Հովհաննես Մկրտիչը իրականում գոյություն ունեցե՞լ է
Ավետարաններում հիշատակվում է Հովհաննես Մկրտիչ անունով մի մարդ, որը Հրեաստանում քարոզում էր Աստծու Թագավորության մասին։ Արդյոք այս մարդու մասին աստվածաշնչյան արձանագրությունը ճշգրի՞տ է։ Նկատի առնենք հետևյալ փաստերը։
Աստվածաշունչն ասում է. «Հովհաննես Մկրտիչը եկավ ու սկսեց քարոզել Հրեաստանի անապատում՝ ասելով. «Զղջացե՛ք, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը»» (Մատթեոս 3։1, 2)։ Իսկ ի՞նչ են ասում աշխարհիկ աղբյուրները։
Առաջին դարի պատմագիր Հովսեպոս Փլավիոսը գրում է «Մկրտիչ մակդիրն ունեցող Հովհաննես» անունով մի մարդու մասին, որը «հրեաներին կոչ էր անում արդար կյանքով ապրել», «Աստծու աչքում բարեպաշտ» լինել և «մկրտվել» («Հրեական հնախոսություն», գիրք XVIII)։
Աստվածաշունչն ասում է, որ Հովհաննեսը հանդիմանեց Հերովդես Անտիպասին, որը Գալիլեա մարզի և Պիրեայի կառավարիչն էր։ Հերովդեսը պնդում էր, թե հրեա է և Օրենքի տակ է գտնվում։ Հովհաննեսը քննադատեց Հերովդեսին այն բանի համար, որ նա ամուսնացել էր իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի հետ (Մարկոս 6։18)։ Աստվածաշունչը միակ աղբյուրը չէ, որտեղ հիշատակվում է Հերովդեսի կյանքի մասին այս մանրամասնությունը։
Պատմագիր Հովսեպոսը գրում է, որ Անտիպասը «սիրահարվել էր Հերովդիային» և «հանդգնել էր ամուսնության առաջարկ անել նրան»։ Հերովդիան համաձայնել էր և լքել ամուսնուն՝ Անտիպասի հետ ամուսնանալու համար։
Աստվածաշունչը պատմում է, որ «Երուսաղեմը, ամբողջ Հրեաստանը և Հորդանանի ողջ շրջակայքը գնում էին նրա [Հովհաննեսի] մոտ, և մարդիկ մկրտվում էին նրա կողմից Հորդանան գետում» (Մատթեոս 3։5, 6)։
Հովսեպոսը նույնպես հաստատում է այս մանրամասնությունը՝ գրելով, որ մարդկանց «բազմություն» գնաց Հովհաննեսին տեսնելու, և որ մարդիկ «չափազանց ոգևորված [կամ՝ խանդավառված] էին նրա քարոզներով»։
Հստակ է, որ առաջին դարի պատմագիր Հովսեպոսը վստահ էր, որ Հովհաննես Մկրտիչը իրական անձնավորություն է եղել։ Մենք էլ կարող ենք համոզված լինել դրանում։