Մատթեոս 20։1-34

  • Խաղողի այգում աշխատողները նույն աշխատավարձն են ստանում (1-16)

  • Հիսուսը կրկին խոսում է իր մոտալուտ մահվան մասին (17-19)

  • Թագավորության մեջ պատվավոր դիրքեր ստանալու խնդրանք (20-28)

    • Հիսուսը փրկագին է տալու շատերի համար (28)

  • Վերականգնում է երկու կույր մարդկանց տեսողությունը (29-34)

20  «Երկնքի թագավորությունը նման է խաղողի այգու տիրոջ, որը վաղ առավոտյան դուրս եկավ աշխատողներ վարձելու:+  Նա աշխատողների հետ պայմանավորվեց օրը մեկ դինար* վճարել և ուղարկեց իր այգին:  Առավոտյան ժամը իննի* կողմերը կրկին դուրս եկավ ու տեսավ ուրիշների, որ շուկայում անգործ կանգնած էին,  և ասաց. «Դուք նույնպես գնացեք իմ այգին, և ձեր հասանելիքը կտամ ձեզ»:  Նրանք էլ գնացին: Կեսօրվա և ժամը երեքի* կողմերն էլ դուրս եկավ ու նույն կերպ վարվեց:  Եվ վերջապես երեկոյան ժամը հինգի* կողմերը դուրս եկավ և ուրիշների էլ տեսավ պարապ կանգնած ու ասաց. «Ինչո՞ւ եք ամբողջ օրը անգործ կանգնել այստեղ»:  Նրանք պատասխանեցին. «Որովհետև ոչ ոք չի վարձել մեզ»: Նա ասաց. «Դուք նույնպես գնացեք իմ այգին»:  Երեկոյան այգու տերն ասաց գործավարին. «Կանչիր աշխատողներին և վերջիններից սկսած մինչև առաջինները՝ տուր նրանց աշխատավարձը»:+  Եկան ժամը հինգին վարձվածները, և յուրաքանչյուրը մեկ դինար ստացավ: 10  Իսկ երբ առաջին վարձվածները եկան, կարծեցին, թե իրենք ավելի շատ կստանան, բայց նրանք նույնպես մեկական դինար ստացան: 11  Աշխատավարձը ստանալուց հետո նրանք սկսեցին դժգոհել 12  և ասացին այգու տիրոջը. «Այդ վերջինները ընդամենը մեկ ժամ են աշխատել, իսկ մենք ամբողջ օրն ենք աշխատել շոգ կրակին: Մինչդեռ դու նրանց տվեցիր նույնը, ինչ մեզ»: 13  Դիմելով նրանցից մեկին՝ այգու տերը պատասխանեց. «Բարեկա՛մս, ես քո հանդեպ ոչ մի սխալ բան չեմ անում: Դու ինձ հետ մեկ դինարով չե՞ս պայմանավորվել,+ 14  ուրեմն վերցրու աշխատավարձդ ու գնա: Ես ուզում եմ այս վերջիններին տալ նույնը, ինչ քեզ: 15  Մի՞թե իրավունք չունեմ իմ ունեցածը տնօրինել այնպես, ինչպես ես եմ ուզում: Թե՞ նախանձում ես,* որ նրանց հանդեպ բարի* եղա»:+ 16  Այսպես՝ վերջինները առաջիններ կլինեն, իսկ առաջինները՝ վերջիններ»:+ 17  Երուսաղեմ գնալու ճանապարհին Հիսուսը 12 աշակերտներին մի կողմ տարավ ու ասաց.+ 18  «Ահա և գնում ենք Երուսաղեմ: Այնտեղ մարդու Որդին կհանձնվի ավագ քահանաների ու Օրենքի ուսուցիչների* ձեռքը: Նրանք մահվան կդատապարտեն նրան+ 19  և կհանձնեն այլազգիներին, որ ծաղրուծանակի ենթարկվի, խարազանվի ու սյանը գամվի:+ Բայց երրորդ օրը նա հարություն կառնի»:+ 20  Հետո Զեբեդեոսի կինը իր երկու որդիների հետ+ մոտեցավ Հիսուսին և ծնկի եկավ՝ ցանկանալով ինչ-որ բան խնդրել նրանից:+ 21  Հիսուսը հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»: Կինը պատասխանեց. «Խոսք տուր, որ քո թագավորության մեջ իմ այս երկու որդիներից մեկը կնստի քո աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ կողմում»:+ 22  Հիսուսն ասաց. «Դուք չգիտեք՝ ինչ եք խնդրում: Կարո՞ղ եք խմել այն բաժակից, որ ես եմ խմելու»:+ Նրանք պատասխանեցին. «Կարող ենք»: 23  Նա էլ ասաց. «Դուք իհարկե կխմեք իմ բաժակից,+ բայց իմ աջ ու ձախ կողմում նստելը ես չեմ որոշում: Իմ Հայրն է որոշում, թե ով կնստի այդ տեղերում»:+ 24  Երբ մյուս տասը աշակերտները լսեցին այդ խնդրանքի մասին, վրդովմունքով լցվեցին երկու եղբայրների հանդեպ:+ 25  Բայց Հիսուսը, բոլոր աշակերտներին իր մոտ կանչելով, ասաց. «Դուք գիտեք, որ ժողովուրդների ղեկավարները տիրում են նրանց վրա, և մեծամեծները իշխանություն են բանեցնում:+ 26  Մինչդեռ ձեր մեջ այդպես չպետք է լինի.+ ով ուզում է իսկապես մեծ լինել ձեր մեջ, պետք է ձեր սպասավորը լինի,+ 27  և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պետք է ձեր ծառան լինի:+ 28  Չէ՞ որ մարդու Որդին էլ եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի+ և իր կյանքը որպես փրկագին տա շատերի համար»:*+ 29  Երբ նրանք դուրս էին գալիս Երիքովից, նրա հետևից գնում էր մի մեծ բազմություն: 30  Ճանապարհի եզրին երկու կույր մարդիկ էին նստած և երբ լսեցին, որ Հիսուսն է անցնում իրենց մոտով, բղավեցին. «Տե՛ր, Դավթի՛ Որդի, գթա՛ մեզ»:+ 31  Սակայն մարդիկ սաստում էին նրանց, որ լռեն, բայց նրանք է՛լ ավելի բարձր էին բղավում. «Տե՛ր, Դավթի՛ Որդի, խղճա՛ մեզ»: 32  Հիսուսը կանգ առավ, մոտ կանչեց նրանց ու հարցրեց. «Ի՞նչ եք ուզում՝ անեմ ձեզ համար»: 33  Նրանք էլ ասացին. «Տե՛ր, թող մեր աչքերը տեսնեն»: 34  Խղճահարվելով Հիսուսը դիպավ այդ մարդկանց աչքերին:+ Նրանց տեսողությունն անմիջապես վերականգնվեց, և նրանք սկսեցին Հիսուսին հետևել:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «երրորդ ժամի [արևածագից հաշված]»:
Բռց.՝ «Վեցերորդ ժամի և իններորդ ժամի [արևածագից հաշված]»:
Բռց.՝ «տասնմեկերորդ ժամի [արևածագից հաշված]»:
Բռց.՝ «աչքդ չար է»:
Կամ՝ «առատաձեռն»:
Բռց.՝ «դպիրների»:
Կամ՝ «շատերի կյանքի դիմաց»: