ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ
1991-2001 «Հարստահարության հալոց» (Ես. 48։10), (մաս 2)
Հարձակում Բեթելի վրա
1998թ. փետրվարին կառավարական զորքերը և Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական միության (ԷԿՈՄՈԳ) զինվորները լայնամասշտաբ գրոհ սկսեցին Ֆրիթաունից ապստամբ ուժերին դուրս մղելու համար։ Ցավոք սրտի, մեր եղբայրներից մեկը պատահաբար զոհվեց ականի բեկորից։
Մոտ 150 քարոզիչներ պատսպարվել էին Կիսիի և Կոկերիլի միսիոներական տներում։ Լադի Սանդին՝ Բեթելի գիշերային պահակներից մեկը, պատմում է. «Մի ուշ գիշեր, երբ Ֆիլիպ Թուրեյի հետ հերթապահում էի, Հեղափոխական միավորված ճակատի երկու զինված ապստամբ հայտնվեցին Բեթելի ընդունարանի ապակե դռների հետևում և պահանջեցին բացել դուռը։ Նրանք սկսեցին կրակել դռան փականի վրա։ Պաշտպանվելու համար մենք անմիջապես թաքնվեցինք։ Հետաքրքիր էր, որ փականը «չհանձնվեց», ու նրանց մտքով անգամ չանցավ կրակել դռների ապակիներին։ Նրանք քոռ ու փոշման հեռացան։
Երկու օր անց գիշերով ապստամբները վերադարձան։ Այս անգամ նրանք մոտ 20 հոգի էին և մինչև ատամները զինված։ Մենք իսկույն բոլորին արթնացրինք և վազեցինք ներքնահարկում նախապես պատրաստված ապաստարան։ Յոթ հոգով կուչ էինք եկել երկու մեծ տակառների հետևում և մթության մեջ վախից դողում էինք։ Ապստամբները շենք մտան։ Այս անգամ փականը չկարողացավ «դիմադրել» նրանց կրակահերթին։ «Գտե՛ք այդ Վկաներին և դրանց կոկորդը կտրեք»,— կատաղած մռնչում էր նրանցից մեկը։ Մինչ նրանք մոտ յոթ ժամ տակնուվրա էին անում շենքը, մենք ծպտվել էինք մեր թաքստոցում։ Վերջապես, իրենց գիշերային ավերից գոհ՝ նրանք հեռացան։
Մենք հավաքեցինք մեր անձնական իրերը ու փախանք Կոկերիլի միսիոներական տուն՝ նախկին Բեթելի շենք, որը նույն
փողոցի վրա էր։ Ճանապարհին ապստամբների մի այլ խումբ թալանեց մեզ։ Երբ ի վերջո տեղ հասանք, վախից դողում էինք, բայց ուրախ էինք, որ կենդանի ենք։ Մի քանի օր անց՝ փոքր-ինչ ուշքի գալուց հետո, վերադարձանք Բեթել՝ նրանց թողած ավերակները մաքրելու»։Երկու ամիս անց, երբ ԷԿՈՄՈԳ-ի զորքերը իրենց հսկողության տակ էին առել քաղաքը, միսիոներները սկսեցին վերադառնալ Գվինեայից։ Սակայն նրանք այստեղ երկար չէին մնալու։
«Ոչ մի կենդանի շունչ» օպերացիա
Ութ ամիս անց՝ 1998-ի դեկտեմբերին, հարյուրավոր պատվիրակներ Ֆրիթաունի ազգային մարզադաշտում ունկնդրում էին «Աստվածահաճո կյանքի ուղին» վերնագրով մարզային համաժողովը, երբ հանկարծ հեռվից խուլ պայթյուն լսվեց, ու ծխի մի ամպ բարձրացավ սարերի հետևից։ Ապստամբ զորքերը վերադարձել էին։
Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Ֆրիթաունում իրավիճակը վատացավ։ Մասնաճյուղի կոմիտեն փոքր ինքնաթիռ վարձեց 12 միսիոներներին, արտասահմանցի 8 բեթելցիներին և 5 շինարարներին Կոնակրի տեղափոխելու համար։ Երեք օր հետո՝ 1999-ի հունվարի 6-ին, ապստամբ ուժերը մի լայնամասշտաբ սպանդ սկսեցին, որը կոչում էին «Ոչ մի կենդանի շունչ» օպերացիա։ Վայրենի դաժանությամբ նրանք ավերեցին Ֆրիթաունը՝ սպանելով մոտ 6000 հոգու։ Այդ արյունարբու գազանները անդամահատեցին մարդկանց, առևանգեցին հարյուրավոր երեխաների և քարուքանդ արեցին հազարավոր տներ։
Դաժանորեն սպանվեց նաև մեր սիրելի եղբայր Էդվարդ Թոբին։ Բռնության ենթարկված ավելի քան 200 քարոզիչներ մարմնական վնասվածքներով ապաստան էին գտել Բեթելում և Կոկերիլի միսիոներական տանը։ Մյուսները թաքնվել էին իրենց տներում։ Կիսիի միսիոներական տանը պատսպարված Վկաները դեղորայքի խիստ կարիք ունեին։ Սակայն այն գտնվում էր քաղաքի արևելյան ծայրին և այնտեղ հասնելը չափազանց վտանգավոր էր։ Ո՞վ նման ռիսկի կգնար։ Լադի
Սանդին և Ֆիլիպ Թուրեյը՝ Բեթելի խիզախ գիշերային հերթապահները, անմիջապես ստանձնեցին այդ գործը։«Քաղաքում քաոս էր,— պատմում է Ֆիլիպը։— Ապստամբ զինվորները անթիվ անցակետեր էին դրել և, ում ուզում, ահաբեկում էին։ Խիստ պարետային ժամ էր սահմանված՝ ցերեկվա ժամը 3-ից մինչև առավոտվա 10-ը։ Դա սահմանափակում էր տեղից տեղ տեղափոխվելու հնարավորությունը։ Ճամփա ընկնելուց երկու օր անց հասանք Կիսիի միսիոներական տուն և տեսանք, որ այն ավերված ու հրդեհված է։
Երբ ստուգեցինք շրջակայքը, գտանք մեր եղբայրներից մեկին՝ Էնդրյու Քոլկերին, որը սարսափելի բաց վերքեր ուներ գլխի վրա։ Ապստամբները կապկպել էին նրան և կացնով անընդհատ հարվածել։ Ապշել կարելի էր, թե ինչպես էր նրան հաջողվել կենդանի մնալ ու փախչել։ Նրան անմիջապես հիվանդանոց հասցրինք, որտեղ աստիճանաբար ապաքինվեց։ Հետագայում նա դարձավ ռահվիրա»։
Որոշ Վկաներ էլ կենդանի կամ անվնաս էին մնացել, քանի որ հայտնի էին իրենց քրիստոնեական չեզոքությամբ։ Մի եղբայր պատմում է. «Ապստամբները պահանջեցին, որ սպիտակ բանդանա կապենք մեր գլխին ու փողոցում պարենք նրանց համար։ Սպառնացին, որ եթե չպարենք, կկտրեն մեր ձեռքերն ու ոտքերը կամ էլ կսպանեն։ Սարսափած ես ու կինս մի կողմ քաշվեցինք ու սկսեցինք մտքում աղոթել Եհովային։ Մեզ տեսնելով՝ հարևանի տղան, որը նրանց կողմնակիցներից էր, ասաց հրամանատարին. «Սա մեր «եղբայրն» է։ Նա քաղաքականությունից հեռու է։ Մե՛նք կպարենք նրա փոխարեն»։ Այդ խոսքերը հրամանատարին դուր եկան, նա շրջվեց, իսկ մենք արագ մտանք տուն»։
Որոշ ժամանակ անց քաղաքի վրա տարօրինակ խաղաղություն իջավ։ Եղբայրները, չկորցնելով զգուշավորությունն ու աչալրջությունը, սկսեցին նորից հանդիպումներ անցկացնել և ծառայություն կազմակերպել։ Քարոզիչները կրում էին համաժողովի անվանաքարտեր, որպեսզի անցակետերում իմանան, որ իրենք Վկաներ են։ Եղբայրները անցակետերի երկար հերթերում սովորեցին ժամանակը օգտագործել և հմտորեն աստվածաշնչյան զրույցներ վարել։
Քաղաքում ամեն ինչ սուղ էր։ Մեծ Բրիտանիայի մասնաճյուղը 200 արկղ օգնություն ուղարկեց Սիեռա Լեոնեի եղբայրներին։ Բիլլի Քոուենը և Ալան Ջոնսը Կոնակրիից (Գվինեա, որտեղ ժամանակավորապես տեղափոխվել էր մասնաճյուղը) ուղղաթիռով եկան Ֆրիթաուն, որպեսզի օգնությունը ապահով անցկացնեն անցակետերով։ Նրանք Բեթել հասան պարետային ժամը սկսելուց րոպեներ առաջ։ Եղբայր Ջեյմս Կորոման այստեղից նամակները պարբերաբար Կոնակրի էր տանում և այնտեղից գրականություն ու պարենային ապրանքներ էր բերում։ Հոգևոր սննդի մի մասը ուղարկում էին Բո և Կենեմա քաղաքներում ապրող մեկուսի խմբերին։
1999-ի օգոստոսի 9-ին միսիոներները Կոնակրիից սկսեցին վերադառնալ Ֆրիթաուն։ Հաջորդ տարի բրիտանական հետախուզական զորքերը մայրաքաղաքից դուրս մղեցին ապստամբներին, սակայն զինված ընդհարումները մի որոշ ժամանակ
դեռ շարունակվեցին։ 2002-ի հունվարին պատերազմը հայտարարվեց ավարտված։ 11 տարի տևած այս հակամարտությունների հետևանքով զոհվեց 50000 մարդ, 20000-ը հաշմանդամ դարձավ, ավերվեց 300000 տուն, և 1,2 միլիոն մարդ տեղահանվեց։Ինչպիսի՞ հետևանքներ այն թողեց Եհովայի ժողովրդի վրա։ Ակնհայտ էր, որ այս ընթացքում Եհովան պաշտպանել և օրհնել է իր կազմակերպությունը։ Պատերազմի տարիներին մկրտվեց մոտ 700 հոգի։ Թեև հարյուրավոր Վկաներ փախան Սիեռա Լեոնեից, քարոզիչների թիվը 50 տոկոսով ավելացավ, իսկ Գվինեայում քարոզիչների թիվն աճեց 300 տոկոսով։ Բայց ամենակարևորն այն է, որ Աստծու ժողովուրդը պահեց իր անարատությունը։ «Հարստահարության հալոցում» նրանք ցուցաբերեցին քրիստոնեական անմար սեր և անքակտելի միասնություն՝ առանց դադարի շարունակելով սովորեցնել ու բարի լուրը հռչակել (Ես. 48։10; Գործ. 5։42)։