Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ջրի համաշխարհային ճգնաժամի մասին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ջրի համաշխարհային ճգնաժամի մասին

 Մաքուր ջուրը կենսական է բոլորիս համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է. «Ջրի համաշխարհային պահանջարկը շարունակում է աճել։ Մենք կանգնած ենք ջրի ճգնաժամի առաջ»։ Ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ արդեն իսկ չունեն մաքուր ջուր խմելու հնարավորություն։

Strdel/AFP via Getty Images

 Կգա՞ մի օր, երբ ջրի քանակությունը կբավարարի բոլորիս։ Թե՞ ջրի ճգնաժամը միշտ ուղեկցելու է մեզ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

Ի՞նչ է խոստանում Աստվածաշունչը ջրի պաշարների առնչությամբ

 Աստվածաշնչում ասվում է, որ ջրի հիմնախնդիրը մի օր լուծվելու է։ Ավելին՝ մաքուր ու թարմ ջրի առատություն է լինելու։

 «Անապատում ջրեր կժայթքեն, և անապատային հարթավայրում՝ հեղեղատներ։ Տապից չորացած երկիրը եղեգնաշատ լճի պես կդառնա, ու ծարավուտ երկիրը՝ աղբյուրների պես» (Եսայիա 35։6, 7

 Ի՞նչ հիմք ունենք հավատալու աստվածաշնչյան այս խոստմանը։ Աստվածաշնչից մի փաստ քննենք այն մասին, թե Երկիր մոլորակը ինչպես է նախագծված։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ջրի շրջապտույտի և երկրագնդի մասին

 «[Աստված] զուր տեղը չարարեց [երկրագունդը], այլ բնակվելու համար ստեղծեց այն» (Եսայիա 45։18

 Քանի որ Աստված մեր մոլորակը ապրելու համար է ստեղծել, նա գործի է դրել այնպիսի էկոհամակարգեր, որոնք կապահովեն թարմ ջրի առատությունը։

 «[Աստված] վեր է բարձրացնում ջրի կաթիլները. դրանք անձրևի տեսքով ասես քամոցի միջով անցնում են, որ նրա մառախուղը դառնան, այնպես որ ամպերից ջուր է կաթկթում, և ամպերը առատապես թափում են մարդկանց վրա» (Հոբ 36։27, 28

 Պարզ ասած՝ այս հատվածը նկարագրում է, թե Աստված ինչպես է ջրի շրջապտույտն ու մատակարարումը ապահովող վստահելի էկոհամակարգ նախագծել։ Ջուրը երկրի մակերևույթից ու ծովերից գոլորշիանում է, խտանում, այնուհետև անձրևի տեսքով թափվում՝ մարդկանց և կենդանիներին ապահովելով մաքուր ու թարմ ջրի մշտական պաշարով (Ժողովող 1:7; Ամոս 5:8

 «Ես ճիշտ ժամանակին ձեզ հորդառատ անձրևներ կտամ, ու երկիրն իր բերքը կտա, և դաշտի ծառերն իրենց պտուղը կտան» (Ղևտական 26։4

 Աստված խոստացել էր կանոնավոր անձրևների միջոցով առատ բերք պարգևել հնում ապրած իսրայելացիներին, ովքեր հողագործներ էին։ Նա գիտի, որ բերքի բարեհաջող աճը կախված է կանոնավոր տեղումներից, որոնք պետք է լինեն ճիշտ ժամանակին։

 Շուտով Աստված ողջ Երկիր մոլորակով մե՛կ կիրագործի այն, ինչ արեց հնում ապրած իսրայելացիների համար (Եսայիա 30:23)։ Բայց մինչ այդ, աշխարհի շատ մասերում ջրի ճգնաժամը ուժգնանում է։ Ընդ որում՝ անձրևների պակասը խնդրի միայն մի կողմն է։ Ուրիշ ի՞նչ է ասում Աստվածաշունչը ջրի ներկայիս հիմնախնդրի լուծման մասին։

Ինչպե՞ս է լուծվելու ջրի հիմնախնդիրը

 Աստվածաշնչում ասվում է, որ Աստված իր Թագավորության միջոցով լուծելու է այն բոլոր խնդիրները, որոնք ազդում են մեր մոլորակի վրա, այդ թվում՝ ջրի ներկայիս ճգնաժամը (Մատթեոս 6:9, 10)։ Աստծու Թագավորությունը երկնային կառավարություն է, որն իշխելու է երկրի վրա (Դանիել 2:44; Հայտնություն 11:15)։ Ավելին՝ Աստծու Թագավորությունը անելու է մի բան, ինչը վեր է մարդկային կառավարիչների ուժերից. վերացնելու է ջրի ճգնաժամի բոլոր պատճառները։

 Խնդիր: Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է ջրի շրջապտույտի լուրջ անհավասարակշռության։ Դրա հետևանքով լինում են սաստիկ երաշտներ, ինչպես նաև ջրհեղեղներ, որոնք առաջանում են հորդառատ անձրևներից կամ ծովի մակարդակի բարձրացումից։

 Լուծում: Աստծու Թագավորությունը կչեզոքացնի շրջակա միջավայրին հասցված վնասը, որպեսզի մեր մոլորակը կարողանա վերականգնվել։ Աստված ասել է. «Ահա ամեն բան նոր եմ անում» (Հայտնություն 21։5)։ Չոր հողերը ջրի առատություն կվայելեն. ծաղկունք կապրեն նույնիսկ անբնակ վայրերը (Եսայիա 41:17-20)։ Բացի այդ՝ Աստծու Թագավորությունը Հիսուս Քրիստոսի միջոցով կղեկավարի բնության ուժերը։

 Երբ Հիսուսը երկրի վրա էր, հանդարտեցրեց վախեցնող փոթորիկը ու այդպիսով օգնեց պատկերացում կազմել, թե Աստված ինչ զորությամբ է օժտել իրեն (Մարկոս 4:39, 41)։ Աստծու Թագավորության Թագավորի՝ Քրիստոսի իշխանության ներքո բնական աղետներ այլևս չեն լինի։ Մարդիկ կվայելեն իրական խաղաղություն և ապահովություն՝ այդուհետ չվախենալով որևէ աղետից։

 Խնդիր: Անհեռատես մարդիկ և ագահ կազմակերպությունները աղտոտում են գետերը, լճերը և ստորգետնյա ջրամբարները՝ ավելի խորացնելով մաքուր ջրի ճգնաժամը։

 Լուծում: Աստված կմաքրի երկիրը և կվերականգնի գետերի, լճերի, ծովերի ու հողի առողջությունը։ Երկիրը դրախտի կվերածվի։ Աստվածաշնչում այս բարեփոխումները բանաստեղծական ոճով են նկարագրված. «Անապատն ու անջուր վայրը կցնծան, և անապատային հարթավայրը կուրախանա ու կծաղկի զաֆրանի պես» (Եսայիա 35։1

 Իսկ ի՞նչ կպատահի այն մարդկանց, ովքեր չեն մտահոգվում շրջակա միջավայրի և մյուսների բարօրությամբ։ Աստված խոստացել է «կործանել նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18; Առակներ 2։21, 22

 Խնդիր: Ջրի պաշարները սխալ են օգտագործվում, ինչի հետևանքով դրանք ավելի արագ սպառվում են, քան համալրվում։

 Լուծում: Թագավորության շնորհիվ եսասեր մարդիկ այլևս առաջ չեն տանի իրենց շահերը, փոխարենը Աստծու կամքը «կկատարվի.... երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Աստծու Թագավորությունը իր հպատակներին կտա լավագույն կրթությունը։ Եսայիա 11։9-ում ասվում է. «Երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով»։ a Զինված լինելով գերազանց գիտելիքներով և խորապես սիրելով Աստծուն ու նրա բոլոր ստեղծագործությունները՝ մարդկությունը կատարելապես հոգ կտանի մեր գեղեցիկ մոլորակի և բնական պաշարների մասին։

  •    Ավելին իմացեք այն մասին, թե ինչ է անելու Աստծու Թագավորությունը՝ կարդալով «Ի՞նչ է իրագործելու Աստծու Թագավորությունը» հոդվածը։

  •    Աստվածաշնչից ընթերցեք «Եսայիա» գրքի 35-րդ գլուխը, որպեսզի պարզեք, թե ինչպես է երկիրը դրախտի վերածվելու։

  •    Դիտեք «Ինչո՞ւ է Աստված ստեղծել երկիրը» տեսանյութը, որպեսզի ավելին իմանաք երկրի և մարդկության առնչությամբ Աստծու նպատակի մասին։

a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83:18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։