Ծննդոց 4։1-26
4 Ադամը հարաբերություն ունեցավ իր կնոջ՝ Եվայի հետ, և նա հղիացավ:+ Նա ունեցավ Կայենին+ և ասաց. «Ես արու զավակ ծնեցի* Եհովայի օգնությամբ»:
2 Հետո նա ունեցավ Աբելին՝+ Կայենի եղբորը:
Աբելը հովիվ դարձավ, իսկ Կայենը՝ հողագործ:
3 Որոշ ժամանակ անց Կայենը երկրի տված բերքից ընծա բերեց Եհովային:
4 Իսկ Աբելը ընծա բերեց իր հոտի առաջնեկներից՝+ դրանց ճարպով հանդերձ: Եհովան հավանություն տվեց Աբելին ու նրա ընծային,+
5 մինչդեռ Կայենին ու նրա ընծային հավանություն չտվեց: Կայենը խիստ բարկացավ ու մռայլվեց:
6 Այդ ժամանակ Եհովան ասաց Կայենին. «Ինչո՞ւ ես այդպես բարկացել և ինչո՞ւ ես մռայլվել:
7 Եթե թողնես քո բռնած ուղին ու բարին անես, մի՞թե կրկին չես արժանանա իմ հավանությանը:* Սակայն եթե այդպես չանես, մեղքը, դռան մոտ դարան մտած, սպասում է. նա փափագում է տիրել քեզ: Բայց դու կիշխե՞ս նրա վրա»:
8 Դրանից հետո Կայենն իր եղբորը՝ Աբելին, ասաց. «Արի դաշտ գնանք»: Եվ երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց եղբոր վրա ու սպանեց նրան:+
9 Ավելի ուշ Եհովան հարցրեց Կայենին. «Որտե՞ղ է քո եղբայր Աբելը»: Նա էլ պատասխանեց. «Չգիտեմ: Մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»:
10 Աստված ասաց. «Այդ ի՞նչ ես արել: Լսի՛ր, ահա եղբորդ արյունը երկրից աղաղակում է+ դեպի ինձ:
11 Այժմ դու անիծված ես. դու արտաքսվում ես այս երկրից, որը բացել է իր բերանն ու կլանել եղբորդ արյունը, որ թափվել է+ քո ձեռքով:
12 Երբ հողը մշակես, այն քեզ չի տա իր բերքը:* Թափառական ու վտարանդի կդառնաս երկրի վրա»:
13 Կայենն ասաց Եհովային. «Հանցանքիս պատիժն այնքան մեծ է, որ անհնար է կրել:
14 Դու այսօր արտաքսում ես ինձ այս երկրից. ես քո աչքից հեռու կլինեմ, երկրի վրա թափառական ու վտարանդի կդառնամ, և ով ինձ հանդիպի, հաստատ կսպանի»:
15 Եհովան ասաց. «Ուրեմն, որ այդպես չլինի, ով սպանի Կայենին, թող նրանից յոթնապատիկ վրեժ առնվի»:
Ապա Եհովան մի նշան* տվեց, որպեսզի Կայենին հանդիպող ոչ մի մարդ չսպանի նրան:
16 Կայենը հեռացավ Եհովայի առաջից և բնակություն հաստատեց Նայիդ երկրում՝* Եդեմից+ դեպի արևելք:
17 Հետո Կայենը հարաբերություն ունեցավ իր կնոջ+ հետ, և նա հղիացավ ու ծնեց Ենոքին: Կայենը մի քաղաք կառուցեց և այն կոչեց իր որդի Ենոքի անունով:
18 Հետագայում Ենոքը ունեցավ Գայիրադին: Գայիրադը ունեցավ Մայիելին, Մայիելը ունեցավ Մաթուսայելին, Մաթուսայելը ունեցավ Ղամեքին:
19 Ղամեքն իր համար երկու կին առավ: Առաջինի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սելլա:
20 Հետագայում Ադդան ծնեց Հոբելին: Նա դարձավ վրանաբնակության և անասնապահության հիմնադիրը:
21 Նրա եղբոր անունը Հոբալ էր: Նա սկիզբ դրեց քնար ու սրինգ* նվագելու արվեստին:
22 Իսկ Սելլան ծնեց Թոբել-Կայենին, որը պղնձից ու երկաթից տարատեսակ գործիքներ էր ձուլում: Թոբել-Կայենի քույրը Նաաման էր:
23 Ղամեքը իր կանանց՝ Ադդայի ու Սելլայի համար այսպիսի խոսքեր հորինեց.
«Ղամեքի՛ կանայք, լսե՛ք իմ ձայնինԵվ ակա՛նջ դրեք իմ ասած խոսքին:
Մի մարդու սպանեցի, որ ինձ վերք հասցրեց՝Մի երիտասարդի, որ ինձ հարվածեց:
24 Եթե Կայենին սպանողից վրեժ կառնվի յոթ անգամ,+Ապա Ղամեքին սպանողից՝ յոթանասունյոթ անգամ»:
25 Ադամը կրկին հարաբերություն ունեցավ իր կնոջ հետ, և նա որդի ծնեց ու նրա անունը Սեթ*+ դրեց, որովհետև ասաց. «Աստված ինձ ուրիշ սերունդ տվեց* Աբելի փոխարեն, որին Կայենը սպանեց»:+
26 Հետագայում Սեթը որդի ունեցավ և նրա անունը Ենոս+ դրեց: Այդ ժամանակ մարդիկ սկսեցին կանչել Եհովայի անունը:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «առաջ բերեցի»:
^ Կամ՝ «մի՞թե չես բարձրանա իմ աչքում»:
^ Բռց.՝ «ուժը»:
^ Սա կարող էր լինել հրաման, որը ուրիշների համար որպես նախազգուշացում էր ծառայելու:
^ Նշանակում է «վտարանդության երկիր»:
^ Ֆլեյտայի տեսակ:
^ Նշանակում է «նշանակված», «դրված», «հաստատված»:
^ Կամ՝ «ինձ համար ուրիշ սերունդ նշանակեց»: