Հովհաննես 18։1-40
-
Հուդան մատնում է Հիսուսին (1-9)
-
Պետրոսը սրով կտրում է քահանայապետի ծառայի ականջը (10, 11)
-
Հիսուսին տանում են Հաննայի մոտ (12-14)
-
Պետրոսը առաջին անգամ ուրանում է Հիսուսին (15-18)
-
Հիսուսը՝ Հաննայի առաջ (19-24)
-
Պետրոսը ուրանում է Հիսուսին երկրորդ և երրորդ անգամ (25-27)
-
Հիսուսը՝ Պիղատոսի առաջ (28-40)
-
«Իմ թագավորությունը այս աշխարհի մաս չի կազմում» (36)
-
18 Այս բաներն ասելուց հետո Հիսուսն իր աշակերտների հետ գնաց մի պարտեզ, որը Կեդրոնի գետահովտի*+ մյուս կողմում էր:+
2 Հուդան, որը մատնելու էր նրան, նույնպես գիտեր այդ վայրը, որովհետև Հիսուսը հաճախ էր իր աշակերտների հետ այնտեղ հանդիպել:
3 Ուստի Հուդան զինվորների խմբին և ավագ քահանաների ու փարիսեցիների կողմից ուղարկված պահապաններին բերեց այնտեղ: Նրանք եկան ջահերով, լապտերներով ու զենքերով:+
4 Հիսուսը գիտեր, թե ինչ է լինելու իրեն, ուստի առաջ գնաց ու ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»:
5 Նրանք պատասխանեցին. «Նազարեթցի+ Հիսուսին»: Նա էլ ասաց. «Ես եմ»: Հուդան, որը մատնելու էր նրան, նույնպես նրանց հետ կանգնած էր:+
6 Սակայն երբ Հիսուսը նրանց ասաց՝ ես եմ, նրանք հետ-հետ գնացին ու ընկան գետնին:+
7 Ուստի նա նորից հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»: Նրանք ասացին. «Նազարեթցի Հիսուսին»:
8 Հիսուսը պատասխանեց. «Ասացի, որ ես եմ: Եթե ինձ եք փնտրում, թողեք, որ նրանք գնան»:
9 Այդպես կատարվեց այն խոսքը, որ նա ասել էր. «Ում որ ինձ տվեցիր, նրանցից ոչ մեկին չկորցրի»:+
10 Սիմոն Պետրոսը, որը սուր ուներ, քաշեց այն ու կտրեց քահանայապետի ծառայի աջ ականջը:+ Այդ ծառայի անունը Մալքոս էր:
11 Հիսուսն ասաց Պետրոսին. «Սուրը պատյանի մե՛ջ դիր:+ Մի՞թե չպետք է խմեմ այն բաժակից, որ Հայրը տվել է ինձ»:+
12 Այդ ժամանակ զինվորները, զորապետը և հրեաների ենթակայության տակ եղող պահապանները բռնեցին* Հիսուսին, կապեցին
13 ու սկզբում տարան Հաննայի մոտ, քանի որ նա Կայիափայի՝+ այդ տարվա քահանայապետի աներն էր:+
14 Սա այն Կայիափան էր, որը հրեաներին ասել էր, որ ավելի լավ է՝ մեկ մարդ մեռնի հանուն ժողովրդի:+
15 Սիմոն Պետրոսը և մեկ ուրիշ աշակերտ գնում էին Հիսուսի հետևից:+ Այդ աշակերտը ծանոթ էր քահանայապետին, ուստի Հիսուսի հետ մտավ քահանայապետի բակ,
16 իսկ Պետրոսը մնաց դրսում՝ դռան մոտ: Մյուս աշակերտը, որը քահանայապետին ծանոթ էր, դուրս գնաց, խոսեց այն աղախնի հետ, ով դռնապան էր, և Պետրոսին ներս բերեց:
17 Այդ ժամանակ աղախինն ասաց Պետրոսին. «Դու այս մարդու աշակերտներից չես, չէ՞»: Նա էլ ասաց. «Ո՛չ»:+
18 Ծառաներն ու պահապանները փայտածուխ էին վառել ու այնտեղ կանգնած՝ տաքանում էին, քանի որ ցուրտ էր: Պետրոսը նույնպես նրանց հետ կանգնած տաքանում էր:
19 Այդ ընթացքում ավագ քահանան* հարցեր տվեց Հիսուսին նրա աշակերտների և նրա ուսմունքի մասին:
20 Հիսուսն էլ պատասխանեց նրան. «Ես աշխարհի հետ բացեիբաց եմ խոսել. միշտ սովորեցրել եմ ժողովարաններում և տաճարում,+ որտեղ հավաքվում են բոլոր հրեաները, և ոչ մի բան գաղտնի չեմ ասել:
21 Ինչո՞ւ ես ինձ հարցեր տալիս: Հարցրու նրանց, ովքեր լսել են, թե ինչ եմ խոսել իրենց հետ: Նրանք գիտեն, թե ես ինչ եմ ասել»:
22 Երբ նա այս խոսքերն ասաց, այնտեղ կանգնած պահապաններից մեկը ապտակեց Հիսուսին+ ու ասաց. «Այդպե՞ս ես պատասխանում ավագ քահանային»:
23 Հիսուսն էլ պատասխանեց նրան. «Եթե սխալ բան ասացի, ասա, թե ինչն էր սխալ, բայց եթե ճիշտն ասացի, ինչո՞ւ ես ապտակում ինձ»:
24 Դրանից հետո Հաննան նրան կապված ուղարկեց Կայիափա քահանայապետի մոտ:+
25 Սիմոն Պետրոսը կանգնած տաքանում էր: Նրան հարցրին. «Դու նրա աշակերտներից չես, չէ՞»: Նա էլ ասաց. «Ո՛չ»:+
26 Քահանայապետի ծառաներից մեկը, ով այն մարդու ազգականն էր, որի ականջը Պետրոսը կտրել էր,+ ասաց. «Մի՞թե դու չէիր նրա հետ պարտեզում. ես քեզ տեսել եմ»:
27 Սակայն Պետրոսը դարձյալ հերքեց, ու հենց նույն պահին աքաղաղը կանչեց:+
28 Այնուհետև Կայիափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի պալատ:+ Վաղ առավոտ էր: Սակայն հրեաները կուսակալի պալատ չմտան, որպեսզի չպղծվեն+ ու կարողանան Պասեքի ընթրիքը ուտել:
29 Պիղատոսը դուրս եկավ ու հարցրեց նրանց. «Ինչո՞ւմ եք մեղադրում այս մարդուն»:
30 Նրանք պատասխանեցին. «Նա հանցավոր է: Հակառակ դեպքում՝ մենք նրան քո ձեռքը չէինք հանձնի»:
31 Պիղատոսն ասաց. «Տարե՛ք նրան և ձեր օրենքի համաձա՛յն դատեք»:+ Նրանք ասացին. «Մենք իրավունք չունենք որևէ մեկին սպանելու»:+
32 Այդպես կատարվեց Հիսուսի այն խոսքը, որը նա ասել էր ցույց տալու համար, թե ինչպիսի մահով էր մեռնելու:+
33 Պիղատոսը վերադարձավ պալատ, կանչեց Հիսուսին ու հարցրեց. «Դու հրեաների թագավո՞րն ես»:+
34 Հիսուսը պատասխանեց. «Հարցնում ես, որովհետև իսկապես ուզում ես իմանա՞լ, թե՞ որ ուրիշներն են պատմել քեզ իմ մասին»:
35 Պիղատոսն էլ ասաց. «Մի՞թե ես հրեա եմ: Քո ազգն ու ավագ քահանաներն են հանձնել քեզ իմ ձեռքը: Ի՞նչ ես արել»:
36 Հիսուսը պատասխանեց.+ «Իմ թագավորությունը այս աշխարհի մաս չի կազմում:+ Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մաս կազմեր, իմ ծառաները կկռվեին, որպեսզի չմատնվեի հրեաների ձեռքը:+ Բայց իմ թագավորությունը այստեղից չէ»:
37 Ուստի Պիղատոսը հարցրեց. «Ուրեմն դու թագավո՞ր ես»: Հիսուսն էլ պատասխանեց. «Այդպես էլ կա,* ես թագավոր եմ:+ Ես ծնվել ու եկել եմ աշխարհ, որ ճշմարտության մասին վկայեմ:+ Ամեն ոք, ով ճշմարտության կողմն է, լսում է իմ խոսքերը»:
38 Պիղատոսն ասաց նրան. «Ճշմարտությո՞ւնն ինչ է»:
Սա ասելուց հետո նա դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ և ասաց. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրա մեջ:+
39 Ձեր սովորույթի համաձայն՝ Պասեքին ես մի հոգու ազատ եմ արձակում:+ Կուզե՞ք՝ ազատ արձակեմ ձեր՝ հրեաներիդ թագավորին»:
40 Բայց նրանք բղավեցին. «Չէ՛, նրա՛ն չէ, Բարաբբայի՛ն»: Իսկ Բարաբբան ավազակ էր:+
Ծանոթագրություններ
^ Այս գետահովիտը ցամաքած էր նույնիսկ ձմռանը, եթե հորդառատ անձրևներ չէին լինում:
^ Կամ՝ «ձերբակալեցին»:
^ Այսինքն՝ Հաննան:
^ Բռց.՝ «Ինքդ ես ասում»: Սա դարձված էր, որով հաստատում էին ասվածը: