1 Թագավորներ 15։1-34
15 Հերոբովամի՝+ Նաբատի որդու իշխանության 18-րդ տարում Հուդայում թագավոր դարձավ Աբիամը+
2 և երեք տարի թագավորեց Երուսաղեմում: Նրա մայրը, որի անունը Մաաքա էր,+ Աբիսողոմի թոռն էր:
3 Աբիամը գործեց նույն մեղքերը, ինչ նախկինում իր հայրն էր գործել: Նրա սիրտը ամբողջությամբ իր Աստված Եհովայի հետ չէր, ինչպես իր նախահոր՝ Դավթի սիրտն էր:
4 Սակայն հանուն Դավթի՝+ նրա Աստված Եհովան Երուսաղեմում նրան մի ճրագ* տվեց՝+ նրանից հետո գահին նստեցնելով նրա որդուն և պահպանելով Երուսաղեմը,
5 քանի որ Դավիթն արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում, ու իր ողջ կյանքում չշեղվեց նրա պատվիրած և ոչ մի բանից՝ չհաշված քետացի Ուրիայի հետ կապված դեպքը:+
6 Ռոբովամի կենդանության օրոք նրա և Հերոբովամի միջև պատերազմ էր ընթանում:+
7 Աբիամի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»:+ Պատերազմ էր ընթանում նաև Աբիամի ու Հերոբովամի միջև:+
8 Աբիամը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում: Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Ասան:+
9 Ասան Հուդայի թագավոր դարձավ Իսրայելի թագավոր Հերոբովամի իշխանության 20-րդ տարում
10 և 41 տարի թագավորեց Երուսաղեմում: Նրա տատը, որի անունը Մաաքա էր,+ Աբիսողոմի թոռն էր:
11 Իր նախահոր՝ Դավթի պես Ասան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+
12 Նա երկրից վռնդեց տաճարային մարմնավաճառներին*+ և հեռացրեց իր հայրերի պատրաստած բոլոր գարշելի կուռքերը:*+
13 Նա նույնիսկ իր տատին՝ Մաաքային+ զրկեց մայր թագուհու դիրքից* այն պատճառով, որ նա զզվելի կուռք էր պատրաստել սուրբ ձողին* պաշտելու համար: Ասան կտրեց նրա զզվելի կուռքը+ և այրեց այն Կեդրոնի հովտում:+
14 Սակայն նա չվերացրեց սրբավայրերը:+ Այնուամենայնիվ, Ասայի սիրտը իր ողջ կյանքում ամբողջությամբ Եհովայի հետ էր:
15 Նա Եհովայի տուն բերեց իր և իր հոր կողմից սրբագործված* բոլոր բաները՝ արծաթը, ոսկին և տարբեր իրեր:+
16 Ասան և Իսրայելի թագավոր Բաասան+ մշտապես պատերազմում էին իրար դեմ:
17 Իսրայելի թագավոր Բաասան հարձակվեց Հուդայի վրա: Հետո սկսեց ամրացնել* Ռաման,+ որպեսզի ոչ մեկին թույլ չտա ելումուտ անել Հուդայի Ասա թագավորի տարածք:+
18 Այդ ժամանակ Ասան վերցրեց Եհովայի տան և արքունական տան գանձարաններում մնացած ամբողջ արծաթն ու ոսկին, տվեց իր ծառաներին և նրանց ուղարկեց Էզիոնի որդի Տաբրեմոնի որդու՝ Ասորիքի թագավոր+ Բենադադի մոտ, որը Դամասկոսում էր ապրում: Նա նրանց պատվիրեց ասել.
19 «Իմ ու քո միջև և իմ հոր ու քո հոր միջև դաշինք կա: Ես քեզ արծաթ ու ոսկի եմ որպես նվեր ուղարկում: Խզիր Իսրայելի թագավոր Բաասայի հետ ունեցած քո դաշինքը, որ նա հեռանա իմ երկրից»:
20 Բենադադը լսեց Ասա թագավորին. նա իր զորագլուխներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ և նվաճեց Իյոնը,+ Դանը,+ Աբել-Բեթմաաքան, ամբողջ Քեներեթը ու Նեփթաղիմի ողջ տարածքը:
21 Երբ Բաասան լսեց այդ մասին, անմիջապես դադարեցրեց Ռաման ամրացնելը, վերադարձավ Թերսա+ ու մնաց այնտեղ:
22 Իսկ Ասա թագավորը կանչեց Հուդայի բոլոր մարդկանց՝ բոլորին առանց բացառության, և նրանք տարան Ռամայի քարերն ու գերանները, որոնք Բաասան օգտագործել էր շինարարության մեջ: Ասա թագավորը դրանցով ամրացրեց Գեբան,+ որը Բենիամինի տարածքում է, ու Մասփան:+
23 Ասայի կյանքի մնացած իրադարձությունների մասին, նրա ողջ զորության, նրա բոլոր գործերի և ամրացրած քաղաքների մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: Ծերության տարիներին նա տառապում էր ոտքերի հիվանդությունից:+
24 Ասան հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին նրանց մոտ՝ իր նախահոր՝ Դավթի քաղաքում: Ասայից հետո թագավոր դարձավ նրա որդի Հովսափատը:+
25 Հուդայի թագավոր Ասայի իշխանության երկրորդ տարում Նադաբը՝+ Հերոբովամի որդին, դարձավ Իսրայելի թագավորը և իշխեց երկու տարի:
26 Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում. գնաց իր հոր հետքերով+ ու գործեց նույն մեղքերը, որոնք իր հայրը Իսրայելին դրդել էր գործել:+
27 Մի անգամ, երբ Նադաբն ու բոլոր իսրայելացիները պաշարել էին փղշտացիների Գաբաթոն+ քաղաքը, Իսաքարի տնից Բաասան՝ Աքիայի որդին, դավադրություն կազմակերպեց նրա դեմ ու սպանեց նրան Գաբաթոնում:
28 Հուդայի թագավոր Ասայի իշխանության երրորդ տարին էր, երբ Բաասան սպանեց նրան, և նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել:
29 Թագավոր դառնալուն պես նա բնաջնջեց Հերոբովամի ամբողջ տունը: Հերոբովամի տնից կենդանի շունչ չթողեց. բոլորին ոչնչացրեց, ինչպես որ Եհովան ասել էր իր ծառայի՝ սիլոնացի Աքիայի միջոցով:+
30 Դա եղավ այն մեղքերի պատճառով, որոնք Հերոբովամը գործել էր և որոնք նա Իսրայելին դրդել էր գործել, նաև այն պատճառով, որ խիստ վիրավորել էր Եհովային՝ Իսրայելի Աստծուն:
31 Նադաբի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»:
32 Ասան և Իսրայելի թագավոր Բաասան մշտապես պատերազմում էին իրար դեմ:+
33 Հուդայի թագավոր Ասայի իշխանության երրորդ տարում Բաասան՝ Աքիայի որդին, Թերսայում դարձավ ողջ Իսրայելի թագավորը և իշխեց 24 տարի:+
34 Բաասան արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում.+ գնաց Հերոբովամի հետքերով ու գործեց նույն մեղքերը, որոնք նա Իսրայելին դրդել էր գործել:+
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ սերունդ:
^ Այստեղ խոսքը այն տղամարդկանց մասին է, որոնք կեղծ պաշտամունքի մաս կազմող մարմնավաճառությամբ էին զբաղվում:
^ «Գարշելի կուռքեր» թարգմանված եբր. բառը, հնարավոր է, ծագումնաբանորեն կապված է մի բառի հետ, որը նշանակում է «գոմաղբ»: Այն գործածվում է արհամարհանք արտահայտելու համար:
^ Կամ՝ «տիկնությունից»:
^ Բառարանում տես «Սուրբ ձող»:
^ Բառարանում տես «Սրբագործել»:
^ Կամ՝ «վերակառուցել»: