Եսթեր 8։1-17

  • Մուրթքեն բարձր դիրքի է արժանանում (1, 2)

  • Եսթերը թագավորից օգնություն է աղերսում (3-6)

  • Թագավորի նոր հրամանը (7-14)

  • Փրկության և ուրախության օրեր հրեաների համար (15-17)

8  Այդ օրը Ասուերոս թագավորը հրեաների+ թշնամու՝ Համանի+ ողջ ունեցվածքը տվեց Եսթեր թագուհուն: Հետո Մուրթքեն ներկայացավ թագավորին, քանի որ Եսթերը թագավորին պատմել էր, որ նա իր ազգականն է:+  Թագավորը հանեց իր կնքամատանին,+ որը հետ էր վերցրել Համանից, և տվեց Մուրթքեին: Եսթերն էլ Մուրթքեի վերահսկողությանը հանձնեց Համանի ողջ ունեցվածքը:+  Եսթերը կրկին դիմեց թագավորին, նրա ոտքերն ընկավ և լաց լինելով աղերսեց, որ նա չեզոքացնի Ագագյան Համանի պատճառած վնասը և խափանի հրեաների դեմ նրա կազմած ծրագիրը:+  Թագավորը դեպի Եսթերը մեկնեց ոսկե գավազանը,+ և Եսթերը վեր կացավ ու կանգնեց թագավորի առաջ:  Ապա ասաց. «Եթե ես արժանացել եմ թագավորի բարեհաճությանը և հաճելի եմ նրա աչքին, եթե թագավորը համաձայն է ու ճիշտ է համարում, թող հրամանագիր արձակվի, որ անվավեր դարձվեն Ագագյան+ Ամադաթայի որդու՝ այդ դավադիր Համանի նամակները,+ որոնք նա գրել էր՝ նպատակ ունենալով բնաջնջել թագավորի տերության բոլոր մարզերում ապրող հրեաներին:  Ես չեմ կարող նայել, թե ինչպես է աղետը վրա հասնում իմ ժողովրդին, և ինչպես են կործանվում իմ ազգականները»:  Ասուերոս թագավորն ասաց Եսթեր թագուհուն և հրեա Մուրթքեին. «Հրեաների վրա հարձակում ծրագրելու* համար ես Համանին կախել տվեցի սյունից,+ նրա ունեցվածքն էլ Եսթերին հանձնեցի:+  Քանի որ թագավորի անունից գրված և թագավորի մատանիով կնքված հրամանագիրը անհնար է անվավեր դարձնել, դուք էլ թագավորի անունից հօգուտ հրեաների գրեք այն, ինչ հարկ կհամարեք, և կնքեք թագավորական կնքամատանիով»:+  Ուստի երրորդ ամսվա՝ սիվան* ամսվա 23-րդ օրը թագավորի գրագիրները* կանչվեցին ու գրի առան Մուրթքեի հրամանը՝ ուղղված հրեաներին, ինչպես նաև սատրապներին,+ կառավարիչներին ու Հնդկաստանից Եթովպիա ընկած տարածքի 127 մարզերի իշխաններին,+ յուրաքանչյուր մարզին ու ժողովրդին՝ իր լեզվով ու գրով, հրեաներին էլ՝ իրենց լեզվով ու գրով: 10  Հրամանը Մուրթքեն գրել տվեց Ասուերոս թագավորի անունից, կնքեց նրա կնքամատանիով+ և այդ գրավոր փաստաթղթերը ուղարկեց սուրհանդակների միջոցով: Սուրհանդակները դրանք տարան արագընթաց փոստային ձիերով, որոնց բուծում էին արքունական ծառայությունների համար: 11  Այդ փաստաթղթերով թագավորը բոլոր քաղաքներում ապրող հրեաներին թույլ էր տալիս համախմբվել ու պաշտպանել իրենց կյանքը, սպանել, կոտորել և բնաջնջել ամեն ազգի ու մարզի այն բոլոր զինված մարդկանց, որ կհարձակվեին իրենց վրա, անգամ կանանց ու երեխաներին, և բռնագրավել նրանց ունեցվածքը:+ 12  Դա պետք է արվեր Ասուերոս թագավորի բոլոր մարզերում մեկ օրվա մեջ՝ 12-րդ ամսվա՝ ադար* ամսվա 13-րդ օրը:+ 13  Փաստաթղթում գրվածը պետք է օրենք դառնար ու հրապարակվեր բոլոր մարզերում: Այն պետք է ազդարարվեր ի լուր բոլոր ժողովուրդների, որ հրեաները այդ օրը պատրաստ լինեին պաշտպանվելու իրենց թշնամիներից:+ 14  Եվ սուրհանդակները, արքունական ծառայությունների համար օգտագործվող փոստային արագընթաց ձիերը հեծած, թագավորի հրամանով իսկույն ճանապարհ ընկան: Օրենքը հրապարակվեց նաև Շուշանի+ ամրոցում: 15  Մուրթքեն դուրս եկավ թագավորի մոտից՝ կապույտ ու սպիտակ արքունական հագուստով, գլխին՝ ոսկե շքեղ թագ, հագին՝ բարձրորակ բրդյա կտորից պատրաստված մանուշակագույն* թիկնոց:+ Շուշան քաղաքը լցվեց ուրախության բացականչություններով: 16  Հրեաների համար փրկության* և ուրախության օրեր եկան, և նրանք սկսեցին մեծ հարգանք վայելել: 17  Բոլոր մարզերում և բոլոր քաղաքներում, ուր հասնում էր թագավորի հրամանն ու օրենքը, հրեաները ուրախանում ու ցնծում էին, խնջույք էին անում ու տոնում այդ իրադարձությունը: Այդ երկրի ժողովուրդների միջից շատ մարդիկ իրենք իրենց հրեա+ էին հայտարարում, քանի որ հրեաների հանդեպ վախով էին համակվել:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ձեռք բարձրացնելու»:
Կամ՝ «քարտուղարները»:
Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:
Բռց.՝ «լույսի»: