Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀՈԿԱՆ ԴԱՎԻԴՍՈՆ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պատիվ ունեցա աջակցելու ճշմարտության տարածմանը

Պատիվ ունեցա աջակցելու ճշմարտության տարածմանը

 Ծնվել ու մեծացել եմ Շվեդիայում։ Պատանեկան տարիքում ինձ վրա մեծ ազդեցություն էին թողել աթեիստական գաղափարները։ Ուստի երբ հայրս, մայրս և կրտսեր քույրս սկսեցին Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել, դա ինձ չհետաքրքրեց։

 Սակայն հորս շարունակական հորդորների արդյունքում որոշեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ես ապշել էի, թե Աստվածաշունչը գիտական տեսանկյունից որքան ճշգրիտ է։ Ժամանակի ընթացքում համոզվեցի, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է, և որ Եհովայի վկաները այն ճշգրիտ կերպով են սովորեցնում ու դրա չափանիշներով են ապրում։ Ես ու հայրս մկրտվեցինք նույն օրը՝ 1970 թ.-ին։ Մայրս ու երկու քույրերս էլ մկրտվեցին մի քանի տարի անց։

 Իմ հասակակիցների ուշքն ու միտքը կարծես միայն քեֆ-ուրախությունը լիներ։ Անկեղծ ասած՝ 17 տարեկանում ինձ դուր էր գալիս նրանց անհոգ ապրելակերպը։ Սակայն ինձ հետ ուսումնասիրող զույգից այնպիսի ուրախություն էր ճառագում, որ ես էլ ցանկացա լիաժամ ծառայություն սկսել։ 21 տարեկանում այդպես էլ արեցի։

Ես և հայրս նույն օրն ենք մկրտվել (հայրս իմ աջ կողմում է)

 Ռահվիրայությունից աննկարագրելի ուրախություն ստանալով՝ ափսոսում էի, որ ավելի շուտ չէի սկսել։ Ինձ հատկապես մեծ բավականություն էր պատճառում Գյոթեբորգի նավահանգստում քարոզելը, քանի որ այնտեղ հնարավորություն էի ունենում ճշմարտությունը պատմել բեռնատար նավերի օտարախոս աշխատողներին։

 Վերջին հինգ տասնամյակների ընթացքում հաճույք եմ ստացել բարի լուրը տարբեր լեզուներով խոսող մարդկանց յուրօրինակ կերպով հասանելի դարձնելուց։ Թույլ տվեք պատմել, թե ամեն բան ինչպես սկսվեց։

Աշխատում եմ MEPS ծրագրով

 Ռահվիրա ծառայելու հետ մեկտեղ կես դրույքով տպագրիչ էի աշխատում, որ հոգայի կարիքներս։ Այդ ժամանակ տպագրական արդյունաբերությունը նոր դարաշրջան էր թևակոխում։ Կապարե տպատառեր օգտագործելու փոխարեն տեքստի և նկարների տպագրությունը սկսեց իրականացվել լուսանկարչական մեթոդով։ Ես սովորեցի օգտագործել համակարգչային շարվածքի նորագույն սարքավորումները, որ տպագրահաստոցի համար տպաձևեր պատրաստեմ։

Մեր ամուսնության օրը

 1980 թ.-ին ամուսնացա Հելեն անունով մի ռահվիրա քրոջ հետ։ Նա էլ ինձ պես սիրում էր ծանոթանալ աշխարհի տարբեր մասերում բնակվող մարդկանց հետ և բացահայտել նոր մշակույթներ։ Մեր նպատակն էր սովորել «Գաղաադ» դպրոցում և ծառայել որպես միսիոներներ։

 Այնուամենայնիվ, տպագրության ոլորտում իմ փորձից ելնելով, ինձ ու Հելենին հրավիրեցին ծառայելու Շվեդիայի Բեթելում։ Կազմակերպությունը նպատակ ուներ կիրառության մեջ դնել նոր տեխնոլոգիաները, որպեսզի մեր տպագրական մեթոդները առավել արդյունավետ դառնային։ Ուստի 1983 թ.-ին մեզ ուղարկեցին Նյու Յորք՝ Ուոլքիլի Բեթել, որպեսզի ուսուցում ստանանք եղբայրների ստեղծած էլեկտրոնային լուսաշարվածքի բազմալեզու համակարգի վերաբերյալ (MEPS) a։

Աշխատում եմ Հոնկոնգի, Մեքսիկայի, Նիգերիայի և Իսպանիայի համար նախատեսված MEPS սարքերի վրա

 Ինչպես պարզեցինք, MEPS-ը մի համակարգ է, որը թույլ է տալիս տեքստ մուտքագրել տարբեր գրերով կամ այբուբեններով, այնուհետև այն կցել նկարներին և էջերի վրա կատարել շարվածքը։ Մեր դերն էր աջակցել MEPS-ի միջոցով նոր գրերի մշակման գործին, որպեսզի մեր հրատարակությունները ավելի շատ լեզուներով տպագրվեն։ Այժմ՝ տասնամյակներ անց, Եհովայի վկաները տարածում են բարի լուրը ավելի քան 1 000 լեզուներով։

 Հետագայում ես ու Հելենը նշանակվեցինք Ասիա. պետք է այնտեղից աջակցեինք MEPS-ի մեջ նոր լեզուներ ներմուծելու գործին։ Մենք լի էինք նոր ուժերով ու նախանձախնդրությամբ, որ օգնենք բարի լուրը հասանելի դարձնել ավելի շատ լեզուներով։

Մշակութային շոկ

 1986 թ.-ին ես ու Հելենը ժամանեցինք Հնդկաստան։ Դա իսկական մշակութային շոկ էր մեզ համար։ Հասնելով Բոմբեյ (այժմ՝ Մումբայ)՝ սթրեսի մեջ ընկանք մեզ համար անծանոթ միջավայրից։ Շվեդիայի և Հնդկաստանի մշակույթները կարծես հակադիր բևեռներ լինեին։ Առաջին շաբաթը լրջորեն մտածում էինք տուն վերադառնալու մասին։

 Այդուհանդերձ, առաջին շաբաթվանից հետո երկուսս էլ նույն եզրահանգմանը եկանք. «Միսիոներ լինելը միշտ մեր երազանքն է եղել։ Հիմա վերջապես օտարերկրյա նշանակում ենք ստացել։ Հետ կանգնելու իրավունք չունե՛նք։ Պետք է հաղթահարենք այս խոչընդոտները»։

 Այդպիսով, փախչելու փոխարեն ես ու Հելենը որոշեցինք մեր ուժերը լարել և հնարավորինս շատ բան սովորել այդ անծանոթ աշխարհի մասին։ Մեզանից շատ ժամանակ չպահանջվեց, որ սիրահարվենք Հնդկաստանին։ Տարիների ընթացքում հասցրինք հնդկական երկու լեզու սովորել՝ գուջարաթի և փենջաբի։

Ուղևորվում ենք Մյանմա

Մյանմայի Թագավորության սրահում՝ տեղացիների ազգային հագուստով

 1988 թ.-ին մեզ ուղարկեցին Մյանմա՝ Չինաստանի, Հնդկաստանի և Թաիլանդի միջև ծվարած մի երկիր։ Այնտեղ քաղաքական իրավիճակը շատ լարված էր. երկրի մեծ մասը ռազմական դրության մեջ էր։ MEPS-ը այնտեղ օգտագործվող ոչ լատինական գրերով դեռ չէր աշխատում, ու չկար որևէ այլ ծրագիր, որը կարող էր դա անել։ Ուստի մեր առաքելությունն էր օգնել այս նոր գրերի նիշերի գծագրության հարցում, ապա դրանք տանել-հասցնել Ուոլքիլ՝ MEPS-ի մեջ ներմուծելու համար։

 Օդանավակայանում Հելենը այդ նիշերի պատկերները տեղավորել էր իր ձեռքի պայուսակի մեջ։ Հաշվի առնելով քաղաքական անկայուն վիճակը՝ եթե մաքսատան աշխատողները հայտնաբերեին, որ մյանմա լեզվով գրվածքներ ենք տանում, մեզ կձերբակալեին։ Բայց երբ անցակետում Հելենին ստուգում էին, նա պարզապես պայուսակը բռնած բարձրացրեց ձեռքերը, ու ոչ ոք չնկատեց այն։

MEPS ծրագրի միջոցով բարելավեցինք շարվածքի որակը

 Նոր գրերից բացի՝ Մյանմայի թարգմանիչներին տրամադրվեցին նոթբուքներ և տպիչներ։ Նրանք նաև MEPS-ի հետ կապված հատուկ ուսուցում անցան։ Թարգմանիչների մեծ մասը կյանքում առաջին անգամ էր համակարգիչ տեսնում, բայց բոլորը պատրաստ էին նոր հմտություններ ձեռք բերել։ Շուտով նրանք դադարեցին օգտվել հնացած կոմերցիոն տպագրահաստոցներից, որոնց դեպքում անհրաժեշտ էր կապարե տպատառերը ձեռքով դասավորել։ Արդյունքում մեր հրատարակությունների որակը անմիջապես բարելավվեց։

Դեպի Նեպալ

 1991 թ.-ին ես ու Հելենը նշանակվեցինք Նեպալ՝ երկիր, որը փռված է Հիմալայների հարավային լանջերին։ Այդ ժամանակ երկրում միայն մեկ ժողով էր գործում և նեպալերենով ընդամենը մի քանի հրատարակություն կար։

 Շուտով ավելի շատ հրատարակություններ սկսեցին թարգմանվել և տարածվել Նեպալում։ Այսօր Նեպալում գործում են ավելի քան 40 ժողովներ, որոնցում ծառայում են մոտ 3 000 Վկաներ, իսկ 2022 թ. Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյի ներկաների թիվը գերազանցեց 7 500-ը։

Գրքույկ՝ լահու լեզվով

 1990-ականների կեսերին Թաիլանդի Չիանգմայ քաղաք ժամանեց մի միսիոներ զույգ, ով սկսեց քարոզել լահու լեռնային ցեղերին։ Լահու լեզվով խոսում են Չինաստանի, Լաոսի, Մյանմայի, Թաիլանդի և Վիետնամի սահմանային գոտիներում։ Սակայն մենք այդ լեզվով որևէ հրատարակություն չունեինք։

 Մի երիտասարդ, ով միսիոներների օգնությամբ Աստվածաշունչ էր ուսումնասիրում, թաի լեզվից լահու լեզվով թարգմանեց «Ահա ամեն բան նոր եմ անում» գրքույկը։ Այնուհետև նա ու իր համագյուղացիները գումար հավաքեցին և գրքույկն ու այդ գումարը ուղարկեցին մասնաճյուղ։ Կից նամակում նրանք նշեցին, որ ցանկանում են՝ լահու լեզվով խոսող բոլոր մարդիկ իմանան այն ճշմարտությունը, որ իրենք սովորել էին այդ գրքույկից։

 Մի քանի տարի անց ես ու Հելենը պատիվ ունեցանք սովորեցնել լահու լեզվի թարգմանիչներին, թե ինչպես օգտագործեն MEPS ծրագիրը: Թարգմանիչներից մեկը նոր մկրտված եղբայր էր, ով ծառայում էր Չիանգմայի թարգմանչական գրասենյակում։ Մենք շատ զարմացանք՝ իմանալով, որ նա հենց այն երիտասարդն էր, ով թարգմանել էր «Ահա ամեն բան նոր եմ անում» գրքույկը լահու լեզվով։

 1995 թ.-ին ես ու Հելենը վերադարձանք Հնդկաստան և թարգմանիչներին զինեցինք MEPS-ով աշխատելու համար անհրաժեշտ գործիքներով։ Այսօր այնտեղի լեզուներից շատերով առկա են բավականաչափ հրատարակություններ, որոնց շնորհիվ մարդիկ կարողանում են ուսումնասիրել և հասնել մկրտության։

Վարձատրություններով լի կյանք

 Ես ու Հելենը 1999 թ.-ից ծառայում ենք Բրիտանիայի մասնաճյուղում։ Մենք աշխատում ենք գլխավոր վարչության MEPS ծրագրավորման թիմի հետ։ Մեզ համար մեծ ուրախություն է, որ կարող ենք Լոնդոնում մեր ժամանակի մեծ մասը անցկացնել՝ գուջարաթի և փենջաբի լեզվով խոսող մարդկանց քարոզելով։ Երբ jw.org կայքում որևէ նոր լեզու է ավելանում, օգտվում ենք առիթից և մեր տարածքում քարոզում այդ լեզվով խոսող մարդկանց:

 Ուրախ եմ, որ ժամանակին հոգևոր նպատակներ դրեցի ու չմիացա «քեֆչի հասաններին»։ Հետ նայելով՝ ես ու Հելենը մեկ վայրկյան անգամ չենք ափսոսում, որ լիաժամ ծառայելու որոշում ենք կայացրել։ Մենք այցելել ենք ավելի քան 30 երկրներ և մեր աչքով տեսել, թե ինչպես է բարի լուրը հասնում ամեն ազգի, ցեղի և լեզվի մարդկանց (Հայտնություն 14։6

a Այժմ կոչվում է բազմալեզու էլեկտրոնային հրատարակչական ծրագիր։ MEPS ծրագիրն օգտագործվում է նաև թվային հրատարակությունները թողարկելիս։