Գործեր 10։1-48

  • Կոռնելիոսին տրված տեսիլքը (1-8)

  • Պետրոսը մաքուր համարված կենդանիների մասին տեսիլք է տեսնում (9-16)

  • Պետրոսն այցելում է Կոռնելիոսին (17-33)

  • Պետրոսը բարի լուրը հայտնում է այլազգի մարդկանց (34-43)

    • «Աստված կողմնակալ չէ» (34, 35)

  • Այլազգի մարդիկ սուրբ ոգի են ստանում ու մկրտվում են (44-48)

10  Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, որն «Իտալական» կոչվող գնդի հարյուրապետներից էր:  Նա և իր տան բոլոր անդամները բարեպաշտ և աստվածավախ մարդիկ էին: Նա բարի գործեր էր անում աղքատների համար ու միշտ աղոթում էր Աստծուն:  Ցերեկվա ժամը մոտ երեքին*+ տեսիլքում նա պարզ տեսավ Աստծու հրեշտակի, որը ներս մտավ ու ասաց. «Կոռնելիո՛ս»:  Նա էլ վախեցած նրան նայեց ու ասաց. «Այո՛, Տե՛ր»: Հրեշտակը պատասխանեց. «Աստծուն հաճելի եղան քո աղոթքները, և նա տեսավ աղքատների համար քո արած բարի գործերը:+  Այժմ մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր Սիմոն անունով այն մարդուն, որին Պետրոս են կոչում:  Նրան հյուրընկալել է կաշեգործ Սիմոնը, որի տունը ծովի մոտ է»:  Երբ նրա հետ խոսող հրեշտակը գնաց, Կոռնելիոսը կանչեց իր ծառաներից երկուսին և իր սպասավորներից մի բարեպաշտ զինվորի,  ամեն ինչ պատմեց նրանց և ուղարկեց Հոպպե:  Հաջորդ օրը, երբ նրանք մոտենում էին քաղաքին, ցերեկվա մոտ ժամը 12-ին* Պետրոսը տանիք բարձրացավ աղոթելու: 10  Բայց նա ուժեղ քաղց զգաց և ուտել ուզեց: Մինչ կերակուրը պատրաստում էին, նրան տեսիլք տրվեց:+ 11  Նա տեսավ երկինքը բացված և կտավե մեծ կտորի պես մի բան,* որը, չորս ծայրերից կախված, իջնում էր երկրի վրա: 12  Դրա մեջ կային ամեն տեսակի չորքոտանի կենդանիներ, սողուններ ու երկնքի թռչուններ: 13  Հետո մի ձայն լսեց. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»: 14  Բայց Պետրոսն ասաց. «Ոչ մի դեպքում, Տե՛ր: Ես երբեք պիղծ ու անմաքուր բան չեմ կերել»:+ 15  Եվ երկրորդ անգամ այդ ձայնը լսեց, որն ասաց. «Ինչ որ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ կոչիր»: 16  Նույնը եղավ նաև երրորդ անգամ, և այն անմիջապես երկինք բարձրացվեց: 17  Պետրոսը մեծ շփոթության մեջ էր. մտածում էր, թե այդ տեսիլքը ինչ կարող է նշանակել: Այդ ժամանակ Կոռնելիոսի կողմից ուղարկված մարդիկ, Սիմոնի տան մասին հարցուփորձ անելով, եկան կանգնեցին դարպասի մոտ:+ 18  Նրանք ձայն տվեցին ու հարցրին, թե Սիմոնը, որին Պետրոս են կոչում, այդտե՞ղ է հյուրընկալվել: 19  Պետրոսը դեռ մտորում էր տեսիլքի մասին, երբ ոգին+ ասաց. «Երեք հոգի քեզ է փնտրում: 20  Իջի՛ր և առանց երկմտելու նրանց հետ գնա, որովհետև ես եմ ուղարկել նրանց»: 21  Պետրոսն էլ այդ մարդկանց մոտ իջավ ու ասաց. «Ձեր փնտրած մարդը ես եմ: Ի՞նչ հարցով եք եկել այստեղ»: 22  Նրանք ասացին. «Հարյուրապետ Կոռնելիոսը,+ որը արդար ու աստվածավախ մարդ է և ամբողջ հրեա ազգի մեջ լավ համբավ ունի, սուրբ հրեշտակի միջոցով Աստծուց հրահանգ ստացավ մարդ ուղարկել քեզ մոտ, որ դու իր տուն գաս, և որ ինքը լսի այն, ինչ ասելու ես»: 23  Այդ ժամանակ Պետրոսը ներս հրավիրեց նրանց և հյուրընկալեց: Հաջորդ օրը նա վեր կացավ ու գնաց նրանց հետ: Հոպպեում բնակվող եղբայրներից ոմանք նրա հետ գնացին: 24  Մյուս օրը նա հասավ Կեսարիա: Կոռնելիոսն անշուշտ սպասում էր նրանց. նա կանչել էր իր ազգականներին ու մտերիմ ընկերներին: 25  Երբ Պետրոսը եկավ, Կոռնելիոսը նրան ընդառաջ գնաց և նրա ոտքերն ընկնելով՝ խոնարհվեց նրա առաջ: 26  Բայց Պետրոսը բարձրացրեց նրան՝ ասելով. «Վե՛ր կաց, ես ինքս էլ մարդ եմ»:+ 27  Կոռնելիոսի հետ խոսելով՝ նա տուն մտավ ու տեսավ, որ շատ մարդ է հավաքվել: 28  Պետրոսն ասաց նրանց. «Դուք լավ գիտեք, որ հրեաներին արգելվում է շփվել օտարազգիների հետ կամ նրանց տուն գնալ:+ Բայց Աստված ցույց տվեց ինձ, որ ոչ մի մարդու չպետք է պիղծ կամ անմաքուր համարեմ:+ 29  Դրա համար էլ, երբ իմ հետևից մարդ ուղարկվեց, ես առանց հակառակվելու եկա: Հիմա ասեք, թե ինչու եք կանչել ինձ»: 30  Կոռնելիոսը պատասխանեց. «Չորս օր առաջ՝ մոտավորապես այս ժամին՝ ժամը երեքին,* երբ տանը աղոթում էի, փայլուն հագուստով մի մարդ կանգնեց իմ առաջ 31  ու ասաց. «Աստծուն հաճելի եղան քո աղոթքները, և նա տեսավ աղքատների համար քո արած բարի գործերը: 32  Այժմ մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր Սիմոնին, որին Պետրոս են կոչում: Նա հյուրընկալվում է կաշեգործ Սիմոնի տանը, որը ծովի մոտ է»:+ 33  Ես էլ անմիջապես մարդ ուղարկեցի քո հետևից, և ի՜նչ լավ է, որ եկար: Հիմա մենք բոլորս, Աստծու առաջ կանգնած, պատրաստ ենք լսելու այն ամենը, ինչ Եհովան* քեզ պատվիրել է ասել»: 34  Այդ ժամանակ Պետրոսն ասաց. «Հիմա իսկապես հասկանում եմ, որ Աստված կողմնակալ չէ,+ 35  և ցանկացած ազգի պատկանող մարդ, ով վախենում է նրանից ու ճիշտն է անում, հաճելի է նրան:+ 36  Նա իսրայելացիներին հայտնեց խաղաղության մասին բարի լուրը, խաղաղություն,+ որը հնարավոր է Հիսուս Քրիստոսի միջոցով. նա է բոլորի Տերը:+ 37  Դուք գիտեք, թե Հովհաննեսի քարոզած մկրտությունից հետո ինչի մասին խոսվեց ամբողջ Հրեաստանով մեկ՝ սկսած Գալիլեայից.+ 38  այն մասին, որ Աստված սուրբ ոգով օծեց նազարեթցի Հիսուսին+ ու զորություն տվեց նրան, և որ նա շրջում էր երկրում՝ բարի գործեր անելով և բուժելով Բանսարկուի կողմից կեղեքվածներին:+ Նա կարողանում էր անել այդ ամենը, որովհետև Աստված նրա հետ էր:+ 39  Մենք վկա եղանք այն ամենին, ինչ նա արեց Երուսաղեմում և հրեաների ողջ երկրում, իսկ նրանք, սյանը* գամելով, սպանեցին նրան: 40  Երրորդ օրը Աստված նրան հարություն տվեց+ և թույլ տվեց, որ նրան տեսնեն, 41  բայց ոչ թե բոլոր մարդիկ, այլ միայն Աստծու կողմից նախապես որոշված վկաները՝ մենք, որ նրա հարություն առնելուց հետո կերանք ու խմեցինք նրա հետ:+ 42  Նա նաև պատվիրեց մեզ, որ ժողովրդին քարոզենք ու հիմնովին վկայություն տանք+ այն մասին, որ ինքն է Աստծու կողմից նշանակված՝ ողջերի ու մահացածների դատավորը:+ 43  Բոլոր մարգարեները վկայում են նրա մասին՝+ ասելով, որ նրան հավատացող յուրաքանչյուր մարդ մեղքերի ներում կստանա նրա անվան միջոցով»:+ 44  Մինչ Պետրոսը խոսում էր, սուրբ ոգին իջավ խոսքը* լսողների վրա:+ 45  Թլփատված հավատացյալները, որոնք եկել էին Պետրոսի հետ, ապշեցին, քանի որ Աստծու պարգևը՝ սուրբ ոգին, թափվում էր նաև այլազգի մարդկանց վրա: 46  Նրանք լսում էին, թե վերջիններս ինչպես են տարբեր լեզուներով խոսում և Աստծուն մեծարում:+ Այդ ժամանակ Պետրոսն ասաց. 47  «Ո՞վ կարող է արգելել, որ այս մարդիկ, ովքեր մեզ նման ստացան սուրբ ոգին, ջրում մկրտվեն»:+ 48  Եվ նրանց պատվիրեց, որ Հիսուս Քրիստոսի անունով մկրտվեն:+ Հետո նրանք խնդրեցին, որ մի քանի օր այնտեղ մնա:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Օրվա մոտ իններորդ ժամին [արևածագից հաշված]»:
Բռց.՝ «մոտ վեցերորդ ժամին [արևածագից հաշված]»:
Բռց.՝ «ինչ-որ անոթ»:
Բռց.՝ «իններորդ ժամին [արևածագից հաշված]»:
Կամ՝ «ծառին»:
Այսինքն՝ Աստծու խոսքը: