Ելք 6։1-30
6 Եհովան ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ես ինչ կանեմ փարավոնին:+ Իմ զորավոր ձեռքով կստիպեմ, որ ազատ արձակի իմ ժողովրդին, իմ հզոր ձեռքով կպարտադրեմ, որ դուրս հանի նրանց իր երկրից»:+
2 Ապա Աստված Մովսեսին ասաց. «Ես Եհովան եմ:
3 Աբրահամին, Իսահակին ու Հակոբին ես հայտնվել եմ որպես Ամենակարող Աստված,+ բայց իմ Եհովա անունով+ ինձ հայտնի չեմ դարձրել նրանց:*+
4 Նաև իմ ուխտն եմ հաստատել նրանց հետ, որ նրանց տամ Քանանի երկիրը՝ այն երկիրը, որտեղ նրանք ապրել են որպես պանդուխտ:+
5 Ես լսեցի իսրայելացիների հառաչանքը, որոնց ստրկացրել են եգիպտացիները: Ես հիշում եմ իմ ուխտը:+
6 Ուստի Իսրայելի ժողովրդին ասա. «Ես Եհովան եմ: Ես կազատեմ ձեզ եգիպտացիների լծից ու կազատագրեմ ստրկությունից,+ կփրկեմ ձեզ իմ հզոր* բազկով ու մեծ դատաստաններով:+
7 Ես ձեզ իմ ժողովուրդը կդարձնեմ ու ձեր Աստվածը կլինեմ,+ և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, ով ազատում է ձեզ Եգիպտոսի լծից:
8 Ես կտանեմ ձեզ այն երկիրը, որ երդվել եմ* տալ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին: Այն ձեզ կտամ որպես սեփականություն:+ Ես Եհովան եմ»»:+
9 Մովսեսն այս ամենը հաղորդեց իսրայելացիներին, բայց նրանք չլսեցին, քանի որ տառապում էին ստրկության ծանր լծի տակ ու վհատված էին:+
10 Հետո Եհովան ասաց Մովսեսին.
11 «Գնա փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի մոտ ու նրան ասա, որ իսրայելացիներին թույլ տա գնալ իր երկրից»:
12 Սակայն Մովսեսն ասաց Եհովային. «Եթե անգամ իսրայելացինե՛րը չլսեցին ինձ,+ փարավոնն ինչպե՞ս կլսի: Չէ՞ որ ես դժվարությամբ եմ խոսում»:*+
13 Բայց Եհովան Մովսեսին ու Ահարոնին կրկին ասաց, թե ինչ հրամաններ հաղորդեն իսրայելացիներին ու փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, որ իսրայելացիներին դուրս հանեն Եգիպտոսից:
14 Ահա թե ովքեր էին իսրայելացիների տոհմերի գլուխները: Իսրայելի առաջնեկ Ռուբենի+ որդիներն էին Հանոքը, Փալլուսը, Եսրոնը և Քարմին:+ Այս անուններով են կոչվում Ռուբենի ցեղի տոհմերը:
15 Շմավոնի որդիներն էին Համուելը, Համինը, Օհադը, Հաքինը, Սահառը և Սավուղը՝ քանանացի կնոջ որդին:+ Այս անուններով են կոչվում Շմավոնի ցեղի տոհմերը:
16 Ղևիի+ որդիներն էին Գերսոնը, Կահաթը և Մերարին:+ Այս անուններով են կոչվում նրանց տոհմերը: Ղևին ապրել է 137 տարի:
17 Գերսոնի որդիներն էին Լոբենը և Սեմեին: Այս անուններով են կոչվում նրանց տոհմերը:+
18 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը:+ Կահաթն ապրել է 133 տարի:
19 Մերարիի որդիներն էին Մոողին ու Մուսին:
Սրանք էին ղևտացիների տոհմերը՝ թվարկված ըստ իրենց ծագման:+
20 Ամրամը կնության առավ իր հոր ազգականուհուն՝* Հոքաբեթին:+ Նա Ամրամի համար ծնեց Ահարոնին ու Մովսեսին:+ Ամրամն ապրեց 137 տարի:
21 Իսահառի որդիներն էին Կորխը,+ Նաֆեկը և Զեքրին:
22 Օզիելի որդիներն էին Միսայելը, Ելիսաֆանը+ և Սեթրին:
23 Ահարոնը կնության առավ Եղիսաբեթին՝ Ամինադաբի աղջկան՝ Նաասոնի+ քրոջը: Եղիսաբեթը նրա համար ծնեց Նադաբին, Աբիուին, Եղիազարին ու Իթամարին:+
24 Կորխի որդիներն էին Ասիրը, Եղկանան և Աբիասափը:+ Այս անուններով են կոչվում Կորխյանների+ տոհմերը:
25 Ահարոնի որդին՝ Եղիազարը,+ կնության առավ Փուտիելի աղջիկներից մեկին: Նա Եղիազարի համար ծնեց Փենեհեսին:+
Սրանք էին ղևտացիների գերդաստանների գլուխները՝ թվարկված ըստ իրենց տոհմերի:+
26 Սա է Ահարոնի ու Մովսեսի տոհմածառը: Նրանց էր, որ Եհովան ասաց. «Իսրայելի ժողովրդին կազմակերպված խմբերով* հանեք Եգիպտոսից»:+
27 Մովսեսն ու Ահարոնն էին, որ խոսեցին փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի հետ, որ Իսրայելի ժողովրդին հանեն Եգիպտոսից:+
28 Այն օրը, երբ Եհովան խոսեց Մովսեսի հետ Եգիպտոսում,
29 Եհովան ասաց նրան. «Ես Եհովան եմ: Հաղորդի՛ր փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, այն ամենը, ինչ ասում եմ քեզ»:
30 Այդ ժամանակ Մովսեսն ասաց Եհովային. «Չէ՞ որ ես դժվարությամբ եմ խոսում,* ուրեմն ինչպե՞ս փարավոնը կլսի ինձ»:+
Ծանոթագրություններ
^ Ըստ ամենայնի, սա նշանակում է, որ նրանք լիովին չէին հասկանում Աստծու անվան նշանակությունը:
^ Բռց.՝ «մեկնած»:
^ Բռց.՝ «ձեռքս բարձրացրել եմ»:
^ Բռց.՝ «շուրթերով անթլփատ եմ»:
^ Բռց.՝ «իր հոր քրոջը»:
^ Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:
^ Բռց.՝ «շուրթերով անթլփատ եմ»: