2 Թագավորներ 9։1-37
9 Եղիսե մարգարեն կանչեց մարգարեների որդիներից մեկին և ասաց. «Հագուստիդ փեշերը գոտուդ տակ մտցրու, շտապ վերցրու յուղի այս սրվակը և գնա Ռամոթ-Գաղաադ:+
2 Երբ հասնես այնտեղ, գտիր Հեուին՝+ Նամեսիի որդի Հովսափատի որդուն. նա իր եղբայրների հետ կլինի: Տար նրան տուն՝ խորքի սենյակ:
3 Հետո վերցրու յուղով սրվակը, յուղը լցրու նրա գլխին ու ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ես քեզ օծում եմ Իսրայելի թագավոր»»:+ Ապա դուռը բացիր և առանց հապաղելու փախիր»:
4 Ուստի մարգարեի սպասավորը գնաց Ռամոթ-Գաղաադ
5 ու տեղ հասնելով՝ տեսավ, որ զորագլուխները նստած են: Նա ասաց. «Ո՛վ զորագլուխ, բան ունեմ քեզ ասելու»: Հեուն հարցրեց. «Մեզնից ո՞ր մեկին»: Նա էլ պատասխանեց. «Քե՛զ, ո՛վ զորագլուխ»:
6 Հեուն վեր կացավ ու մտավ տուն: Մարգարեի սպասավորը յուղը լցրեց նրա գլխին ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Քեզ օծում եմ Եհովայի ժողովրդի՝ Իսրայելի թագավոր:+
7 Վերացրո՛ւ քո տիրոջ՝ Աքաաբի տունը, և այդպիսով ես վրեժ կառնեմ իմ ծառաների՝ մարգարեների ու Եհովայի մյուս բոլոր ծառաների համար, որոնք սպանվել են Հեզաբելի ձեռքով:+
8 Աքաաբի ամբողջ տունը կոչնչանա. Իսրայելից կբնաջնջեմ նրա սերնդի բոլոր տղամարդկանց,* նույնիսկ անօգնականին ու թույլին:+
9 Աքաաբի տան հետ կանեմ այն, ինչ արեցի Նաբատի որդի Հերոբովամի տան+ և Աքիայի որդի Բաասայի տան հետ:+
10 Իսկ Հեզաբելին շները կուտեն Հեզրայելի հողակտորում,+ և նրան թաղող չի լինի»»: Այս խոսքերն ասելով՝ սպասավորը բացեց դուռն ու փախավ:+
11 Հեուն վերադարձավ իր տիրոջ ծառաների մոտ, և նրանք հարցրին նրան. «Ամեն ինչ կարգի՞ն է: Այս ցնորվածը ինչո՞ւ էր եկել քեզ մոտ»: Նա էլ պատասխանեց. «Դուք գիտեք այդ մարդուն: Ի՞նչ պետք է ասեր»:
12 Բայց նրանք ասացին. «Ո՛չ, մեզ ճի՛շտն ասա»: Այդ ժամանակ Հեուն ասաց. «Նա ինձ այս ու այն բանն ասաց, հետո ավելացրեց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Քեզ օծում եմ Իսրայելի թագավոր»»»:+
13 Դա լսելով՝ բոլորը շտապ վերցրին իրենց վերնահագուստները, փռեցին նրա առաջ՝+ աստիճանների վրա, ապա եղջերափող հնչեցրին ու ասացին. «Հեուն թագավո՜ր է դարձել»:+
14 Դրանից հետո Հեուն՝+ Նամեսիի որդի Հովսափատի որդին, դավադրություն կազմակերպեց Հովրամի դեմ:
Մինչ այդ Հովրամը և Իսրայելի ողջ զորքը Ռամոթ-Գաղաադում էին եղել+ և Իսրայելին պաշտպանել էին Ասորիքի թագավոր Ազայելի հարձակումներից:+
15 Բայց հետո Հովրամ թագավորը Ասորիքի թագավոր Ազայելի դեմ պատերազմելիս ասորիների կողմից վիրավորվել էր, ուստի վերադարձել էր Հեզրայել,+ որ բուժվի:+
Հեուն ասաց. «Եթե իմ կողմն եք, թույլ մի՛ տվեք, որ որևէ մեկը դուրս գա այս քաղաքից և գնա ու այս մասին պատմի Հեզրայելում»:
16 Ապա նա նստեց իր կառքն ու գնաց Հեզրայել, որովհետև Հովրամը այնտեղ վիրավոր պառկած էր, և Հուդայի թագավոր Օքոզիան գնացել էր Հովրամին տեսության:
17 Հեզրայելում աշտարակի վրա կանգնած ժամապահը, տեսնելով, որ Հեուն ամբոխի հետ մոտենում է, ասաց. «Մարդկանց բազմություն եմ տեսնում»: Հովրամն իսկույն հրամայեց. «Մի ձիավոր ուղարկիր, որ գնա նրանց ընդառաջ և հարցնի. «Խաղաղությա՞մբ եք եկել»»:
18 Ուստի մի ձիավոր գնաց նրանց ընդառաջ ու ասաց. «Թագավորը հարցնում է. «Խաղաղությա՞մբ եք եկել»»: Սակայն Հեուն պատասխանեց. «Դու ի՞նչ գիտես՝ խաղաղությունն ինչ է: Իմ հետևի՛ց արի»:
Ժամապահը հաղորդեց. «Պատգամաբերը հասավ նրանց մոտ, բայց չի վերադառնում»:
19 Այդ ժամանակ թագավորը երկրորդ ձիավորին ուղարկեց, որը հասնելով նրանց՝ ասաց. «Թագավորը հարցնում է. «Խաղաղությա՞մբ եք եկել»»: Սակայն Հեուն պատասխանեց. «Դու ի՞նչ գիտես՝ խաղաղությունն ինչ է: Իմ հետևի՛ց արի»:
20 Ժամապահը նորից հաղորդեց. «Նա հասավ նրանց, բայց չի վերադառնում: Իսկ նրանց առաջնորդի կառք վարելը նման է Նամեսիի թոռան՝* Հեուի կառք վարելուն, որովհետև խելագարի պես է վարում»:
21 Այդ պահին Հովրամը կարգադրեց. «Լծե՛ք մարտակառքը»: Եվ նրա մարտակառքը լծեցին: Իսրայելի Հովրամ և Հուդայի Օքոզիա+ թագավորները իրենց մարտակառքերով գնացին Հեուին ընդառաջ և նրան հանդիպեցին հեզրայելացի Նաբովթի հողակտորում:+
22 Հեուին տեսնելով՝ Հովրամը հարցրեց. «Խաղաղությա՞մբ ես եկել, Հեո՛ւ»: Բայց Հեուն պատասխանեց. «Ի՞նչ խաղաղություն կարող է լինել, երբ մայրդ՝ Հեզաբելը,+ անբարոյականությամբ* ու կախարդությամբ է զբաղվում»:+
23 Հովրամն անմիջապես շրջեց կառքը, որ փախչի, և բղավեց. «Դավաճանությո՜ւն է, Օքո՛զիա»:
24 Հեուն քաշեց աղեղն ու խոցեց Հովրամի թիակների մեջտեղը: Նետը անցավ նրա սրտի միջով, և նա ընկավ իր մարտակառքի մեջ:
25 Հեուն կարգադրեց իր օգնականին՝ Բադեկարին. «Բարձրացրո՛ւ նրան ու գցի՛ր հեզրայելացի Նաբովթի արտը:+ Հիշիր, որ երբ ես ու դու նրա հոր՝ Աքաաբի հետևից կառքերով գնում էինք, Եհովան նրա մասին այս դատավճիռը հայտնեց.+
26 «Երեկ ես Նաբովթի ու նրա որդիների արյունը տեսա,+– ասում է Եհովան,– և հենց այս հողակտորում էլ կհատուցեմ քեզ,+– ասում է Եհովան»: Ուստի հիմա բարձրացրու նրան ու գցիր այս հողակտորում, ինչպես որ Եհովան ասել է»:+
27 Տեսնելով պատահածը՝ Հուդայի թագավոր Օքոզիան+ պարտեզի տան ճանապարհով փախավ: (Ավելի ուշ Հեուն գնաց նրան հետապնդելու և հրամայեց. «Նրա՛ն էլ սպանեք»: Եվ երբ Օքոզիան իր կառքով գնում էր Գուր տանող ճանապարհով, որը Հեբլամի+ մոտ է, նրան վիրավորեցին: Նա փախավ Մեգիդո և այնտեղ մեռավ:
28 Օքոզիայի ծառաները նրան կառքով տարան Երուսաղեմ ու թաղեցին Դավթի քաղաքում՝+ իր նախահայրերի գերեզմանում:
29 Հովրամի՝ Աքաաբի որդու թագավորության 11-րդ տարում էր, որ Օքոզիան+ դարձել էր Հուդայի թագավորը):
30 Հեուն եկավ Հեզրայել:+ Լսելով այդ մասին՝ Հեզաբելը+ աչքերը ծարիրով* ներկեց, մազերը գեղեցիկ հարդարեց ու նայեց պատուհանից դուրս:
31 Երբ Հեուն դարպասից ներս մտավ, Հեզաբելն ասաց նրան. «Ամեն բան կարգի՞ն է իր տիրոջը սպանած Զամրիի մոտ»:+
32 Հեուն նայեց վերև՝ պատուհանին, ու հարցրեց. «Ո՞վ է իմ կողմից, ո՞վ»:+ Այդ պահին երկու կամ երեք պալատականներ վերևից նրան նայեցին:
33 Հեուն հրամայեց. «Ցա՛ծ գցեք նրան»: Եվ Հեզաբելին ցած գցեցին: Նրա արյունը պատի ու ձիերի վրա ցայտեց, և Հեուի ձիերը կոխկրտեցին Հեզաբելին:
34 Դրանից հետո Հեուն ներս մտավ, կերավ-խմեց և ապա ասաց. «Տարեք թաղե՛ք այդ անիծված կնոջը. վերջիվերջո, թագավորի աղջիկ է»:+
35 Բայց երբ գնացին թաղելու, նրանից ոչինչ չգտան՝ բացի գանգից, ոտքերից ու ձեռքի թաթերից:+
36 Նրանք վերադարձան ու այդ մասին հայտնեցին Հեուին: Նա ասաց. «Ահա և կատարվեց Եհովայի խոսքը,+ որ նա ասել էր իր ծառա թեզբացի Եղիայի միջոցով. «Հեզրայելի հողակտորում շները կուտեն Հեզաբելի մարմինը:+
37 Եվ Հեզաբելի դիակը ընկած կմնա Հեզրայելի հողակտորում, ինչպես գոմաղբը՝ դաշտում, այնպես որ ոչ ոք չի կարողանա ասել, թե սա Հեզաբելն է»»:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «պատին ամեն միզողին»: Արհամարհանք արտահայտող եբր. արտահայտություն, որը վերաբերում է արական սեռի մարդկանց:
^ Բռց.՝ «որդու»:
^ Կամ՝ «կռապաշտությամբ»:
^ Կամ՝ «կոպերի ստվերաներկով»: