Ծննդոց 36։1-43

  • Եսավի սերունդները (1-30)

  • Եդոմի թագավորներն ու ցեղապետները (31-43)

36  Եսավի, այսինքն՝ Եդոմի+ պատմությունը սա է:  Եսավը Քանանի աղջիկներից կնության առավ Ադդային՝+ քետացի Ելոնի աղջկան,+ և Օլիբամային՝+ Անայի աղջկան՝ խևացի Սեբեգոնի թոռանը:  Նաև կնության առավ Բասեմաթին՝+ Իսմայելի աղջկան՝ Նաբեոթի+ քրոջը:  Եսավի համար Ադդան ծնեց Եղիփազին, Բասեմաթը՝ Ռագուելին,  իսկ Օլիբաման՝ Հեուսին, Հեգլոմին ու Կորխին:+ Սրանք են Եսավի որդիները, որոնց նա ունեցավ Քանանի երկրում:  Եսավը վերցրեց իր կանանց, որդիներին, աղջիկներին ու իր տան բոլոր անդամներին, նաև իր հոտերը, իր մյուս բոլոր անասունները, Քանանում կուտակած ողջ հարստությունը+ և գնաց մեկ ուրիշ երկիր՝ հեռանալով իր եղբայր Հակոբից:+  Նրանց ունեցվածքն այնքան շատ էր, որ չէին կարող միասին բնակվել. այն երկիրը, որտեղ ապրում էին,* նրանց այլևս չէր բավականացնում, քանի որ նրանց հոտերը շատացել էին:  Եսավը բնակություն հաստատեց Սեիրի+ լեռնային շրջանում: Եսավին նաև Եդոմ+ են կոչում:  Սեիրի լեռնային շրջանում ապրող եդոմացիների հոր՝ Եսավի պատմությունը սա է:+ 10  Եսավի որդիների անուններն են՝ Եղիփազ, որին ծնել էր Եսավի կին Ադդան, Ռագուել, որին ծնել էր Եսավի մյուս կինը՝ Բասեմաթը:+ 11  Եղիփազի որդիներն են Թեմանը,+ Օմարը, Զաֆոն, Գոթամն ու Կենեզը:+ 12  Եսավի որդի Եղիփազը իր համար որպես հարճ վերցրեց Թամնային, և նա Եղիփազի համար ծնեց Ամաղեկին:+ Սրանք են Եսավի կին Ադդայից սերած որդիները: 13  Ռագուելի որդիներն են Նահաթը, Զարան, Սամման և Մեզան: Սրանք են Եսավի կին Բասեմաթից+ սերած որդիները: 14  Եսավի մյուս որդիներն են Հեուսը, Հեգլոմը և Կորխը, որոնց ծնել էր նրա մյուս կինը՝ Օլիբաման՝ Անայի աղջիկը՝ Սեբեգոնի թոռը: 15  Եսավի սերունդների ցեղապետները սրանք են.+ Եսավի առաջնեկ Եղիփազի որդիները՝ ցեղապետ Թեմանը, ցեղապետ Օմարը, ցեղապետ Զաֆոն, ցեղապետ Կենեզը,+ 16  ցեղապետ Կորխը, ցեղապետ Գոթամը, ցեղապետ Ամաղեկը: Սրանք են Եդոմի երկրի այն ցեղապետները, որոնք սերել են Եղիփազից:+ Սրանք Ադդայից սերած որդիներն են: 17  Ցեղապետներ են Եսավի որդի Ռագուելի որդիները՝ ցեղապետ Նահաթը, ցեղապետ Զարան, ցեղապետ Սամման, ցեղապետ Մեզան: Սրանք են Եդոմի երկրի+ այն ցեղապետները, որոնք սերել են Ռագուելից: Սրանք Եսավի կին Բասեմաթից սերած որդիներն են: 18  Ցեղապետներ են նաև Եսավի կին Օլիբամայից ծնված որդիները՝ ցեղապետ Հեուսը, ցեղապետ Հեգլոմը, ցեղապետ Կորխը: Սրանք են այն ցեղապետները, որոնք սերել են Եսավի կին Օլիբամայից՝ Անայի աղջկանից: 19  Այսպիսով՝ սրանք են Եսավի, այսինքն՝ Եդոմի+ սերունդներն ու նրանց ցեղապետները: 20  Իսկ քոռեցի Սեիրի որդիները, որոնք այդ երկրի բնակիչներն էին,+ սրանք են՝ Լոտանը, Սոբալը, Սեբեգոնը, Անան,+ 21  Դիսոնը, Եզերը ու Դիսանը:+ Սրանք են Սեիրի որդիները՝ քոռեցիների ցեղապետները, որ բնակվում էին Եդոմի երկրում: 22  Լոտանի որդիներն են Քոռին ու Հեմամը, իսկ Լոտանի քույրը Թամնան+ է: 23  Սոբալի որդիներն են Գալվանը, Մանաքաթը, Գեբալը, Սեֆոն և Օնամը: 24  Սեբեգոնի+ որդիներն են Այիան և Անան: Սա այն Անան է, որն անապատում ջերմաղբյուրներ գտավ, երբ այնտեղ իր հոր՝ Սեբեգոնի էշերն էր պահում: 25  Անայի երեխաներն են Դիսոնը՝ նրա որդին, և Օլիբաման՝ նրա աղջիկը: 26  Դիսոնի որդիներն են Ամադանը, Եսբանը, Եթրանն ու Քառանը:+ 27  Եզերի որդիներն են Բիլհանը, Զաավանն ու Ականը: 28  Դիսանի որդիներն են Հուսն ու Առանը:+ 29  Քոռեցիների ցեղապետներն են ցեղապետ Լոտանը, ցեղապետ Սոբալը, ցեղապետ Սեբեգոնը, ցեղապետ Անան, 30  ցեղապետ Դիսոնը, ցեղապետ Եզերը, ցեղապետ Դիսանը:+ Սրանք են Սեիրի երկրում ապրող քոռեցիների ցեղապետները՝ նշված անուն առ անուն: 31  Նախքան իսրայելացիների* վրա որևէ թագավոր կիշխեր,+ Եդոմի երկրում+ իշխել են հետևյալ թագավորները: 32  Այնտեղ թագավորում էր Բեորի որդի Բաղան, որի աթոռանիստ քաղաքը Դենհաբան էր: 33  Բաղայի մահից հետո սկսեց թագավորել Հոբաբը, որի հայրը Զարան էր՝ Բոսրայից: 34  Հոբաբի մահից հետո սկսեց թագավորել Հուսամը՝ թեմանացիների երկրից: 35  Հուսամի մահից հետո սկսեց թագավորել Ադադը՝ Բադադի որդին, որը Մովաբի տարածքում* պարտության մատնեց մադիանացիներին.+ նրա աթոռանիստ քաղաքը Ավիթն էր: 36  Ադադի մահից հետո սկսեց թագավորել Սամալան՝ Մասրեկայից: 37  Սամալայի մահից հետո սկսեց թագավորել Սավուղը՝ Ռոհոբոթից, որը գտնվում է գետի մոտ: 38  Սավուղի մահից հետո սկսեց թագավորել Բահաղ-Հանանը՝ Աքբորի որդին: 39  Աքբորի որդի Բահաղ-Հանանի մահից հետո սկսեց թագավորել Ադարը:* Նրա աթոռանիստ քաղաքը Փոգովն էր: Նրա կնոջ անունը Մետաբել էր, որը Մեզաաբի աղջիկ Մատրեթի դուստրն էր: 40  Եսավից սերած ցեղապետները, որոնց անուններով կոչվում են նաև իրենց տոհմերը և տարածքները, սրանք են՝ Թամնան, Գալվան, Հեթաթը,+ 41  Օլիբաման, Էլան, Փինոնը, 42  Կենեզը, Թեմանը, Մաբզարը, 43  Մագեդիելը, Իրամը: Սրանք եդոմացիների ցեղապետներն են և նրանց բնակության տարածքները այն երկրում, որին տիրում են:+ Սրանք են Եսավի սերունդները՝ եդոմացիները:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «ապրում էին որպես պանդուխտ»:
Բռց.՝ «Իսրայելի որդիների»:
Բռց.՝ «դաշտում»:
1Տգ 1:50-ում՝ Ադադ: