Հեսու 8։1-35

  • Հեսուն դարան է պատրաստում Գային գրավելու համար (1-13)

  • Գային գրավում են (14-29)

  • Հեսուն Գեբալ լեռան մոտ կարդում է Օրենքը (30-35)

8  Եհովան Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր:+ Քեզ հետ վերցրու բոլոր պատերազմող մարդկանց ու ելիր Գայիի դեմ: Ահա քո ձեռքն եմ տալիս Գայիի թագավորին, նրա ժողովրդին, նրա քաղաքն ու երկիրը:+  Գայիի և նրա թագավորի հետ վարվիր այնպես, ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ վարվեցիր,+ բայց ավարն ու ընտանի կենդանիները կարող եք ձեզ վերցնել: Քաղաքի հետևի կողմում դարան պատրաստիր»:  Ուստի Հեսուն ու բոլոր պատերազմողները ոտքի ելան, որ կռվեն Գայիի դեմ: Հեսուն 30 000 զորավոր ռազմիկներ ընտրեց և գիշերով ուղարկեց նրանց:  Նա պատվիրեց. «Քաղաքի հետևի կողմում դարանամուտ եղեք: Քաղաքից շատ հեռու մի՛ գնացեք և բոլորդ պատրա՛ստ եղեք:  Ես ու ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմոտենանք քաղաքին, և երբ նրանք նախորդ անգամվա պես դուրս գան մեր դեմ,+ հետ կքաշվենք:  Նրանք կմտածեն, թե մենք առաջին անգամվա պես նահանջում ենք, ու մեր հետևից կընկնեն:+ Նահանջելով՝ մենք նրանց կհեռացնենք քաղաքից:  Այդ ժամանակ դարանից դուրս եկեք ու զավթեք քաղաքը. ձեր Աստված Եհովան այն ձեր ձեռքը կտա:  Եվ հենց որ քաղաքը գրավեք, հրի մատնեք այն:+ Ամեն բան Եհովայի ասածի պես արեք: Սա՛ է իմ պատվերը»:  Հետո Հեսուն նրանց ուղարկեց դարանակալման տեղը, և նրանք գնացին ու դիրքավորվեցին Բեթելի ու Գայիի միջև՝ Գայիի արևմտյան կողմում: Իսկ Հեսուն այդ գիշեր մնաց մյուս ռազմիկների հետ: 10  Երբ առավոտ շուտ Հեսուն վեր կացավ, մեկտեղ հավաքեց ռազմիկներին, և ինքն ու Իսրայելի երեցները նրանց առաջնորդեցին դեպի Գայի: 11  Բոլոր պատերազմող մարդիկ,+ որ նրա հետ էին, գնացին դեպի Գայի ու առջևի կողմից մոտեցան քաղաքին: Նրանք բանակ դրեցին Գայիի հյուսիսային կողմում: Նրանց ու Գայիի միջև հովիտ կար: 12  Այդ ընթացքում Հեսուն մոտ 5 000 մարդու դարանակալներ+ էր դրել Բեթելի+ ու Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմում: 13  Այսպիսով՝ գլխավոր բանակը տեղակայվեց քաղաքի հյուսիսային կողմում,+ իսկ դարանակալ զորքը՝ արևմտյան կողմում:+ Այդ գիշեր Հեսուն գնաց հովտի մեջտեղը: 14  Երբ Գայիի թագավորը դա տեսավ, նա և քաղաքի տղամարդիկ վաղ առավոտյան շտապ դուրս եկան՝ Իսրայելի դեմ պատերազմելու: Մարտի դաշտը նայում էր անապատային հարթավայրի կողմը: Թագավորը չգիտեր, որ քաղաքի հետևի կողմում դարան են պատրաստել: 15  Երբ գայեցիները հարձակվեցին, Հեսուն և իր հետ եղող բոլոր իսրայելացիները դեպի անապատ տանող ճանապարհով փախան:+ 16  Այդ ժամանակ քաղաքում մնացած բոլոր տղամարդիկ հավաքվեցին, որ նրանց հետապնդեն, և Հեսուի հետևից ընկնելով՝ դուրս եկան քաղաքից: 17  Գայիում ու Բեթելում տղամարդ չմնաց, որ իսրայելացիների հետևից չընկներ: Նրանք քաղաքը անպաշտպան թողեցին ու սկսեցին հետապնդել իսրայելացիներին: 18  Եհովան Հեսուին ասաց. «Ձեռքիդ տեգը* մեկնիր դեպի Գայի,+ որովհետև քո ձեռքն եմ տալու այն»:+ Եվ Հեսուն իր ձեռքի տեգը մեկնեց քաղաքի կողմը: 19  Հենց որ նա իր ձեռքը մեկնեց, դարանակալները արագ վեր կացան իրենց տեղից, ներխուժեցին քաղաք, գրավեցին այն ու անմիջապես այրեցին:+ 20  Երբ գայեցիները հետ նայեցին ու տեսան, որ քաղաքի ծուխը մինչև երկինք է հասել, նրանց մեջ ուժ չմնաց որևէ ուղղությամբ փախչելու: Այդ ժամանակ դեպի անապատ փախչող իսրայելացիները շրջվեցին ու գրոհեցին իրենց հետապնդողների վրա: 21  Երբ Հեսուն և նրա հետ եղող իսրայելացիները տեսան, որ քաղաքից ծուխ է բարձրանում, հասկացան, որ դարանակալները գրավել են քաղաքը, ուստի հետ դարձան ու հարձակվեցին գայեցիների վրա: 22  Քաղաքը զավթողներն էլ դուրս եկան ու հարձակվեցին գայեցիների վրա, և նրանք ծուղակի մեջ հայտնվեցին՝ իսրայելացիների արանքում, որոնց մի մասը այս կողմում էր, մյուս մասը՝ այն կողմում: Իսրայելացիները կոտորեցին նրանց. ոչ ոք չկարողացավ փախչել կամ փրկվել:+ 23  Բայց Գայիի թագավորին+ կենդանի բռնեցին ու բերեցին Հեսուի մոտ: 24  Իսրայելացիները Գայիի բոլոր ռազմիկներին կոտորեցին դաշտում՝ այն անապատում, որտեղ իրենց հետապնդել էին, և բոլորին՝ մինչև վերջին մարդը, սրի քաշեցին, ապա հետ դարձան Գայի ու այնտեղ մնացածներին էլ սրի քաշեցին: 25  Այդ օրն ընկածները՝ տղամարդ թե կին, 12 000 էին, այսինքն՝ Գայիի ամբողջ ժողովուրդը: 26  Հեսուն հետ չքաշեց տեգով մեկնած իր ձեռքը,+ մինչև որ Գայիի բոլոր բնակիչները սպանվեցին:+ 27  Իսկ քաղաքում եղած ընտանի կենդանիներն ու ավարը իսրայելացիները վերցրին իրենց, ինչպես որ Եհովան պատվիրել էր Հեսուին:+ 28  Այնուհետև Հեսուն այրեց Գային և այն ընդմիշտ ավերակների կույտ դարձրեց,+ որը մինչ օրս այդպես է մնում: 29  Նա Գայիի թագավորի դին սյանը* գամեց և այդպես թողեց մինչև երեկո: Երբ արևը մայր էր մտնում, Հեսուն հրամայեց, որ դին իջեցնեն սյունից:+ Հետո այն գցեցին քաղաքի մուտքի՝ դարպասի մոտ ու վրան քարերի մի մեծ կույտ դիզեցին, որը մինչև այսօր այնտեղ է: 30  Այդ ժամանակ Հեսուն Գեբալ լեռան+ վրա Իսրայելի Աստծու՝ Եհովայի համար մի զոհասեղան շինեց՝ 31  «զոհասեղան՝ ամբողջական քարերից, որոնց երկաթե գործիք չի դիպել»,+ ինչպես որ Եհովայի ծառա Մովսեսն էր պատվիրել իսրայելացիներին, և ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում:+ Դրա վրա ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Եհովային:+ 32  Հետո նա պատրաստեց այն Օրենքի կրկնօրինակը,+ որը Մովսեսը գրել էր իսրայելացիների առաջ.+ նա այն փորագրեց քարերի վրա: 33  Բոլոր իսրայելացիները, այդ թվում՝ երեցները, գլխավորներն ու դատավորները, ինչպես նաև պանդուխտները,+ կանգնել էին տապանակի երկու կողմում՝ Եհովայի ուխտի տապանակը կրող ղևտացի քահանաների առջև: Կեսը Գարիզին լեռան առջև էր կանգնել, իսկ մյուս կեսը՝ Գեբալ լեռան+ առջև (ինչպես որ Եհովայի ծառա Մովսեսն էր պատվիրել),+ որպեսզի Իսրայելի ժողովուրդը օրհնվի: 34  Դրանից հետո Հեսուն բարձրաձայն կարդաց Օրենքի բոլոր խոսքերը,+ այդ թվում՝ օրհնություններն+ ու անեծքները,+ ինչպես որ դրանք գրված են Օրենքի գրքում: 35  Այն ամենից, ինչ պատվիրել էր Մովսեսը, մի բառ անգամ չմնաց, որ Հեսուն բարձրաձայն չկարդար Իսրայելի ամբողջ ժողովի,+ այդ թվում՝ կանանց, երեխաների, ինչպես նաև իրենց հետ ապրող պանդուխտների առջև:+

Ծանոթագրություններ

Կարճ նիզակ:
Կամ՝ «ծառին»: