1 Սամուել 13։1-23
13 Սավուղը թագավոր դարձավ....* տարեկանում:+ Իսրայելում երկու տարի թագավորելուց հետո
2 նա իսրայելացիներից 3 000 մարդ ընտրեց. 2 000-ը իր հետ էին լինելու Մաքմասում և Բեթելի լեռնային շրջանում, իսկ 1 000-ը՝ Հովնաթանի+ հետ Բենիամինի Գաբաայում:+ Մնացած իսրայելացիներին Սավուղն ասաց, որ գնան իրենց տները:*
3 Դրանից հետո Հովնաթանը ոչնչացրեց փղշտացիների+ կայազորը, որը Գեբայում+ էր, և փղշտացիներն իմացան այդ մասին: Սավուղը հրամայեց, որ եղջերափող հնչեցնեն+ ողջ երկրում և ասեն. «Թող լսե՛ն եբրայեցիները»:
4 Բոլոր իսրայելացիները լսեցին, որ Սավուղը ոչնչացրել է փղշտացիների կայազորը, և որ այժմ Իսրայելը գարշելի է դարձել փղշտացիների համար: Ուստի ժողովուրդը կանչվեց Գաղգաղա,+ որ այնտեղ միանա Սավուղին:
5 Փղշտացիները նույնպես հավաքվեցին և դուրս եկան Իսրայելի դեմ պատերազմելու: Նրանք ունեին 30 000 մարտակառք ու 6 000 հեծյալ: Զորքը ծովեզերքի ավազահատիկների չափ մեծաթիվ էր:+ Նրանք գնացին Մաքմաս՝ Բեթ-Ավենից+ դեպի արևելք, և այնտեղ բանակ դրեցին:
6 Իսրայելացիները, հասկանալով, որ ծանր դրության մեջ են հայտնվել ու նեղն են ընկել, թաքնվեցին քարանձավներում,+ կիրճերում, ժայռերի մեջ, գետնափոր տեղերում և հորերում:
7 Եբրայեցիներից ոմանք նույնիսկ անցան Հորդանանն ու գնացին Գադի և Գաղաադի տարածք:+ Բայց Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և նրա հետ եղող ողջ ժողովուրդը վախից դողում էր:
8 Նա յոթ օր սպասեց՝ այնքան ժամանակ, որքան որ Սամուելը սահմանել էր: Սակայն Սամուելը չեկավ Գաղգաղա, և ժողովուրդը սկսեց հեռանալ Սավուղից:
9 Ի վերջո նա ասաց. «Ինձ մոտ բերեք ողջակեզն ու խաղաղության զոհերը»: Ապա մատուցեց ողջակեզը:+
10 Բայց հենց որ ողջակեզը մատուցեց վերջացրեց, Սամուելը եկավ: Սավուղը դուրս գնաց նրան դիմավորելու և ողջունելու:*
11 Սամուելն ասաց. «Այս ի՞նչ ես արել»: Սավուղն էլ պատասխանեց. «Երբ տեսա, որ ժողովուրդը լքում է ինձ,+ դու էլ չես գալիս սահմանված ժամանակին, իսկ փղշտացիները հավաքվում են Մաքմասում,+
12 մտածեցի. «Հիմա փղշտացիները կիջնեն Գաղգաղա, որ կռվեն իմ դեմ, իսկ ես դեռ չեմ խնդրել Եհովային, որ աջակցի մեզ»:* Ուստի ստիպված եղա մատուցել ողջակեզը»:
13 Այդ խոսքերը լսելով՝ Սամուելն ասաց Սավուղին. «Դու հիմարություն ես արել՝ չես հնազանդվել այն պատվերին, որ քո Աստված Եհովան տվել է քեզ:+ Եթե հնազանդվեիր, Եհովան այնպես կաներ, որ քո թագավորությունը Իսրայելում հարատև լիներ:
14 Բայց հիմա քո թագավորությունը չի շարունակվելու:+ Եհովան իր սրտին հաճելի մարդ է ընտրելու:+ Եհովան նրան է իր ժողովրդի առաջնորդ նշանակելու,+ քանի որ դու չհնազանդվեցիր Եհովայի պատվերին»:+
15 Հետո Սամուելը հեռացավ Գաղգաղայից ու գնաց Բենիամինի Գաբաա: Սավուղը հաշվեց իր հետ մնացած մարդկանց. նրանց թիվը մոտ 600 էր:+
16 Նա, իր որդի Հովնաթանը և իրենց հետ եղող մարդիկ մնում էին Բենիամինի Գեբայում,+ իսկ փղշտացիները բանակ էին դրել Մաքմասում:+
17 Իսրայելացիների վրա հարձակվելու համար փղշտացիների բանակատեղիից երեք գունդ էր դուրս գալիս: Մի գունդը գնում էր Եփրա և Սուալի շրջան տանող ճանապարհով,
18 մյուս գունդը՝ Բեթ-Օրոն+ տանող ճանապարհով, իսկ երրորդ գունդը՝ անապատի ուղղությամբ՝ այն ճանապարհով, որը տանում է Սեբոիմի հովտին նայող սահմանը:
19 Ողջ Իսրայելում դարբնություն անող չկար, քանի որ փղշտացիները չէին ուզում, որ եբրայեցիները սուր կամ նիզակ պատրաստեն իրենց համար:
20 Իսրայելացիները ստիպված գնում էին փղշտացիների մոտ՝ իրենց խոփերը,* բրիչները, կացիններն ու մանգաղները սրելու համար:
21 Խոփերը, բրիչները, եռաժանի գործիքները, կացինները սրելու և խթաններն ամրացնելու դիմաց վճարվող գինը մեկ փիմ* էր:
22 Ուստի Սավուղի և Հովնաթանի հետ եղող մարդկանցից ոչ մեկի ձեռքին սուր կամ նիզակ չկար, որ պատերազմեին.+ միայն Սավուղն ու իր որդին՝ Հովնաթանը, զենք ունեին:
23 Փղշտացիների կայազորը տեղակայվել էր Մաքմասի+ կիրճում:
Ծանոթագրություններ
^ Եբր. տեքստում թիվը բացակայում է:
^ Բռց.՝ «վրանները»:
^ Բռց.՝ «օրհնելու»:
^ Բռց.՝ «չեմ փափկացրել Եհովայի երեսը»:
^ Գութանի՝ արորի մետաղյա կտրիչը, որը մտնում է հողի մեջ և ճեղքում այն:
^ Մոտ 7,8 գ արծաթ: Տես հավելված Բ14: