գրեթե ոչինչ չեմ տեսնում։ Շատ եմ սիրում ձեր վեբ կայքը, այնտեղ այնքան շատ ձայնագրություններ կան։ Գրում եմ ձեզ խնդրանքով, որ շարունակեք ձեր գրքերի, գրքույկների և այլ հրատարակությունների ավելի շատ ձայնագրություններ դնել կայքում, որ օրվա ընթացքում միշտ լսելու բան ունենամ» (Կ. Գ., ԱՄՆ)։

«Ես սիրում եմ jw.org-ը։ Այն շատ հեշտ է օգտագործելու համար։ Ավելի մեծ ոգևորությամբ եմ անձնական ուսումնասիրություն անում և պատրաստվում ծառայությանը։ Ես 72 տարեկան եմ, արդեն 47 տարվա մկրտված Վկա եմ, 30 տարուց ավել ռահվիրա եմ ծառայել, 9 մկրտված երեխաների մայր եմ, ունեմ 16 թոռ և 3 ծոռ։ Մեր տանը արդեն չորս սերունդ է, որ ռահվիրա են ծառայում։ Ես շնորհակալ եմ Եհովային ճիշտ ժամանակին մեզ հոգևոր կերակուր տալու համար» (Մ. Թ., ԱՄՆ)։

«Ժամը գիշերվա 4։00-ին եմ գրում նամակս։ Հաճախ գիշերները անքուն եմ մնում, քանի որ ցրված կարծրախտ և այլ հիվանդություններ ունեմ, որոնցից, ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ։ Եհովան շարունակ հոգ է տանում մեր հոգևոր առողջության մասին, և հենց դրա համար եմ ուզում շնորհակալություն հայտնել ձեզ։ Նյութը ես ավելի հեշտ եմ ընկալում նկարների, պատկերների օգնությամբ, դրա համար էլ մեր վեբ կայքը գրավում է ինձ։ Բարձր եմ գնահատում գրաֆիկան, տեսանյութերը և նկարները իրենց հստակ, պարզ մակագրություններով» (Բ. Բ., Նոր Զելանդիա)։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Ես բժիշկ եմ և աշխատում եմ Շրի Լանկայի մի հեռավոր վայրում, որտեղ իմ լեզվով ամսագրեր չեմ ստանում։ Բայց ձեր կայքի շնորհիվ կարողանում եմ իմ մայրենի լեզվով բեռնել և կարդալ դրանք։ Այդ կայքը ամենալավ նվերն է, որ Եհովան տվել է ինձ պես մարդկանց» (Ն. Ֆ., Շրի Լանկա)։

«Այս նամակով ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ անում եք այս մեծ աշխատանքը, որպեսզի մարդիկ իմանան Եհովայի մասին։ Խնդրում եմ, շարունակեք տեսանյութեր դնել jw.org կայքում։ Դրանք օգնում են ինձ և մեր ընտանիքին։ Ինձ ամենաշատը օգնել է «Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների» անիմացիան։ Կրկին շնորհակալություն եմ ուզում ասել» (Յ. Ս., 9 տարեկան, ԱՄՆ)։

«Շնորհակալ եմ ձեզ և Եհովային այն հոգևոր կերակուրի համար, որ տալիս եք մեզ։ jw.org վեբ կայքը շատ է օգնում ինձ, հատկապես պատանիների բաժինը։ Ինձ նաև շատ է դուր գալիս «Դարձիր Եհովայի ընկերը» բաժինը։ Ես երեք փոքր քույրեր ունեմ և տեսնում եմ, թե ինչ լավ ազդեցություն է այն ունենում նրանց վրա։ Թեև ձեզնից շատ հեռու ենք, բայց զգում եմ, որ իսկական եղբայրություն ենք, քանի որ միավորված ենք Եհովայի հանդեպ մեր սիրով։ Շնորհակալություն» (Ա. Բ., Պերու)։