Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մյանմա (Բիրմա)

Մյանմա (Բիրմա)

ՄՅԱՆՄԱՆ՝ ապշեցնող բազմազանությունների այս երկիրը a, հարմարավետ տեղավորվել է ասիական հսկաների՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև։ Ամենամեծ քաղաքը Յանգոնն է (նախկինում կոչվել է Ռանգուն)։ Քաղաքն աչքի է ընկնում վեր խոյացող բազմաթիվ շենքերով, մարդաշատ խանութներով և բանուկ փողոցներով։ Յանգոնից դուրս լայնարձակ գյուղական բնակավայրերն են, որտեղ կյանքը բոլորովին այլ է. գյուղացիները հողը հերկում են գոմեշին լծված գութանով, օտարերկրացիներին նայում են զարմանքով, իսկ ժամանակը չափում են սեզոններով։

Այսօրվա Մյանման հիշեցնում է, թե ինչպիսին էր կյանքը Ասիայում տասնամյակներ առաջ։ Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես են կիսաքանդ ու հնամաշ ավտոբուսները «ցատկոտելով սլանում» դարուփոս ճանապարհներով։ Դրանց կողքին ծուլորեն առաջ են շարժվում եզներին լծած սայլերը՝ բեռնավորված բերքով։ Իսկ ճամփեզրին փռված դաշտերում իրենց հոտերն են արածեցնում հովիվները։ Շատ տղամարդիկ դեռ հագնում են իրենց ազգային լոունջին, որը գոտկատեղում փաթաթվող կիսաշրջազգեստ է, իսկ կանայք որպես շպար օգտագործում են ծառի կեղևից պատրաստված քսուք՝ թանակա։ Մարդիկ շատ կրոնասեր են։ Օրինակ՝ բուդդայականները ավելի շատ մեծարում են վանականներին, քան հայտնի մարդկանց, և որպես զոհաբերություն ոսկե թիթեղներ են կպցնում Բուդդայի շքեղ արձանների վրա։

Բիրմացիները հանդարտ, նրբանկատ և հետաքրքրասեր մարդիկ են։ Մյանմայի բնակչությունը բաղկացած է ութ խոշոր էթնիկ խմբերից և առնվազն 127 ենթախմբերից։ Յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ լեզուն, հագուստը, ճաշատեսակները և մշակույթը։ Մարդկանց մեծ մասն ապրում է կենտրոնական ընդարձակ հարթավայրում, որը ոռոգվում է Իրավադի գետի կենարար ջրերով։ Այն ունի 2170 կիլոմետր երկարություն, սկիզբ է առնում ձյունածածկ Հիմալայներից և հորդալով հոսում է դեպի Անդամանյան ծովի տաք ջրերը։ Միլիոնավոր մարդիկ էլ բնակություն են հաստատել ափամերձ դելտայում և Բանգլադեշին, Չինաստանին, Հնդկաստանին, Լաոսին և Թաիլանդին սահմանակից աղեղնաձև բարձրադիր գոտում։

Մոտ 100 տարի Մյանմայի Եհովայի վկաները փաստել են, որ անկոտրում հավատ և տոկունություն ունեն։ Քաղաքական թոհուբոհերի և դաժան քաոսային բախումների ժամանակ նրանք պահել են իրենց չեզոքությունը (Հովհ. 17։14)։ Չնայած խնդիրներին, կրոնական հակառակություններին և այն բանին, որ իրենց միջազգային եղբայրության հետ կապը սահմանափակ է եղել՝ Եհովայի ժողովուրդը անդադար քարոզել է Աստծու Թագավորության բարի լուրը։ Ձեզ ենք ներկայացնում նրանց սրտահույզ պատմությունը։

Մոտ 100 տարի Մյանմայի Եհովայի վկաները փաստել են, որ անկոտրում հավատ և տոկունություն ունեն

Քարոզչական գործի սկիզբը

1914 թվականն էր՝ պատմական նշանակալից տարին։ Երկու անգլիացի շոգենավով հասան Բիրմա և ոտք դրեցին Յանգոնի հեղձուցիչ նավամատույցին։ Հենդրի Կարմայքլը և նրա ռահվիրա ուղեկիցը եկել էին Հնդկաստանից։ Նրանք նշանակվել էին այստեղ՝ սկիզբ դնելու քարոզչական գործին։ Նրանց տարածքը ամբողջ երկիրն էր։

«....եթե իհարկե ուզում ես, որ նոր աշխարհ էլ մենք քո փոխարեն մտնենք»

Հենդրին և իր ընկերը իրենց ծառայությունը սկսեցին հենց Յանգոնից։ Շուտով հանդիպեցին երկու անգլոհնդիկ տղամարդու՝ Բերտրամ Մասելիին և Վերնոն Ֆրենչին, որոնք անկեղծորեն հետաքրքրվեցին Թագավորության բարի լուրով b։ Նրանք անմիջապես խզեցին իրենց կապը քրիստոնյա աշխարհի հետ և սկսեցին անպաշտոն վկայություն տալ իրենց ընկերներին։ Կարճ ժամանակ անց մոտ 20 մարդ կանոնավոր հավաքվում էր Բերտրամենց տանը «Դիտարանի» օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելու համար c։

Յանգոնի քարոզիչները, 1932

1928-ին մեկ ուրիշ անգլիացի ռահվիրա՝ Ջորջ Րայթը, եկավ Բիրմա։ Նա հինգ ամիս շրջեց երկրում ու տարածեց աստվածաշնչյան գրականություն։ Ճշմարտության այս սերմերի մեջ, անկասկած, կար նաև 1920թ.-ին լույս տեսած «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» գրքույկը, որը բիրմաներեն թարգմանված առաջինն հրատարակություններից էր։

Երկու տարի անց ռահվիրաներ Քլոդ Գուդմանը և Ռոլանդ Թիպին ժամանեցին Յանգոն և հանդիպեցին եղբայրների մի փոքրիկ խմբի, որոնք հավատարմորեն անցկացնում էին ժողովի բոլոր հանդիպումները, սակայն կազմակերպված քարոզչություն չէին անում։ «Մենք հորդորեցինք եղբայրներին ամեն կիրակի գալ և մասնակցել քարոզչական գործին,— պատմում է Քլոդը։— Եղբայրներից մեկը հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք մասնակցել ծառայությանը, ասենք, վճարելով մեզ, որ ծառայենք իր փոխարեն։ Ռոնը նրան պատասխանեց. «Այո՛, կարող ես, եթե իհարկե ուզում ես, որ նոր աշխարհ էլ մենք քո փոխարեն մտնենք»»։ Այդ ուղիղ խոսքերը հենց այն էին, ինչի կարիքն այդ խումբն ուներ։ Շուտով Քլոդն ու Ռոնալդը քարոզչական գործում այլևս համագործակիցների պակաս չունեին։

«Ռե՛յչլ, ես գտա ճշմարտությունը»

Այդ նույն տարին Ռոնը և Քլոդը հանդիպեցին Սիդնի Քուտին՝ Յանգոնի երկաթգծի կայարանապետին։ Սիդնին նրանցից սիրով վերցրեց, այսպես կոչված, ծիածանի հավաքածուն, որը բաղկացած էր վառ գույների կազմ ունեցող տասը գրքից։ Ընդամենը մի գրքի կեսը կարդալուց հետո Սիդնին, ձայն տալով իր կնոջը, ասաց. «Ռե՛յչլ, ես գտա ճշմարտությունը»։ Կարճ ժամանակ անց Քուտի ողջ ընտանիքը սկսեց ծառայել Եհովային։

Սիդնին Աստվածաշնչի ջանասեր ուսումնասիրող էր։ Նրա աղջիկը՝ Նորմա Բարբերը, որը երկար տարիներ միսիոներ է եղել, իսկ այժմ ծառայում է Մեծ Բրիտանիայի մասնաճյուղում, հիշում է. «Հայրս իր համար կազմել էր հղումների գիրք։ Հենց որ հանդիպում էր աստվածաշնչյան ուսմունքները բացատրող համարի, այդ համարը նշում էր իր գրքում՝ համապատասխան թեմայի տակ։ Նա այդ գրքի անունը դրել էր «Որտե՞ղ է գրված»»։

Սիդնի Քուտը (իր կնոջ՝ Ռաքելի կողքին) Աստվածաշնչի ջանասեր ուսումնասիրող էր, և նրանք միասին քարոզում էին բարի լուրը բոլորին

Սիդնին ոչ միայն ցանկանում էր Աստվածաշունչ ուսումնասիրել, այլև ուզում էր իր իմացածը պատմել ուրիշներին։ Ուստի նամակ գրեց Հնդկաստանի մասնաճյուղ և հարցրեց՝ կան արդյոք Վկաներ Բիրմայում։ Շատ չանցած՝ նա ստացավ գրականությամբ լի մի արկղ և անունների ցուցակ։ «Հայրս գրեց այդ ցուցակում նշված մարդկանցից յուրաքանչյուրին և հրավիրեց նրանց մեկ օրով մեզ հյուր գալ,— պատմում է Նորման։— Հինգ-վեց եղբայր որոշ ժամանակ անց եկան մեր տուն և ցույց տվեցին, թե ինչպես անպաշտոն վկայություն տալ։ Ծնողներս, առանց ժամանակ կորցնելու, սկսեցին գրականություն բաժանել իրենց ընկերներին ու հարևաններին։ Նրանք նաև նամակներ գրեցին և գրականություն ուղարկեցին մեր բոլոր հարազատներին»։

Երբ Դեյզի դը Սոուզան՝ Սիդնիի քույրը, որն ապրում էր Մանդալայում, ստացավ քրոջ նամակը և «Թագավորություն. աշխարհի հույսը» գրքույկը, անմիջապես պատասխան նամակ գրեց և խնդրեց ավելի շատ գրականություն և մի Աստվածաշունչ ուղարկել։ «Մայրս գոհունակությունից շողում էր, երբ կլանված կարդում էր այդ գրքույկը,— պատմում է նրա աղջիկը՝ Ֆիլիս Ծատոսը։— Առավոտյան նա կանչեց մեզ՝ վեց երեխաներիս՝ մի կարևոր բան հայտնելու. «Ես թողնում եմ կաթոլիկ եկեղեցին։ Ես գտել եմ ճշմարտությունը»»։ Որոշ ժամանակ անց Դեյզիի ամուսինը և երեխաները ընդունեցին ճշմարտությունը։ Այսօր արդեն դը Սոուզա ընտանիքի չորս սերունդ հավատարմորեն ծառայում է Եհովա Աստծուն։

Համարձակ ռահվիրաները

1930-ականների սկզբներին նախանձախնդիր ռահվիրաները քարոզում էին հյուսիսային գլխավոր երկաթուղուն կից բնակավայրերում, որը Յանգոնը միացնում էր Մյիչինային՝ Չինաստանի սահմանի մոտ գտնվող քաղաքներից մեկին։ Նրանք նաև քարոզում էին Մոլամյայնում (Մոուլմեյն) և Սիտուեում (Ակյաբ), որոնք Յանգոնից արևելք և արևմուտք ընկած ափամերձ քաղաքներ են։ Արդյունքում՝ Մոլամյայնում և Մանդալայում փոքր ժողովներ կազմավորվեցին։

1938-ին Բիրմայում քարոզչական գործունեության վերահսկողությունը սկսեց իրականացնել Ավստրալիայի մասնաճյուղը, ինչը մինչ այդ իրականացնում էր Հնդկաստանի մասնաճյուղը։ Բիրմա սկսեցին ժամանել ռահվիրաներ Նոր Զելանդիայից և Ավստրալիայից։ Այս եռանդուն ու համարձակ քարոզիչներից էին Ֆրեդ Պեյտնը, Հեկտոր Օուտսը, Ֆրանկ Դյուարը, Միկ Էնգլը և Ստուարտ Կելտին։ Բոլոր այս եղբայրները իսկական ռահվիրաներ էին։

Ֆրանկ Դյուար

Ֆրեդ Պեյտնը պատմում է. «Բիրմայում ծառայության չորս տարիների ընթացքում քարոզեցի գրեթե ամբողջ երկրով մեկ։ Այդ ընթացքում հիվանդացա մալարիայով, որովայնային տիֆով, դիզենտերիայով և ուրիշ այլ հիվանդություններով։ Ամբողջ օրը ծառայելուց հետո հաճախ գիշերելու տեղ չէի ունենում։ Բայց Եհովան միշտ հոգ էր տանում իմ մասին և իր սուրբ ոգով զորացնում էր ինձ»։ Ֆրանկ Դյուարը, որը համարձակ նորզելանդացի էր, ասում է. «Ես խնդիրներ եմ ունեցել թե՛ ավազակների, թե՛ խռովարարների և թե՛ ահազդու պաշտոնյաների հետ։ Սակայն համոզվել եմ, որ լինելով քաղաքավարի, հանդարտ և ողջախոհ՝ կարելի է նույնիսկ անանցանելի թվացող պատնեշներ հաղթահարել։ Կամաց-կամաց շատերը սկսեցին հասկանալ, որ Եհովայի վկաները անվնաս մարդիկ են»։

Այս ռահվիրաները զգալիորեն տարբերվում էին երկրում ապրող մյուս օտարերկրացիներից, որոնք վերևից էին նայում տեղացիներին։ Ռահվիրաները հարգալից էին և սեր էին դրսևորում մարդկանց հանդեպ։ Նրանց բարյացակամ վերաբերմունքը գրավում էր խոնարհ բիրմացիներին, որոնք ավելի շատ գնահատում էին նրբանկատությունն ու զսպվածությունը, քան աննրբանկատ անմիջականությունը։ Իրենց թե՛ խոսքերով, թե՛ գործերով ռահվիրաները ցույց էին տալիս, որ Եհովայի վկաները ճշմարիտ քրիստոնյաներ են (Հովհ. 13։35

Նշանակալից համաժողով

Ռահվիրաների ժամանումից մի քանի ամիս անց Ավստրալիայի մասնաճյուղը Յանգոնում համաժողով կազմակերպեց։ Անցկացման վայրը Յանգոնի քաղաքապետարանն էր՝ մի շքեղ կառույց մարմարե աստիճաններով և բրոնզե հսկա դարպասներով։ Պատվիրակներ էին եկել Թաիլանդից, Մալայզիայից և Սինգապուրից, իսկ Ավստրալիայից եկել էր մասնաճյուղի ծառայող (կոորդինատոր) Ալեքս Մգիլվըրեյը Սիդնեյից մի խումբ եղբայրների հետ։

Հորիզոնում կուտակվում էին պատերազմի սև ամպերը։ «Երկնային պատերազմը մոտ է» վերնագրով հանրային ելույթը լսելու հրավերը անմիջապես գրավեց հանրության ուշադրությունը։ «Ես երբեք չէի տեսել, որ սրահն այդքան արագ լցվի,— պատմում է Ֆրեյդ Պեյտնը։— Երբ բացեցի մուտքի դռները մարդկանց ստվար բազմություն հորդեց ներս։ Տասը րոպե էլ չէր անցել, երբ ավելի քան 1000 հոգի արդեն խռնվել էր 850 տեղանոց դահլիճում»։ Իսկ Ֆրանկ Դյուարը հիշում է. «Ստիպված էինք փակել մուտքի դռները ներս մտնող բազմության առաջ՝ թողնելով ավելի քան 1000 հոգու դրսում, թեև որոշ ճարպիկ երիտասարդների հաջողվեց ներս սողոսկել հետնամուտքով»։

Եղբայրները ապշել էին՝ տեսնելով ոչ միայն հանրության ցուցաբերած հետաքրքրությունը, այլ նաև ներկաների բազմազանությունը։ Հավաքվել էին մարդիկ տեղի տարբեր էթնիկ խմբերից։ Մինչ այդ բնիկներից քչերն էին հետաքրքրություն ցույց տվել ճշմարտության հանդեպ, քանի որ նրանցից շատերը նվիրյալ բուդդայականներ էին։ Իսկ տեղացիներից նրանք, ովքեր քրիստոնեություն էին դավանում՝ մեծ մասամբ կայիններ (կարեն), կաչիններ և չիներ, եկել էին հեռավոր վայրերից, ուր դժվար թե բարի լուրը հասած լիներ։ Պարզ էր՝ այս նոր դաշտը հասել էր հնձի համար. շուտով Աստվածաշնչում մարգարեացված տարբեր ազգերից հավաքվող «մեծ բազմությանը» միանալու էին մարդիկ Բիրմայի բազմազգ հասարակությունից (Հայտն. 7։9

Առաջին աշակերտները կային ցեղից

Առաջին կային քարոզիչները. Չու Մեյը՝ Դեյզին (ձախից) և Հնին Մեյը՝ Լիլին (աջից)

1940-ին մի ռահվիրա քույր՝ Ռուբի Գաֆը, ծառայում էր Ինսեյնում, որը Յանգոնի մոտակայքում գտնվող մի փոքրիկ քաղաք է։ Մի օր ծառայության ժամանակ գրեթե ոչ ոք հետաքրքրություն ցույց չտվեց, ու նա աղոթեց. «Եհո՛վա, խնդրում եմ, օգնիր ինձ, որ նախքան տուն գնալս գտնեմ գոնե մի «գառնուկի»»։ Հաջորդ տան դուռը բացեց Հմուա Ջայնգը՝ մի կային բապտիստ, որը ուշադրությամբ ու մեծ հետաքրքրությամբ լսեց Թագավորության լուրը։ Շուտով նա իր աղջիկների՝ Չու Մեյի (Դեյզի) և Հնին Մեյի (Լիլի) հետ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել ու հոգևորապես արագ աճել։ Ցավոք, կարճ ժամանակ անց Հմուա Ջայնգը մահացավ։ Նրա փոքր աղջիկը՝ Լիլին, հետագայում դարձավ առաջին կային Եհովայի վկան, Դեյզին նույնպես մկրտվեց։

Լիլին և Դեյզին դարձան եռանդուն ռահվիրաներ, որոնց կատարած մեծ գործի մասին խոսվում է առայսօր։ Բազմաթիվ մարդիկ, որոնց հետ նրանք Աստվածաշունչ են ուսումնասիրել, ինչպես նաև նրանց երեխաներն ու թոռները, այժմ հավատարմորեն ծառայում են Եհովային թե՛ Մյանմայում, թե՛ նրա սահմաններից դուրս։

Դժվարություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում

1939-ին Եվրոպայում պայթեց Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ ցնցելով ողջ աշխարհը։ Օգտվելով պատերազմի պատճառով առաջացած խառնաշփոթ իրավիճակից՝ Բիրմայում քրիստոնյա հոգևորականները մեծացրին ճնշումը տեղի գաղութային իշխանության վրա, որ արգելքի տակ դնեն մեր գրականությունը։ Միկ Էնգլը, որը Յանգոնում գտնվող գրականության պահեստի պատասխանատուն էր, Միացյալ Նահանգների մի բարձրաստիճան պաշտոնյայից թույլատրագիր վերցրեց, համաձայն որի՝ կարող էր ռազմական բեռնատարներով մոտ երկու տոննա գրականություն Բիրմա մայրուղով Չինաստան տեղափոխել։

Ֆրեդ Պեյտնը և Հեկտոր Օուտսը գրականությունը տարան Չինաստանի սահմանի մոտ գտնվող Լաշո քաղաքի ռազմական բազա։ Նրանք հանդիպեցին այն պաշտոնյային, որը վերահսկում էր բեռնափոխադրումները Չինաստան։ Վերջինս կատաղած բղավեց. «Ի՞նչ, ինչպե՞ս կարող եմ ձեր անպետք թերթիկների համար բեռնատարներիս մեջ տեղ հատկացնել, երբ նույնիսկ շտապ անհրաժեշտ ռազմական և բժշկական բեռները փտում են այստեղ»։ Ֆրեդը լուռ հանեց թույլատրագիրը և տալով պաշտոնյային՝ ասաց, որ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե նա անտեսի Յանգոնի բարձրաստիճան պաշտոնյայի ստորագրած թույլատրագիրը։ Դրանից հետո պաշտոնյան տրամադրեց մի փոքր բեռնատար իր վարորդով և անհրաժեշտ ամեն ինչով, ու եղբայրները ճանապարհ ընկան։ Նրանք, անցնելով մոտ 2400 կիլոմետր, հասան Չինաստանի կենտրոնական մասում գտնվող Չունցին քաղաք։ Այստեղ բաժանեցին թանկարժեք գրականությունը և նույնիսկ հնարավորություն ունեցան անձամբ վկայություն տալու Չինաստանի ազգային կառավարության ղեկավարին՝ Չան Կայշիին։

Երբ իշխանության ներկայացուցիչները եկան, պահեստը դատարկ էր

1941թ. մայիսին Հնդկաստանի գաղութային իշխանությունները հեռագիր ուղարկեցին Յանգոն, որ տեղի իշխանությունները առգրավեն մեր գրականությունը։ Երկու եղբայրներ, որոնք աշխատում էին հեռագրատանը, տեսնելով ստացված հաղորդագրությունը, արագ տեղեկացրին այդ մասին Միկ Էնգլին։ Նա անմիջապես զանգեց Լիլին ու Դեյզիին և շտապեց պահեստ։ Այնտեղ մնացած 40 արկղ գրականությունը նրանք տեղափոխեցին և ապահով թաքցրին Յանգոնում գտնվող եղբայրների տներում։ Երբ իշխանության ներկայացուցիչները եկան, պահեստը դատարկ էր։

Փերլ Հարբորի վրա հարձակումից չորս օր անց՝ 1941թ. դեկտեմբերի 11-ին, Ճապոնիան սկսեց ռմբակոծել Բիրման։ Դա խուճապահար չարեց Վկաներին։ Այդ շաբաթվա վերջում Վկաների մի փոքր խումբ հավաքվեց Յանգոնի կենտրոնական երկաթուղային կայարանի մոտ գտնվող մի փոքր բնակարանում։ Այդ օրն էր, որ Աստվածաշնչյան ելույթից հետո Լիլին մկրտվեց լոգարանում։

Մոտ երեք ամիս անց Ճապոնական բանակը մտավ Յանգոն։ Քաղաքն արդեն ամայի էր։ Ավելի քան հարյուր հազար մարդ բռնել էր Հնդկաստան տանող ուղին։ Ճանապարհին հազարավորներ մահացան սովից ու հիվանդություններից։ Սիդնի Քուտը, որ նույնպես ընտանիքի հետ գաղթականների մեջ էր, մահացավ մալարիայից Հնդկաստանի սահմանի մոտ։ Մեկ այլ եղբոր սպանեցին ճապոնացի զինվորները։ Մի եղբայր էլ կորցրեց իր ընտանիքին, երբ ռմբակոծության ժամանակ ավերվեց իրենց տունը։

Բիրմայում մնացին մի բուռ Վկաներ։ Լիլին և Դեյզին տեղափոխվեցին Փին Ու Լուին (Մեյմո)՝ Մանդալայի մոտ լեռնային մի գողտրիկ քաղաք, որտեղ սկսեցին ցանել ճշմարտության սերմերը։ Այդ սերմերը հետագայում առատ պտուղներ տվեցին։ Իսկ մեկ ուրիշ Վկա՝ Սիրլ Գեյը, հաստատվեց Թայարվադի գյուղում՝ Յանգոնից 100 կիլոմետր հյուսիս, որտեղ անցկացրեց պատերազմի մնացած տարիները։

Վերակազմավորում պատերազմից հետո

Պատերազմից հետո շատ եղբայրներ և քույրեր, որոնք հեռացել էին Հնդկաստան, սկսեցին վերադառնալ Բիրմա։ 1946թ. ապրիլին Յանգոնի ժողովում կար ութ ակտիվ քարոզիչ։ Սակայն տարեվերջին նրանց թիվը հասավ քսանչորսի, ու եղբայրները որոշեցին համաժողով կազմակերպել։

Երկօրյա համաժողովն անցկացվեց Ինսեյնի դպրոցներից մեկում։ «Երբ վերադարձա Հնդկաստանից, ինձ ասացին, որ ես եմ ներկայացնելու մեկ ժամանոց հանրային ելույթը։ Մինչ այդ ես միայն երկու հինգ րոպեանոց ելույթ էի ներկայացրել Հնդկաստանում,— հիշում է Թիո Սիրիապոլոսը, որը ճշմարտությունը լսել էր 1932թ.-ին Յանգոնում։— Համաժողովը մեծ հաջողություն ունեցավ. ներկա էր հարյուրից ավել մարդ»։

Մի քանի շաբաթ անց կայինների համայնքի առաջնորդը, որը հետաքրքրվում էր ճշմարտությամբ, ժողովին հողատարածք առաջարկեց Յանգոնի գետափնյա արվարձաններից մեկում՝ Ահլոնում։ Այնտեղ եղբայրները կառուցեցին հարյուր հոգու համար նախատեսված բամբուկե Թագավորության սրահ։ Ժողովի ուրախությանը չափ չկար։ Եղբայրները և քույրերը, ովքեր վերապրել էին պատերազմի տարիները ու պահել էին իրենց հավատը, այժմ պատրաստ էին եռանդով լծվելու քարոզչական գործին։

Ժամանում են առաջին միսիոներները

Վերևում։ Առաջին միսիոներները՝ Հյուբերտ Սմեդստադը, Ռոբերտ Քիրքը, Նորման Բարբերը և Ռոբերտ Ռիչարդսը։ Ներքևում։ (Հետևի շարք) Նենսի դը Սոուզա, Միլթոն Հենշել, Նաթան Նոր, Ռոբերտ Քիրք, Թերենս դը Սոուզա, (առջևի շարք) Ռասել Մոբլի, Պենելոպե Ջարվիս-Վագ, Ֆիլիս Ծատոս, Դեյզի դը Սոուզա, Բասիլ Ծատոս

1947-ի սկիզբն էր։ Մի խումբ եղբայրներ մեծ ոգևորությամբ հավաքվել էին Յանգոնի նավահանգստում՝ դիմավորելու «Գաղաադում» սովորած Ռոբերտ Քիրքին՝ առաջին միսիոներին, որը ոտք դրեց Բիրմա։ Շատ չանցած՝ ժամանեցին ևս երեքը՝ Նորման Բարբերը, Ռոբերտ Ռիչարդսը և Հյուբերտ Սմեդստադը։ Նրանց հետ էր նաև Ֆրանկ Դյուարը, որը պատերազմի ընթացքում ռահվիրա էր ծառայել Հնդկաստանում։

Միսիոներների առաջ մի քաղաք էր՝ ավելի շուտ փլատակների ու ավերակների մի կույտ։ Անհամար շենքերից մնացել էին միայն դրանց այրված պատերը։ Հազարավոր մարդիկ ապրում էին բամբուկե խղճուկ խրճիթներում, որոնք շարված էին ճամփեզրերին։ Փողոցում նրանք լվացք էին անում, ճաշ էին պատրաստում... մի խոսքով, ապրում էին դրսում։ Միսիոներները եկել էին մարդկանց սովորեցնելու աստվածաշնչյան ճշմարտությունը, ուստի նրանք հարմարվեցին այդ պայմաններին և սկսեցին իրենց ծառայությունը։

1947թ. սեպտեմբերի 1-ին քաղաքի սրտում՝ Սիգնալ Պագոդա փողոցում, միսիոներական տանը բացվեց «Դիտարան ընկերության» մասնաճյուղը։ Ռոբերտ Քիրքը նշանակվեց մասնաճյուղի վերակացու։ Դրանից կարճ ժամանակ անց Յանգոնի ժողովը Ահլոնում գտնվող բամբուկե Սրահից տեղափոխվեց Բոգալեյ Զեյ փողոցում գտնվող մի բնակարան։ Նոր Սրահը գտնվում էր մի քանի հարյուր մետր հեռու այն շենքից, որտեղ գործում էր Բրիտանական գաղութային կառավարությունը, կառավարություն, որի օրերը հաշված էին։

Քաղաքացիական պատերազմ է սկսվում

1948թ. հունվարի 4-ին Մեծ Բրիտանիան իշխանությունը հանձնեց Բիրմայի նոր կառավարությանը։ 60 տարի գաղութ լինելուց հետո երկիրը ձեռք բերեց անկախություն։ Սակայն շատ չանցած՝ քաղաքացիական պատերազմ սկսվեց։

Տարբեր էթնիկ խմբեր դուրս էին եկել իշխանությունների դեմ անկախություն ձեռք բերելու համար։ Միաժամանակ մասնավոր բանակները և հանցավոր խմբավորումները պայքարում էին որոշ տարածքների իշխանությունն իրենց ձեռքն առնելու համար։ 1949-ի սկզբին երկրի մեծ մասը վերահսկում էին ապստամբ ուժերը։ Նրանք հասել էին Յանգոնի մատույցներ։

Կռիվները մեկ թեժանում էին, մեկ հանդարտվում։ Չնայած դրան՝ եղբայրները, զգուշություն դրսևորելով, շարունակում էին քարոզել։ Մասնաճյուղը Սիգնալ Պագոդա փողոցում գտնվող միսիոներական տնից տեղափոխվեց մի ընդարձակ բնակարան 39-րդ փողոցում, որտեղից կենտրոնական փոստ ընդամենը երեք րոպե ոտքի ճանապարհ էր։ Այդ տարածքն ավելի ապահով էր, այնտեղ էին գտնվում նաև մի քանի դեսպանատներ։

Բիրմական բանակը աստիճանաբար հաստատեց իր դիրքերը՝ ապստամբներին հետ մղելով լեռներ։ 1950-ականների կեսերին գրեթե ամբողջ երկիրը գտնվում էր Բիրմայի կառավարության իշխանության տակ։ Սակայն դա դեռ չէր նշանակում, որ քաղաքացիական պատերազմը վերջացել էր։ Այն շարունակվում է առայսօր, թեև տարբեր կերպերով է դրսևորվում։

Քարոզելու և ուսուցանելու գործը բիրմաներենով

Մինչև 1950-ականների կեսերը Բիրմայում քարոզչությունը գրեթե ամբողջությամբ իրականացվում էր անգլերենով, որով խոսում էին մեծ քաղաքներում ապրող կրթված մարդիկ։ Բայց կային միլիոնավորներ էլ, ովքեր խոսում էին միայն բիրմաներեն (մյանմա), կային, կաչին, չին կամ տեղի որևէ այլ լեզվով։ Ինչպե՞ս էին նրանք իմանալու բարի լուրը։

Դեռևս 1934-ին Սիդնի Քուտը հոգ էր տարել, որ մի կային ուսուցիչ բիրմաներեն և կային լեզուներով թարգմանի մի քանի գրքույկ։ Որոշ ժամանակ անց ուրիշ քարոզիչներ բիրմաներեն թարգմանեցին «Թող Աստված ճշմարիտ լինի» գիրքը և էլի մի քանի գրքույկներ։ 1950-ին Ռոբերտ Քիրքը հրավիրեց Բա Ուին թարգմանելու «Դիտարանի» ուսումնասիրության հոդվածները։ Թարգմանությունների ձեռագիր տեքստերը ուղարկվում էին գրաշարման և տպվում էին Յանգոնի կոմերցիոն տպարաններում, որից հետո բաժանվում էին ժողովներ հաճախողներին։ Հետագայում մասնաճյուղը գնեց բիրմաներեն տպագրամեքենա՝ թարգմանության գործը արագացնելու համար։

Բա Ուն (ձախից) թարգմանում էր «Դիտարանի» ուսումնասիրության հոդվածները բիրմաներեն

Թարգմանիչները լուրջ դժվարություններ էին հաղթահարում։ «Ես ցերեկը աշխատում էի ընտանիքիս կարիքները հոգալու համար, իսկ գիշերը թույլ լուսարձակող էլեկտրական լամպի տակ հոդվածներ էի թարգմանում»,— պատմում է Նեյգա Պոու Հանը, որը սկսեց թարգմանություններ անել, երբ Բա Ուն այլևս չէր կարող զբաղվել այդ գործով։ Նա շարունակում է. «Իմ անգլերենի իմացությունը շատ սահմանափակ էր, ուստի թարգմանություններում պետք է որ բավականին սխալներ լինեին։ Ամեն դեպքում մենք շատ էինք ուզում, որ մեր ամսագրերը մատչելի լինեին հնարավորինս շատերին»։ Երբ Ռոբերտ Քիրքը խնդրեց Դորիս Ռաջին թարգմանել «Դիտարանը» բիրմաներենով, նա այնքան հուզվեց, որ նստեց ու սկսեց լաց լինել։ Դորիսը հիշում է. «Ես ընդամենը միջնակարգ կրթություն ունեի և երբեք թարգմանություն չէի արել։ Սակայն եղբայր Քիրքը քաջալերեց ինձ և ասաց, որ փորձեմ։ Ես էլ աղոթեցի Եհովային ու գործի անցա»։ Այդ օրվանից անցել է ավելի քան 50 տարի։ Քույր Դորիսը շարունակում է ծառայել որպես թարգմանիչ Յանգոնի Բեթելում։ Իսկ Նեյգա Պոու Հանը, թեև արդեն 93 տարեկան է, բայց նույն եռանդով ու խանդավառությամբ շարունակում է ծառայել Բեթելում՝ ի նպաստ Թագավորության գործին։

1956-ին Նաթան Նորը հայտարարեց բիրմաներեն «Դիտարանի» լույսընծայումը

1956-ին գլխավոր վարչությունից Բիրմա այցելեց եղբայր Նաթան Նորը և հայտարարեց բիրմաներեն «Դիտարանի» լույսընծայման մասին։ Նա նաև հորդորեց միսիոներներին սովորել բիրմաներեն՝ ավելի արդյունավետ ծառայելու համար։ Նրա խոսքերից ոգևորված՝ միսիոներները սկսեցին ավելի մեծ ջանասիրությամբ սովորել բիրմաներեն։ Հաջորդ տարի գլխավոր վարչությունից այցելեց Ֆրեդերիկ Ֆրանցը, որը Յանգոնի Երկաթուղային ինստիտուտի դահլիճում անցկացվող հնգօրյա համաժողովի գլխավոր հռետորն էր։ Նա հորդորեց եղբայրներին ընդլայնել քարոզչական գործը՝ ռահվիրաներ ուղարկելով հեռավոր այլ շրջաններ ու քաղաքներ։ Նոր ռահվիրաների ակտիվ գործունեությունը առատ պտուղներ բերեց Բիրմայի նախկին մայրաքաղաքում՝ Մանդալայում, որը երկրորդ խոշոր քաղաքն է։

Առատ պտուղներ Մանդալայում

1957-ի սկզբներին վեց նոր հատուկ ռահվիրաներ նշանակվեցին Մանդալայ։ Նրանք միացան Ռոբերտ Ռիչարդսին, որը նոր էր ամուսնացել մի կային քրոջ՝ Բեյբիի հետ։ Ռահվիրաների համար անմիջապես պարզ դարձավ, որ այս տարածքում քարոզելը որոշ դժվարությունների հետ է կապված։ Մանդալայը բուդդայականության խոշոր կենտրոն է, և Բիրմայի բուդդայական վանականների մոտ կեսը ապրում է այստեղ։ Այդուհանդերձ ռահվիրաները հասկացան, որ Եհովան, ինչպես հին Կորնթոսում, այնպես էլ «այս քաղաքում շատ մարդիկ» ունի (Գործ. 18։10

Այս մարդկանցից էր Ռոբին Զաուջան՝ 21-ամյա մի կաչին ուսանող։ Նա պատմում է. «Վաղ առավոտ էր։ Ռոբերտ և Բեյբի Ռիչարդսները թակեցին մեր դուռը և ներկայացան որպես Եհովայի վկաներ։ Նրանք ասացին, որ իրենք բարի լուր են քարոզում տնից տուն՝ հետևելով Հիսուսի պատվերին (Մատթ. 10։11–13)։ Իրենց ասելիքը վերջացնելուց հետո նրանք տվեցին իրենց հասցեն, ինչպես նաև մի քանի ամսագիր ու գիրք։ Այդ երեկո վերցրի գրքերից մեկը և սկսեցի կարդալ։ Մինչև լուսաբաց վերջացրի այն։ Հենց նույն օրը գնացի Ռոբերտենց տուն։ Մի քանի ժամ շարունակ հարցեր էի տալիս նրան, ու նա իմ ամեն մի հարցին պատասխանում էր Աստվածաշնչի օգնությամբ»։ Ռոբին Զաուջան շուտով դարձավ առաջին կաչինը, որն ընդունեց ճշմարտությունը։ Հետագայում նա երկար տարիներ ծառայեց հատուկ ռահվիրա Բիրմայի հյուսիսում՝ օգնելով մոտ 100 մարդու ընդունելու ճշմարտությունը։ Նրա երեխաներից երկուսը այժմ ծառայում են Յանգոնի Բեթելում։

Մեկ այլ նախանձախնդիր քարոզիչ էր Պրամիլա Գալիարան՝ 17-ամյա աղջիկ, որը ճշմարտությունը իմացել էր Յանգոնում։ «Հայրս ջային կրոնի անդամ էր և խիստ դեմ էր իմ նոր կրոնին,— պատմում է նա։— Երկու անգամ վառել է Աստվածաշունչս և ողջ գրականությունս, մի քանի անգամ էլ ծեծել է ինձ ուրիշների առաջ։ Հայրս փակում էր ինձ տանը, որ չգնամ ժողովների, և նույնիսկ սպառնում էր, որ կվառի եղբայր Ռիչարդսի տունը։ Սակայն երբ հասկացավ, որ չի կարող կոտրել իմ հավատը, աստիճանաբար դադարեցրեց իր հակառակությունը»։ Կիսատ թողնելով համալսարանական կրթությունը՝ Պրամիլան դարձավ եռանդուն ռահվիրա և հետագայում ամուսնացավ շրջանային վերակացու Դունստան Օնիլի հետ։ Նա օգնել է 45 մարդու ընդունելու ճշմարտությունը։

Մինչ Մանդալայում գործը շարունակում էր առաջ գնալ, մասնաճյուղը միսիոներներ և ռահվիրաներ էր ուղարկում այլ շրջաններ ու քաղաքներ, օրինակ՝ Պտեյն, Բասեյն, Կալայմյո, Բհամո, Մյիչինա, Մոլամյայն և Մյեյ (Մերգուի)։ Ակնհայտ էր, որ Եհովան օրհնում էր գործը, քանի որ այս քաղաքներից յուրաքանչյուրում կազմավորվեցին ամուր ժողովներ։

Միսիոներները արտաքսվում են երկրից

Քարոզչական գործի ընդլայնմանը զուգընթաց թեժանում էր քաղաքական և էթնիկ լարվածությունը։ 1962-ի մարտին ողջ իշխանությունն անցավ բանակի ձեռքը։ Հարյուր հազարավոր հնդիկներ և անգլո-հնդիկներ արտաքսվեցին Հնդկաստան և Բանգլադեշ (նախկինում՝ Արևելյան Պակիստան)։ Արտասահմանցիները կարող էին ստանալ մուտքի վիզա ընդամենը 24 ժամվա համար։ Բիրման փակեց իր դռները աշխարհի առաջ։

Եղբայրների անհանգստությունը մեծանում էր։ Ռազմական իշխանությունը երաշխավորում էր կրոնի ազատություն, միայն եթե կրոնը հեռու մնար քաղաքականությունից։ Սակայն, ինչպեսև պետք էր սպասել, քրիստոնյա աշխարհի միսիոներները շարունակում էին միջամտել քաղաքական գործերին։ Ի վերջո 1966-ի մայիսին կառավարության համբերության բաժակը լցվեց. բոլոր արտասահմանցի միսիոներները պետք է լքեին երկիրը։ Թեև Եհովայի վկա միսիոներները ամեն կերպ չեզոքություն էին պահում, սակայն նրանք նույնպես շուտով արտաքսվեցին։

Տեղի եղբայրների համար դա մեծ հարված էր, բայց նրանք թևաթափ չեղան. վստահ էին, որ Եհովա Աստված իրենց հետ է (2 Օրենք 31։6)։ Այդուհանդերձ, որոշ եղբայրներ մտահոգվում էին, թե ինչպես են շարունակելու Թագավորության գործը։

Շուտով ակնհայտ դարձավ, որ Եհովան վերահսկում է իրավիճակը։ Մորիս Ռաջը, որը նախկինում ծառայել էր շրջանային վերակացու և որոշ դասընթացներ էր անցել մասնաճյուղում, անմիջապես նշանակվեց վերահսկելու մասնաճյուղի գործունեությունը։ Թեև նա ազգությամբ հնդիկ էր, սակայն չէր արտաքսվել երկրից։ Մորիսը պատմում է, թե որն էր պատճառը. «Մի քանի տարի առաջ ես դիմել էի, որ բիրմական քաղաքացիություն ստանամ։ Սակայն դրա համար պետք է վճարեի 450 քյատ d։ Ես չունեի այդքան փող, ուստի միառժամանակ որոշեցի չզբաղվել դրանով։ Մի օր անցնում էի այն գրասենյակի կողքով, որտեղ տարիներ առաջ աշխատել էի։ Տնօրենը, ինձ տեսնելով, կանչեց. «Հե՜յ, Ռա՛ջ, արի, փողդ վերցրու, դու մոռացել ես ստանալ քո թոշակի խնայողության ֆոնդի գումարը»»։ Այն կազմում էր ուղիղ 450 քյատ։

«Երբ գրասենյակից դուրս եկա, սկսեցի մտածել, թե ինչեր կարող եմ անել 450 քյատով։ Բայց քանի որ դա հենց այնքան էր, որքան պետք էր քաղաքացիություն ստանալու համար, հասկացա, որ Եհովան կամենում է, որ ես գումարը այդ նպատակով օգտագործեմ։ Հետո, ինչ խոսք, պարզ դարձավ, որ դա լավագույն որոշումն էր։ Թեև հնդիկներին արտաքսեցին Բիրմայից, բայց ես կարող էի մնալ, ազատ ճամփորդել, գրականություն ներմուծել և այլ պարտականություններ կատարել, որոնք անհրաժեշտ էին քարոզչական գործը առաջ տանելու համար։ Եվ այդ ամենը այն բանի շնորհիվ, որ ես բիրմական քաղաքացիություն էի ստացել»։

Եղբայր Մորիսը և շրջանային վերակացու Դունստան Օնիլը ձեռնարկեցին մի շրջագայություն ողջ երկրով մեկ, որպեսզի քաջալերեն բոլոր ժողովներին և հեռավոր խմբերին։ «Մենք ասում էինք եղբայրներին. «Մի՛ վախեցեք, Եհովան մեզ հետ է։ Եթե մենք հավատարիմ մնանք նրան, նա կօգնի մեզ»,— պատմում է եղբայր Մորիսը,— և Եհովան իսկապես օգնում էր։ Շուտով շատ նոր հատուկ ռահվիրաներ նշանակվեցին, և քարոզչական գործը է՛լ ավելի արագորեն ընդլայնվեց»։

Այդ ժամանակներից մոտ 46 տարի է անցել։ Եղբայր Մորիսը դեռ մասնաճյուղի կոմիտեի անդամ է և շարունակում է ճամփորդել Մյանմայում՝ այցելելով ժողովներին և քաջալերելով եղբայրներին։ Ինչպես հին Իսրայելում Քաղեբի, այնպես էլ այսօր եղբայր Մորիսի նախանձախնդրությունը չի պակասել տարիների ընթացքում (Հեսու 14։11

Բարի լուրը քարոզվում է Չին նահանգում

Առաջին տարածքներից մեկը, ուր նշանակվեցին հատուկ ռահվիրաներ, Չին նահանգն էր, որը Բանգլադեշին և Հնդկաստանին սահմանակից լեռնային շրջան է։ Այստեղ ապրողների մեծ մասը քրիստոնեություն է դավանում, որը տարածել են բապտիստ միսիոներները բրիտանական գաղութատիրության ժամանակաշրջանում։ Ուստի Չին նահանգի բնակիչների մեծ մասը խորին հարգանք ունի Աստվածաշնչի և աստվածաշնչյան ուսմունքների հանդեպ։

1966-ի վերջերին Լալ Չհանան՝ մի հատուկ ռահվիրա, որը նախկինում զինվորական է եղել, եկավ Ֆալամ (Պհալան)՝ այն ժամանակ Չին նահանգի ամենամեծ քաղաքը։ Այնտեղ նրան միացան Դունստադ և Պրամիլա Օնիլները և Թհան Թումը, որը նույնպես նախկինում զինվորական էր եղել ու վերջերս էր մկրտվել։ Այս եռանդուն քարոզիչները գտան մի քանի ընտանիքների, որոնք հետաքրքրություն ցուցաբերեցին, և շատ չանցած՝ մի փոքրիկ, բայց ակտիվ ժողով հիմնեցին։

Հաջորդ տարի Թհան Թումը տեղափոխվեց Հակա, որը Ֆալամից հարավ ընկած մի քաղաք է։ Այստեղ նա սկսեց ռահվիրա ծառայել և հիմնեց մի փոքր խումբ։ Հետագայում նա գնաց քարոզելու Չին նահանգի այլ տարածքներ և օգնեց հիմնելու ժողովներ Վաննայում, Սուրկվայում, Գանգոյում և այլ վայրերում։ Այսօր՝ 45 տարի անց, Թհան Թումը շարունակում է ակտիվորեն ծառայել որպես հատուկ ռահվիրա իր հարազատ գյուղում՝ Վաննայում։

Երբ Թհան Թումը գնաց Հակայից, Դոնալդ Դյուարը՝ մի 20-ամյա հատուկ ռահվիրա, սկսեց ծառայել նրա փոխարեն։ Քանի որ Դոնալդի ծնողները՝ Ֆրանկ և Լիլի Դյուարները (նախկինում՝ Լիլի Մեյ), արտաքսվեցին երկրից, նրա 18-ամյա եղբայրը՝ Սեմուելը, միացավ նրան։ «Մենք ապրում էինք թիթեղյա փոքր տնակում, որտեղ ամռանը շատ շոգ էր լինում, իսկ ձմռանը՝ շատ ցուրտ,— պատմում է Դոնալդը։— Սակայն ինձ համար ամենամեծ դժվարությունը միայնությունն էր։ Ես հաճախ ծառայում էի մենակ, չնայած որ դժվարությամբ էի խոսում տեղացիների լեզվով՝ հակա չինով։ Ժողովներին լինում էինք միայն ես, Սեմուելը ու էլի մեկ-երկու քարոզիչ։ Աստիճանաբար ընկա դեպրեսիայի մեջ և նույնիսկ սկսեցի մտածել նշանակումս թողնելու մասին։

Այդ ժամանակ էր, որ տարեգրքից կարդացի, թե ինչ դաժան փորձություններ են հավատարմությամբ հաղթահարել մեր եղբայրները Մալավիում e։ Ես հարցրի ինքս ինձ. «Եթե չեմ կարողանում դիմանալ միայնությանը, ինչպե՞ս կկարողանամ դիմանալ հալածանքներին»։ Սկսեցի մտահոգություններիս մասին ազատ խոսել Եհովայի հետ և աստիճանաբար իմ վիճակը թեթևացավ։ Ես նաև ուժ էի ստանում Աստվածաշունչը և «Դիտարանի» հոդվածները կարդալուց ու դրանց շուրջ խորհրդածելուց։ Իսկ երբ անսպասելի մեզ այցելեցին Մորիս Ռաջը և Դունստադ Օնիլը, ասես երկու հրեշտակ տեսա իմ առաջ։ Կամաց-կամաց վերագտա իմ ուրախությունը»։

Հետագայում՝ որպես շրջագայող վերակացու ծառայելու տարիներին, Դոնալդը իր օրինակով քաջալերում էր մեկուսի տարածքներում ծառայող Վկաներին։ Հակայում կատարած նրա ծառայությունը առատ պտուղներ է տվել։ Այժմ այնտեղ կա մի բարգավաճ ժողով, և պարբերաբար կազմակերպվում են համաժողովներ։ Հակայում հանդիպումներին ներկա լինող քարոզիչներից երկուսը՝ Ջոնսըն Լալ Վանգը և Դենիել Սանգ Կան, դարձան նախանձախնդիր հատուկ ռահվիրաներ և նպաստեցին Չին նահանգի մեծ մասում բարի լուրի քարոզչությանը։

Սարերն ի վեր

Չին նահանգը գտնվում է ծովի մակարդակից 900– 1800 մետր բարձրության վրա։ Որոշ լեռնագագաթներ ունեն մոտ 3000 մետր բարձրություն։ Շատ լեռներ պատված են խիտ անտառներով, որտեղ աճում են հսկա տեքիներ, փշատերև ծառեր, բազմերանգ ռհոդոդենդրոններ (ծաղկատու թուփ) և նրբագեղ խոլորձներ։ Վայրի բնությունը հրաշագեղ է, բայց անտառներով ճամփորդելը դժվար է։ Նահանգի քաղաքները իրար միացնող ոլորապտույտ ու փոշոտ ճանապարհները գրեթե անանցանելի են դառնում անձրևներից և հաճախ պատահող սողանքներից։ Շատ հեռավոր գյուղեր հնարավոր է հասնել միայն ոտքով։ Այս խոչընդոտները, սակայն, չեն խանգարել Եհովայի հաստատակամ ծառաներին բարի լուրը հասցնելու հնարավորինս շատ մարդկանց։

Էյ Էյ Թհին, որն իր ամուսնուն ուղեկցել է Չին նահանգում շրջագայական ծառայության ժամանակ, պատմում է. «Ես մեծացել եմ Իրավադիի դելտայի հարթավայրում։ Երբ տեղափոխվեցի այստեղ, ինձ պարզապես գերեց Չին լեռների գեղեցկությունը։ Առաջին սարը բարձրացա մեծ եռանդով, թեև գագաթին հասնելիս շունչս փչում էի։ Բայց առջևում էլի սարեր կային, որ պետք է անցնեինք։ Ես այնքան էի հոգնել, որ կարծում էի, թե իսկապես կմեռնեմ։ Վերջապես սովորեցի՝ ինչպես պետք է սար բարձրանալ. առանց շտապելու և խնայելով ուժերս։ Կարճ ժամանակ անց կարողանում էի վեց օր շարունակ ճամփորդել լեռներով՝ օրական անցնելով մինչև 32 կիլոմետր»։

Մատուպի ժողովը ոտքով անցավ 270 կիլոմետր Հակայում անցկացվող համաժողովին մասնակցելու համար

Տարիներ շարունակ Չին նահանգի եղբայրները օգտվել են տարբեր փոխադրամիջոցներից. ջորի, ձի, հեծանիվ, և միայն վերջերս դրանց շարքին ավելացել են նաև մոտոցիկլետը, բեռնատար ու լեռնագնաց մեքենաները։ Սակայն նրանք հիմնականում ոտքով էին անցնում այս մեծ տարածությունները։ Օրինակ՝ Մատուպի քաղաքի շրջակա գյուղերը հասնելու համար հատուկ ռահվիրաներ Կիաու Ուին և Դեյվիդ Զաման անհամար կիլոմետրեր էին անցնում սարերի ու ձորերի միջով։ Իսկ Մատուպի քաղաքի ժողովի անդամները մի անգամ նույնիսկ 6–8 օր քայլելով անցան ավելի քան 270 կիլոմետր և նույնքան էլ քայլեցին վերադառնալու համար, որպեսզի մասնակցեն Հակայում անցկացվող համաժողովին։ Ճանապարհին նրանք երգում էին Թագավորության երգերը, և նրանց քաղցրահնչուն ձայնը արձագանքում էր հեքիաթային լեռներում։

Այս հոգնեցուցիչ ճամփորդությունների ժամանակ եղբայրները ստիպված էին իրենց մաշկի վրա զգալ ոչ միայն լեռնային եղանակի դաժանությունը, այլև մոծակների ու տարատեսակ այլ միջատների տհաճ ներկայությունը հատկապես անձրևային սեզոնին։ «Անտառի միջով քայլելիս նկատեցի, թե ինչպես են տզրուկները սողալով բարձրանում ոտքերիս վրա,— պատմում է Մյին Լուին՝ մի շրջանային վերակացու։— Սկսեցի նրանց պոկել վրայիցս։ Այդ ընթացքում ևս երկուսը հարմարավետ տեղավորվեցին ոտքերիս։ Ես ցատկեցի շուռ եկած ծառի բնի վրա ու սարսափահար նկատեցի, թե ինչպես է տզրուկների մի ամբողջ կույտ շարժվում դեպի վեր՝ դեպի ինձ։ Ահաբեկված ամբողջ ուժով սկսեցի վազել անտառի միջով։ Երբ ի վերջո դուրս եկա ճանապարհ ու շունչ առա, տեսա, որ տզրուկներն այնպես էին գզել ինձ, որ մաշկիս վրա սաղ տեղ չէր մնացել»։

Մարզային վերակացու Գումջա Նաուն և նրա կինը՝ Նան Լուն, ոտքով ճամփորդում էին Չին նահանգում ժողովներին այցելելու համար

Սակայն տզրուկները Չին նահանգում ճամփորդողների միակ սարսափը չէին։ Մյանմայի անտառներում կան նաև վարազներ, արջեր, ընձառյուծներ, վագրեր և որոշ աղբյուրների համաձայն՝ թունավոր օձերի բազում տեսակներ, ավելի շատ տեսակներ, քան որևէ այլ երկրում կան։ Մարզային վերակացու Գումջա Նաուն և իր կինը՝ Նան Լուն, Չին նահանգի մի ժողովից մյուս ժողով գնալիս գիշերները իրենց շուրջը կրակ էին վառում՝ վայրի կենդանիներին հեռու պահելու համար։

Այս անխոնջ քարոզիչները իրենցից հետո թողել են հոգևոր հարուստ ժառանգություն։ «Նրանք ծառայում էին Եհովային իրենց ամբողջ ուժով,— ասում է Մորիս Ռաջը։— Չին նահանգից մեկնելուց հետո էլ նրանք պատրաստ էին վերադառնալ։ Նրանց թափած ջանքերն իսկապես փառք էին բերում Եհովային»։ Այսօր Չին նահանգում կա յոթ ժողով և մի քանի մեկուսի խումբ, չնայած որ այն Մյանմայի նոսր բնակեցված նահանգներից մեկն է։

«Մյիչինայում ոչ մի «գառնուկ» չկա»

1966-ին մի քանի հատուկ ռահվիրաներ եկան Կաչին նահանգի Մյիչինա քաղաք, որը մի գողտրիկ բնակավայր է Իրավադիի ոլորանի վրա՝ Չինաստանի սահմանի մոտ։ Դրանից 6 տարի առաջ Ռոբերտ և Բեյբի Ռիչարդսները կարճ ժամանակով քարոզել էին այս տարածքում և հետևյալ հաշվետվությունն էին ուղարկել. «Մյիչինայում ոչ մի «գառնուկ» չկա»։ Սակայն այս նոր ռահվիրաները գտան ճշմարտության ծարավ մարդկանց։

Այդ մարդկանցից էր Մյա Մաունգը։ 19-ամյա բաբտիստ երիտասարդ, որն աղոթում էր Աստծուն Աստվածաշունչը հասկանալու համար։ Նա պատմում է. «Երբ մի ռահվիրա եկավ իմ աշխատավայր և առաջարկեց ինձ Աստվածաշունչ ուսումնասիրել, ես շատ ուրախացա։ Հասկացա, որ դա իմ աղոթքների պատասխանն է։ Ես ու փոքր եղբայրս՝ Սան Էյը, սկսեցինք շաբաթը երկու անգամ Աստվածաշունչ ուսումնասիրել և հոգևորապես արագ առաջադիմեցինք»։

Մյա Մաունգը շարունակում է. «Մեր կողքին էր մեր հրաշալի ուսուցիչը՝ Ուիլսոն Թեյնը։ Նա ոչ միայն ասում էր, թե ինչ պետք է անենք, այլև ցույց էր տալիս։ Մենք սովորեցինք հմտորեն օգտագործել Աստվածաշունչը, համարձակությամբ քարոզել, հակառակությունները հաղթահարել և պատրաստել ելույթներ ու ներկայացնել ժողովում շնորհիվ այն բանի, որ փորձեր էինք անում՝ պատկերացնելով մեզ նման իրավիճակներում։ Ուիլսոն Թեյնը նախապես լսում էր մեր պատրաստած ելույթները և որոշ առաջարկներ էր անում։ Համբերատարությամբ ներդրված նրա ջանքերը տեսնելով՝ մենք մղվում էինք հոգևոր նպատակներ դնելու մեր առաջ։

«Այժմ Նամտիում, Հոուպինում, Մոհնյինում և Կատայում կան ակտիվ ժողովներ»

1968-ին ես ու եղբայրս սկսեցինք ռահվիրա ծառայել, և Մյիչինայի ժողովի ռահվիրաների թիվը հասավ 8-ի։ Նախ սկսեցինք օգնել մեր ընտանիքի անդամներին՝ մորս և յոթ քույր-եղբայրներիս՝ հասկանալու Աստվածաշունչը։ Նրանք դարձան Վկաներ։ Մենք նաև 1–3 օրով գնում էինք Մյիչինա-Մանդալայ երկաթուղուն հարակից քաղաքներ և գյուղեր՝ քարոզելու։ Մեր ցանած սերմերը հետագայում առատ պտուղներ բերեցին և այժմ Նամտիում, Հոուպինում, Մոհնյինում և Կատայում կան ակտիվ ժողովներ»։

Մյիչինայում՝ գործարար տարածքներից մեկում քարոզելիս Սան Էյը հանդիպեց Փում Ռամին, որը կաչին բապտիստ էր և աշխատում էր պետական հիմնարկությունում։ Նա ընդունեց ճշմարտությունը մեծ խանդավառությամբ և տեղափոխվեց Պուտաո՝ մի փոքրիկ քաղաք Հիմալայների լանջին։ Այնտեղ նա քարոզեց իր հարազատներին, որոնցից 25-ը շուտով սկսեցին մասնակցել ժողովի հանդիպումներին։ Փում Ռամը արդեն ռահվիրա էր, երբ իր կինը, 7 երեխաները և հարազատներից շատերը ընդունեցին ճշմարտությունը։ Առայսօր նա Մյիչինայում շարունակում է լիաժամ ծառայությունը և երեց է իր ժողովում։

Գնացքի վերջին վեց վագոնները

Վկաները հատուկ չվերթով Յանգոնից մեկնում են Մյիչինա, 1969

Կաչին նահանգում հոգևոր մեծ աճը մղեց մասնաճյուղին 1969թ. «Խաղաղություն երկրի վրա» միջազգային համաժողովը անցկացնել Մյիչինայում և ոչ թե Յանգոնում, որտեղ սովորաբար անցկացվում էին մեծ համաժողովները։ Որպեսզի պատվիրակները Յանգոնից հասնեին Մյիչինա, որը գտնվում է 1100 կիլոմետր հյուսիս, մասնաճյուղը դիմեց բիրմական երկաթուղուն՝ խնդրելով թույլատրել համապատասխան չվերթի գնացքին կցել ևս 6 վագոն։ Սա արտառոց խնդրանք էր, քանի որ Կաչին նահանգը ասես քաղաքական խռովությունների խառնարան լիներ, և ցանկացած մուտք ու ելք այնտեղ խիստ վերահսկվում էր։ Սակայն, ի զարմանս եղբայրների, նրանց խնդրանքին ընդառաջեցին։

Մի խումբ երեցներ 1969-ին Մյիչինայում անցկացված «Խաղաղություն երկրի վրա» միջազգային համաժողովին։ Հետևի շարքում՝ Ֆրենսիս Վեյդոպաու, Մորիս Ռաջ, Թին Պեյ Թան, Մյա Մաունգ; մեջտեղում՝ Դունստան Օնիլ, Չառլի Աունգ Թեյն, Աունգ Թին Շուեյ, Ուիլսոն Թեյն, Սան Էյ; առջևում՝ Մաունգ Կար, Դոնալդ Դյուար, Դեյվիդ Աբրահամը, Ռոբին Զաուջա

Այն օրը, երբ պատվիրակներին բերող գնացքը պետք է ժամաներ Մյիչինա, Մորիս Ռաջը մի խումբ եղբայրների հետ գնաց կայարան՝ դիմավորելու նրանց։ Եղբայր Մորիսը պատմում է. «Կայարանում սպասում էինք, երբ կայարանապետը շտապելով մոտեցավ մեզ։ Նա հայտնեց, որ քիչ առաջ հեռագիր է ստացել, որտեղ ասվում է, թե իշխանությունների հրամանով գնացքից անջատել են պատվիրակներին բերող 6 վագոնները և հիմա դրանք կանգնած են Մանդալայի և Մյիչինայի միջև։ Ըստ ամենայնի՝ գնացքը չէր կարողացել քաշել այդքան վագոն զառիվեր ուղով։

Ի՞նչ էինք անելու։ Առաջինը մտածեցինք համաժողովը հետաձգելու մասին։ Բայց դա հեշտ գործ չէր։ Պետք էր մի շարք նոր պայմանավորվածություններ ձեռք բերել, ինչը շաբաթներ կտևեր։ Հենց այն պահին, երբ ջերմեռանդորեն խնդրում էինք Եհովային առաջնորդության համար, գնացքը մտավ կայարան։ Չէինք հավատում մեր աչքերին. բոլոր վեց վագոնները լիքն էին պատվիրակներով։ Բոլորի երեսին փայլում էր ժպիտը։ Նրանք ուրախ թափահարում էին ձեռքերը՝ ողջունելով մեզ։ Երբ հարցրինք, թե ինչ է տեղի ունեցել, նրանցից մեկը պատասխանեց. «Նրանք անջատեցին վեց վագոն, բայց ոչ մերը»»։

«Նրանք անջատեցին վեց վագոն, բայց ոչ մերը»

Համաժողովը շատ լավ անցավ։ Հայտարարվեց նոր լույս տեսած հրատարակությունների մասին՝ երեքը՝ բիրմաներեն, հինգը՝ անգլերեն։ Երեք տարի առաջ, երբ միսիոներները արտաքսվեցին երկրից, հոգևոր կերակուր մատակարարող աղբյուրը գրեթե ցամաքեց։ Բայց հիմա այն հոսում էր հորդալով։

Բարի լուրը հասնում է նագաներին

Մյիչինայի համաժողովից չորս ամիս անց կազմակերպությունը մի նամակ ստացավ։ Այն ուղարկել էր Կամթի քաղաքի փոստային աշխատողներից մեկը։ Կամթին Բիրմա-Հնդկաստան հյուսիսարևմտյան սահմանի լեռնային գոտուց ներքև՝ գետաբերանին փռված մի փոքր քաղաք է։ Այս տարածքում ապրում են տարբեր ցեղախմբերի բաժանված նագաները, որոնք նախկինում եղել են ահարկու մարդակերներ։ Նամակում փոստային աշխատողը՝ Բա Յին, որը ադվենտիստ է եղել, հոգևոր օգնություն էր խնդրում։ Կազմակերպությունը անմիջապես այնտեղ ուղարկեց Աունգ Նայնին և Ուին Փեյին, որոնք հատուկ ռահվիրաներ էին։

Ուին Փեյը պատմում է. «Երբ վայրէջք կատարեցինք, վախը պատեց մեզ. թռիչքուղու դաշտում ահազդու տեսք ունեցող նագա ռազմիկներ էին, որոնց կոնքի հատվածն էր միայն ծածկված։ Այդ պահին հայտնվեց Բա Յին և մեզ շտապ տարավ ծանոթացնելու մի քանի այլ հետաքրքրվող մարդկանց հետ։ Կարճ ժամանակ անց արդեն ուսումնասիրություն էինք անցկացնում հինգ հոգու հետ»։

Բյակ Մոիան (հետևի շարք, առաջինը աջից) և Կամթի ժողովը, երբ քարոզչական գործը նոր էր սկսվել նագաներով բնակեցված տարածքներում

Նա շարունակում է. «Տեղի իշխանությունները, սակայն, կարծում էին, թե մենք բապտիստ քարոզիչներ ենք և կապ ունենք խռովարարների հետ։ Չնայած որ հավաստիացնում էինք, որ մենք քաղաքականապես չեզոք ենք, նրանք կարգադրեցին մեզ մեկ ամսվա ընթացքում հեռանալ»։

Երեք տարի անց, երբ ղեկավարները փոխվեցին, Բյակ Մոիան՝ 18-ամյա մի ռահվիրա, շարունակեց նրանց կիսատ թողած գործը։ Շատ չանցած՝ Բա Յին դուրս եկավ աշխատանքից և սկսեց ռահվիրա ծառայել։ Հետագայում այլ ռահվիրաներ էլ եկան այստեղ։ Նախանձախնդիր ծառայողների այս խումբը շուտով հիմնեց մի ժողով Կամթիում և մի քանի խմբեր նրա շրջակա գյուղերում։ Բյակ Մոիան հիշում է. «Նագա եղբայրները և քույրերը կրթություն չէին ստացել և գրաճանաչ չէին։ Բայց նրանք սիրում էին Աստծու Խոսքը և եռանդով քարոզում էին՝ հմտորեն օգտագործելով մեր հրատարակությունների նկարները։ Նրանք նաև անգիր էին անում շատ աստվածաշնչյան համարներ, ինչպես նաև Թագավորության երգերը»։

Ներկայումս Կամթի քաղաքում ամեն տարի անցկացվում է մարզային համաժողով։ Պատվիրակներ գալիս են նույնիսկ հարավում գտնվող Հոումալին քաղաքից՝ մոտ 15 ժամ նավարկելով գետի հոսանքին հակառակ։

Հակառակություն «Ոսկե եռանկյունում»

Քարոզչական գործն ընդլայնվում էր նաև երկրի մյուս կողմում՝ Չինաստանին, Լաոսին և Թաիլանդին սահմանակից բարձրավանդակում։ Հենց այստեղ է գտնվում «Ոսկե եռանկյունու» սիրտը. բլուրներով ու բերի հովիտներով հարուստ մի տարածք, որը սակայն ափիոնի արտադրության, խռովությունների և այլ ապօրինի գործունեությունների օջախ էր։ Այստեղ ծառայող ռահվիրաները զգույշ էին և խորագետ (Մատթ. 10։16)։ Սակայն նրանք անընդհատ բախվում էին հակառակությունների, որոնց աղբյուրը մեկն էր՝ քրիստոնյա հոգևորականությունը։

Երբ ռահվիրաներ Ռոբին Զաուջան և Դեյվիդ Աբրահամը ժամանեցին Լաշո, որը մի բազմամարդ քաղաք է Շան նահանգում, տեղի կրոնական առաջնորդները անմիջապես հայտարարեցին, որ նրանք խռովարարներ են։ Ռոբինը պատմում է. «Մեզ ձերբակալեցին և բանտ գցեցին։ Այնտեղ մենք ոստիկանությանը ներկայացրինք մեր փաստաթղթերը, որից հետո ներս մտավ զինվորական մի մայոր և ասաց. «Ողջո՜ւյն, պարո՛ն Զաուջա։ Երևում է՝ Եհովայի վկաները հասել են Լաշո»։ Նա անմիջապես ազատ արձակեց մեզ։ Մայորը դասընկերս էր»։

Այս երկու ռահվիրաները անմիջապես գործի անցան։ Շուտով հիմնեցին մի մեծ ժողով և կառուցեցին Թագավորության սրահ։ Երկու տարի անց նրանց կանչեցին քաղաքապետարան, որտեղ հավաքվել էին ավելի քան 70 զինվորական պաշտոնյաներ, ցեղապետեր և հոգևորականներ։ Ռոբինը հիշում է. «Հոգևորականները բորբոքված մեղադրում էին մեզ՝ ասելով, թե ստիպում ենք մարդկանց թողնել իրենց կրոնական ավանդույթները։ Երբ այդ հանդիպման նախագահողը հրավիրեց մեզ արտահայտվել, ես հարցրի՝ կարող եմ արդյոք Աստվածաշունչ օգտագործել խոսելիս։ Նա թույլ տվեց։ Անմիջապես մտքումս աղոթելուց հետո սկսեցի ներկայացնել Աստվածաշնչի տեսակետը կեղծ կրոնական ավանդույթների, զինծառայության և ազգային տոնակատարությունների վերաբերյալ։ Երբ վերջացրի, նախագահողը ոտքի կանգնեց ու հայտարարեց, որ Բիրմայի օրենքով թույլատրվում է բոլոր կրոններին ազատորեն գործել երկրի տարածքում։ Մեզ թույլ տվեցին շարունակել մեր քարոզչական գործունեությունը, ինչը խորապես հիասթափեցրեց հոգևորականներին»։

Հետագայում Չինաստանի սահմանի մոտ գտնվող Մանգփո փոքր գյուղում բաբտիստների կատաղած ամբոխը հրի մատնեց Թագավորության սրահը։ Երբ նրանց ստոր արարքը չընկճեց տեղի Վկաների ոգին, նրանք հրկիզեցին նաև հատուկ ռահվիրայի տունը և սկսեցին ահաբեկել եղբայրներին և քույրերին նրանց իսկ տան մեջ։ Եղբայրները բողոքեցին գյուղապետին, սակայն նա թիկունք կանգնեց բապտիստներին։ Ի վերջո իշխանությունները միջամտեցին։ Եղբայրներին նույնիսկ թույլ տրվեց կառուցել նոր Թագավորության սրահ, սակայն այս անգամ ոչ թե նախկին տեղում՝ գյուղի ծայրին, այլ գյուղի հենց կենտրոնում։

Իսկ ավելի հարավ՝ Կային նահանգի մի հեռավոր լեռնային գյուղում՝ Լեյթոյում, որը մոտ է «Ոսկե եռանկյունուն», Գրեգորի Սարիլոն բախվեց խիստ հակառակության կաթոլիկ եկեղեցու կողմից։ Գրեգորին պատմում է. «Գյուղի քահանայի հրահանգով, նրա հոտի անդամները ավերեցին իմ բանջարանոցը, իսկ հետո սկսեցին որպես լավություն ինձ ուտելիք բերել։ Բայց մի ծանոթ մարդ ինձ զգուշացրեց, որ դրանք թունավորված են։ Մի անգամ էլ քահանայի կամակատարները հարցրին, թե որ ճանապարհով եմ անցնելու հաջորդ օրը։ Հետևյալ օրը ես փոխեցի ճանապարհս և չընկա նրանց լարած ծուղակը. այդ մարդիկ դարան մտած սպասում էին ինձ, որ սպանեն։ Երբ իշխանություններին հայտնեցի իմ դեմ արած այս մահափորձերի մասին, նրանք քահանային և նրա աջակիցներին խիստ կարգադրեցին հանգիստ թողնել ինձ։ Եհովան պաշտպանեց ինձ «իմ հոգին որոնողներից»» (Սաղ. 35։4

Պահում են բացարձակ չեզոքություն

Տարիների ընթացքում Բիրմայում ապրող եղբայրների ու քույրերի անարատությունը մեկ ուրիշ ձևով էլ է փորձվել։ Միջցեղային բախումները և քաղաքացիական պատերազմները հաճախ են ստուգել նրանց քրիստոնեական չեզոքության որակը (Հովհ. 18։36

Բիրմայի հարավում՝ Թանբյուզյաթ գյուղի մոտ, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կառուցված Բիրմա-Թաիլանդ երկաթուղու արևմտյան վերջին կայարանն էր, կառավարական զորքերի և անջատողական խռովարարների միջև բախումներ էին տեղի ունենում։ Հլա Աունգը, որն ապրում էր այդ գյուղում, պատմում է. «Զինվորները գիշերները ներխուժում էին գյուղեր, հավաքում տղամարդկանց և զենքի ուժով ստիպում էին ծառայել իրենց համար բեռնակիր։ Շատերն այլևս չէին վերադառնում։ Մի գիշեր, երբ ես և Դոնալդ Դյուարը մեր տան մոտ զրուցում էինք, զինվորները մտան գյուղ։ Կինս ձայն տվեց՝ նախազգուշացնելով այդ մասին։ Մենք հասցրինք փախչել անտառ։ Այդ դեպքից հետո ես մեր տանը մի թաքստոց սարքեցի, ուր կարող էի մտնել, երբ զինվորները նորից գային»։

Երբ հատուկ ռահվիրա Ռաջան Փանդիթը եկավ Դուե, որը մի փոքր քաղաք է Թանբյուզյաթից հարավ, անմիջապես սկսեց մի քանի աստվածաշնչյան ուսումնասիրություն անցկացնել կողքի գյուղում, որը ապստամբների հենակետերից մեկն էր։ Նա պատմում է. «Երբ վերադառնում էի գյուղից, զինվորները ինձ ձերբակալեցին և սկսեցին ծեծել՝ մեղադրելով ապստամբների հետ համագործակցելու մեջ։ Նրանց ասացի, որ ես Եհովայի վկա եմ։ Հարցրին, թե ինչպես եմ եկել Դուե։ Երբ ասացի, որ ինքնաթիռով եմ եկել, նրանք ապացույց պահանջեցին, քանի որ ապստամբները երբեք չէին օգտվում այդ փոխադրամիջոցից։ Ես նրանց ցույց տվեցի ինքնաթիռի տոմսս, որը պահել էի որպես հիշատակ։ Նրանք այլևս ինձ չծեծեցին և ի վերջո բաց թողեցին։ Հետո իմացա, որ զինվորները նաև հարցաքննել են իմ ուսուցումներից մեկին, որը նրանց հավաստիացրել էր, որ մենք միայն Աստվածաշունչ ենք ուսումնասիրում։ Դրանից հետո զինվորները դադարեցին հետապնդել ինձ։ Նրանցից ոմանք նույնիսկ սկսեցին պարբերաբար ամսագրեր վերցնել ինձնից»։

Երբեմն որոշ քաղաքապետներ ստիպում էին եղբայրներին, որ փոխզիջումների գնան և մասնակցեն ընտրություններին կամ ազգային տոնախմբություններին։ Մի անգամ, երբ Զալունի՝ Յանգոնից 130 կիլոմետր հյուսիս ընկած մի գետափնյա քաղաքի պաշտոնյաները ստիպեցին տեղի Վկաներին մասնակցել ընտրություններին, եղբայրները հրաժարվեցին՝ մեջբերում անելով Աստվածաշնչից որպես իրենց սկզբունքների հիմք (Հովհ. 6։15)։ Պաշտոնյաները բողոքեցին շրջանի իշխանություններին։ Սակայն իշխանությունները քաջատեղյակ էին, որ Եհովայի վկաները քաղաքականապես չեզոք են։ Ուստի առանց որևէ խնդրի՝ նրանց թույլ տվեցին չընդգրկվել ընտրական գործընթացում։

Իսկ Հնդկաստանի սահմանի մոտ գտնվող Կամպաթ քաղաքում, երբ 23 Վկա աշակերտները հրաժարվեցին խոնարհվել դրոշի առաջ, տնօրենը նրանց հեռացրեց դպրոցից։ Հետո հանդիպում կազմակերպեց մի խումբ պաշտոնյաների հետ, որոնց թվում էին քաղաքապետն ու ոստիկանապետը, և կանչեց երկու երեցների։ Երեցներից մեկը՝ Պոլ Կայ Կան Թանգը, պատմում է. «Մինչ Սուրբ Գրքի միջոցով բացատրում էինք մեր դիրքորոշումը, նրանցից ոմանք բացահայտ թշնամանք էին դրսևորում։ Հետո ցույց տվեցինք կառավարության որոշումը, որտեղ ասվում էր, որ Եհովայի վկաներին թույլ է տրվում «դրոշի հետ կապված արարողությունների ժամանակ հարգալից կերպով լուռ կանգնել»։ Պաշտոնյաները պապանձվեցին։ Երբ ուշքի եկան, ոստիկանապետը կարգադրեց տնօրենին հետ ընդունել հեռացված երեխաներին։ Տնօրենը այդ որոշման պատճենները բաժանեց իր ենթականերին»։

Այսօր Մյանմայի կառավարության բարձր պաշտոնյաները քաջատեղյակ են Եհովայի վկաների քաղաքական չեզոք դիրքորոշմանը։ Հավատարիմ մնալով աստվածաշնչյան իր սկզբունքներին՝ Եհովայի ժողովուրդը հրաշալի վկայություն է տվել՝ ճիշտ ինչպես մարգարեացել էր Հիսուսը (Ղուկ. 21։13

Որոշ զինվորականներ դառնում են Վկա

Մյանմայի ժամանակակից պատմության ընթացքում բիրմացիներից շատերը եղել են կա՛մ զինվորական, կա՛մ ապստամբ խռովարար։ Հռոմեական բանակի հարյուրապետ Կոռնելիոսի նման՝ նրանցից ոմանք «բարեպաշտ և աստվածավախ» էին (Գործ. 10։2)։ Ճշմարտությունը իմանալուց հետո նրանք մեծ ջանքեր են թափել իրենց կյանքը Եհովայի արդար չափանիշներին ներդաշնակեցնելու համար։

Ատելության կապանքներից ձերբազատված՝ նրանք այժմ միավորվել են սիրո կապով՝ շնորհիվ Աստծու Խոսքի ազատարար ուժի

Այս մարդկանցից մեկը Հլոն Մանգն է, որը նավատորմի սպա էր։ Նա իմացավ ճշմարտությունը, երբ ծառայում էր Մոլամյայնում։ Եղբայրը պատմում է. «Բարի լուրը լսելուց հետո ուզում էի միանգամից քարոզիչ դառնալ։ Բայց երբ պատրաստվում էի դիմել զինվորական ծառայությունից արձակվելու համար, իմացա, որ ցանկանում են կոչումս բարձրացնել և ուղարկել մի զարգացած արևմտյան երկիր՝ անվճար կրթություն ստանալու։ Այդուհանդերձ վճռեցի դառնալ Աստծու ծառա։ Ի զարմանս իմ վերադասների՝ ներկայացրի իմ արձակման դիմումը և սկսեցի ծառայել Եհովային։ Այդ օրից մոտ 30 տարի է անցել, ու ես երբեք չեմ կասկածել, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Չէ՞ որ ճշմարիտ Աստծուն ծառայելը լավագույն բանն է, որ երբևէ կարող ենք անել»։

Այկ Լին (ձախից)՝ և Սան Տան Թուն Աունգը (աջից) ջունգլիներում կռվել են իրար դեմ

Լա Բանգ Գամը, որը նույնպես զինվորական էր, ռազմական հոսպիտալում ապաքինվում էր, երբ Ռոբին Զաուջան նրան ցույց տվեց «Կորցված դրախտից վերականգնված դրախտ» գիրքը f։ Լա Բանգ Գամը հիացած էր գրքով, ուստի հարցրեց՝ կարող է այն իրեն պահել։ Բայց քանի որ դա Ռոբինի անձնական օրինակն էր, նա ասաց, որ կթողնի մինչև հաջորդ օրը։ Հետևյալ օրը, երբ Ռոբինը եկավ գրքի հետևից, Լա Բանգ Գամը ուրախ ասաց. «Ահա՛ քո գիրքը։ Ես արդեն իմ օրինակն ունեմ»։ Նա ամբողջ գիշեր արթուն էր մնացել և արտագրել էր 250 էջանոց գիրքը մի քանի տետրերում։ Դրանից կարճ ժամանակ անց Լա Բանգ Գամը թողեց զինծառայությունը և իր «Դրախտ» գրքի օգնությամբ սկսեց ուրիշներին սովորեցնել ճշմարտությունը։

Սան Տան Թուն Աունգը, որը բիրմական բանակի կապիտան էր, և Այկ Լին, որը Միացյալ Ուա նահանգի բանակի հրամանատար էր, ջունգլիներում կռվել էին իրար դեմ կատաղի մարտերի ժամանակ։ Երբ կողմերը վերջապես զինադադար կնքեցին, նրանք երկուսն էլ հաստատվեցին լեռնային Շան նահանգում։ Հետագայում իրարից անկախ իմացան ճշմարտությունը, թողեցին իրենց զինվորական պաշտոնները և մկրտվեցին։ Այս նախկին թշնամիները հանդիպեցին շրջանային համաժողովի ժամանակ և ջերմ գրկախառնվեցին որպես քրիստոնյա եղբայրներ։ Ատելության կապանքներից ձերբազատված՝ նրանք այժմ միավորվել են սիրո կապով՝ շնորհիվ Աստծու Խոսքի ազատարար ուժի (Հովհ. 8։32; 13։35

«Ամեն տեսակ մարդու» մղում ենք տրամաբանելու

1965–1976թթ.-ին Բիրմայում քարոզիչների թիվը քառապատկվեց։ Նոր քարոզիչների մեծ մասը, ովքեր ընդունել էին Վկաների քարոզած լուրը, քրիստոնյա աշխարհից էին։ Սակայն եղբայրները գիտեին՝ Աստծու կամքն է, որ «ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։4)։ Ուստի 1970-ականների կեսերից սկսած՝ նրանք ավելի մեծ ջանքեր ներդրեցին քարոզելու համար այլ կրոնի մարդկանց՝ բուդդայականներին, հնդուականներին և անիմիստներին։

Ամենուր կարելի է տեսնել բուդդայական վանականների

Ինչ խոսք, կային բազմաթիվ դժվարություններ. բուդդայականները չեն ընդունում Աստծու կամ Ստեղծչի որպես անձնավորություն գոյության գաղափարը, հնդուականները երկրպագում են միլիոնավոր աստվածների, իսկ անիմիստներ՝ հզոր ոգիների, որոնց կոչում են նաթ։ Սնոտիապաշտությունը, գուշակությունը և ոգեհարցությունը տարածված են այս կրոններում։ Թեև այս մարդկանցից շատերը Աստվածաշունչը համարում են սուրբ գիրք, սակայն սովորաբար նրանք գրեթե ոչինչ չգիտեն Աստվածաշնչի պատմության, ուսմունքների, այնտեղ հիշատակված մարդկանց և նրանց մշակույթի մասին։

Եղբայրները, սակայն, գիտեին, որ Աստծու Խոսքի զորավոր ճշմարտությունը կարող է հասնել ցանկացած մարդու սրտին (Եբր. 4։12)։ Նրանք պարզապես պետք է ապավինեին Աստծու ոգուն և հմտորեն կիրառեին «սովորեցնելու արվեստը», այսինքն՝ տրամաբանելու միջոցով ճշմարտությունը սերմանեին մարդկանց սրտերում և մղեին փոփոխություններ անելու իրենց կյանքում (2 Տիմոթ. 4։2

Օրինակ՝ տեսնենք, թե ինչպես էր մի փորձառու հատուկ ռահվիրա՝ Ռոզալինը, տրամաբանում բուդդայականների հետ։ Նա բացատրում է. «Երբ բուդդայականներին ասում ենք, որ գոյություն ունի Ստեղծիչ, նրանք հաճախ հարցնում են. «Իսկ ո՞վ է ստեղծել Ստեղծչին»։ Բուդդայականները համարում են, որ կենդանիները վերամարմնավորված մարդիկ են, ուստի ես, օրինակ բերելով իրենց ընտանի կենդանուն՝ շանը կամ կատվին, հարցնում եմ.

— Ձեր կատուն գիտի՞, որ դուք գոյություն ունեք։

— Այո՛։

— Իսկ գիտի՞, թե որտեղ եք աշխատում, ամուսնացած եք թե ոչ, կամ ձեր անցյալի մասին։

— Ո՛չ։

— Նմանապես, քանի որ մարդիկ տարբեր են Աստծուց, որը ոգեղեն էակ է, չե՞ք կարծում, որ չենք կարող ակնկալել, որ նրա գոյության և ծագման մասին ամեն ինչ կհասկանանք։

— Ճիշտ եք»։

«Սերը, որ եղբայրները ցուցաբերում էին իմ հանդեպ, նման էր թարմացնող ցողի»

Նման կերպով տրամաբանելը մղում է շատ անկեղծ բուդդայականների ավելի խորությամբ ուշադրություն դարձնելու Աստծու գոյության ապացույցներին։ Քանի որ տրամաբանելու հետ մեկտեղ նրանց հանդեպ անկեղծ քրիստոնեական սեր է դրսևորվում, Աստծու Խոսքի ճշմարտությունն խոր ազդեցություն է թողնում նրանց վրա։ Օուն Թուինը, որը նախկինում բուդդայական էր, ասում է. «Երբ համեմատեցի բուդդայականների հեռանկարը՝ նիրվանան, և դրախտ երկրի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումը, հասկացա, որ իրականում դրախտ երկրի գաղափարը ավելի հոգեհարազատ է ինձ։ Բայց քանի որ հավատում էի, որ դեպի ճշմարտություն տանող ճանապարհները շատ են, հարկ չէի համարում սովորածս կիրառել։ Հետո սկսեցի գնալ Եհովայի վկաների հանդիպումներին։ Սերը, որ եղբայրները ցուցաբերում էին իմ հանդեպ, նման էր թարմացնող ցողի։ Դա մղեց ինձ բարեփոխելու կյանքս և անելու այն, ինչ ճիշտ է»։

Բիրմացի մի խումբ վկաներ, 1987

Իհարկե հարկավոր է նրբանկատ և համբերատար լինել, երբ մարդկանց օգնում ենք փոխել իրենց կրոնական համոզմունքները։ Ահա, թե ինչ է պատմում Կումար Չըկրըբանին, որը տասը տարեկան էր, երբ իր հայրը՝ մի նախանձախնդիր հնդուական, թույլ տվեց, որ Բեթելում ծառայող Ջիմի Զեյվիերը սովորեցնի իրեն կարդալ։ «Հայրս նրան զգուշացրեց, որ ինձ միայն կարդալ սովորեցնի և ոչ մի կրոնական բան։ Ջիմին համաձայնվեց և ասաց, որ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» շատ լավ գիրք է երեխաներին կարդալ սովորեցնելու համար։ Երբ ավարտում էինք մեր ընթերցանության դասը, Ջիմին ժամանակ էր տրամադրում հորս հետ խոսելու համար՝ անկեղծ հետաքրքրություն ցույց տալով նրա հանդեպ։ Երբ հայրս սկսում էր նրան կրոնական թեմաներին առնչվող հարցեր տալ, Ջիմին նրբանկատորեն ասում էր. «Աստվածաշնչում գրված է պատասխանը, արի միասին տեսնենք, թե ինչ է ասվում այնտեղ»։ Որոշ ժամանակ անց ոչ միայն հայրս, այլև մեր հարազատներից 63-ը ընդունեցին ճշմարտությունը և դարձան Եհովայի վկա»։

Համաժողով խառը ժամանակներում

1980-ականների կեսերին Բիրմայում քաղաքական դրությունը լարված էր, և իրավիճակը գնալով ավելի անկայուն էր դառնում։ Լարվածությունը պայթեց 1988-ին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ կառավարության դեմ ցույցի։ Սակայն զինված ուժերը շատ արագ ցրեցին մարդկանց ամբոխը։ Երկրում արտակարգ դրություն հայտարարվեց։

«Իշխանությունները շատ խիստ պարետային ժամ նշանակեցին և հինգ հոգուց ավելի մարդկանց հավաքները արգելվեցին,— հիշում է բեթելցի Կիաո Ուին։— Մտածում էինք ծրագրված մարզային համաժողովները հետաձգելու մասին։ Բայցևայնպես, ապավինելով Եհովային՝ դիմեցինք Յանգոնի դիվիզիայի հրամանատարին և խնդրեցինք թույլ տալ անցկացնել 1000 հոգանոց համաժողով։ Անհավատալի էր, բայց երկու օր անց թույլտվություն ստացանք։ Երբ այն ցույց տվեցինք այլ տարածաշրջանների ղեկավար մարմիններին, նրանք նույնպես թույլ տվեցին այդ վայրերում համաժողովներ անցկացնել։ Եհովայի օգնությամբ մարզային համաժողովը անխափան անցկացվեց տարբեր վայրերում»։

Չեն թողնում քրիստոնեական հավաքույթները

1988-ի դեպքերից հետո Բիրմայում տնտեսական վիճակը գնալով վատանում էր։ Չնայած դրան՝ եղբայրներն ու քույրերը ամուր հավատ էին դրսևորում Աստծու հանդեպ՝ շարունակելով Թագավորության շահերը առաջին տեղում դնել իրենց կյանքում (Մատթ. 6։33

Օրինակ՝ Չին Կան Դալը, որն իր ընտանիքի հետ ապրում էր հեռավոր Սագանգ գյուղում, պատմում է. «Մենք ցանկանում էինք գնալ Թահանում անցկացվող մարզային համաժողովին։ Այնտեղ հասնելու համար պետք է երկու օր ճանապարհ գնայինք նավով և բեռնատարով։ Բայց ոչ ոք չկար, որ մեր բացակայության ժամանակ հոգ տաներ մեր հավերի մասին։ Այդուհանդերձ, ապավինելով Եհովային՝ գնացինք։ Երբ վերադարձանք տեսանք, որ հավերից 19-ը սատկել էին, ինչը լուրջ տնտեսական կորուստ էր մեր համար։ Մի տարի անց, սակայն, մեր փոքրաթիվ հավերը շատացան՝ անցնելով 60-ից։ Ու թեև շատերի հավերը սատկեցին հիվանդությունից, մեր հավերից ոչ մի հատ չսատկեց»։

Մեկ ուրիշ ամուսնական զույգ՝ Աունգ Թին Նյուտը և նրա կին՝ Նյեին Մյան, որոնք շարունակում էին կենտրոնացած մնալ հոգևոր բաների վրա, իրենց ինը երեխաների հետ ապրում էին Յանգոնից 64 կիլոմետր հյուսիս-արևմուտքում գտնվող մի փոքրիկ գյուղում՝ Ջոնշայում։ Աունգ Թին Նյուտը պատմում է. «Հիմնականում սնվում էինք բրնձի շիլայով և բանջարեղենով։ Ո՛չ փող ունեինք, ո՛չ էլ ծախելու բան։ Սակայն դա չէր ընկճում մեզ։ Ընտանիքիս անդամներին միշտ ասում էի. «Հիսուսը գլուխը դնելու տեղ չուներ, ուստի եթե նույնիսկ ստիպված լինեմ գիշերել դրսում՝ ծառի տակ, կամ սովից մեռնեմ, ես կշարունակեմ հավատարմորեն ծառայել Աստծուն»։

«Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը» (Եբր. 13։5, 6)

Մի օր տանը ոչինչ չկար ուտելու։ Կինս և երեխաներս մտահոգ ինձ նայեցին։ Ես ասացի. «Չմտածեք, Աստված մեզ կօգնի»։ Առավոտյան՝ ծառայությունից հետո, տղաներիս հետ գնացինք ձուկ բռնելու։ Բռնածը բավարար էր ընդամենը մեկ անգամ ուտելու համար։ Մենք թողեցինք մեր զամբյուղները, որով ձուկ էինք բռնում, խիտ ջրաշուշանների մեջ և գնացինք տուն։ Տղաներիս ասացի, որ կվերադառնանք ժողովից հետո։ Կեսօրին եղանակը քամոտ էր։ Եվ սովորականի պես ձկները թաքնվել էին ջրաշուշանների մեջ։ Երբ վերադարձանք ու զամբյուղները ջուրն իջեցրինք, դրանք լցվեցին ձկներով։ Մեր որսը տարանք շուկա և դրա գումարով գնեցինք ուտելիք մի ամբողջ շաբաթվա համար»։

Կրկին ու կրկին Եհովայի ծառաները զգում են, թե ինչպես է Աստված պահում իր հայրական խոստումը՝ «ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»։ Ուստի նրանք սրտանց ասում են. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը» (Եբր. 13։5, 6

Տպագրությունը կատարելագործվում է

Սկսած 1956թ.-ից՝ բիրմաներեն «Դիտարանը» կանոնավորաբար լույս է տեսնում՝ հոգևոր կերակուր մատակարարելով բիրմացի եղբայրներին՝ չնայած անընդմեջ տեղի ունեցող էթնիկ բախումներին, քաղաքացիական պատերազմին և տնտեսության անկայուն վիճակին։ Ինչպե՞ս էր տպագրությունն իրականացվում։

Տարիներ շարունակ մասնաճյուղը ամեն անգամ ամսագրի թարգմանված տպագիր տեքստը ուղարկում էր գրաքննիչին, որից հավանություն ստանալուց հետո ձեռք էր բերում տպագրական թուղթ գնելու թույլտվություն։ Այնուհետև մի եղբայր թուղթը և տեքստը տանում էր կոմերցիոն տպարան։ Այնտեղ գրաշարը տառ առ տառ կազմում էր տեքստը։ Հետո եղբայրը աչքի էր անցկացնում այն, որ սխալներ չլինեն։ Այնուհետև ամսագիրը տպվում էր հնամաշ տպագրահաստոցով։ Տպված օրինակները ուղարկվում էին նույն գրաքննիչին լիցենզավորելու համար։ Հասկանալի է, որ գործընթացը մի քանի շաբաթ էր տևում, ու չնայած այսքան ջանքերին՝ թղթի ու տպագրության որակը չէր փայլում։

1989-ին մասնաճյուղը ստացավ նոր ծրագիր, որն ամբողջությամբ փոխեց տպագրության գործընթացը։ Գլխավոր վարչությունում կազմված ու մշակված այս Էլեկտրոնային լուսաշարվածքի համակարգչային բազմալեզու համակարգը (MEPS) հնարավորություն էր տալիս տպագրության համար տեքստը պատրաստել 186 լեզուներով՝ ներառյալ բիրմաներենը g։

«Եհովայի վկաները, ակներևաբար, առաջին էին Մյանմայում, որ համակարգչի միջոցով սկսեցին կազմել և հրատարակել գրականություն,— ասում է Մյա Մաունգը, որը ծառայում էր մասնաճյուղում։— MEPS ծրագիրը, որն օգտագործում էր մեր մասնաճյուղում ստեղծած գեղեցիկ տառատեսակը, իր ազդեցությունը թողեց երկրում տպագրության զարգացման վրա։ Մարդիկ զարմանում էին, թե ինչպես ենք մենք այդքան կոկիկ ձևավորել տառատեսակը»։ MEPS-ը հնարավորություն է տալիս իրականացնել օֆսեթ տպագրություն, որն ապահովում է գեղեցիկ նկարազարդումներով բարձրորակ արտադրանք։ Դրա շնորհիվ «Դիտարան» ամսագիրը ավելի գրավիչ տեսք ստացավ։

1991-ին Մյանմայի կառավարությունը թույլատրեց տպագրել նաև «Արթնացե՛ք» ամսագիրը. եղբայրները ուրախությունից ցնծում էին։ Հասարակության արձագանքը նույնպես դրական էր։ Մի բարձրաստիճան պաշտոնյա Տեղեկատվության նախարարությունից հետևյալ կերպ ընդհանրացրեց ընթերցողներից շատերի կարծիքը. ««Արթնացե՛ք»-ը տարբերվում է մյուս կրոնական հրատարակություններից։ Այնտեղ տարբեր թեմաներ են արծարծվում և հեշտ են ընկալվում։ Անձամբ ես շատ եմ սիրում այն»։

Անցած 20 տարիների ընթացքում մասնաճյուղում տպագրվող հրատարակությունների թիվն ավելացավ 9,4 անգամ

Անցած 20 տարիների ընթացքում մասնաճյուղում տըպագրվող հրատարակությունների թիվը 15000-ից հասավ ավելի քան 141000 օրինակի, այսինքն՝ ավելացավ 9,4 անգամ։ Հիմա Յանգոնում գրեթե բոլորը ծանոթ են «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերին։ Ամբողջ երկրում մարդիկ հաճույքով են կարդում դրանք։

Նոր մասնաճյուղի կարիք կար

1988-ի դեպքերից հետո կառավարության որոշմամբ հասարակական և կրոնական կազմակերպությունները պետք է պետական գրանցում ստանային։ Բնականաբար մասնաճյուղը դիմեց գրանցման համար։ Երկու տարի անց 1990թ. հունվարի 5-ին կառավարությունը գրանցեց «Եհովայի վկաների (Դիտարան) ընկերությունը»։

Բեթելի շենքում այլևս տեղ չկար։ Քույրը արդուկ է անում հատակին նստած

Մինչ այդ մասնաճյուղը 39-րդ փողոցի բնակարանից տեղափոխվել էր քաղաքի հյուսիսային հարուստ ծայրամասի Ինյա Ռոդ փողոցում գտնվող մի երկհարկանի տուն, որը կառուցված էր մոտ 2000 քառակուսի մետր հողատարածքի վրա։ Բեթելի ընտանիքի մեծանալու պատճառով տունն արդեն շատ փոքր էր դարձել։ Վիվ Մորիցը, որը այդ ժամանակ այցելել էր Մյանմա որպես զոնալ վերակացու, պատմում է. «Բեթելի 25 անդամները աշխատում էին ծանր պայմաններում։ Չկար գազօջախ, և քույրը ճաշը պատրաստում էր էլեկտրական սալիկի վրա։ Լվացքատունը չուներ լվացքի մեքենա, և մեկ ուրիշ քույր էլ շորերը լվանում էր հատակի մեջ փորված փոսում։ Եղբայրները ուզում էին գնել գազօջախ և լվացքի մեքենա, սակայն դրանք հնարավոր չէր երկիր ներմուծել»։

Պարզ էր, որ ավելի մեծ մասնաճյուղի կարիք կար։ Հետևաբար Կառավարիչ մարմինը հավանություն տվեց երկհարկանի տունը քանդելու և նրա տեղը չորսհարկանի շենք կառուցելու նախագծին։ Սակայն եղբայրները դեռևս պետք է լուրջ խոչընդոտներ հաղթահարեին։ Առաջին՝ անհրաժեշտ էր դիմում ներկայացնել իշխանություններին, որը պետք է անցներ կառավարության 6 մակարդակների «ձեռքի տակով» վերջնական թույլատրություն ստանալու համար։ Երկրորդ՝ տեղի շինարարական կազմակերպությունները, որոնք ծանոթ չէին պողպատե ամրաններով շինարարական մեթոդներին, չէին կարող իրականացնել նման աշխատանք։ Երրորդ՝ արտերկրից Վկա կամավորները չէին կարող մտնել երկիր։ Չորրորդ՝ երկրում համապատասխան շինանյութ չկար, և հնարավոր չէր այն ներկրել։ Հարկ չկա նշելու, որ առաջին հայացքից ծրագիրը ձախողման էր մատնված։ Սակայն եղբայրները կրկին ապավինեցին Եհովային։ Եթե Եհովան կամենար, մասնաճյուղի նոր շենքը կկառուցվեր (Սաղ. 127։1

«Ոչ թե ուժով, այլ իմ ոգով»

Կիաո Ուին, որ մասնաճյուղի իրավաբանական բաժնից էր, պատմում է. «Շինարարական նախագծի մեր դիմումը փուլ առ փուլ անցավ կառավարության հինգ մակարդակներով, որոնցից մեկը Կրոնական գործերի նախարարությունն էր։ Վերջում այն պետք է արժանանար Յանգոն քաղաքի զարգացման կոմիտեի հավանությանը։ Սակայն կոմիտեն, պնդելով, որ չորս հարկանի շինությունը շատ բարձր է, մերժեց մեր դիմումը։ Երբ երկրորդ անգամ ուղարկեցինք դիմումը, այն նորից մերժվեց։ Հետո ես ջերմեռանդորեն աղոթեցի Եհովային և դիմումը երրորդ անգամ ուղարկեցի։ Այս անգամ հաստատվեց։

Այնուհետև դիմեցինք Միգրացիայի նախարարությանը։ Այնտեղ մեզ տեղեկացրին, որ արտասահմանցիները կարող են մուտք գործել Մյանմա՝ միայն 7-օրյա տուրիստական վիզա ստանալով։ Բայց երբ բացատրեցինք, որ մեր արտասահմանցի փորձառու կամավորները սովորեցնելու են մեզ առաջադեմ շինարարական մեթոդներ, նրանք մեր կամավորներին տրամադրեցին վեցամսյա վիզա։

Հետո գնացինք Առևտրի նախարարություն, որտեղ ասացին, որ ոչ մի ապրանք չի թույլատրվում ներկրել։ Բայց երբ բացատրեցինք մեր նախագծի բնույթը, նրանք մեզ տվեցին արտոնագիր ներմուծելու ավելի քան մեկ միլիոն ԱՄՆ դոլարի շինանյութ։ Իսկ ինչպե՞ս էինք մաքսազերծելու ներկրվող ապրանքը։ Այս անգամ դիմեցինք Ֆինանսների նախարարություն։ Մեզ թույլ տվեցին ներմուծումն իրականացնել առանց մաքսավճարի։ Այս և այլ շատ կերպերով մենք զգացինք Եհովայի խոսքերի ճշմարտացիությունը. «Ոչ թե զորքով և ոչ թե ուժով, այլ իմ ոգով»,— ասում է Զորքերի Տեր Եհովան»» (Զաք. 4։6

Արտասահմանցի և մյանմացի եղբայրները աշխատում էին ուս ուսի

1997-ին շինհրապարակը լի էր կամավորներով։ Շինանյութի մեծ մասը նվիրաբերել էին Ավստրալիայի եղբայրները։ Մնացած ապրանքները բերվել էին Մալայզիայից, Սինգապուրից և Թաիլանդից։ Բրուս Փիքերինգը, որն օգնում էր վերահսկել շինարարությունը, պատմում է. «Որոշ եղբայրներ Ավստրալիայում մաս-մաս պատրաստել էին պողպատե ամբողջ կմախքը, որը տեղափոխվեց Մյանմա։ Այնուհետև նրանք այստեղ դրանք միացրին իրար։ Զարմանալի էր, բայց բոլոր մասերը ճշգրտորեն համընկան»։ Կամավորներ եկել էին նաև Մեծ Բրիտանիայից, Ֆիջիից, Գերմանիայից, Հունաստանից, Նոր Զելանդիայից և Միացյալ Նահանգներից։

Երեսուն տարվա մեջ առաջին անգամ եղբայրները կարող էին ազատ շփվել արտասահմանցի իրենց հավատակիցների հետ։ «Մենք այնքան ոգևորված էինք, ասես երազում լինեինք,— հիշում է Դոնալդ Դյուարը։— Նրանց հոգևոր հասունությունը, սերը և անձնազոհ ոգին անչափ տպավորել էին մեզ»։ Մեկ ուրիշ եղբայր ասում է. «Մենք ձեռք բերեցինք շինարարական հմտություններ։ Քարոզիչները, ովքեր միայն մոմ էին վառել, սովորեցին էլեկտրական լույսի համար հոսանքալարեր անցկացնել։ Ոմանք էլ, ովքեր միայն հովհար էին օգտագործել, սովորեցին օդափոխման համակարգ տեղադրել։ Սովորեցինք նաև աշխատել էլեկտրական գործիքներով»։

Մյանմայի Բեթելը

Շփումը քաջալերական էր նաև արտերկրից եկած կամավորների համար։ Նրանց անչափ տպավորել էր Մյանմայի եղբայրների և քույրերի հավատն ու սերը։ «Նրանք աղքատ էին, բայց շատ մեծ սիրտ ունեին,— ասում է Բրուս Փիքերինգը։— Շատերը հրավիրում էին մեզ ճաշի և մեր առաջ դնում այնքան կերակուր, որը մի քանի օր կբավականացներ իրենց ընտանիքներին։ Նրանք ինձ հիշեցնում էին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում. ընտանիքը, հավատը, եղբայրությունը և Աստծու օրհնությունը»։

2000թ. հունվարի 22-ին Ազգային թատրոնում տեղի ունեցավ մասնաճյուղի նոր շենքի նվիրումը։ Եղբայրներն անչափ ուրախ էին։ Նվիրման ելույթը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Ջոն Բարը։

Նոր Թագավորության սրահներ

Երբ մասնաճյուղի շինարարությունը մոտենում էր իր ավարտին, եղբայրները սկսեցին մտածել մեկ այլ հրատապ անհրաժեշտության՝ Թագավորության սրահների մասին։ 1999-ին Ճապոնիայից եկան Նոբուհիկո և Այա Կոյամանները։ Եղբայրը օգնեց մասնաճյուղում հիմնելու Թագավորության սրահների շինարարության բաժին։ Նա ասում է. «Նախ պետք է ծանոթանայինք այն վայրերին, որտեղ անցկացվում էին ժողովի հանդիպումները։ Դրա համար սկսեցինք երկրով մեկ ճամփորդել ավտոբուսով, ինքնաթիռով, մոտոցիկլետով, հեծանիվով, նավով և անգամ ոտքով։ Հաճախ հարկավոր էր լինում կառավարությունից թույլտվություն ստանալ որոշ տարածքներ մուտք գործելու համար, քանի որ դրանք փակ էին օտարերկրացիների առաջ։ Երբ արդեն հստակ էր, թե որտեղ նոր Թագավորության սրահի կարիք կա, Կառավարիչ մարմինը սիրով գումար տրամադրեց այն ֆոնդից, որ նախատեսված է սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում շինարարություն իրականացնելու համար։

Մենք հավաքեցինք կամավորների մի խումբ և Յանգոնի արվարձաններից մեկում՝ Շվիփիթայում, սկսեցինք կառուցել առաջին նոր Սրահը։ Օտարերկրացի և տեղի եղբայրները աշխատում էին միասին, ինչը զարմացնում էր ոստիկանության աշխատակիցներին, որոնք իրենց պետերի հետ մի քանի անգամ եկան ստուգելու, թե արդյոք նման համագործակցությունը թույլատրված էր։ Որոշ մարդիկ էլ գովում էին եղբայրներին։ Մի տղամարդ զարմացած ասաց. «Ես տեսա, որ արտասահմանցին զուգարան է մաքրում։ Նման բան երբեք չէի տեսել։ Դուք իսկապես ուրիշ մարդիկ եք»»։

Նոր սարքած Թագավորության սրահ հասնում են նավով

Այդ ընթացքում մեկ ուրիշ շինարարական խումբ սկսեց կառուցել նոր Սրահ Տաչիլիկում, որը Մյանմա-Թաիլանդ սահմանի մոտ մի քաղաք է։ Շատ թաիլանդցի Վկաներ ամեն օր անցնում էին սահմանը՝ օգնելու իրենց մյանմացի եղբայրներին։ Նրանք աշխատում էին ուս ուսի, թեև խոսում էին տարբեր լեզուներով։ Աստծու ժողովրդի և մյուս մարդկանց տարբերությունը ընդգծվեց հատկապես, երբ նախագծի ավարտից անմիջապես հետո սահմանապահ ջոկատները սկսեցին կռվել իրար դեմ։ Թեև ռումբերն ու գնդակները տեղում էին Սրահի շուրջը, սակայն շինությանը ոչինչ չեղավ։ Երբ կռիվը հանդարտվեց, 72 հոգի հավաքվեցին Սրահում՝ նվիրելու այն Եհովային՝ խաղաղության Աստծուն։

1999թ.-ից ի վեր Թագավորության սրահների շինարարական խմբերը կառուցել են ավելի քան 65 նոր Սրահ

1999թ.-ից ի վեր Թագավորության սրահների շինարարական խմբերը կառուցել են ավելի քան 65 նոր Սրահ։ Ինչպիսի՞ն էր քարոզիչների արձագանքը։ Շատերի վերաբերմունքը կարելի է արտահայտել այն խոսքերով, որ ասաց մի քույր՝ ուրախության արցունքներն աչքերին. «Երբեք չէի պատկերացնի, որ կունենանք այսպիսի նոր ու գեղեցիկ Սրահ։ Հիմա ես ավելի շատ ջանք կթափեմ, որ հետաքրքրվողները ժողով գան։ Այնքա՜ն շնորհակալ եմ Եհովային և նրա կազմակերպությանը իրենց դրսևորած բարության համար»։

Բացվում են դռները միսիոներների առաջ

Տասնամյակներ շարունակ աշխարհից կտրված լինելուց հետո 1990-ականներին Մյանման սկսեց կամաց-կամաց վերականգնել կապը արտաքին աշխարհի հետ։ Մասնաճյուղը անմիջապես քայլեր ձեռք առավ կառավարությունից թույլտվություն ստանալու, որ միսիոներները նորից հնարավորություն ունենան մտնելու երկիր։ Ի վերջո 2003-ի հունվարին Գաղաադի ավարտականներ Հիրոշի և Ջունկո Աոկիները ժամանեցին Ճապոնիայից։ Նրանք առաջին միսիոներներն էին, որ վերջին 37 տարիների ընթացքում եկան Մյանմա։

Հիրոշի և Ջունկո Աոկիները վերջին 37 տարիների ընթացքում Մյանմա եկած առաջին միսիոներներն էին

«Քանի որ երկրում շատ քիչ օտարերկրացիներ կային, մենք պետք է խորագետ լինեինք, որպեսզի իշխանությունները սխալ չհասկանային մեր քարոզչական գործի նպատակը,— ասում է Հիրոշին։— Ուստի սկսեցինք տեղի քույրերի ու եղբայրների հետ սերտորեն համագործակցել. նրանց հետ գնում էին վերայցելություններ անելու և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու։ Մեզ համար շուտով պարզ դարձավ, որ մյանմացիները սիրում են զրուցել հոգևոր թեմաների շուրջ։ Երբ առաջին անգամ դուրս եկանք ծառայության, հինգ նոր ուսումնասիրություն սկսեցինք»։

Ջունկոն ավելացնում է. «Մենք հաճախ էինք զգում Եհովայի առաջնորդող ձեռքը։ Մի անգամ երբ վերադառնում էինք Մանդալայից, որտեղ ուսուցում էինք անցկացրել, մոտոցիկլետի ակը ծակվեց։ Հրելով այն տարանք մոտակա մի գործարան և խնդրեցինք օգնել մեզ այն վերանորոգելու։ Գործարանի պահակը Հիրոշիին մոտոցիկլետի հետ ներս թողեց, բայց ես պետք է սպասեի պահակի մոտ՝ խցիկում։ Նա սկսեց հարցուփորձ անել ինձ։

— Ի՞նչ եք անում էս կողմերում։

— Ծանոթների մոտ էինք եկել։

— Ինչի՞ համար։ Հավատի՞ հարցերով։

Չիմանալով, թե ինչու է հարցնում՝ նրա հարցը շրջանցեցի։

— Ասա ինձ, ո՞ր կազմակերպությունից ես։

Պայուսակիցս հանեցի մի «Դիտարան» և ցույց տվեցի նրան։

— Էդպես էլ գիտեի,— ասաց նա և, շրջվելով դեպի իր աշխատակիցներին, բացականչեց,— Տե՛ս, է՛, հրեշտակը ծակել է էդ ակը, որ Վկաները գան էստեղ։

Տղամարդը վերցրեց իր պայուսակը և հանեց իր Աստվածաշունչն ու մեր թերթիկներից մեկը։ Նա Վկաների հետ ուսումնասիրել էր, սակայն երբ տեղափոխվել էր Մանդալայ, նրանց կապը խզվել էր։ Հենց տեղում սկսեցինք նրա հետ ուսումնասիրել։ Հետագայում նրա աշխատակիցներից ոմանք նույնպես ուսումնասիրեցին»։

2005-ին ևս չորս միսիոներ եկան Մյանմա։ Նրանք Ֆիլիպիններում անցկացված Ծառայության կատարելագործման դպրոցի (այժմ կոչվում է Աստվածաշնչյան դպրոց ամուրի եղբայրների համար) շրջանավարտներ էին։ Եղբայրներից մեկը՝ Նելսոն Խունյոն, պատմում է, որ իր համար առանձնապես դժվար էր այդ ծառայությունը. տան կարոտը խեղդում էր իրեն, ինչպես շատ միսիոներների։ «Քնելուց առաջ ես աղոթում էի ու հաճախ լաց լինում։ Հետո մի եղբայր ցույց տվեց ինձ Եբրայեցիներ 11։15, 16 խոսքերը։ Այնտեղ ասվում էր, որ Աբրահամն ու Սարան կարոտով չէին հիշում Ուրում թողած իրենց տունը, այլ շարունակում էին Աստծու կամքին ներդաշնակ առաջ նայել։ Այդ համարները կարդալուց հետո էլ չէի լացում։ Սկսեցի նշանակմանս վայրը համարել տունս»։

Նրանց լավ օրինակը փոխեց շատերին

Առաջին դարում Պողոս առաքյալը խորհուրդ տվեց Տիմոթեոսին. «Այն ամենը, ինչ լսեցիր ինձանից.... փոխանցիր հավատարիմ մարդկանց, որոնք որակյալ կլինեն ուրիշներին սովորեցնելու համար» (2 Տիմոթ. 2։2)։ Այս սկզբունքի համաձայն՝ միսիոներները օգնում էին տեղի ժողովներին գործել աստվածապետական կարգին ներդաշնակ, որոնք կիրառվում են Եհովայի ժողովրդի կողմից ամբողջ աշխարհում։

Օրինակ՝ միսիոներները նկատել էին, որ տեղի քարոզիչները ուսուցումներին սովորեցնում էին հարցերին պատասխանել՝ գրքից կարդալով, մեթոդ, որը կիրառվում է Մյանմայի շատ դպրոցներում։ «Մենք համբերատարությամբ քաջալերում էինք քարոզիչներին հարցերի միջոցով մղել մարդկանց արտահայտելու իրենց մտքերն ու զգացմունքները,— ասում է Ջոումար Ուբինյան։— Նրանք պատրաստակամորեն հետևում էին այս առաջարկին և աստիճանաբար դառնում ավելի արդյունավետ ուսուցիչներ»։

Նրանք նկատել էին նաև, որ շատ ժողովներ ունեն միայն մեկ երեց կամ ծառայող օգնական։ Այս ջանասեր և հավատարիմ եղբայրներից ոմանք, ժողովի անդամների նկատմամբ իշխանություն բանեցնելու հակում ունեին։ Այսպիսի վերաբերմունք պետք է որ եղած լիներ նաև առաջին դարում։ Թերևս դա էր պատճառը, որ Պետրոս առաքյալը խորհուրդ տվեց. «Հովվեք ձեր հոգածությանը հանձնված Աստծու հոտը.... ոչ թե իշխելով նրանց վրա, ովքեր Աստծու ժառանգությունն են, այլ հոտին օրինակ լինելով» (1 Պետ. 5։2, 3)։ Ինչպե՞ս կարող էին միսիոներներն օգնել եղբայրներին։ «Մենք փորձում էինք լավ օրինակ թողնել՝ ջանալով լինել ավելի բարի, մեղմ և մատչելի»,— ասում է Բենջամին Ռեյեսը։ Նրանց լավ օրինակը կամաց-կամաց վարակեց բոլորին։ Շատ երեցներ փոխեցին իրենց վերաբերմունքը և սկսեցին ավելի հոգատարությամբ և կարեկցանքով վերաբերվել հոտին։

Թարգմանության բարելավումը օգուտներ է բերում

Տարիներ շարունակ Մյանմայի եղբայրները օգտագործում էին Աստվածաշնչի 19-րդ դարի մի թարգմանություն, որը կատարել էր քրիստոնյա աշխարհի մի միսիոներ բուդդայական վանականների օգնությամբ։ Այս թարգմանության մեջ կան շատ բառեր հնացած պալի լեզվով, ինչը դժվարըմբռնելի է դարձնում այն։ Ուստի երբ 2008-ին լույս տեսավ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» բիրմաներեն, եղբայրները ցնծության մեջ էին։ «Ծափերը երկար ժամանակ չէին դադարում, ոմանք նույնիսկ արտասվեցին, երբ ստացան իրենց անձնական օրինակը,— պատմում է Մորիս Ռաջը։— Նոր թարգմանությունը պարզ էր, հստակ ու ճշգրիտ։ Նույնիսկ բուդդայականներն էին հեշտությամբ հասկանում այն»։ Թարգմանության լույս տեսնելուց հետո Աստվածաշնչի ուսումնասիրությունների թիվը աճեց 40 տոկոսով։

Այսօր՝ մոտ 50 տարի անց, քույր Դորիս Ռաջը շարունակում է ծառայել որպես թարգմանիչ Յանգոնի Բեթելում

Շատ լեզուների պես բիրմաներենը ունի երկու ոճ՝ գրական, որը հիմնված է պալիի ու սանսկրիտի վրա, և խոսակցական։ Երկու ոճերն էլ օգտագործվում են թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում։ Մեր հին հրատարակությունների մեծ մասը թարգմանվել է գրական ոճով, որը գնալով անհասկանալի է դառնում շատերի համար։ Այս հանգամանքը ի մտի ունենալով՝ մասնաճյուղը վերջերս սկսեց թարգմանել հրատարակությունները խոսակցական ոճով։

Մյանմայի մասնաճյուղի թարգմանչական խմբերը

Այս նոր հրատարակությունները անմիջապես արժանացան ընթերցողների դրական արձագանքին։ Թան Թուի Ուն՝ թարգմանչական բաժնի վերակացուն, բացատրում է. «Մարդիկ սովորաբար ասում էին. «Ձեր գրականությունը շատ բարձր մակարդակի է, սակայն ինձ համար դժվար է հասկանալ այն»։ Այժմ նրանց երեսը փայլում է. նրանք կարդում են հրատարակությունները ստանալուն պես։ Շատերը ոգևորված ասում են. «Այնքան հեշտ է հասկանալ հիմա»»։ Նույնիսկ բարձրացել է ժողովում մեկնաբանությունների որակը, քանի որ քարոզիչները ավելի լավ են հասկանում հրատարակություններում գրվածը։

Ներկայումս թարգմանչական բաժնում կա 26 թարգմանիչ, որոնք ծառայում են երեք լեզվական խմբերում՝ բիրմաներեն, հակա չին և սգո կային։ Որոշ հրատարակություններ թարգմանվել են նաև տեղի 11 այլ լեզուներով։

Նարգիս ցիկլոնը

2008-ի մայիսի 2-ին Նարգիս ցիկլոնը՝ 240 կիլոմետր/ժամ քամու արագությամբ կատաղի մի փոթորիկ, հարվածեց Մյանմային՝ ավերելով Իրավադիի դելտայից Թաիլանդի սահմանն ընկած տարածաշրջանը։ Ցիկլոնից տուժածների թիվն անցավ 2 միլիոնը, իսկ 140000 մարդ մահացավ կամ համարվեց անհետ կորած։

Հազարավոր Եհովայի վկաներ նույնպես տուժեցին ցիկլոնից, սակայն զարմանալի էր, որ ոչ ոք ֆիզիկապես չվնասվեց։ Շատերը փրկվեցին՝ պատսպարվելով իրենց նոր Թագավորության սրահներում։ Բոտինգոնում՝ Իրավադիի դելտայի գետափնյա մի գյուղում, 20 Վկաներ և 80 այլ գյուղացիներ 9 ժամ անցկացրին Թագավորության սրահի տանիքի տակ, քանի որ հեղեղի ջրերը բարձրացել էին մինչև առաստաղը։

Մեյ Սին Ուին իրենց նոր կառուցվող տան առաջ

Փրկարարների խումբը եղբայր և քույր Հտուն Կհիների հետ նրանց նորակառույց տան դիմաց

Մասնաճյուղը անմիջապես կազմեց օգնության թիմ և ուղարկեց ամենաշատ տուժած գոտի՝ դելտայի շրջան։ Բոտինգոն հասնելու համար խումբն անցավ ավերակների ու ամենուր ընկած դիակների միջով։ Ի վերջո նրանք տուժածներին հասցրին սնունդ, ջուր և դեղորայք։ Նրանք տուժածներին օգնության հասած առաջին խումբն էին։ Հումանիտար օգնությունը եղբայրներին ու քույրերին բաժանելուց հետո խմբի անդամները մխիթարեցին նրանց աստվածաշնչյան ելույթներով և տվեցին Աստվածաշնչեր ու գրականություն, քանի որ նրանց ունեցած-չունեցածը ցիկլոնը սրբել-տարել էր։

Մասնաճյուղը Յանգոնում և Բասեյնում կազմեց աղետից տուժածներին օգնելու կոմիտե։ Այս կոմիտեների նախաձեռնությամբ հարյուրավոր կամավորներ առաջին անհրաժեշտության մթերքներ ու ապրանքներ տրամադրեցին տուժածներին։ Կոմիտեները նաև կազմեցին շինարարների փոքրիկ խմբեր, որպեսզի նրանք վերանորոգեն կամ կառուցեն Վկաների՝ փոթորկից ավերված տները։

Կամավորներից մեկը՝ Տոբիաս Լունդը, պատմում է. «Ես ու Սոֆիան՝ կինս, գտանք 16-ամյա Մեյ Սին Ուին, որն իր ընտանիքում միակ քարոզիչն էր։ Տան ավերակների մոտ աղջիկը արևի տակ չորացնում էր իր Աստվածաշունչը։ Երբ մեզ տեսավ, նրա դեմքին ժպիտ հայտնվեց, թեև արցունքները գլորվում էին այտերից։ Շատ չանցած՝ ժամանեց մեր շինարարական խմբերից մեկը՝ սպառազինված սաղավարտներով, էլեկտրական գործիքներով և շինանյութով։ Նրանք սկսեցին նոր տուն կառուցել այս ընտանիքի համար։ Հարևաններն ապշած էին։ Շինհրապարակն ասես տեսարժան վայր լիներ. մարդիկ օրերով խմբվում էին դրա շուրջը։ Նրանցից ոմանք ասում էին. «Նման բան երբեք չէինք տեսել։ Ձեր կազմակերպությունն այնքա՜ն միասնական ու հոգատար է։ Մենք էլ ենք ուզում դառնալ Եհովայի վկա»։ Մեյ Սին Ուի ընտանիքի անդամները այժմ մասնակցում են հանդիպումներին, և բոլորն էլ առաջադիմում են հոգևորապես»։

Տուժածներին օգնություն տրամադրելու գործը շարունակվեց մի քանի ամիս։ Եղբայրները տոննաներով առաջին անհրաժեշտության ապրանքներ բաժանեցին, վերանորոգեցին կամ վերակառուցեցին 160 տուն և 8 Թագավորության սրահ։ Թեև Նարգիս ցիկլոնը ավերածությունների ու ողբերգության պատճառ դարձավ, սակայն նրա թխպոտ քամիները բացահայտեցին Աստծու ժողովրդի սերն ու միությունը, ինչը փառք բերեց Եհովայի անվանը։

Անմոռանալի իրադարձություն

2007-ի սկիզբն էր, երբ Մյանմայի մասնաճյուղը մի անսպասելի նամակ ստացավ։ «Կառավարիչ մարմինը խնդրում էր մեզ միջազգային համաժողով կազմակերպել Յանգոնում,— պատմում է Ջոն Շարփը, որն իր կնոջ՝ Ջենեթի հետ մի տարի առաջ էր եկել մասնաճյուղ։— 2009-ի այդ համաժողովին ներկա էին լինելու հարյուրավոր պատվիրակներ 10 երկրներից։ Դա աննախադեպ իրադարձություն էր լինելու մեր մասնաճյուղի պատմության մեջ»։

Ջոնը շարունակում է. «Բազմաթիվ հարցեր էին ծագել մեր գլխում. ի՞նչ շինություն է պետք այդքան մարդու տեղավորելու համար, հեռավոր տարածքների մեր քարոզիչները ներկա կլինե՞ն, որտե՞ղ նրանք կմնան, ինչպե՞ս կճամփորդեն, բավարար միջոցներ կունենա՞ն իրենց ընտանիքին սնունդով ապահովելու համար, ի՞նչ կասի կառավարությունը, թույլ կտա՞ն նման համաժողով անցկացնել։ Թվում էր՝ անհամար խոչընդոտներ կային։ Սակայն մեզ հիշեցրինք Հիսուսի խոսքերը. «Ինչ որ մարդկանց համար անհնար է, Աստծու համար հնարավոր է» (Ղուկ. 18։27)։ Ուստի ապավինելով Աստծուն՝ սկսեցինք պատրաստություններ տեսնել։

Շուտով գտանք մի հարմար վայր՝ Մյանմայի ազգային փակ ստադիոնը, որտեղ կարող էր տեղավորվել 11000 հոգի։ Այն ուներ օդափոխման համակարգ և գտնվում էր քաղաքի կենտրոնական մասում։ Մենք անմիջապես դիմում գրեցինք իշխանություններին, որ թույլ տան մեզ օգտագործել այն։ Ամիսներ անցան և համաժողովին արդեն հաշված շաբաթներ էին մնացել, բայց մեր դիմումը դեռ պատասխան չէր ստացել։ Հետո մի լուր ստացանք, որը լրիվ թևաթափ արեց մեզ։ Ստադիոնի տնօրինությունը ծրագրել էր քիքբոքսինգի մրցաշար անցկացնել հենց այն օրերին, երբ պիտի լիներ մեր համաժողովը։ Քանի որ ժամանակ չէր մնացել ուրիշ տեղ փնտրելու, մենք համբերատարությամբ սկսեցինք բանակցել մրցաշարի մենեջերի և տասնյակ պաշտոնատար անձանց հետ, որպեսզի այդ խնդիրը լուծվի։ Ի վերջո մենեջերը ասաց, որ կարող է հետաձգել մրցաշարը, միայն եթե քիքբոքսինգի 16 պրոֆեսիոնալ մարտիկները համաձայնվեն փոխել իրենց պայմանագրերը։ Երբ վերջիններս իմացան, որ Եհովայի վկաներն են ուզում ստադիոնը օգտագործել իրենց հատուկ համաժողովի համար, յուրաքանչյուրն էլ պատրաստակամորեն համաձայնվեց»։

Մասնաճյուղի կոմիտեն՝ ձախից աջ. Կիաո Ուի, Հլա Աունգ, Ջոն Շարփ, Դոնալդ Դյուար և Մորիս Ռաջ

Կիաո Ուին, որը մասնաճյուղի կոմիտեի անդամ է, ասաց. «Այդուհանդերձ ստադիոնը օգտագործելու համար մենք դեռ պետք է ստանայինք կառավարության թույլտվությունը։ Մեր դիմումն արդեն չորս անգամ մերժվել էր։ Եհովային աղոթելուց հետո հանդիպեցինք այն գեներալին, որի ձեռքի տակ էին Մյանմայի բոլոր ստադիոնները։ Առաջին անգամ էր, որ նման բարձրաստիճան պաշտոնյայի հետ էինք հանդիպելու։ Համաժողովին ընդամենը երկու շաբաթ էր մնացել։ Նա հավանություն տվեց մեր դիմումին։ Մենք անչափ ուրախ էինք»։

Այս ամենից անտեղյակ՝ Մյանմայի տարբեր ծայրերից, ինչպես նաև այլ երկրներից հազարավոր պատվիրակներ եկան Յանգոն ինքնաթիռով, գնացքով, նավով, ավտոբուսով, բեռնատարով և նույնիսկ ոտքով։ Շատ մյանմացիներ ամիսներ շարունակ գումար էին խնայել այս միջոցառմանը ներկա լինելու համար։ Ոմանք բերք էին աճեցրել, խոզ էին պահել, կարուձև արել, ոմանք էլ, փորելով գետի ավազը, ոսկի էին հավաքել։ Շատերը կյանքում չէին եղել մեծ քաղաքում և երբևէ օտարերկրացի չէին տեսել։

Մյանմայի հյուսիսում 1300 պատվիրակներ խմբվել էին Մանդալայի երկաթուղային կայարանում, որպեսզի հատուկ վարձված գնացքով գնային Յանգոն։ Նագա լեռներից մի խումբ պատվիրակներ 6 օր ճանապարհ էին կտրել։ Նրանք իրենց հետ շալակած բերել էին երկու հաշմանդամ քարոզիչների, որոնց անվասայլերը կոտրվել էին ճամփորդության հենց սկզբում։ Հարյուրավոր մարդիկ ճամբար էին դրել հենց կառամատույցում։ Նրանք ուրախ զրուցում, ծիծաղում ու երգում էին Թագավորության երգերը։ «Բոլորը ոգևորված էին,— ասում է Բամ Չին Քային, որն օգնում էր պատվիրակների փոխադրումը կազմակերպելու հարցում։— Մենք բոլորին բաժանեցինք սնունդ, ջուր և խսիր՝ վրան քնելու համար։ Երբ գնացքը եկավ, երեցների օգնությամբ յուրաքանչյուր խումբ գտավ իր վագոնը։ Վերջապես բարձրախոսից հնչեց. «Եհովայի վկաների գնացքը մեկնում է»։ Ես արագ զննեցի կառամատույցը, որ ոչ ոք մնացած չլինի, և ցատկեցի ներս»։

Յանգոնում այդ ժամանակ մոտ 700 արտասահմանցի պատվիրակներ զբաղեցնում էին իրենց համարները հյուրանոցներում։ Իսկ որտե՞ղ էին տեղավորվելու 3000 մյանմացի պատվիրակները։ «Եհովան լայն բաց արեց Յանգոնի Վկաների սիրտը, և նրանք հոգ տարան իրենց եղբայրների և քույրերի մասին,— պատմում է Մյին Լուին՝ բնակարանային բաժնից։— Ոմանք հյուրընկալեցին մինչև անգամ 15 հոգու։ Նրանք վճարեցին կառավարությանը իրենց հյուրերին ժամանակավոր գրանցելու համար և հոգացին նրանց նախաճաշի, ինչպես նաև համաժողովի վայր հասնելու և վերադառնալու մասին։ Տասնյակ պատվիրակներ իջևանեցին Թագավորության սրահներում, իսկ հարյուրավորներ էլ մի մեծ գործարանում։ Չնայած այս հսկայածավալ աշխատանքին՝ մոտ 500 պատվիրակներ մնացել էին առանց կացարանի։ Մենք իրավիճակը ներկայացրինք ստադիոնի տնօրինությանը, և նրանք թույլ տվեցին, որ պատվիրակները գիշերեն ստադիոնում. դա չլսված բան էր»։

«Եհովան լայն բաց արեց Յանգոնի Վկաների սիրտը, և նրանք հոգ տարան իրենց եղբայրների և քույրերի մասին»

2009թ.-ին Յանգոնում անցկացված «Արթո՛ւն մնացեք» միջազգային համաժողովը զորացրեց եղբայրների հավատը և հրաշալի վկայություն տվեց

Քանի որ ստադիոնը անբարեկարգ վիճակում էր, ավելի քան 350 կամավորներ մոտ 10 օր աշխատեցին, որ այն համաժողովին պատրաստ լինի։ «Մենք վերանորոգեցինք ջրատար խողովակները, էլեկտրական լարերը և օդափոխման համակարգը, հետո մաքրեցինք ու ներկեցինք ողջ տարածքը,— ասում է Թեյ Ուինը՝ համաժողովի վերակացուն։— Այս ահռելի աշխատանքը հրաշալի վկայություն եղավ։ Ռազմական ուժերի այն պաշտոնյան, որը պատասխանատու էր ստադիոնի համար, հիացած ասաց. «Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ ձեզ։ Ես կաղոթեմ Աստծուն, որ դուք ամեն տարի այս ստադիոնից օգտվեք»»։

Ավելի քան 5000 մարդ ներկա եղավ 2009-ի դեկտեմբերի 3–6-ն անցկացված համաժողովին։ Վերջին օրը շատ պատվիրակներ հագել էին իրենց ազգային տարազները, ինչը վառվռուն գույներով էր լցրել ստադիոնը։ «Բոլորը գրկախառնվում էին և լաց լինում, թեև ծրագիրը նույնիսկ չէր էլ սկսել»,— ասաց մի քույր։ Երբ Կառավարիչ մարմնի անդամ Գերիտ Լյոշը արեց եզրափակիչ աղոթքը, բոլոր ունկնդիրները սկսեցին ծափ տալ և թափահարել ձեռքերը։ Երկար ժամանակ դրանք չէին դադարում։ Շատերի զգացմունքները կարելի է ամփոփել մի 86-ամյա քրոջ արտահայտած խոսքերում. «Ինձ նոր աշխարհում էի զգում»։

Շատ պաշտոնատար անձինք նույնպես տպավորվել էին։ Նրանցից մեկն ասաց. «Այս միջոցառումն առանձնահատուկ է, ոչ ոք անվայել խոսք չի ասում, չի ծխում և թմբուլի ընկույզ չի ծամում։ Տարբեր էթնիկ խմբեր միաբան են։ Այսպիսի մարդկանց խումբ երբեք չեմ տեսել»։ Իսկ Մորիս Ռաջը պատմում է. «Նույնիսկ Յանգոնի զինվորական բարձրաստիճան հրամանատարը տպավորված մեզ ասաց, որ թե՛ ինքը և թե՛ իր կոլեգաները երբեք նման իրադարձություն չէին տեսել»։

Շատ պատվիրակներ խոստովանում են, որ իսկապես առանձնահատուկ իրադարձության են ականատես եղել։ Մյանմացի մի եղբայր ասում է. «Համաժողովից առաջ մենք միայն լսել էինք մեր միջազգային եղբայրության մասին։ Հիմա մեր աչքով տեսանք։ Երբեք չենք մոռանա նրանց մեծ սերը մեր հանդեպ»։

«Միայն լսել էինք մեր միջազգային եղբայրության մասին։ Հիմա մեր աչքով տեսանք»

«Սպիտակել են հնձի համար»

Մոտ 2000 տարի առաջ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են հնձի համար» (Հովհ. 4։35)։ Այսօր նույնը կարելի է ասել Մյանմայի մասին։ Երկրում կան 3790 քարոզիչներ, յուրաքանչյուրին բաժին է ընկնում 15931 բնակիչ. իսկապես մեծ դաշտ է հնձի համար։ 2012-ին Հիշատակի երեկոյին ներկա է եղել 8005 հոգի, ինչը հավանական աճի ցուցանիշ է։

Սակայն Բանգլադեշին սահմանակից առափնյա Ռակհայն նահանգում, որի բնակչությունը մոտ 4 միլիոնի է հասնում, ընդհանրապես ոչ մի Վկա չկա։ Մորիս Ռաջն ասում է. «Ամեն ամիս մենք շատ նամակներ ենք ստանում այս նահանգից, մարդիկ խնդրում են գրականություն ուղարկել իրենց և հոգևոր օգնություն տրամադրել։ Բացի դրանից գնալով ավելի շատ մյանմացի բուդդայականներ, հատկապես երիտասարդները, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ճշմարտության հանդեպ։ Ուստի մենք շարունակում ենք աղերսել հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի հնձի համար» (Մատթ. 9։37, 38

«Շարունակում ենք աղերսել հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի հնձի համար»

Այո՛, մոտ 100 տարի առաջ էր, որ երկու համարձակ ռահվիրաներ բուդդայական այս երկիր բերեցին բարի լուրը։ Այդ ժամանակից ի վեր տարբեր էթնիկ խմբերից հազարավոր մարդիկ ընդունել են ճշմարտությունը։ Չնայած կատաղի բախումներին, քաղաքական թոհուբոհին, համատարած աղքատությանը, կրոնական հալածանքներին, աշխարհից կտրված լինելուն և բնական աղետներին՝ Մյանմայի Եհովայի վկաները անսասան հավատ և նվիրվածություն են դրսևորել Եհովա Աստծու և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Նրանք վճռել են քարոզել Թագավորության բարի լուրը, «ամեն ինչին դիմանալ և ուրախությամբ համբերել» (Կող. 1։11

a Մյանման նախկինում կոչվել է Բիրմա ամենամեծ էթնիկ խմբի՝ բամար (բիրմական) կոչվող ցեղախմբի անունով։ 1989թ.-ին այն վերանվանվեց Մյանմայի Միություն՝ ներկայացնելու համար այդ երկրում ապրող բոլոր ցեղախմբերին։ Այս գրքում մինչև 1989թ. տեղի ունեցած դեպքերը նկարագրելիս օգտագործվում է երկրի Բիրմա անունը, իսկ 1989թ.-ից հետո՝ Մյանմա անունը։

b Անգլոհնդիկ անվանում են այն մարդկանց, ովքեր հնդիկի և բրիտանացու խառնուրդ են։ Բրիտանիայի գաղութատիրության ժամանակ հազարավոր այդպիսի մարդիկ տեղափոխվեցին Բիրմա, որն այն ժամանակ համարվում էր Բրիտանական Հնդկաստանի մի մասը։

c Բերտրամ Մասելին Բիրմայում առաջինն էր, որ մկրտվեց և դարձավ Եհովայի վկա։ Նա հավատարիմ մնաց մինչև մահ՝ 1960-ականների վերջը։

d Այն ժամանակ համարժեք էր 95 ամերիկյան դոլարին, որը զգալի գումար էր։

e Տե՛ս «Եհովայի վկաների տարեգիրք 1966թ.», էջ 192 (անգլ.)։

f Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից, բայց հիմա այլևս չի տպագրվում։

g MEPS-ի միջոցով այժմ հնարավոր է պատրաստել տեքստեր 600-ից ավելի լեզուներով։