1 Կորնթացիներ 14։1-40
14 Ամեն կերպ ձգտեք սեր դրսևորել միմյանց նկատմամբ և ջանադրաբար հետամուտ եղեք հոգևոր պարգևների, հատկապես մարգարեանալու* պարգևին:+
2 Տարբեր լեզուներով խոսողը թեև սրբազան գաղտնիքներ+ է հայտնում ոգու միջոցով, բայց ոչ ոք չի հասկանում նրան, այլ միայն Աստված:+
3 Մինչդեռ մարգարեացողը իր խոսքերով ամրացնում է մարդկանց հավատը, քաջալերում ու մխիթարում է նրանց:
4 Տարբեր լեզուներով խոսողը միայն իր հավատն է ամրացնում, բայց մարգարեացողը ժողովի հավատն է ամրացնում:
5 Իհարկե կուզեի, որ բոլորդ էլ լեզուներով խոսեք,+ սակայն գերադասում եմ, որ մարգարեանաք:+ Իրականում մարգարեացողը ավելի շատ օգուտ է տալիս, քան լեզուներով խոսողը, որովհետև եթե վերջինիս ասածները չթարգմանվեն, ժողովը ոչ մի օգուտ չի քաղի:
6 Եղբայրնե՛ր, հիմա եթե գամ ձեզ մոտ և լեզուներով խոսեմ, ի՞նչ օգուտ տված կլինեմ, եթե դրա հետ մեկտեղ գործի չդնեմ հայտնությամբ+ խոսելու պարգևը, իմացության+ պարգևը, մարգարեանալու պարգևը կամ էլ ուսուցանելու պարգևը:
7 Որպես օրինակ վերցնենք ձայն հանող անշունչ առարկաները, ինչպիսիք են սրինգը կամ քնարը: Եթե դրանց արձակած ձայնի մեջ հստակ զանազանելի ելևէջներ չլինեն, ապա ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե ինչ մեղեդի է հնչում:
8 Կամ եթե շեփորը անորոշ ձայն արձակի, ո՞վ կպատրաստվի պատերազմի:
9 Նմանապես, եթե ձեր ասելիքը հասկանալի չլինի, մարդիկ ինչպե՞ս կիմանան, թե ինչ եք ուզում ասել: Իրականում դուք օդի մեջ խոսողներ կլինեք:
10 Աշխարհում շատ լեզուներով են խոսում, և բոլորն էլ հնարավոր է հասկանալ:
11 Բայց եթե ես չեմ հասկանում ասվածի իմաստը, ուրեմն խոսողն օտարական է ինձ համար, ես էլ՝ խոսողի:
12 Ուստի դուք, որ փափագում եք ոգու տված պարգևները, ձգտեք առատորեն ունենալ այնպիսի պարգևներ, որոնք կնպաստեն ժողովի ամրապնդմանը:+
13 Հետևաբար նա, ով օտար լեզվով է խոսում, թող աղոթի, որ կարողանա նաև թարգմանել:+
14 Երբ ես աղոթում եմ օտար լեզվով, ինձնից չեմ խոսում, այլ ոգու միջոցով ինձ տրված պարգևի շնորհիվ եմ խոսում: Դրա համար էլ չեմ հասկանում ասածիս իմաստը:
15 Այդ դեպքում ի՞նչ է հարկավոր անել: Ես կաղոթեմ՝ գործի դնելով ոգու տված պարգևը, բայց և կաղոթեմ այնպես, որ ասածս հասկանամ: Ես կգովերգեմ Աստծուն՝ գործի դնելով ոգու տված պարգևը, բայց և կգովերգեմ այնպես, որ հասկանալի լինի:
16 Այլապես, երբ ոգու տված պարգևի միջոցով գովաբանական աղոթք անես, անիրազեկ մարդը ինչպե՞ս «ամեն» կասի քո աղոթքին, եթե չհասկանա, թե ինչ ես ասում:
17 Ճիշտ է, գուցե դու լավ ես մատուցում քո գովաբանական աղոթքը, բայց մյուսների հավատը դրանից չի ամրանում:
18 Փա՛ռք Աստծու, որ ես ավելի շատ լեզուներով եմ խոսում, քան դուք բոլորդ:
19 Այդուհանդերձ, գերադասում եմ ժողովում հինգ հասկանալի խոսք ասել, որ ուրիշներին էլ սովորեցնեմ, քան թե ուրիշներին անհասկանալի լեզվով տասը հազար խոսք ասեմ:+
20 Եղբայրնե՛ր, հասկացողության հարցում երեխա մի՛ եղեք,+ այլ եղեք չափահաս:+ Երեխա եղեք վատ բաների հարցում:+
21 Օրենքում գրված է. ««Օտար լեզուներով և օտարների շուրթերով կխոսեմ այս ժողովրդի հետ, բայց այդ ժամանակ էլ նրանք չեն ուզենա լսել ինձ»,– ասում է Եհովան»:*+
22 Հետևաբար լեզուներով խոսելը ոչ թե հավատացյալներին սովորեցնելու համար է, այլ այն բանի, որ հավատացյալ չեղողները հավատան:+ Մինչդեռ մարգարեանալը ոչ թե հավատացյալ չեղողների համար է, այլ հավատացյալների:
23 Այսպիսով, եթե ամբողջ ժողովը մեկտեղ հավաքվի, և բոլորը խոսեն այլ լեզուներով, և անիրազեկ մարդիկ կամ հավատացյալ չեղողները ներս մտնեն, չե՞ն ասի՝ խելագարվել եք:
24 Բայց եթե դուք բոլորդ մարգարեանաք, և մի անիրազեկ մարդ կամ հավատացյալ չեղող մարդ ներս մտնի, ձեր խոսքերը ցույց կտան, թե որ հարցերում է նա սխալ, ու կմղեն ինքնաքննություն անելու:
25 Նրա սրտի ծածուկ բաները ի հայտ կգան, և նա, ծնկի գալով, մինչև գետին կխոնարհվի, կերկրպագի Աստծուն ու կասի. «Իրոք որ, Աստված ձեզ հետ է»:+
26 Ուրեմն, եղբայրնե՛ր, ի՞նչ է հարկավոր անել: Երբ միասին հավաքվում եք, և մեկը սաղմոս է ասում, մյուսը սովորեցնում է, մյուսը իրեն տրված հայտնության մասին է պատմում, մեկ ուրիշը օտար լեզվով է խոսում, մեկ ուրիշն էլ թարգմանում է,+ ամեն ինչ արեք այնպես, որ միմյանց հավատն ամրացնեք:
27 Եվ եթե այլ լեզուներով խոսողներ կան, թող երկու կամ ամենաշատը երեք հոգի խոսեն, այն էլ՝ հերթով: Ինչ-որ մեկն էլ պետք է թարգմանի:+
28 Սակայն եթե թարգմանող չկա, պետք է լուռ մնան ժողովում ու իրենց մտքում խոսեն Աստծու հետ:
29 Եթե կան մարգարեացողներ,+ թող երկուսը կամ երեքը խոսեն, իսկ մյուսները թող լսեն, որ հասկանան իմաստը:
30 Սակայն եթե այնտեղ նստած մեկ ուրիշին հայտնություն տրվի, թող այդ պահին խոսողը լռի, որ նա խոսի:
31 Այդպիսով բոլորդ կկարողանաք հերթով մարգարեանալ, որ լսողները սովորեն ու քաջալերվեն:+
32 Ովքեր ոգուց ստացած մարգարեանալու պարգև ունեն, պետք է վերահսկեն, թե ինչպես են օգտագործում այդ պարգևը:
33 Աստված չի ցանկանում, որ անկարգություն լինի, նա խաղաղություն է սիրում:*+
Ինչպես սրբերի* բոլոր ժողովներում ընդունված կարգն է,
34 կանայք թող ժողովում լուռ մնան, քանի որ նրանց թույլատրված չէ խոսել:*+ Թող նրանք հնազանդություն դրսևորեն, ինչպես ասվում է նաև օրենքում:+
35 Իսկ եթե ինչ-որ բան չեն հասկանում, թող տանը իրենց ամուսիններին հարցնեն, քանի որ կնոջը վայել չէ խոսել ժողովում:
36 Կորնթացինե՛ր, մի՞թե Աստծու խոսքը ձեզնից է տարածվել կամ մի՞թե միայն ձեզ է տրվել:
37 Եթե որևէ մեկը իրեն համարում է մարգարե կամ ոգու տված պարգև ունեցող մարդ, պետք է ընդունի, որ այն, ինչ գրում եմ ձեզ, Տերն է պատվիրել:
38 Բայց ով մերժի սա, ինքն էլ մերժված կլինի:*
39 Ուստի, եղբայրնե՛րս, շարունակեք ջանադրաբար հետամուտ լինել մարգարեանալու պարգևին,+ բայց լեզուներով խոսելն էլ մի՛ արգելեք:+
40 Միայն թե ամեն ինչ թող պատշաճ ձևով ու կարգուկանոնով արվի:+
Ծանոթագրություններ
^ Սա կարող է վերաբերել ապագան կանխատեսելուն, Աստծու պատգամը հայտնելուն կամ մարգարությունները բացատրելուն:
^ Տես հավելված Ա5:
^ Կամ՝ «խաղաղության Աստված է»:
^ Համատեքստից երևում է, որ սա վերաբերում է ժողովին խոսք ուղղելուն:
^ Կամ հնարավոր է՝ «ով անգետ է, անգետ կմնա»: