1 Սամուել 11։1-15
11 Ամմոնացի+ Նաասը բարձրացավ ու բանակ դրեց Հաբիսի+ դիմաց՝ Գաղաադում։ Հաբիսի բոլոր բնակիչներն ասացին Նաասին. «Մեզ հետ դաշինք կնքիր, և մենք կծառայենք քեզ»+։
2 Ամմոնացի Նաասն ասաց. «Այս պայմանով ձեզ հետ դաշինք կկնքեմ. ամեն մեկիդ աջ աչքը պիտի հանեմ+ և դրանով ամբողջ Իսրայելի վրա նախատինք պիտի դնեմ»+։
3 Հաբիսի երեցներն ասացին նրան. «Մեզ յոթ օր ժամանակ տուր, որ պատգամաբերներ ուղարկենք Իսրայելի բոլոր սահմանները, և եթե մեզ փրկող+ չլինի, այդ ժամանակ կհանձնվենք քեզ»։
4 Որոշ ժամանակ անց պատգամաբերները եկան Սավուղի Գաբաա+ ու այդ խոսքերը հասցրին ժողովրդի ականջին. բոլորն իրենց ձայնը բարձրացրին ու լաց եղան+։
5 Այդ ժամանակ Սավուղը դաշտից գալիս էր իր նախրի հետևից։ Սավուղն ասաց. «Ի՞նչ է պատահել։ Ժողովուրդն ինչո՞ւ է լաց լինում»։ Եվ նրան հայտնեցին Հաբիսի բնակիչների խոսքերը։
6 Երբ Սավուղը լսեց այդ, Աստծու ոգին+ սկսեց ներգործել նրա վրա, և նրա բարկությունը սաստիկ բորբոքվեց+։
7 Ուստի նա մի զույգ ցուլ վերցրեց, կտոր-կտոր արեց դրանց և պատգամաբերների ձեռքով Իսրայելի բոլոր տարածքներն ուղարկեց+՝ ասելով. «Մեզանից ով որ չգնա Սավուղի ու Սամուելի հետևից, նրա անասունների հետ այսպես կլինի»+։ Եհովայի+ ահը+ ընկավ ժողովրդի վրա, և նրանք մեկ մարդու պես դուրս եկան+։
8 Հետո նա Բեզեկում հաշվեց+ նրանց. Իսրայելի որդիների թիվը երեք հարյուր հազար էր, իսկ Հուդայինը՝ երեսուն հազար։
9 Նրանք ասացին պատգամաբերներին. «Այսպես կասեք Գաղաադի Հաբիս քաղաքի բնակիչներին. «Վաղը, երբ արեգակը սկսի տաքացնել, ձեզ համար փրկություն կլինի»»+։ Պատգամաբերները եկան ու այդ մասին հայտնեցին Հաբիսի բնակիչներին, և սրանք ուրախացան։
10 Ուստի Հաբիսի բնակիչներն ասացին ամմոնացիներին. «Վաղը կհանձնվենք ձեզ, և մեզ հետ վարվեք այնպես, ինչպես որ հաճելի է ձեր աչքին»+։
11 Հետևյալ օրը Սավուղը+ ժողովրդին երեք գնդի բաժանեց+. առավոտյան պահին*+ նրանք մտան ամմոնացիների+ բանակի մեջ և կոտորեցին նրանց մինչև կեսօրվա տապը։ Իսկ կենդանի մնացածները ցիրուցան եղան, այնպես որ նրանցից երկու մարդ միասին չմնաց+։
12 Ժողովուրդն ասաց Սամուելին. «Այդ ո՞վ է ասում. «Սավո՞ւղը պիտի մեզ վրա թագավոր լինի»+։ Տվե՛ք այդ մարդկանց, որ սպանենք նրանց»+։
13 Բայց Սավուղն ասաց. «Այսօր ոչ մեկը չպիտի սպանվի+, որովհետև Եհովան այսօր փրկություն պարգևեց Իսրայելին»+։
14 Դրանից հետո Սամուելն ասաց ժողովրդին. «Եկեք գնանք Գաղգաղա+, որպեսզի այնտեղ հաստատենք թագավորական իշխանությունը»+։
15 Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա, և այնտեղ՝ Եհովայի առաջ, Սավուղին թագավոր դարձրին։ Այնուհետև խաղաղության զոհեր մատուցեցին Եհովայի առաջ+։ Սավուղն ու բոլոր իսրայելացիները մեծ ուրախությամբ ուրախացան+։
Ծանոթագրություններ
^ Ըստ եբրայեցիների՝ երրորդ, այսինքն՝ վերջին պահը, տևում էր մոտ գիշերվա ժ. 2։00-ից մինչև առավոտվա ժ. 6։00։