Մատթեոս 5։1-48

  • ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶԸ (1-48)

    • Հիսուսը սկսում է ուսուցանել լեռան վրա (1, 2)

    • Երջանկության ինը գործոն (3-12)

    • Աղն ու լույսը (13-16)

    • Հիսուսը կատարելու է Օրենքը (17-20)

    • Խորհուրդներ զայրույթի (21-26), շնության (27-30), ամուսնալուծության (31, 32), երդումների (33-37), վրեժխնդիր չլինելու (38-42), թշնամիներին սիրելու (43-48) վերաբերյալ

5  Տեսնելով, որ մեծ բազմություն է հավաքվել՝ Հիսուսը բարձրացավ լեռան լանջը և նստեց այնտեղ: Աշակերտները նրա մոտ եկան,  և նա սկսեց ուսուցանել.  «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են, որ հոգևոր կարիքներ ունեն,*+ որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը:  Երջանիկ են նրանք, ովքեր սգում են, որովհետև կմխիթարվեն:+  Երջանիկ են նրանք, ովքեր հեզ* են,+ որովհետև կժառանգեն երկիրը:+  Երջանիկ են նրանք, ովքեր ծարավ են+ արդարության, որովհետև կհագենան:+  Երջանիկ են նրանք, ովքեր գթասիրտ են,+ որովհետև նրանց հանդեպ գթասրտություն կդրսևորվի:  Երջանիկ են նրանք, ովքեր անարատ սիրտ ունեն,+ որովհետև նրանք կտեսնեն* Աստծուն:  Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են,+ որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն: 10  Երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են ճիշտն անելու համար,+ որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը: 11  Երջանիկ եք, երբ մարդիկ վիրավորում+ ու հալածում են ձեզ+ և ամեն տեսակ ստեր ու վատ բաներ են ասում ձեր մասին իմ հետևորդը լինելու պատճառով:+ 12  Ուրախացեք և ցնծացեք,+ որովհետև ձեզ մեծ վարձատրություն է սպասում Աստծուց.*+ ձեզնից առաջ մարգարեներն էլ են այդպես հալածվել:+ 13  Դուք երկրի աղն եք:+ Բայց եթե աղը կորցնի իր համը, էլ ոչ մի բանի համար պիտանի չի լինի. չէ՞ որ այլևս հնարավոր չէ դրա համը վերականգնել: Այն պարզապես դուրս կթափվի+ ու կտրորվի մարդկանց ոտքերի տակ: 14  Դուք աշխարհի լույսն եք:+ Ինչպես սարի վրա գտնվող քաղաքը չի կարող աննկատ մնալ, 15  և ինչպես ճրագը վառում ու դնում են ոչ թե զամբյուղի տակ, այլ ճրագակալի վրա, որ լուսավորի տանը եղողներին,+ 16  այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առաջ,+ որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը+ և փառք տան ձեր երկնային Հորը:+ 17  Մի՛ կարծեք, թե ես եկել եմ անվավեր դարձնելու Օրենքը և մարգարեների գրածները: Եկել եմ ոչ թե անվավեր դարձնելու, այլ կատարելու:+ 18  Հաստատ* ասում եմ ձեզ. ավելի շուտ երկինքն ու երկիրը կվերանան, քան Օրենքի ամենափոքր տառը կամ նույնիսկ տառի մի մասնիկը անվավեր կդառնա: Այնտեղ գրված ամեն բան կկատարվի:+ 19  Ուստի ով որ այս պատվիրաններից թեկուզ ամենաաննշանը խախտի և ուրիշներին էլ սովորեցնի նույնն անել, անարժան* կհամարվի երկնքի թագավորության համար: Իսկ ով որ կատարի և սովորեցնի դրանք, արժանի* կհամարվի երկնքի թագավորության համար: 20  Ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունը լինի ընդամենը այնպիսին, ինչպիսին Օրենքի ուսուցիչներինն* ու փարիսեցիներինն է,+ դուք հաստատ չեք մտնի երկնքի թագավորություն:+ 21  Դուք գիտեք, որ հնում ապրողներին ասվել է. «Մի՛ սպանիր:+ Ով որ սպանի, պետք է իր արածի համար պատասխան տա դատարանի առաջ»:+ 22  Բայց ես ասում եմ ձեզ. ով որ իր եղբոր* վրա զայրացած մնա,+ պետք է պատասխան տա դատարանի առաջ: Ով որ իր եղբորը խիստ վիրավորական խոսք ասի, պետք է պատասխան տա Գերագույն դատարանի առաջ: Բայց ով որ ասի՝ անաստված հիմար,* ենթակա կլինի կրակոտ գեհենին:*+ 23  Եվ ուրեմն, եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ+ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ-որ բան ունի, 24  ընծադ թող զոհասեղանի մոտ և գնա, նախ հաշտվիր եղբորդ հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ:+ 25  Երբ մեկը բողոք ներկայացնի քո դեմ, գործերդ արագ հարթիր նրա հետ նախքան դատարան հասնելը, այլապես գուցե նա քեզ հանձնի դատավորի ձեռքը, դատավորն էլ՝ դատական ծառայողի ձեռքը, և դու բանտ գցվես:+ 26  Հաստատ ասում եմ. այնտեղից դուրս չես գա, քանի դեռ պարտքդ չես վճարել մինչև վերջին լուման:* 27  Դուք գիտեք, որ ասվել է. «Մի՛ շնացիր»:*+ 28  Բայց ես ասում եմ ձեզ. ով շարունակ այնպես նայի որևէ կնոջ,+ որ իր մեջ կրքեր արթնանան նրա հանդեպ, նա արդեն իսկ շնացած կլինի նրա հետ իր սրտում:+ 29  Ուրեմն եթե քո աչքը* մեղքի է դրդում քեզ, հանիր այն ու դեն գցիր.+ ավելի լավ է՝ մարմնիդ մասերից մեկը կորցնես, քան ամբողջ մարմինդ կործանվի գեհենում:+ 30  Եթե քո ձեռքը* մեղքի է դրդում քեզ, կտրիր այն ու դեն գցիր.+ ավելի լավ է՝ մարմնիդ մասերից մեկը կորցնես, քան ամբողջ մարմինդ կործանվի գեհենում:+ 31  Նաև ասվել է. «Ով իր կնոջից բաժանվի, թող ամուսնալուծության վկայական տա նրան»:+ 32  Բայց ես ասում եմ ձեզ. ով բաժանվում է իր կնոջից, սակայն ոչ անբարոյականության* պատճառով, նրան դրդում է շնության,* և ով ամուսնանում է այս ձևով բաժանված կնոջ հետ, շնություն է գործում:+ 33  Դուք նաև գիտեք, որ հնում ապրողներին ասվել է. «Ձեր տված երդումը մի՛ դրժեք,+ այլ կատարեք Եհովային* տված խոստումները»:+ 34  Բայց ես ասում եմ ձեզ. ընդհանրապես երդում մի՛ տվեք:*+ Մի՛ երդվեք ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է, 35  ո՛չ երկրով, քանի որ այն նրա ոտքերի պատվանդանն է,+ ո՛չ Երուսաղեմով, քանի որ այն մեծն Թագավորի քաղաքն է,+ 36  և ո՛չ էլ ձեր գլխով, քանի որ չեք կարող ձեր գլխի մի մազն անգամ սպիտակ կամ սև դարձնել: 37  Պարզապես թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ,+ իսկ սրանից այն կողմ անցնողը Չարին է հետևում:+ 38  Դուք գիտեք, որ ասվել է. «Աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ»:+ 39  Բայց ես ասում եմ. հակահարված մի՛ տուր չար մարդուն, այլ եթե մեկը ապտակում է քո աջ այտին, մյուսն էլ նրան դարձրու:+ 40  Եթե մեկը ուզում է քեզ դատի տալ, որ վերցնի հագուստդ, վերնահագուստդ էլ տուր նրան:+ 41  Եթե իշխանություն ունեցող որևէ մեկը ստիպում է քեզ իրեն ծառայելու համար գնալ մեկ մղոն,* նրա հետ երկու մղոն գնա: 42  Եթե մեկը քեզնից մի բան է խնդրում, տուր նրա խնդրածը և քեզնից պարտք* ուզողին մի՛ մերժիր:+ 43  Դուք գիտեք, որ ասվել է. «Սիրեք դրացուն+ և ատեք թշնամուն»: 44  Բայց ես ասում եմ ձեզ. սիրեք ձեր թշնամիներին+ և աղոթեք ձեզ հալածողների համար,+ 45  որպեսզի լինեք ձեր երկնային Հոր որդիները,+ քանի որ նա արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա:+ 46  Եթե սիրեք միայն նրանց, ովքեր սիրում են ձեզ, մի՞թե վարձատրության կարժանանաք:+ Չէ՞ որ հարկահավաքներն էլ են այդպես անում: 47  Եվ եթե միայն ձեր եղբայրներին ողջունեք, ի՞նչ արտասովոր բան արած կլինեք: Չէ՞ որ ուրիշ ազգերի մարդիկ էլ են այդպես անում: 48  Ուստի կատարյալ եղեք,* ինչպես որ ձեր երկնային Հայրն է կատարյալ»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «ովքեր Աստծու մասին գիտելիքների ծարավ են»: Բռց.՝ «ոգու աղքատ [մուրացկան] են»:
Կամ՝ «մեղմ»:
Կարող է վերաբերել ոչ միայն ֆիզիկապես տեսնելուն, այլև ըմբռնելուն ու հասկանալուն:
Բռց.՝ «երկնքում»:
Կամ՝ «Ճշմարիտ»:
Բռց.՝ «ամենաաննշանը»:
Բռց.՝ «մեծ»:
Բռց.՝ «դպիրներինը»:
Հուն.՝ մորե: Այս բառով նկարագրվում է բարոյազուրկ և Աստծու դեմ ըմբոստացող մարդը:
Երուսաղեմից դուրս գտնվող վայր, որտեղ վառում էին աղբը: Բառարանում տես «Գեհեն»:
Այսինքն՝ հավատակցի:
Բռց.՝ «վերջին կվադրանսը»: Տես հավելված Բ14:
Բառարանում տես «Շնություն»:
Բռց.՝ «աջ աչքը»:
Բռց.՝ «աջ ձեռքը»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Բառարանում տես «Շնություն»:
Հիսուսը դատապարտում է անմտածված երդում տալը:
Ըստ ամենայնի, սա հռոմեական մղոնն է, որը մոտ 1 479,5 մ է: Տես հավելված Բ14:
Այսինքն՝ առանց տոկոսի պարտք:
Այսինքն՝ կատարյալ (լիարժեք) սեր դրսևորեք: