Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

1945-​1990 Շատերը արդարության են բերվում (Դան. 12։3), (մաս 4)

1945-​1990 Շատերը արդարության են բերվում (Դան. 12։3), (մաս 4)

Պայքարում ենք անգրագիտության դեմ

1963թ. սկզբին, երբ Միլթոն Հենշելը երկրորդ անգամ այցելեց Սիեռա Լեոնե, հորդորեց ինտենսիվ քայլեր ձեռնարկել մարդկանց գրաճանաչ դարձնելու նպատակով։ Մասնաճյուղի եղբայրները արդեն իսկ որոշակի ծրագրեր էին իրականացնում այդ ուղղությամբ։

Որոշ ժողովներում եղբայրները անգլերենի դասեր էին անցկացնում։ Սակայն եղբայր Հենշելի այցից հետո նրանք սկսեցին մարդկանց սովորեցնել նաև իրենց մայրենի լեզվով գրել-կարդալ։ Որոշ ժողովներում արդեն կազմակերպվում էին երկու-երեք լեզուների դասընթացներ։ Դրանք մեծ տարածում գտան. շատ չանցած՝ երկրի քարոզիչների մեկ երրորդը ներգրավված էր այդ դասընթացներում։

1966-ին Լիբերիայում եղբայրները կիսի լեզվով պատկերազարդ այբբենարան կազմեցին։ Երբ այն ներկայացրին համապատասխան պաշտոնյաներին, նրանք այնքան տպավորվեցին, որ որոշեցին տպագրել այն և անվճար բաժանել։ Այդ այբբենարանը բաժանեցին Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում, և դրա օգնությամբ հարյուրավոր կիսիներ գրել-կարդալ սովորեցին։ Հետագայում մյուս լեզվական խմբերի համար էլ կազմվեցին նմանատիպ այբբենարաններ, որպեսզի ավելի շատ մարդիկ գրաճանաչ դառնան։

Սիան «գրանցում» էր իր ծառայությունը՝ սև և կարմիր թելերի վրա հանգույցներ անելով

Գրաճանաչության դասերը օգնեցին մարդկանց ոչ միայն գրել-կարդալ սովորել, այլև հոգևորապես առաջադիմել։ Օրինակ՝ Սիա Նգալա անունով մի քույր՝ 50 տարեկան չմկրտված քարոզիչ, գրել-կարդալ չգիտեր։ Նա իր ծառայությունը հետևյալ կերպ էր «գրանցում»։ Իր մոտ պահում էր սև և կարմիր թել։ Ամեն անգամ, երբ մեկ ժամ քարոզում էր, սև թելի վրա մի հանգույց էր անում։ Իսկ երբ վերայցելություն էր անում, կարմիր թելի վրա էր հանգույց ավելացնում։ Գրաճանաչության դասերից հետո թելերին փոխարինեցին թուղթն ու գրիչը։ Նա առաջադիմեց, մկրտվեց և դարձավ բարի լուրի հմուտ ուսուցիչ ու քարոզիչ։

Այսօր Սիեռա Լեոնեի և Գվինեայի շատ ժողովներ շարունակում են գրաճանաչության դասեր անցկացնել։ Սիեռա Լեոնեի բարձրաստիճան մի պաշտոնյա մասնաճյուղի եղբայրներին հետևյալն ասաց. «Բացի աստվածաշնչյան կըրթությունը, որ տրամադրում եք, դուք նաև մեծ բարեգործություն եք անում՝ օգնում եք հասարակությանը դառնալ գրաճանաչ»։

Այն «արձակեց մեր լեզվի կապանքները»

Տարբեր էթնիկ խմբերի մարդիկ աստիճանաբար դառնում էին գրաճանաչ, ուստի մեր գրականությունը նրանց մայրենի լեզուներով թարգմանելու կարիքը մեծանում էր։ Ցեղերից շատերը իրենց լեզվով ոչ մի տեսակ գիրք գրեթե չունեին։ Սիեռա Լեոնեում գրագետ մարդիկ անգլերեն էին կարդում, իսկ Գվինեայում՝ ֆրանսերեն։ Ի՞նչ կարելի էր անել նրանց մայրենի լեզվով գրականությամբ ապահովելու համար։

1959-ին Գաղաադի երկու շրջանավարտներ մենդե լեզվով մի թերթիկ և մի գրքույկ թարգմանեցին, սակայն դրանք քիչ քանակությամբ տարածվեցին։ Տասը տարի անց «Թագավորության այս բարի լուրը» և «Արդար նոր աշխարհի հույս» գրքույկները թարգմանվեցին կիսի լեզվով։ Այդ գրքույկներից մոտ 30000 օրինակ բաժանվեց։ Դրանցով նաև Աստվածաշունչ էին ուսումնասիրում։

1975թ.-ին մասնաճյուղը սկսեց կիսի լեզվով տպագրել «Դիտարանի» ուսումնասիրության հոդվածները։ Քարոզիչների ուրախությանը չափ չկար։ Մի եղբայր գրեց. «Եհովան մեզ համար մեծ հրաշք արեց։ Քանի որ մեզնից ոչ ոք դպրոց չէր գնացել, մենք ասես համր քարեր լինեինք, որ անկարող են խոսել։ Բայց մեր մայրենի լեզվով «Դիտարանը» արձակեց մեր լեզվի կապանքները, ու հիմա մենք կարողանում ենք խոսել Եհովայի մեծամեծ գործերի մասին» (Ղուկ. 19։40)։ Ժամանակի ընթացքում ուրիշ հրատարակություններ էլ թարգմանվեցին կիսի լեզվով։

Այսօր Սիեռա Լեոնեի և Գվինեայի բնակիչներից շատերը մեր հրատարակությունները կարդում են անգլերենով կամ ֆրանսերենով։ Այդ լեզուներով են անցկացվում նաև ժողովի հանդիպումները։ Սակայն վերջերս տեղացիների լեզվով հրատարակությունների թիվը կտրուկ ավելացել է։ Այժմ աստվածաշնչյան գրականությունը մատչելի է գուերզե, կիսի, կրիո մանինկական, մենդե, ֆուլա և սուսու լեզուներով։ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» ու «Լսիր Աստծուն» գրքույկները մատչելի են այս բոլոր լեզուներով։ Սրանք գործնական ձեռնարկներ են սահմանափակ գրագիտություն ունեցողներին Աստվածաշնչի ճշմարտությունները սովորեցնելու համար։

Մասնաճյուղ է կառուցվում

1960-ականների սկզբերին եղբայրները Ֆրիթաունում տարածք էին փնտրում, որտեղ հնարավոր կլիներ նոր մասնաճյուղ կառուցել։ Վերջապես, 1965-ին նրանք քաղաքի բնակելի տարածքի ամենագեղեցիկ հատվածում՝ Ուիլքինսոն փողոցում, մի հողատարածք ձեռք բերեցին, որտեղից տեսարան էր բացվում դեպի օվկիանոս։

Ըստ վերջնական նախագծի՝ Թագավորության սրահը, միսիոներական տունը և մասնաճյուղի գրասենյակները պետք է մեկ գեղեցիկ շենքում լինեին։ Շինարարության ժամանակ փողոցում հաճախ խցանումներ էին լինում, քանի որ մեքենաները գրեթե կանգ էին առնում, որպեսզի վարորդներն ու ուղևորները դիտեին կամավորների աշխատանքը և հիանային տեսարանով։ Մասնաճյուղի նվիրումը տեղի ունեցավ 1967-ի օգոստոսի 19-ին։ Նվիրման ծրագրին ներկա եղավ մոտ 300 մարդ, որոնց թվում էին պաշտոնատար անձինք և երկար տարիների մի քանի Վկաներ, որոնց 1923թ.-ին մկրտել էր եղբայր Բայբլ Բրաունը։

Մասնաճյուղը և միսիոներական տունը Ֆրիթաունում (1965–1997)

Մասնաճյուղի նոր շենքի շնորհիվ շատերը ավելի մեծ գնահատանքով լցվեցին Եհովայի վկաների գործունեության հանդեպ։ Այն նաև պապանձեցրեց կրոնական քննադատներին, որոնք ասում էին, թե Վկաները երկար չեն մնա Սիեռա Լեոնեում։ Այդ շինությունը ինքնին վկայում էր, որ Եհովայի վկաները դեռ շատ անելիք ունեն այս երկրում։

Եռանդուն միսիոներները նոր շունչ են հաղորդում

Մի խումբ քարոզիչներ ծառայության գնալիս անցնում են բրնձի դաշտերով

1970-ականների կեսերից սկսած՝ բազմաթիվ միսիոներներ եկան Սիեռա Լեոնե և Գվինեա։ Նրանցից ոմանք ծառայել էին աֆրիկյան այլ երկրներում և շատ արագ հարմարվեցին այստեղի պայմաններին։ Սակայն ոմանք առաջին անգամ էին ոտք դնում Աֆրիկա։ Ի՞նչն օգնեց նրանց դիմանալ «սպիտակ մարդու գերեզմանում»։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանցից մի քանիսը։

«Մարդիկ խոնարհ էին և հոգևորապես քաղցած։ Ուրախանում էի՝ տեսնելով, թե ինչպես էր ճշմարտությունը փոխում նրանց կյանքը» (Հանելորե Ալթմայեր

«Դժվար էր արևադարձային կլիմային հարմարվելը և հիվանդություններից պաշտպանվելը։ Սակայն այն ուրախությունը, որ ստանում էի անկեղծ մարդկանց օգնելուց, ամեն ինչ արժեր» (Շերիլ Ֆերգյուսոն

«Ես սովորեցի համբերատար լինել։ Մի անգամ, երբ հարցրի քույրերից մեկին, թե երբ են նրա հյուրերը գալու, նա ասաց. «Այսօր կգան, կամ էլ վաղը, կամ էլ վաղը չէ մյուս օրը»։ Երևի դեմքիս արտահայտությունը մատնեց, թե որքան անսովոր էր այդ պատասխանը ինձ համար, ուստի նա ավելացրեց. «Բայց նրանք անպայման կգան»» (Քրիստին Ջոնս

«Ֆրիթաունի միսիոներական տանը ապրում էինք տասնչորս հոգով։ Բոլորս էլ տարբեր էթնիկական և մշակութային ծագում ունեինք։ Բոլորիս տրամադրության տակ կար ընդամենը երկու զուգարան, մեկ լոգասենյակ, մեկ լվացքի մեքենա և մեկ խոհանոց։ Ուտելիքը սահմանափակ էր և ոչ լավ որակի։ Էլեկտրականությունը անսպասելի կարող էր անջատվել, և օրերով մնայինք առանց հոսանքի։ Շատերս հիվանդացել էինք մալարիայով և այլ հիվանդություններով։ Թեև պատկերը շատ մռայլ էր, սակայն սովորեցինք միասին ապրել, իրար ներել և դժվարություններին հումորով նայել։ Քարոզելը առանձնակի հաճույք էր պատճառում։ Բոլորս մտերիմ ընկերներ էինք դարձել» (Ռոբերտ և Պաուլին Լանդիսներ

Պաուլին Լանդիսը Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում

«Սիեռա Լեոնեում անցկացրած ժամանակը մեր կյանքի լավագույն տարիներն էին։ Մենք գնահատում ենք ամեն մի օրը, որ անցկացրել ենք այնտեղ։ Կարոտով ենք հիշում այդ օրերը» (Բենջամին և Մոնիկա Մարթիններ

«Մի օր գիշերեցինք մի հետաքրքրվող կնոջ տանը։ Նա մեզ հյուրասիրեց մի տարօրինակ ուտեստով։ «Սա թունավոր օձ է, բայց մի՛ անհանգստացեք,— ասաց նա,— ես ատամները հեռացրել եմ։ Փորձե՛ք»։ Մենք նրբանկատորեն հրաժարվեցինք, բայց նա պնդեց։ Չնայած «սուր զգացողություններին»՝ մենք գնահատում էինք մարդկանց ցուցաբերած ջերմ հյուրասիրությունը և նրանց ավելի շատ էինք սիրում» (Ֆրեդերիկ և Բարբարա Մորիսիներ

«Իմ միսիոներական ծառայության 43 տարիների ընթացքում ապրել եմ 100-ից ավել միսիոներների հետ։ Մեծ առանձնաշնորհում է ճանաչել այդքան մարդկանց, որոնք թեպետ տարբեր անհատականություններ են, սակայն միևնույն նպատակն ունեն։ Այս ամենից բացի, մեծագույն երջանկությունն այն է, որ Աստծու համագործակիցն ես և տեսնում ես, թե ինչպես են մարդիկ ընդունում ճշմարտությունը» (Լինեթ Պետերս

«Մեծագույն երջանկությունն այն է, որ Աստծու համագործակիցն ես և տեսնում ես, թե ինչպես են մարդիկ ընդունում ճշմարտությունը»

1947-ից ի վեր՝ Սիեռա Լեոնեում 154 միսիոներներ են ծառայել, իսկ Գվինեայում՝ 88։ Ուրիշ շատ Վկաներ էլ են եկել ծառայելու այստեղ, քանի որ քարոզիչների մեծ կարիք կար։ Այսօր Սիեռա Լեոնեում կան 44 միսիոներներ, իսկ Գվինեայում՝ 31։ Նրանց անձնուրաց ջանքերի և նվիրվածության շնորհիվ բազմաթիվ մարդիկ են ընդունել ճշմարտությունը։ Երկար տարիներ մասնաճյուղի կոմիտեում ծառայող եղբայր Ալֆրեդ Գունը հետևյալ կերպ է արտահայտվում նրանց մասին. «Մենք միշտ հիանում ենք նրանցով»։