Երկրորդ Օրենք 25։1-19
25 «Եթե մարդկանց մեջ վեճ ծագի, նրանք թող գան դատավորների մոտ,+ որ դատավորները դատեն և արդարին անմեղ հայտարարեն, իսկ մեղավորին դատապարտեն:+
2 Եթե մեղավորը ծեծի է արժանի,+ դատավորը կհրամայի, որ նրան իր ներկայությամբ պառկեցնեն գետնին ու ծեծեն: Հարվածների քանակը պետք է համապատասխան լինի արարքի ծանրությանը:
3 Հարվածները առավելագույնը 40 պետք է լինեն,+ ոչ ավելին: Եթե ավելի շատ հարվածներ տրվեն, ապա ձեր եղբայրը կանարգվի ձեր աչքի առաջ:
4 Կալ անող* ցլի* բերանին դնչկալ չդնեք:+
5 Եթե իրար մոտ ապրող եղբայրներից մեկը մահանա առանց որդի ունենալու, ապա մահացածի կինը չպետք է ամուսնանա այլ ազգատոհմից ուրիշ մեկի հետ: Նրա տեգրը պետք է ամուսնանա նրա հետ և կատարի տեգրի պարտավորությունը:+
6 Ծնված առաջնեկը մահացածի ժառանգը կհամարվի,*+ որ նրա անունը չվերանա Իսրայելից:+
7 Բայց եթե տեգրը չուզենա ամուսնանալ իր եղբոր այրու հետ, ապա այրին պետք է գնա քաղաքի դարպասի մոտ ու երեցներին ասի. «Ամուսնուս եղբայրը հրաժարվում է պահպանել իր եղբոր անունը Իսրայելում: Նա չի համաձայնվում ամուսնանալ ինձ հետ ու կատարել տեգրի պարտավորությունը»:
8 Քաղաքի երեցները կկանչեն այդ մարդուն ու կխոսեն նրա հետ, բայց եթե նա համառի և ասի, որ չի ուզում ամուսնանալ այրու հետ,
9 այդ ժամանակ այրին երեցների առաջ կմոտենա նրան, նրա ոտքից կհանի սանդալը,+ կթքի նրա երեսին ու կասի. «Ահա թե ինչ են անում այն մարդուն, ով չի ուզում իր եղբոր համար սերունդ առաջ բերել»:
10 Այդուհետ Իսրայելում նրա տոհմը* հայտնի կլինի որպես «սանդալը հանածի տուն»:
11 Եթե երկու տղամարդ կռվի բռնվեն, և մեկի կինը միջամտի, որ պաշտպանի իր ամուսնուն, և ձեռքը մեկնի ու բռնի հարձակվողի սեռական օրգաններից,
12 ապա նրա ձեռքը պետք է կտրեք: Չխղճաք* նրան:
13 Ձեր պայուսակի մեջ նույն քաշի համար երկու տարբեր կշռաքար չունենաք՝+ ավել կամ պակաս կշռող,
14 և ձեր տանը նույն չափի համար երկու տարբեր չափանոթ չունենաք՝+ ավել կամ պակաս տարողությամբ:
15 Ձեր կշռաքարերն ու չափանոթները պետք է ճշգրիտ լինեն ու չխաբեն, որպեսզի դուք երկար ապրեք այն երկրում, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ:+
16 Անազնիվ բաներ անող բոլոր մարդիկ գարշելի են ձեր Աստված Եհովայի համար:+
17 Չմոռանաք, թե ինչպես վարվեցին ձեզ հետ ամաղեկացիները, երբ դուրս էիք եկել Եգիպտոսից,+
18 թե ինչպես դիմավորեցին ձեզ ճանապարհին, և երբ ուժասպառ ու հոգնած էիք, ինչպես թիկունքից հարվածեցին հետ մնացածներին: Նրանք չվախեցան Աստծուց:
19 Երբ ձեր Աստված Եհովան շրջակա բոլոր թշնամիներից հանգստություն տա ձեզ այն երկրում, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն,+ կբնաջնջեք ամաղեկացիներին, որ նրանց հիշատակն անգամ չմնա երկնքի տակ:+ Չմոռանաք սա»:
Ծանոթագրություններ
^ Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
^ Հնարավոր է՝ նկատի ունի ցլի համեմատաբար հլու տեսակ, որին օգտագործում էին գյուղատնտեսության մեջ և բեռներ փոխադրելու համար:
^ Բռց.՝ «անունը կկրի»:
^ Կամ՝ «նրա տան անունը»: Բռց.՝ «նրա անունը»:
^ Բռց.՝ «Թող քո աչքը չխղճա»: