Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նամակ Կառավարիչ մարմնից

Նամակ Կառավարիչ մարմնից

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Մեր երկնային Հայրը՝ Եհովան, սիրո մարմնացումն է։ Այդ իսկ պատճառով Աստվածաշնչում ասվում է. «Աստված սեր է» (1 Հովհ. 4։8)։ Թեև Եհովան նաև Ամենազոր է, սակայն նրա Խոսքում ոչ մի տեղ չի ասվում. «Աստված զորություն է» կամ «Աստված հզոր ուժ է»։ Իր գերիշխանությունը նա հիմնել է սիրո վրա, ինչն էլ այդքա՜ն գրավում է մեզ։

Եհովան չի ստիպում մեզ ծառայել իրեն։ Նա բռնակալ չէ։ Եհովան ակնկալում է, որ ծառայենք իրեն սիրով լի սրտից մղված։ Այդպիսի ծառայությունն է փաստում, որ ուզում ենք՝ ինքն իշխի մեզ վրա, քանի որ համոզված ենք՝ նա արդար և հոգատար գերիշխան է։ Այս ամենն ակնհայտ է եղել դեռևս մարդկության պատմության սկզբից։

Եհովան Ադամին ու Եվային չպարտադրեց հնազանդվել իրեն, այլ ընտրության հնարավորություն տվեց։ Եթե առաջին զույգն իսկապես սիրեր Եհովային և գնահատեր այն ամենը, ինչ արել էր իրենց համար, ապա դեմ կկանգներ Սատանային, երբ նա մղում էր իրենց ըմբոստության։

Հետագայում Մովսեսը, երբ վերջին անգամ դիմում էր Իսրայել ազգին, ասաց. «Ահա այսօր կյանքն ու բարիքը, մահն ու չարիքը քո առաջ եմ դնում» (2 Օրենք 30։15)։ Մարդիկ ազատ էին որոշելու՝ ինչպես ապրել։ Հեսուն նույնպես նմանատիպ խոսքեր ասաց նրանց. «Եթե Եհովային ծառայելը ձեզ հաճելի չէ, ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու»։ Ժողովուրդը պատասխանեց նրան. «Մեր մտքով անգամ չի անցնում, որ մենք թողնենք Եհովային» (Հեսու 24։15, 16)։ Նրանց նման՝ այսօր մենք էլ սիրում ենք Եհովային, և մեր մտքով էլ չի անցնում հեռանալ նրանից։

Քրիստոնեական ժողովում մենք պարզ տեսնում ենք, թե ինչ է նշանակում «կամքի ազատություն»։ Օրինակ՝ թեև երեցներն իրավունք են ստացել խորհուրդներ տալու և նույնիսկ խրատելու ժողովի անդամներին, սակայն նրանք չեն փորձում իշխել կամ ղեկավարել նրանց հավատն ու կյանքը։ Պողոս առաքյալը գրել է. «Բանն այն չէ, որ մենք տիրապետում ենք ձեր հավատի վրա, այլ մենք համագործակիցներ ենք և նպաստում ենք ձեր ուրախությանը, քանի որ ձեր հավատի շնորհիվ եք դուք կանգնած» (2 Կորնթ. 1։24

Անչափ մեծ է լինում մեր գոհունակության զգացումը, երբ ինչ-որ բան անում ենք, այն պատճառով, որ ուզում ենք դա անել և ոչ թե, որ ստիպված ենք։ Եհովան էլ հորդորում է, որ սիրելով ու ցանկանալով անենք բարին։ Դրա կարևորությունն ընդգծված է Պողոսի ներշնչյալ խոսքերում. «Եթե իմ ողջ ունեցվածքը տամ ուրիշներին կերակրելու համար և եթե մարմինս էլ տամ, որպեսզի պարծենամ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չունեմ» (1 Կորնթ. 13։3

Որքա՜ն է ուրախանում և փառավորվում Եհովան, երբ տեսնում է մեր միլիոնավոր եղբայրներին և քույրերին, որոնք ծառայում են նրան սիրով լի սրտից մղված՝ փաստելով, որ Սատանան ստախոս է։

Եհովան գորովալից սիրով սիրում է իր բոլոր ծառաներին, այդ թվում ձեզ՝ մեր փոքրիկներ և պատանիներ, քանի որ դուք ցույց եք տալիս, որ սիրում եք Եհովային և ոչ թե աշխարհը կամ նրա առաջարկած «բարիքները»։ Համոզված եղեք, որ մենք նույնպես ձեզ շա՜տ-շա՜տ ենք սիրում (Ղուկ. 12։42, 43

Եհովայի հանդեպ մեծ սիրուց մղված անցած տարի դուք, մեր 7 782 346 եղբայրներ և քույրեր՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, բարի լուրի քարոզչության գործին տրամադրել եք 1 748 697 447 ժամ։ Մեզ ուրախացնում է նաև այն, որ 268 777 նոր մարդիկ, որոնց թվում շատ երիտասարդներ կան, խորհրդանշել են իրենց նվիրումը Եհովային ջրի մկրտությամբ։ Դա նշանակում է, որ ամեն շաբաթ-կիրակի մկրտվել է միջին հաշվով 5 168 մարդ։ Այս ամենը բերկրանքով է լցնում մեր սրտերը։

Այս վերջին օրերում Աստծու ժողովուրդը ստիպված է անցնել շատ խնդիրների, դժվարությունների, հալածանքների միջով, ինչպես նաև կրել հիվանդությունների և ծերության պատճառած ցավը։ Բայց բոլորս էլ վճռել ենք երբեք չնահանջել կամ չհանձնվել։ Միշտ հիշեք, որ մենք ձեզ շատ ենք սիրում (Եբր. 10։39; 2 Կորնթ. 4։16

Ձեր եղբայրներ՝

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին