Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նոլան «Դիտարան» ամսագրի օրինակները ցույց է տալիս այն տղամարդկանց, որոնք փայտածուխ էին վերցրել իրենից (Բուրունդի)

ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Աֆրիկա

Աֆրիկա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 58

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 1082464150

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 1453694

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 3688959

Վկայություն մոտոցիկլետով

Դեսիրեն իր մոտոցիկլետ-տաքսու վրա տեղադրված նվագարկչի միջոցով բարի լուրն է հայտնում ուղևորներին (Բենին)

Բենինի հարավային շրջանի քաղաքներում տեղացիների սիրած տրանսպորտային միջոցներից մեկը մոտոցիկլետ-տաքսին է, որը նրանք կոչում են «զեմ»։ Դեսիրե անունով մի ենթառահվիրա իր զեմի վրա նվագարկիչ է տեղադրել և ուղևորների համար նախատեսված նստելատեղի մոտ երկու բարձրախոս է դրել։ Դեսիրեն միացնում է մեր հրատարակությունների և աստվածաշնչյան ներկայացումների ձայնագրությունները, և դրանք անընդհատ հնչում են ողջ օրվա ընթացքում։ Երբ ուղևորը նստում է նրա մոտոցիկլետը, սովորաբար շատ չանցած՝ արդեն ուշադրությամբ լսում է ձայնագրությունը։ Շատերն այնքան կլանված են լսում, որ երբ տեղ են հասնում, հապաղում են և չեն ցանկանում իջնել մոտոցիկլետից, մինչև որ ձայնագրությունը չի ավարտվում։ Դեսիրեն ասում է. «Ես իհարկե կուզենայի, որ նրանք շուտ վճարեն ու գնան, որպեսզի ուրիշ ուղևորների էլ սպասարկեմ, բայց հասկանում եմ, որ փողից առավել կարևոր է այն, որ այդ մարդիկ լսեն բարի լուրը։ Բացի դրանից, այդպես ես շատ գրականություն եմ տարածում»։

Աղջկա հաստատակամությունը

Նոլա անունով վեցամյա մի աղջիկ, որը դեռ դպրոց չի հաճախում, իր ընտանիքի հետ ապրում է Բուրունդիի բարձրադիր շրջաններում։ Մի օր, երբ նրանց ընտանիքը ճաշ էր պատրաստում փայտածխի փոքրիկ վառարանի վրա, կողքի տանը աշխատող երկու տղամարդ նրանցից մի քիչ շիկացած փայտածուխ խնդրեցին՝ կրակ վառելու համար։ Այդ պահին Նոլան կրակն էր խառնում։ Նա թույլ տվեց, որ նրանք փայտածխի մի քանի կտոր վերցնեն։ Շատ չանցած՝ այդ մարդկանց կողքով անցնելիս Նոլան տեսավ, որ նրանք փայտածխի կտորներով ծխախոտ էին վառել։ Նա շատ սրտնեղեց ու ասաց նրանց. «Եթե իմանայի, որ փայտածուխը ծխախոտ վառելու համար եք ուզում, չէի տա»։ Հետո Նոլան հիշեց, որ Թագավորության սրահում մի ամսագիր է տեսել, որի վրա ծխախոտ է պատկերված։ Նա վազեց Սրահ ու վերցրեց այդ ամսագրի երկու օրինակ (դա «Դիտարանի» 2014թ. հունիսի 1-ի թողարկումն էր, որտեղ խոսվում է ծխելու սովորության մասին)։ Նոլան վերադարձավ այդ տղամարդկանց մոտ, ամսագրերը տվեց նրանց և ասաց, որ անմիջապես կարդան դրանք։ Ավելի ուշ Նոլան կրկին հանդիպեց նրանց ու գալիք տարածաշրջանային համաժողովի հրավիրատոմսեր տվեց։ Փոքրիկ աղջկա հաստատակամությունից տպավորված՝ այդ տղամարդիկ որոշեցին ներկա լինել համաժողովի երկու օրերին։ Ընդմիջման ժամանակ Նոլան տեսավ նրանց և հրավիրեց, որ միանան իրենց ընտանիքին՝ ճաշելու։ Այդ մարդկանց այնքան դուր եկավ համաժողովի ժամանակ իրենց տեսածն ու լսածը, որ սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։

Վկայություն բանտերում

Լիբերիայում երեցները տարբեր ուղղիչ պետական հաստատություններում քարոզում են բարի լուրը։ Մայրաքաղաք Մոնրովիայում ապրող մի հատուկ ռահվիրա՝ Իվ անունով, պատմում է. «Մարտ ամսին երեք կալանավորներ դարձան չմկրտված քարոզիչ։ Արդյունքում՝ Մոնրովիայի կենտրոնական բանտում քարոզիչների թիվը հասավ վեցի»։ Ինչպե՞ս են այդ քարոզիչները կարողանում ծառայել այնտեղ։ Իվը ասում է. «Նրանք ամեն չորեքշաբթի և շաբաթ քարոզչական ծառայության հանդիպում են անցկացնում։ Եվ համապատասխան թույլտվություն ունենալով՝ մի բանտախցից մյուսն են գնում ու Աստվածաշնչի հայտնած հույսի մասին պատմում կալանավորներին»։ Շատ կալանավորներ հաճույքով Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն են անում և հաճախում բանտում անցկացվող հանդիպումներին։ Մասնաճյուղից ուղարկված մի եղբայր այդ բանտում հանրային ելույթ ներկայացրեց 79 կալանավորների համար։ Իսկ վեց ուրիշ բանտերում կանոնավորաբար Աստվածաշնչի ուսումնասիրության դասընթացներ են անցկացվում։ Դրա շնորհիվ կալանավորների մեջ դրական փոփոխություններ են նկատվում։

«Այստեղ օգնության մեծ կարիք կա»

Եղբայրները մեծ ջանքեր են գործադրել, որ հեռավոր վայրերում ապրող հետաքրքրվող անհատները կարողանան ներկա լինել Հիշատակի երեկոյին։ Սան ժողովուրդը, որին նաև կոչում են բուշմեն, Հարավային Աֆրիկայի հնագույն բնիկ ժողովուրդն է։ Նրանք ապրել են պարզ, քոչվորական կյանքով և զբաղվել են որսորդությամբ ու հավաքչությամբ։ Երբ մոտենում էր 2015թ. Հիշատակի երեկոն, Գլենը՝ Նամիբիայի հյուսիսային շրջանում ծառայող մի հատուկ ռահվիրա, հոգ տարավ, որ Հիշատակի երեկոն անցկացվի սան ցեղի հեռավոր գյուղերից մեկում, որը գտնվում է Ռունտու քաղաքից 270 կիլոմետր դեպի արևելք։ Երկրորդ անգամն էր, որ այդտեղ անցկացվում էր Հիշատակի երեկոն։ Երկու անգամն էլ գյուղի իշխանությունները թույլ տվեցին, որ Եհովայի վկաները անվճար օգտագործեն դատարանի դահլիճը։ Հիշատակի երեկոյին ներկա եղավ 232 հոգի, թեև արարողությունից առաջ և դրա ընթացքում հորդառատ անձրև էր տեղում։ Այդ տարածքում ապրող բուշմենները խոսում են կվե լեզվով, որը հայտնի է իր բազմաթիվ շաչող հնչյուններով։ Ելույթը անգլերենից թարգմանվեց կվե լեզվով։ Քանի որ այդ լեզվով Աստվածաշունչ չկա, աստվածաշնչյան տարբեր համարներ, օրինակ՝ Եսայիա 35։5, 6-ը մեկնաբանելու համար պատի վրա պրոյեկտորով գունավոր սլայդներ ցուցադրվեցին։ Գլենը, որը այդ տարածքում մի քանի մարդկանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում, պատմում է. «Վերջին երկու տարիներին ամիսը մեկ անգամ այս գյուղ եմ գալիս և մնում եմ մի քանի օր։ Նկատել եմ, որ հեռավորության և լեզվի հետ կապված դժվարությունների պատճառով աճը դանդաղ է ընթանում։ Այստեղ օգնության մեծ կարիք կա։ Երբ այս տարվա Հիշատակի երեկոյի կազմակերպման համար դիմեցի գյուղի իշխանություններին, համայնքը ղեկավարող կոմիտեի անդամներից մեկը հարցրեց, թե արդյոք չենք ցանկանա երկրպագության վայր կառուցել։ Նա ասաց, որ կոմիտեն կտրամադրի հողատարածքը և իր միջոցներով կկառուցի շինությունը, իսկ մենք պետք է միայն «հոգևոր հովիվ» բերենք, կամ էլ տեղացիներից մեկին կրթենք, որ «հոգևոր հովիվ» դառնա»։

Երկու քարոզիչներ բարի լուրն են քարոզում հիմբա ցեղի մի կնոջ (Նամիբիա)